Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.1-ին և 26.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26.1) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, ինքնավար մարմինների անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները, դատախազները, քննչական կոմիտեում, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև ոստիկանության, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները և նրանց տեղակալները, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում ներառված կառուցվածքային միավորների ղեկավարները.
26.2) պետական ծառայություն իրականացնող անձ` ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք, բացառությամբ սույն հոդվածի 26.1-ին կետում նշված պաշտոնատար անձանց.»:
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154․1-ին, 154․2-րդ, 154․9-րդ, 310.1-ին, 314.2-րդ, 314.3-րդ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի առաջին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 30 Երևան ՀՕ-337-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2020 թվական: