ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպման և գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության սուբյեկտների և մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները և ուղղված է Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը, հիմնարար ու կիրառական գիտության զարգացմանը` որպես գիտատեխնիկական առաջընթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հիմքի:
Հոդված 2. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (այսուհետ` Ակադեմիա)` Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն.
2) ակադեմիկոսի և Ակադեմիայի թղթակից անդամի տիտղոսներ` Ակադեմիայի բարձրագույն գիտական կոչումներ, որոնք շնորհում է միայն Ակադեմիան.
3) Ակադեմիայի պատվավոր անդամ` Հայաստանի կամ օտարերկրացի ճանաչված գիտնական, հասարակական գործիչ, որ նպաստում է Ակադեմիայի գործունեությանը.
4) Ակադեմիայի արտասահմանյան անդամ` իր գործունեությամբ Հայաստանի հետ կապված գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնական.
5) Ակադեմիայի ընդհանուր ժողով` Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմին.
6) Ակադեմիայի նախագահություն` Ակադեմիայի ընթացիկ կառավարումը իրականացնող մարմին.
7) Ակադեմիայի նախագահ` Ակադեմիայի կառավարումն իրականացնող մարմին.
8) Ակադեմիայի բաժանմունք` գիտության միևնույն բնագավառում գործող Ակադեմիայի ակադեմիկոսների, թղթակից անդամների և արտասահմանյան անդամների, գիտաշխատողների և գիտական կազմակերպությունների միավորում.
9) Ակադեմիայի աշխատակազմ` իրականացնում է Ակադեմիայի կառավարման մարմինների որոշումներով պայմանավորված գործառույթները.
10) պատվովճար` Ակադեմիայի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տրամադրվող վճար, որի չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
11) Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպություն` Ակադեմիայի համակարգում գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ իրականացնող կազմակերպություն:
Հոդված 3. |
Ակադեմիայի կարգավիճակը |
1. Ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները:
2. Ակադեմիան իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
3. Ակադեմիան գործում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային պայմանագրերի, ինչպես նաև իր կանոնադրության հիման վրա:
4. Ակադեմիայի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»:
5. Ակադեմիան իրեն վերապահված խնդիրների լուծման համար կարող է կատարել լիազորված պետական կառավարման մարմնի առանձին գործառույթներ` իրականացնել իր համակարգի գիտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց և հիմնարկների ընդհանուր կառավարումը` ապահովելով նրանց բնականոն գործունեությունը:
6. Ակադեմիան ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք և իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորման ժամանակ Ակադեմիայի և իր համակարգի բազային ֆինանսավորման չափը նշվում է առանձին տողով, իսկ պետական բյուջեից Ակադեմիայի ֆինանսավորումը գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ձևերով իրականացվում է կառավարության հաստատած կարգով:
8. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
9. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
Հոդված 4. |
Ակադեմիայի կարգավիճակի առանձնահատկությունները |
1. Ակադեմիայի հատուկ կարգավիճակի առանձնահատկություններն են`
1) Ակադեմիան անմիջականորեն ենթարկվում է կառավարությանը.
2) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-255-Ն)
3) Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները քննարկում են կառավարությունը և պետական կառավարման համապատասխան մարմինները:
2. Ակադեմիան օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գիտության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն:
(4-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-255-Ն)
Հոդված 5. |
Ակադեմիայի պատասխանատվությունը |
1. Ակադեմիան իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
2. Ակադեմիան պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Հոդված 6. |
Ակադեմիայի ստեղծումը և պետական գրանցումը |
1. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության:
2. Հիմնադրի որոշմամբ սահմանվում են Ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, նրան սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Ակադեմիան ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7. |
Ակադեմիայի հիմնադրի բացառիկ լիազորությունները |
1. Ակադեմիայի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) Ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի հաստատումը և դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը.
2) Ակադեմիայի կառավարման համակարգի սահմանումը.
3) Ակադեմիայի վերակազմակերպումը և լուծարումը:
Հոդված 8. |
Ակադեմիայի կանոնադրությունը |
1. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Ակադեմիայի ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են նույն կարգով:
2. Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է`
1) Ակադեմիայի անվանումը.
2) Ակադեմիայի նախագահության գտնվելու վայրը.
3) Ակադեմիայի գործունեության առարկան և նպատակները, ներառյալ՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
4) Ակադեմիայի կառավարման մարմինները, դրանց կազմը և լիազորությունները.
5) Ակադեմիայի սեփականության ձևավորման, տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը.
