ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը և ղեկավարումը |
1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության տնօրենը:
2. Փրկարար ծառայության համակարգում գործում են գրասենյակը և կառուցվածքային ստորաբաժանումներ:»:
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սահմանադրություն» և «Կառավարություն» բառերով, «հանրապետական գործադիր մարմին» բառերը՝ «համապատասխան նախարարություն» բառերով, իսկ «հանրապետական գործադիր մարմնի ղեկավար» բառերը՝ «համապատասխան նախարար» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. | Փրկարար ծառայության լիազորությունները |
1. Փրկարար ծառայությունը՝
1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը.
2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը.
5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ.
6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը.
8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը.
9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը.
11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն.
12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ.
13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը.
14) համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ.
15) իրականացնում է արտակարգ իրավիճակներում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների ներգրավման ապահովումը՝ ըստ փոխգործողությունների պլանների.
16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ.
17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում.
18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր.
19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը.
20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.
21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.
22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը.
23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին.
24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է համապատասխան նախարարին.
25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա՝ վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը.
27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը.
28) կազմակերպում է բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը.
29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.
30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները.
31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը.
32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը.
33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը.
34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման գործունեությունը.
35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.
36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում և 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. | Ծառայողին պաշտոնի նշանակելը |
1. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:
2. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:
3. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-289-Ն |