ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱԺՈ-004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺՈ-004-Ն որոշման 1-ին կետի «ը» ենթակետը «կանոնակարգ» բառից հետո լրացնել «,Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկում» բառերով:
2. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի մեկ թեկնածու: Հանձնաժողովի երկու և ավելի անդամ կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի նույն թեկնածուին:
3. Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ օրվա ընթացքում: Դիմումին կցվում են Պաշտպանի թեկնածուի՝
1) անձնագրի պատճենը,
2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
3) կենսագրությունը,
4) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:
4. Դիմումների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, Հանձնաժողովի նիստում քննարկվում է սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր թեկնածուների թվից Պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրված Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից և գործում է մինչև Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 2 փետրվարի 2016 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-197-Ն
Գ. Սահակյան