6) Ակադեմիայի շահույթի օգտագործման կարգը:
Հոդված 9. |
Ակադեմիայի խնդիրները և գործունեության հիմնական ուղղությունները |
1. Ակադեմիայի խնդիրներն են`
1) Հայաստանի տնտեսական, սոցիալական, պետական և իրավական համակարգի զարգացման, մշակույթի, բնության ռացիոնալ (բանական) օգտագործման և պահպանության գիտական ապահովումը.
2) հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և սոցիալական գիտությունների կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպումն ու համակարգումը.
3) լիազորված պետական մարմինների հետ հանրապետության հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների ցանկերի առաջարկումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը.
4) գիտատեխնիկական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտումը, մասնակցությունը հայրենական և համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման համար առաջարկությունների մշակմանը.
5) գիտական դպրոցների զարգացման, բարձր որակավորման գիտական աշխատողների պատրաստման, գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացման համար (ներառյալ` արտասահմանյան գիտական կենտրոններում) պայմանների ստեղծումը.
6) գիտատեխնիկական տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը.
7) միջազգային գիտական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծումը:
2. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են`
1) գիտատեխնիկական ոլորտում առկա վիճակի վերլուծության անցկացումը և հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը.
2) հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և սոցիալական գիտությունների հիմնախնդիրների գծով գիտական և գիտատեխնիկական խորհուրդների, փորձագիտական խմբերի, հանձնաժողովների ստեղծումը.
3) գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը.
4) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը.
5) բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական (ներառյալ` մագիստրական) կադրերի պատրաստումը, պետական լիազորված մարմնի սահմանած կարգով կառավարություն ներկայացվող` գիտության հետ առնչվող փաստաթղթերի նախագծերի, գիտական, գիտատեխնիկական և տնտեսական ծրագրերի, ինովացիոն նախագծերի գիտական փորձաքննության անցկացումը.
6) Ակադեմիայի գիտատեխնիկական ներուժի զարգացման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, գիտատար և բարձր տեխնոլոգիական գիտատեխնիկական արտադրանքի փորձնական արտադրության կազմակերպման ապահովումը, ինչպես նաև հետազոտման նոր միջոցների և մեթոդների ստեղծումն ու տարածումը.
7) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումային ծրագրերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ներկայացումը.
8) միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, արտասահմանյան երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական այլ կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացումը, միջպետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների և ասոցիացիաների գործունեությանը.
9) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտություններում օտարերկրյա (ներառյալ` սփյուռքահայ) գիտական ներուժի մասնակցության ապահովումը.
10) կրթական համակարգի գիտական մակարդակի բարձրացմանը, բարձրագույն կրթությունն ապահովող հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կրթական ծրագրերի և ձեռնարկների ստեղծմանն աջակցելը.
11) գիտելիքների քարոզչությունն ու տարածումը և հրատարակչական գործունեությունը.
12) Ակադեմիայի համակարգում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով համատեղ գիտական, գիտակրթական և գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը.
13) գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը, ներառյալ` դրա տարածումը հայրենական և միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում.
14) գիտական նստաշրջանների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև մասնակցությունը նմանատիպ այլ միջոցառումների:
Հոդված 10. |
Ակադեմիայի իրավունքներն ու պարտականությունները իր համակարգի կազմակերպությունների նկատմամբ |
1. Ակադեմիան իր կառավարման մարմինների միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, ապահովում է դրանց բնականոն գործունեությունը:
2. Ակադեմիան`
1) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
4) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
5) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.
6) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ
Հոդված 11. |
Ակադեմիայի համակարգը |
1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին, ինչպես նաև Ակադեմիայի բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը և Ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնադրած կազմակերպությունները:
2. Ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. |
Ակադեմիայի անդամները |
1. Ակադեմիան շնորհում է ակադեմիական գիտական տիտղոսները` Ակադեմիայի ակադեմիկոս (Ակադեմիայի իսկական անդամ), Ակադեմիայի թղթակից անդամ, Ակադեմիայի պատվավոր անդամ, Ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան: Ակադեմիայի ակադեմիական գիտական տիտղոսները շնորհվում են ցմահ:
2. Ակադեմիայի գիտական տիտղոսները ամրագրվում են դիպլոմներով: Ակադեմիայի գիտական տիտղոսների շնորհումն իրականացվում է Ակադեմիայի կանոնադրության համաձայն անցկացվող ընտրությունների արդյունքներով: Ակադեմիայի ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տրամադրվում է ցմահ պատվովճար, որի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պատվովճարը տրամադրվում է Ակադեմիայի այն անդամներին, որոնք ապրում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում կամ ծառայողական գործուղման են մեկնել արտասահման մինչև երեք ամիս ժամանակով:
3. Ակադեմիայի ակադեմիկոսների, թղթակից անդամների, պատվավոր, արտասահմանյան անդամների և պատվավոր դոկտորների ընտրությունների կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
4. Ակադեմիայի իսկական և թղթակից անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Ակադեմիայի նախագահության առաջարկությամբ: Ակադեմիայի իսկական և թղթակից անդամների ընտրությունները, որպես կանոն, անցկացվում են 3 տարին մեկ:
Հոդված 13. |
Ակադեմիայի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունները |
1. Ակադեմիայի համակարգում գործում են գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, հրատարակչություն, գրադարաններ և հիմնարկներ:
2. Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, որոնց կառավարումը լիազորված է իրականացնելու Ակադեմիան:
3. Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումն ու կառավարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Ակադեմիայի կանոնադրությամբ, ինչպես նաև այդ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով:
4. Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
5. Ակադեմիայի կողմից օտարերկրյա պետություններում գիտական կազմակերպությունների ստեղծումն իրականացվում է հիմնադրի որոշմամբ` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
6. Ակադեմիայի հիմնարկների հիմնադիրը Ակադեմիան է:
Հոդված 14. |
Ակադեմիայի բաժանմունքները |
1. Գիտության միևնույն բնագավառում գործող Ակադեմիայի ակադեմիկոսները, թղթակից և արտասահմանյան անդամները, գիտաշխատողները և գիտական կազմակերպությունները միավորվում են Ակադեմիայի բաժանմունքներում:
2. Ակադեմիայի բաժանմունքների գիտական գործունեության հիմնական ուղղությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
3. Ակադեմիայի բաժանմունքը պատասխանատվություն է կրում տվյալ բնագավառում կատարվող աշխատանքների կազմակերպման, գիտական ծրագրերի պատրաստման և կատարված աշխատանքների որակի համար:
4. Ակադեմիայի բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, որի ընտրության կարգը սահմանվում է Ակադեմիայի կանոնադրությամբ:
Հոդված 15. |
Ակադեմիայի աշխատակազմը |
1. Ակադեմիայի աշխատակազմը ստեղծվում է Ակադեմիայի կառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և ապահովման նպատակով:
2. Ակադեմիայի աշխատակազմի կառուցվածքը և իրավասությունները որոշվում են Ակադեմիայի նախագահության հաստատած կանոնակարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 16. |
Ակադեմիայի կառավարման մարմինները |
1. Ակադեմիայի կառավարման մարմիններն են Ակադեմիայի ընդհանուր ժողովը, Ակադեմիայի նախագահությունը և Ակադեմիայի նախագահը:
2. Ակադեմիայի կառավարման կարգը սահմանվում է սույն օրենքով, Ակադեմիայի կանոնադրությամբ:
Հոդված 17. |
Ակադեմիայի ընդհանուր ժողովը |
1. Ակադեմիայի ընդհանուր ժողովը Ակադեմիայի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
2. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են Ակադեմիայի նախագահը, Ակադեմիայի նախագահության անդամները, Ակադեմիայի ակադեմիկոսները և թղթակից անդամները, Ակադեմիայի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
3. Ակադեմիայի ընդհանուր ժողովում գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը, ընտրության կարգը և ընդհանուր ժողովի աշխատանքներին նրանց մասնակցության առանձնահատկությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
4. Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամները կարող են մասնակցել ընդհանուր ժողովի աշխատանքներին` առանց ընտրելու և ընտրվելու իրավունքի:
Հոդված 18. |
Ակադեմիայի նախագահը |
1. Ակադեմիայի նախագահը ղեկավարում է Ակադեմիայի գործունեությունը՝ իր իրավասության սահմաններում և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան: Նա ապահովում է Ակադեմիայի բնականոն գործունեությունը:
2. Ակադեմիայի նախագահի լիազորությունները որոշվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
3. Ակադեմիայի նախագահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն, տնօրինում է Ակադեմիային պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները:
4. Ակադեմիայի նախագահն ընտրվում է Ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, Ակադեմիայի ակադեմիկոսների թվից` փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ակադեմիայի նախագահ:
Հոդված 19. |
Ակադեմիայի նախագահությունը |
1. Ակադեմիայի նախագահությունն իրականացնում է Ակադեմիայի ընթացիկ կառավարումը և հաշվետու է Ակադեմիայի ընդհանուր ժողովին: Ակադեմիայի նախագահության լիազորությունները որոշվում են Ակադեմիայի կանոնադրությամբ:
2. Ակադեմիայի նախագահությունը գլխավորում է Ակադեմիայի նախագահը:
3. Ակադեմիայի փոխնախագահը և ակադեմիկոս քարտուղարն ընտրվում են Ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների թվից Ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, ձայների պարզ մեծամասնությամբ:
4. Ակադեմիայի նախագահությունը կազմված է ի պաշտոնե և ընտրովի անդամներից: Ի պաշտոնե Ակադեմիայի նախագահության անդամ են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, Ակադեմիայի բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները` Ակադեմիայի ընդհանուր ժողովում այդ պաշտոնում հաստատվելուց հետո:
Ակադեմիայի նախագահության մյուս բոլոր անդամներն ընտրվում են Ակադեմիայի ընդհանուր ժողովում Ակադեմիայի ակադեմիկոսներից և թղթակից անդամներից` 5 տարի ժամկետով, փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
5. Բուհերի, տնտեսության ճյուղերի, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները կարող են հրավիրվել մասնակցելու Ակադեմիայի նախագահության նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ
Հոդված 20. |
Ակադեմիայի գույքի կազմը |
1. Ակադեմիային պատկանող գույքը բաղկացած է նրա սեփականությունը համարվող գույքից և գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան անժամկետ, անհատույց օգտագործման համար ամրացված գույքից:
2. Ակադեմիային ամրացված գույքի և բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 21. |
Ակադեմիայի սեփականությունը |
1. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից:
2. Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի:
3. Ակադեմիայի սեփականության պահպանման հոգսը կրում է Ակադեմիան:
Հոդված 22. |
Ակադեմիային ամրացված գույքը |
1. Հիմնադիրը կարող է Ակադեմիային անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Ակադեմիային ամրացված գույքը:
3. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի սահմանած դեպքերի:
Ամրացված գույքը վարձակալության հանձնելու հետևանքով Ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացմանը:
Ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
4. Հիմնադրի կողմից գույքը Ակադեմիային ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
Հոդված 23. |
Ակադեմիայի ֆինանսական միջոցները |
1. Ակադեմիայի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
1) Ակադեմիայի գիտական և տնտեսական գործունեությունից, ներառյալ` հանրապետության և արտերկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, սեփական մշակումների իրացման հետ կապված գիտաարտադրական գործունեությունից ստացված եկամուտներից.
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ` արտասահմանյան) նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաև կտակներից.
3) Ակադեմիայի գույքի և գույքային իրավունքից ստացած եկամուտներից.
4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
2. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից Ակադեմիայի ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
3. Իր ֆինանսավորման սահմաններում Ակադեմիան ինքնուրույն է որոշում իր աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաև հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
4. Ակադեմիայի համակարգի կազմակերպություններին պետական բյուջեով տրամադրված ֆինանսական միջոցների հատկացումը կատարում է Ակադեմիան:
Հոդված 24. |
Խոշոր գործարքները |
1. Խոշոր են համարվում այն գործարքները կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են Ակադեմիայի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն համարվում այն գործարքները, որոնք կատարվում են Ակադեմիայի առօրյա գործունեության ընթացքում և համարվում են նրա կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթներ:
2. Խոշոր գործարքը կատարվում է հիմնադրի համաձայնությամբ:
3. Ակադեմիայի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումը Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով վերապահվում է Ակադեմիայի նախագահությանը:
4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր՝ Ակադեմիայի հիմնադրի կամ նրա լիազորած պետական մարմնի հայցի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. |
Ակադեմիայի վերակազմակերպումը և լուծարումը |
1. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Ակադեմիայի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
3. Ակադեմիան կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
4. Ակադեմիան կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Հոդված 26. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որպես Ակադեմիայի հիմնադիր Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա իրականացնում է Ակադեմիայի վերակազմակերպում` վերակազմավորման եղանակով:
3. Ակադեմիան համարվում է վերակազմավորված նոր կանոնադրության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
4. Ակադեմիան Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի 1943 թվականի նոյեմբերի 10-ի հ. 702-րդ որոշմամբ ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը համարվող «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
5. Նոր կարգավիճակով գրանցված Ակադեմիային են անցնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
6. Ակադեմիայի կառավարման մարմինները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կանոնադրությամբ սահմանված ժամկետների լրանալը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 6
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-135-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.03.2018, ՀՕ-255-Ն | 09.04.2018, ՀՕ-135-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|