ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Գովազդը տեսալսողական մեդիայում |
1. Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ լսողական հաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
2. Արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Օրվա եթերային ժամի հաշվարկն սկսվում է յուրաքանչյուր օր՝ 00.00 ժամից:
3. Արգելվում է գովազդային ընդհատումը լրատվական հաղորդումների ժամանակ:
4. Արգելվում է գովազդը Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրում, բացառությամբ Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ծրագրերում ժամանցային տեսալսողական հաղորդումների հեռարձակման (գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, հեռուստասերիալ, համերգ) ժամանակ:
5. Տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տևողությունը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է լինի հինգ րոպեից ավելի:
6. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե տեսալսողական հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային տեսալսողական ծրագրով:
7. Տեսալսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև տեսալսողական հաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ տեսալսողական հաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդ:»:
Հոդված 2. Oրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումներում» բառերով։
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 10-րդ մասի «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով.
2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաև սույն օրենքով` տեսալսողական մեդիայում գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների` որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռարձակողների ծրագրերում:».
3) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Հանրային հեռարձակողի ծրագրերում արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:».
4) 14-րդ մասի «հեռուստառադիո» բառը փոխարինել «տեսալսողական» բառով։
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տեսալսողական մեդիայի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-623-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: