Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-262
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-20.07.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.12.1998
Дата вступления в силу
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 նոյեմբերի 1998 թ.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը

 

Ֆինանսական համահարթեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2.  Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգը:

 

Հոդված 3. Ֆինանսական համահարթեցման հասկացությունը

 

Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է:

 

Հոդված 4. Դոտացիաները

 

1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:

2. Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:

3. Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների, սույն օրենքով սահմանված կարգով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 5. Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները

 

Դոտացիաների գումարների չափը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների բյուջեների, վերջիններս տարանջատելով`

1. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների.

2. 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների:

Դոտացիաների գումարների չափն ըստ 300-ից ավելի բնակիչ ունեցող առանձին համայնքների որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետևյալ գործոնները`

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը (այսուհետ` «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թիվը (այսուհետ` «բ» գործոն):

(5-րդ հոդվածը խմբ. 08.02.00 ՀՕ-35)

 

Հոդված 6.

Դոտացիաների հաշվարկման կարգը

 

1. Սույն օրենքի «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի նախորդ բյուջետային տարում եկամտային հարկի, հողի հարկի և գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի տասնհինգ տոկոսից, իսկ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` նախորդ բյուջետային տարում եկամտային հարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարի յոթ տոկոսից:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը` ըստ համայնքների:

3. Յուրաքանչյուր բյուջետային տարում դոտացիաների ընդհանուր գումարների չափերը` ըստ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև «ա» և «բ» գործոններով դոտացիաներ ստացող համայնքների, սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ:

4. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում գույքահարկով, ինչպես նաև հողի հարկով հարկվող գույքի հաշվառումը վարող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալների հիման վրա հաշվարկված համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

5. «ա» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր այն համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին նախատեսվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Ա = (Մ - Հ) x Բ x Գ

 

որտեղ`

- Ա-ն` «ա» գործոնով տվյալ համայնքին նախատեսվող դոտացիայի գումարն է.

- Մ-ն` հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մ = [Դ + ∑ (Տ + Պ)] / (∑ Բ)

 

որտեղ`

Դ-ն` «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարն է.

Տ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի հողի հարկի հաշվարկային ցուցանիշն է.

Պ-ն` յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի գույքահարկի հաշվարկային ցուցանիշն է.

- Բ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության թիվն է.

-Հ-ն` տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող` հողի հարկի, գույքահարկի և «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից և իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Հ = (Տ + Պ) / Բ

 

- Գ-ն` միջին կարգավորիչ գործակիցն է, որն իր հերթին որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Գ = Դ / ∑ [(Մ - Հ) x Բ]

 

6. «բ» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին` տվյալ համայնքի բնակչության թիվը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությամբ: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության ընդհանուր թվին:»:

(6-րդ հոդվածը խմբ. 08.02.00 ՀՕ-35, փոփ. 22.12.10 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
23 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-262

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան