«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 806-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 32-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով uահմանվում է պետական անտառները և անտառային հողերը օգտագործման տալու (տրամադրելու) կարգը:
2. Անտառներն օգտագործման են տրամադրվում անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, այլ իրավական ակտերին ու սույն կարգին համապատասխան` մրցույթով կամ առանց մրցույթի:
3. Անտառները և անտառային հողերն օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման իրավասություն ունեցող մարմինների (այսուհետ` տրամադրող) կողմից: Անտառների և անտառային հողերի օգտագործման վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Բացառապես անտառային տնտեսության կարիքների համար անտառային հողերում շենքեր և շինություններ կառուցելու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Անտառային հողերն անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքներ, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
6. Մրցույթը կազմակերպում է անտառների և անտառային հողերի կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
7. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունք կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` օգտագործող):
8. Հաշվի առնելով անտառների և անտառային հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` դրանք միաժամանակ կարող են տրամադրվել անտառօգտագործման մեկ և ավելի տեսակներով, մեկ կամ ավելի թվով օգտագործողների:
9. Միևնույն անտառները կամ անտառային հողերը նույն նպատակով օգտագործման չի կարող տրամադրվել մեկից ավելի անձանց:
II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
10. Անտառային հողերն անհատույց օգտագործման կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության անտառային և հողային օրենսգրքերով սահմանված դեպքերում:
11. Անտառային հողերի անհատույց օգտագործման իրավունք ստանալու մասին հայտը քննարկվում է տրամադրողի կողմից` այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: Հայտում նշվում են հայտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հայտի հաշվառման համարը, հայտատուի, անտառօգտագործման տեսակների, ներդրումների չափի, նախատեսվող աշխատանքների և դրանց կատարման ժամկետների մասին տեղեկությունները:
12. Տրամադրողը, անտառաշինական նախագծերին համապատասխան, անտառային հողերն անհատույց օգտագործման տրամադրելու մասին հայտը, իսկ անտառապատման դեպքում` նաև անտառապատման նախագիծը ներկայացնում է լիազորված մարմին, որը 15-օրյա ժամկետում իր կարծիքը գրավոր ներկայացնում է տրամադրողին: Լիազորված մարմնի համաձայնության դեպքում տրամադրողն անտառային հողը հանձնում է անհատույց օգտագործման` կնքելով անհատույց անտառօգտագործման պայմանագիր:
13. Տրամադրողը, անտառաշինական նախագծերին համապատասխան, անտառային հողը մրցույթով անհատույց օգտագործման տրամադրելու մասին առաջարկը, իսկ անտառապատման դեպքում` նաև անտառապատման նախագիծը ներկայացնում է լիազորված մարմին, որը 15-օրյա ժամկետում քննարկում է այն և համաձայնության դեպքում կազմակերպում է մրցույթ կամ պատճառաբանված անհամաձայնության դեպքում մերժում առաջարկը:
14. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ընդունում է մրցույթի պայմանները և առաջարկում հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն ներդրումներ:
15. Տրամադրողը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաղթողի հետ կնքում է անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիր` չորս օրինակից, որի պատճենը մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազորված մարմնին:
III. ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ
16. Անտառները և անտառային հողերը վճարի դիմաց, սույն կարգին համապատասխան, օգտագործման են տրամադրվում մինչև մեկ տարի և 1-60 տարի ժամկետներով:
17. Անտառային հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործման են տրամադրվում մինչև 25 տարի ժամկետով:
IV. ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՏԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
18. Բնափայտի մթերման նպատակով անտառն օգտագործման է տրամադրվում անտառօգտագործման պայմանագրի, անտառահատման տոմսի հիման վրա, մինչև մեկ տարի ժամկետով, և այդ ժամկետը չպետք է գերազանցի անտառահատման տոմսը տալու տարվա դեկտեմբերի 31-ը:
19. Տրամադրողից մրցույթի միջոցով բնափայտի մթերումը կազմակերպելու մասին առաջարկ ստանալու դեպքում լիազորված մարմինը 15-օրյա ժամկետում կազմակերպում է մրցույթ:
20. Մրցույթում հաղթում է այն մասնակիցը, որն ընդունում է մրցույթի պայմանները և տվյալ նպատակով անտառօգտագործման համար առաջարկում է առավելագույն վարձավճար:
21. Տրամադրողը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման պայմանագիր` երկու օրինակից (որի պատճենը մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազորված մարմնին), և տալիս է անտառահատման տոմս:
V. ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
22. Երկրորդական անտառանյութի մթերման նպատակով անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրվում մինչև մեկ տարի ժամկետով, և այդ ժամկետը չպետք է գերազանցի անտառահատման տոմսը տալու տարվա դեկտեմբերի 31-ը:
23. Տրամադրողը երկրորդական անտառանյութի մթերման համար օգտագործողի հետ կնքում է անտառօգտագործման պայմանագիր և տալիս անտառահատման տոմս:
VI. ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհնձի և արածեցման նպատակով անտառները կամ անտառային հողերը օգտագործման են տրամադրվում մինչև մեկ տարի ժամկետով, անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա, և այդ ժամկետը չպետք է գերազանցի անտառային տոմսը տալու տարվա դեկտեմբերի 31-ը:
25. Մեկ տարվանից ավելի ժամկետով գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների ու դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերն օգտագործվում են տրամադրողի և օգտագործողի միջև կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա:
26. Տրամադրողից մրցույթի միջոցով կողմնակի անտառօգտագործում կազմակերպելու մասին առաջարկ ստանալու դեպքում լիազորված մարմինը 15-օրյա ժամկետում կազմակերպում է մրցույթ:
27. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ընդունում է մրցույթի պայմանները և տվյալ նպատակով անտառօգտագործման համար առաջարկում է առավելագույն վարձավճար:
28. Տրամադրողը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում հաղթողի հետ կնքում է անտառների կամ անտառային հողերի օգտագործման պայմանագիր` երկու օրինակից (որի պատճենը մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազորված մարմնին), և տրամադրում անտառային տոմս:
VII. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
29. Անտառները կամ անտառային հողերը կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով կարող են տրամադրվել լիազորված մարմնի համաձայնության դեպքում:
30. Լիազորված մարմինն անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելու մասին հիմնավորված առաջարկը և անտառօգտագործման ծրագիրը տրամադրողից ստանալուց հետո 15-օրյա ժամկետում քննարկում է այն և իր կարծիքը գրավոր ներկայացնում տրամադրողին: Եթե տրամադրողից ստացվել է անտառը մրցույթով տրամադրելու մասին առաջարկ, ապա լիազորված մարմնի համաձայնության դեպքում կազմակերպվում է մրցույթ:
31. Մրցույթում հաղթում է այն մասնակիցը, որն ընդունում է մրցույթի պայմանները և տվյալ նպատակով անտառօգտագործման համար առաջարկում է առավելագույն վարձավճար:
32. Տրամադրողը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման պայմանագիր` երկու օրինակից (որի պատճենը մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազորված մարմնին), և տալիս անտառային տոմս:
VIII. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
33. Գիտահետազոտական նպատակներով անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելու մասին գրավոր առաջարկն ստանալուց հետո տրամադրողը մեկամսյա ժամկետում քննարկում է այն և, նպատակահարմարության դեպքում, ներկայացնում լիազորված մարմին` համաձայնություն ստանալու համար:
34. Անտառները կամ անտառային հողերը գիտահետազոտական նպատակներով օգտագործման կարող է տրամադրվել լիազորված մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
35. Տրամադրողն օգտագործողի հետ կնքում է գիտահետազոտական նպատակներով անտառների կամ անտառային հողերի օգտագործման պայմանագիր և տալիս անտառային տոմս կամ անտառահատման տոմս:
IX. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ, ՍՊՈՐՏԻ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
36. Անտառները կամ անտառային հողերը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով կարող են տրամադրվել լիազոր մարմնի համաձայնության դեպքում:
37. Լիազորված մարմինն անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելու մասին հիմնավորված առաջարկը և անտառօգտագործման ծրագիրը տրամադրողից ստանալուց հետո 15-օրյա ժամկետում քննարկում է այն և իր կարծիքը գրավոր ներկայացնում տրամադրողին:
38. Տրամադրողից անտառները կամ անտառային հողերը մրցույթով տրամադրելու մասին առաջարկ ստանալու և լիազորված մարմնի համաձայնության դեպքում կազմակերպվում է մրցույթ:
39. Մրցույթում հաղթում է այն մասնակիցը, որն ընդունում է մրցույթի պայմանները և տվյալ նպատակով անտառօգտագործման համար առաջարկում է առավելագույն վարձավճար:
40. Տրամադրողը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաղթողի հետ կնքում է անտառների կամ անտառային հողերի օգտագործման պայմանագիր, որի պատճենը մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազորված մարմնին:
X. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
41. Անտառները կամ անտառային հողերը մրցույթով օգտագործման տրամադրելու մասին առաջարկ ստանալուց հետո լիազորված մարմինը, համաձայնության դեպքում, 15 օրվա ընթացքում օգտագործողի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծում է առնվազն 7 անդամից կազմված մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և անդամներից մեկին նշանակում հանձնաժողովի նախագահ:
42. Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինի ներկայացուցիչ այն տեղական ինքնակառավարման մարմնից, որի վարչական տարածքում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:
43. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում և հանձնաժողովի անունից փաստաթղթերն ստորագրում է հանձնաժողովի նախագահը, կամ նրա լիազորմամբ` հանձնաժողովի այլ անդամ:
44. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգով` նիստեր հրավիրելու միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
45. Հանձնաժողովի հաստատած ժամանակացույցին համապատասխան` հանձնաժողովի աշխատանքները համակարգում է հանձնաժողովի քարտուղարը, որը հանձնաժողովի անդամ չէ և նշանակվում է լիազոր մարմնի կողմից:
46. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, կազմում արձանագրություններ և ստորագրում դրանք,
2) ապահովում է արձանագրությունների կազմումը, մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող տվյալների և փաստաթղթերի հավաքագրումը (տարածքի գտնվելու վայրը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները, ինչպես նաև տվյալ տարածքի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը), փաթեթի կազմումը և հանձնաժողովի գործունեության ավարտից հետո դրանց հանձնումը տրամադրողին,
3) կատարում է հանձնաժողովի կողմից իրեն տրված հանձնարարականները:
47. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր: Այն կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը: Դրա մասին արձանագրության մեջ կատարվում է գրառում:
48. Հանձնաժողովը մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ 3000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տարածքի գտնվելու վայրի, մրցույթի անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի, մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթին մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման մասին:
49. Մրցույթի անցկացման մասին ծանուցումը (հրավերը) պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
50. Մրցույթի անցկացման մասին ծանուցումը (հրավերը) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն),
2) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի, ընդ որում, հայտերի ընդունման ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ,
3) անտառօգտագործման տեսակը, ժամկետը,
4) վարձավճարի չափը,
5) մասնակիցների կողմից անտառին ծանոթանալու օրերը և ժամերը,
6) մրցույթի մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը,
7) մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը,
8) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում դրա վերադարձման կարգը,
9) մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրերը և ժամերը,
10) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
51. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին ծանուցման (հրավերի) մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ զանգվածային լրատվության այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին ծանուցումը (հրավերը): Ծանուցման (հրավերի) մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե չեն փոփոխվում դրանում նշված էական պայմանները:
52. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը հրապարակում է մրցույթի անցկացման մասին նոր ծանուցում (հրավեր)` նախկինը հայտարարելով չեղյալ:
53. Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվում են`
1) մրցույթի պայմանների մասին գրավոր առաջարկը,
2) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
3) պետական գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձանց համար,
4) պետական գրանցման վկայականի պատճենը` անհատ ձեռնարկատիրոջ համար,
5) անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար,
6) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը,
7) իրավաբանական անձանց համար` գրավոր հավաստումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթելու դեպքում անտառօգտագործման պայմանագիր կնքելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնությունները):
54. Մրցույթի մասնակցության հայտը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ծանուցման (հրավերի) մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում ներկայացվում է սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով:
55. Հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա:
56. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող ծրարները և հայտերը վերադարձվում են ներկայացնողին:
57. Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:
58. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մերժվում են:
59. Մրցույթի մասնակցության հայտը գրանցվում է, և հայտատուին տրվում է ստացական դրա ընդունման մասին:
60. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթի մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում:
61. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
62. Ծրարները զննվում են հանձնաժողովի անդամների կողմից. հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի ցանկության դեպքում կարող են զննվել նաև նրանց կողմից:
63. Ծանուցմամբ (հրավերով) սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը քննարկվում են հանձնաժողովի նիստում, որի կայացման օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացվում են բոլոր հայտատուները:
64. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը),
2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը ծանուցմամբ (հրավերով) մրցույթի համար սահմանված պայմաններին:
65. Հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
66. Հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում և դրա մասին տեղեկացվում է հայտատուներին` նշելով պատճառները:
67. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
68. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավելագույն վարձավճար և ընդունել է մրցույթի պայմանները:
69. Հավասար գնահատականներ ստանալու դեպքում հաղթողը որոշվում է մրցակցային հիմունքներով` հավասար գնահատականներ ունեցող մասնակիցների միջև անցկացվող բաց սակարկություններով: Սակարկության առարկան անտառօգտագործման վճարն է:
70. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որն ստորագրում է նաև մրցույթի հաղթողը:
71. Ամենաբարձր գնահատական ստացած մասնակցի կողմից մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրվելու կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում մրցույթի հաղթող է համարվում երկրորդ (հաջորդ) տեղն զբաղեցրած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
72. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
73. Մրցույթը համարվում է չկայացած`
1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
2) եթե մրցույթի մասնակիցների հայտերը չեն համապատասխանում մրցույթի մասին ծանուցման (հրավերի) պայմաններին,
3) սույն կարգով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
74. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
75. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
76. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո լիազորված մարմինը մեկշաբաթյա ժամկետում մրցույթի արձանագրությունը և մրցույթին առնչվող փաստաթղթերն ուղարկում է տրամադրողին, որը 15-օրյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման պայմանագիր, իսկ պատճենը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է լիազորված մարմին:
77. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի մուծած նախավճարը հաշվարկվում է նրա կողմից կատարվելիք վճարումների մեջ:
78. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, դիմումատուին տալիս է մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման մասին հայտ, ընդ որում, մրցույթում հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մեկամսյա ժամկետում մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման մասին դիմում չներկայացվելու դեպքում մրցույթի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
79. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
80. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |