ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1063-Լ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. |
Պետական գույքի կառավարման բարեփոխումների ռազմավարության համառոտագիրը...................................................................................... |
1 էջ |
2. |
Պետական գույքի կառավարման բարեփոխումների նպատակները, խնդիրները և սկզբունքները ..................................................................... |
3 էջ |
3. |
Պետական գույքի կառավարման բարեփոխումների ենթակա ոլորտներում առկա խնդիրները ................................................................................... |
5 էջ |
4. |
Կառավարման բարեփոխումների ուղղությունները և առաջարկվող լուծումներն ու գործիքակազմերը ............................................................... |
9 էջ |
5. |
Միջազգային փորձը պետական գույքի կառավարման ոլորտում.... |
16 էջ |
6. |
Առաջիկա հինգ տարիների ընթացքում ակնկալվող տարեկան միջին ֆինանսական արդյունքները ........................................................... |
18 էջ |
1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐԸ
1. Պետական գույքի կառավարման բարեփոխումների ռազմավարությունը (այսուհետ՝ ռազմավարություն) ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրերի, ՀՀ կառավարության 2019 թվականի N 1834 որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման հայեցակարգի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 458-Լ որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի պահանջների համատեքստում:
2. Ռազմավարությունում համառոտ կերպով մատնանշվում են՝
1) պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները և սկզբունքները.
2) պետական գույքի կառավարման բարեփոխման ենթակա ոլորտները և դրանցում առկա խնդիրները.
3) ըստ կառավարման ոլորտների բարեփոխման ուղղությունները, առաջարկվող լուծումներն ու գործիքակազմը.
4) միջազգային փորձը պետական գույքի կառավարման ոլորտում.
5) պետական գույքի կառավարման բարեփոխումներից ակնկալվող արդյունքները.
6) պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագիրը։
3. Ռազմավարությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող պետական կառավարման մարմիններին հանձնված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված, հիմնադրամներին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված 8,164,825.79 քառ. մետր մակերեսով 10,342 միավոր անշարժ գույքի և պետական մասնակցությամբ 197 առևտրային կազմակերպությունների (վերջիններս սեփականության իրավունքով տնօրինում, տիրապետում և օգտագործում են 2,645 միավոր անշարժ գույք, որի մակերեսը կազմում է 1,332,182.07 քառ. մետր) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման համակարգի արմատական բարեփոխմանը՝ ելնելով ներկա պահի հրամայականից։
4. Ռազմավարությունը նախատեսում է՝
1) պետական գույքի կառավարման ոլորտում գործող օրենսդրության արմատական բարեփոխում, մասնավորապես՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի թվաքանակի կրճատում, անհարկի վարչարարության վերացում, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցում, իրավական ակտերի մատչելիության մակարդակի բարձրացում, որոշումների ընդունման ժամկետների կրճատում, կառավարման օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացում, ինչպես նաև նույնանման գործընթացների միասնական կանոնակարգում.
2) պետական սեփականություն համարվող անշարժ գույքի և բաժնետոմսերի վաճառքի (օտարում, մասնավորեցում) կազմակերպման և կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա և ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում.
3) պետական անշարժ գույքի օգտագործման տրամադրման բնագավառում ներդրումների ներգրավմանը նպաստող գործիքակազմի ներդրում, ինչպես նաև պահպանման և օգտագործման ամբողջ գործընթացի նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրում.
4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մոնիթորինգի գործող համակարգի բարեփոխում, նոր ցուցանիշների կիրառման շնորհիվ կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգի արժանահավատության բարձրացում և դրա հիման վրա ղեկավար անձնակազմի խրախուսման և պատասխանատվության թափանցիկ գործիքակազմի ներդրում:
2. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Պետական գույքի կառավարման ներկայիս փուլում, երբ տեղի է ունենում պետական գույքի կառավարման առաջնահերթությունների վերանայում, կապված պետական գույքի մասնավորեցման գործընթացի՝ ավարտական փուլին մոտենալու հետ, օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական գույքի կառավարման գործող համակարգը (սահմանել նոր նպատակներ, խնդիրներ, սկզբունքներ և այլն) և դրա շնորհիվ ապահովել պետական գույքի տնօրինման և օգտագործման արդյունավետության բարձրացումը։
6. Պետական գույքի կառավարման նպատակներն են՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների բնականոն գործունեության իրականացման գույքային ապահովումը.
2) վաճառքի ենթակա բարձր արժեք ունեցող և իրացվելի պետական գույքի ներգրավման և կառավարման նոր գործիքների կիրառման շնորհիվ ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումը.
3) պետական գույքի արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերի ուղղակի և անուղղակի ճանապարհով ավելացումը.
4) պետական անշարժ գույքի պարբերաբար գույքագրման, հաշվառման և օգտագործման վիճակի մոնիթորինգի ճանապարհով, օգտագործման արդյունավետության գնահատումը, տնօրինման և օգտագործման առավել արդյունավետ ուղիների բացահայտումը, պետական գույքի օպտիմալ կառուցվածքի սահմանումը, ինչպես նաև օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգի մշակումը և ներդրումը.
5) լիազոր մարմնի կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ կազմակերպությունների շահույթի ծավալի ավելացումը և շահութաբերության մակարդակի բարձրացումը։
7. Պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակներն են՝
1) պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
2) պետական գույքի գրավչության բարձրացումը, վաճառքի ու օգտագործման տրամադրման խթանման առավել արդյունավետ գործիքակազմի կիրառումը, ներդրումների ներգրավման խթանումը.
3) չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքի բացահայտումը և տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը.
4) պետական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և նախընտրելի կառուցվածքի սահմանումը.
5) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության գնահատման արդյունավետ համակարգի հիման վրա խրախուսման և պատասխանատվության նոր գործիքակազմի ներդրումը։
8. Ռազմավարության հիմքում դրված են պետական գույքի կառավարման հետևյալ սկզբունքները՝
1) որոշակիության սկզբունք, որը նախատեսում է կառավարման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) նկատմամբ կառավարման նպատակի սահմանում, այդ նպատակին հասնելու քայլերի ծրագրավորում, կառավարման որոշումների ընդունման հիմնավորվածություն, պարտավորությունների սահմանում, ինչպես նաև հաշվետվողականության և հսկողության համակարգի ներդրում.
2) թափանցիկության և անընդհատության սկզբունք, որը նախատեսում է պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնություն, կառավարման և ՀՀ կառավարության կողմից սահմանված ցուցանիշների և ընդունված որոշումների կատարման նկատմամբ հսկողության գործընթացների անընդհատության ապահովում.
3) շահերի հավասարակշռության ապահովման սկզբունք, որը նախատեսում է մի կողմից գույքի վաճառքի դեպքում բյուջետային մուտքերի առաջնահերթ ավելացման և գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացում, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից հիմնավորված որոշումների ընդունում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանում.
4) ծրագրային մոտեցման սկզբունք, որը նախատեսում է կառավարման նպատակներին հասնելու և խնդիրների լուծման համար ծրագրերի կազմում և այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, ռեսուրսների սահմանում և վերջնական արդյունքների ամփոփում։
3. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Մինչև պետական գույքի կառավարման ոլորտում առկա խնդիրների ներկայացումը, անհրաժեշտ է արձանագրել, որ կառավարման ոլորտում ներկա պահին գլխավոր խնդիրներն են ընդունված որոշումների, հաստատված ծրագրային առաջադրանքների, կարգավորող իրավական ակտերի և հանձնարարականների պահանջների ոչ պատշաճ մակարդակով իրականացումը և աշխատողների աշխատանքի գնահատման գործող համակարգի անկատարության պատճառով խրախուսման և պատասխանատվության ոչ նպատակային իրականացումը։
10. Ներկայումս պետության սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը հիմնականում ֆիզիկապես և բարոյապես մաշված է, որի պատճառով գույքի հիմնական մասի իրացվելիության մակարդակը և ներդրումային գրավչությունը բավականին ցածր են։ Իրացվելիության ցածր մակարդակը ինչ-որ չափով պայմանավորված է նաև տվյալ գույքի վաճառքի կազմակերպման բնագավառում առկա բազմաթիվ թերություններով, բացթողումներով, վաճառքի գործընթացում նոր գործիքակազմի կիրառման բացակայությամբ, ինչպես նաև վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ հանրային իրազեկման ոչ բավարար մակարդակով։ Մասնավորապես՝ հանրությունը մինչև պետական գույքի մասնավորեցման և օտարման վերաբերյալ հրապարակային ծանուցումը, չունի տեղեկություններ օտարման և մասնավորեցման ենթակա պետական գույքի անվանացանկերի, դրանցում ընդգրկված գույքի շուկայական արժեքների և վաճառքի պայմանների մասին։ Ներկայումս պետական գույքի շուկայական արժեքը որոշվում է միայն մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նախապատրաստման փուլում, երբ հիմնականում արդեն առկա է գույք ձեռք բերելու վերաբերյալ առաջարկություն, կամ հայտնի է վաճառքի տարբերակը։
11. Ներկա պահին առկա են խնդիրներ պետական անշարժ գույքի ծրագրային արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետության կարիքների համար անհրաժեշտ գույքի նկատմամբ պահանջի ճշգրիտ չափի որոշման հետ կապված, ինչի արդյունքում որոշ դեպքերում պետական գույքի օտարումը հանգեցրել է պետության կարիքների համար անհրաժեշտ գույքի նկատմամբ պահանջի և պետական սեփականություն հանդիսացող առկա գույքի չափերի միջև անհամապատասխանության: Արդյունքում պետական կարիքների համար իրականացվել է ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների հարկադրված վարձակալություն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի։ Ներկա պահի դրությամբ նման ծախսերի ծավալը կազմում է տարեկան 463,544.2 հազ. դրամ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում դեռևս կպահպանվի պետության կարիքների համար ոչ պետական տարածքների նկատմամբ վարձակալության պահանջը, ինչպես նաև այն, որ նշված գործընթացը կանոնակարգված չէ, անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում կանոնակարգել պետության կողմից տարածքների վարձակալության գործընթացը:
12. Պետական գույքի մասնավորեցման և օտարման ոլորտներում չեն կիրառվում արդիական ձևեր և մեթոդներ, նշված գործընթացների կազմակերպման համար չեն ներդրվում այլ ոլորտներում լայնորեն կիրառվող գործիքակազմեր (վաճառքի միասնական հարթակի ստեղծում և էլեկտրոնային աճուրդների կազմակերպում, որակյալ գովազդի իրականացում, օտարման, մասնավորեցման ենթակա անշարժ գույքի գրավչության բարձրացում և այլն)։ Արդյունքում՝ պետական իրացվելի ակտիվների շրջանառության և կառավարման ոչ արդյունավետ մեխանիզմների կիրառման պատճառով չի ապահովվում և խթանվում մասնագիտացված ներդրողների ներգրավումը պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացներին։ Խոսքը ներդրումային հետաքրքրություն ունեցող գույքի ներգրավմամբ բաժնետիրական ընկերությունների ստեղծման մասին է, որի շնորհիվ քաղաքաշինական և կոմունիկացիոն սահմանափակումների խնդիրների լուծման և գործարար նախնական ծրագրերի մշակման միջոցով կապահովվի պետական ակտիվների գրավչության բարձրացումը, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։
13. Պետական գույքի օգտագործման բնագավառում գործող ընթացակարգերը չեն նպաստում պետական բյուջեի մուտքերի ավելացմանը և պետական գույքի պահպանման ու բարելավման ուղղությամբ հնարավոր ներդրողների ներգրավմանը։ Բացի դրանից տվյալ բնագավառում գործող վարձավճարների նկատմամբ կիրառվող զեղչերը և տրամադրվող արտոնությունները չեն նպաստում պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և մրցակցային դաշտի ապահովմանը։ Մասնավորապես՝ պետական գույքի վարձակալության տրամադրման ժամանակ որոշակի ոլորտներում գործունեություն իրականացնելու համար վարձավճարի նկատմամբ կիրառվում է 50 տոկոսի զեղչ, իսկ պետական տարածքների անհատույց տրամադրման բնագավառում որոշակի սուբյեկտներ տասնյակ տարիների ընթացքում օգտվում են պետական աջակցությունից։
14. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ իրականացվող մոնիթորինգը ներկայումս ունի սահմանափակ կիրառություն, որի հետևանքով չի գնահատվում անշարժ գույքի օգտագործման մակարդակը և չեն բացահայտվում անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները, ստեղծված չէ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին ամրացված անշարժ գույքի օգտագործման նկատմամբ հսկողության գործուն համակարգ։
15. Լիազորված մարմնին վերապահված չեն պետական սեփականություն համարվող ամբողջ գույքի կառավարման համակարգումը, գույքային շրջանառության գործարքների մեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման լիազորությունները, ինչի հետևանքով էականորեն նվազում է պետական գույքի կառավարման արդյունավետությունը, քանի որ չեն ապահովվում սեփականատիրոջ գործառույթների միասնական, հետևողական իրականացումը, պետական կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների գործողությունների թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
16. Գործուն քայլեր չեն ձեռնարկվում Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկայի զարգացման գործում, որը շրջանառության մեջ կդներ բնակչության կողմից խնայված միջոցները։ Ըստ էության, ներդրումային ակտիվ քաղաքականություն իրականացնելու հիմնական ուղիներից մեկը մեր երկրում արժեթղթերի շուկայի կայացումն է։ Այդ առումով պետական սեփականություն համարվող իրացվելի ակտիվները, մասնավորապես, բաժնետոմսերի վաճառքի կամ նոր բաժնետոմսերի թողարկման ճանապարհով շրջանառության մեջ դնելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ արժեթղթերի շուկայի զարգացման գործում։
17. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեությունը բնութագրվում է ցածր շահութաբերությամբ, իսկ որոշ դեպքերում՝ վնասաբերությամբ։ Այսպես, 2020 թվականի տարեկան արդյունքներով մոնիթորինգի ենթարկված 148 առևտրային կազմակերպություններից 43-ը աշխատել է վնասով (ընդհանուրի մեջ` 29.05%), 97 կազմակերպություն աշխատել է շահույթով (ընդհանուրի մեջ` 65.54%), իսկ 8 կազմակերպություն շահույթ (վնաս) չի ձևավորել (ընդհանուրի մեջ` 5.4%), վերջիններիս հիմնական մասը գործունեություն չի ծավալել: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերլուծության ենթարկված 148 կազմակերպության ակտիվների շահութաբերության միջին մակարդակը կազմում է ընդամենը 0,602 տոկոս:
Կազմակերպությունների վերադաս կառավարման մարմինները գործուն միջոցառումներ չեն ձեռնարկում առկա վիճակը բարելավելու ուղղությամբ։ Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում բարեփոխել կազմակերպությունների աշխատանքի գնահատման ցուցանիշների համակարգը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգումն իրականացնել պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից։
4. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԵՐԸ
18. Պետական գույքի կառավարման ոլորտում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված է Պետական գույքի կառավարման օրենսդրության արմատական բարեփոխումների ի հայտ գալով, մյուս մասը՝ կառավարման ոլորտում առկա բացերով.
1) Պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրության արմատական բարեփոխում. մեկ միասնական օրենսդրական ակտի՝ օրենքի ընդունման միջոցով պետական գույքային հարաբերությունների կարգավորում։ Մասնավորապես, «Պետական գույքի սեփականաշնորհման (մասնավորեցման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքների կարգավորումների հիման վրա մեկ նոր օրենքի՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունում, որի արդյունքում իրենց ուժը կորցրած կճանաչվեն վերը նշված օրենքները։ Նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ վերը նշված Հայաստանի Հանրապետության օրենքներն ըստ էության կարգավորում են իրենց բովանդակությամբ նույնանման գործընթացներ, այն է՝ մասնավորեցում, օտարում և օգտագործում, որոնց նպատակը գույքի նկատմամբ պետության սեփականության և օգտագործման իրավունքի փոխանցումն է ոչ պետական սուբյեկտներին։ Դրանից բացի, պետք է հաշվի առնել, որ և՛ մասնավորեցման, և՛ օտարման գործընթացները մոտենում են իրենց ավարտին, և ներկայումս առաջին պլան են մղվում պետական գույքի առավել արդյունավետ կառավարման և օգտագործման խնդիրները, որոնց լուծումը կարող է տանել պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Հետևաբար, պետական գույքի կառավարման նոր մշակվող օրենքում հիմնական ուշադրությունը պետք է դարձնել պետական գույքի արդյունավետ կառավարման նոր գործիքակազմի ստեղծմանը։ Նոր օրենքի ընդունման և պետական գույքի կառավարումը մեկ միասնական օրենսդրական դաշտի միջոցով իրականացման արդյունքում էականորեն կկրճատվի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի քանակը, կպարզեցվեն գործընթացները, կկրճատվեն որոշումների ընդունման ժամկետները, կբարձրանա կառավարման օպերատիվությունը, կբացառվեն նույն գործընթացների կանոնակարգման և հաշվետվությունների ներկայացման բնագավառում կրկնությունները (գծապատկեր թիվ 1)։ Ներկայումս պետական գույքի մասնավորեցումը (սեփականաշնորհումը), օտարումը և այլ գույքային հարաբերություններ կանոնակարգվում են 3 օրենսդրական ակտերի (բացառությամբ օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված մասնավորեցման ծրագրի տարեկան հաշվետվությունների), վեց տասնյակից ավելի ենթաօրենսդրական ակտերի (այդ թվում՝ նախկինում ընդունված ու ներկայումս գործող գերատեսչական ակտերի) միջոցով։ Նոր օրենքի ընդունման արդյունքում վերոնշյալ իրավական ակտերի թիվը կիսով չափ կկրճատվի.
2) Անշարժ գույքի վաճառքի կազմակերպման բնագավառում նոր գործիքակազմերի ներդրում. հաշվի առնելով իրացվելի և ոչ իրացվելի (ոչ լիկվիդային) պետական գույքի առկայությունը ու դրանց վաճառքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև մասնագիտացված ներդրողների պահանջները, անհրաժեշտ է՝
ա. հնարավորինս սեղմ ժամկետում առանձնացնել օտարման ենթակա գույքի անվանացանկը և դասակարգել դրանք ըստ իրացվելիության և ներդրումային գրավչության։ Ներդրումային գրավչություն ունեցող գույքերի վաճառքի բնագավառում պետք է ցուցաբերել սկզբունքորեն նոր մոտեցում։ Մասնավորապես, բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ 100 տոկոս պետական մասնավորությամբ նոր բաժնետիրական ընկերության ստեղծում, ինչպես նաև գործող օրենսդրության սահմաններում բաժնետոմսերի վաճառքի կազմակերպման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում (բաժնետիրական ընկերության ստեղծման և բաժնետոմսերի վաճառքի կազմակերպման հետ կապված հաջորդական քայլերը ներկայացված են թիվ 2 գծապատկերում)։ Ընդ որում, տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում՝ ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է,
բ. օտարման ենթակա հաջորդ խումբը բարձր ներդրումային գրավչություն և մեծ ծավալի ներդրումներ ընդունելու հնարավորություն չունեցող կազմակերպություններն են։ Տվյալ խմբում ընդգրկված անշարժ գույքն առաջին անգամ պետք է վաճառքի ներկայացնել հրապարակային սակարկությունների (մրցույթ, աճուրդ) միջոցով։ Ընդ որում, մրցութային եղանակով տվյալ անշարժ գույքի վաճառքը կարող է իրականացվել պարտադիր ներդրումներ կատարելու և հստակ սահմանված ժամկետում այն իրականացնելու պահանջի դեպքում, իսկ աճուրդային եղանակով, երբ առաջնահերթ պետք է լուծվի բյուջետային մուտքերի ավելացման խնդիրը, իսկ ներդրումների կատարումը թողնվի գնորդի հայեցողությանը։ Վերը նշված խմբերում չընդգրկված անշարժ գույքի (բացառությամբ դժվար իրացվելի անշարժ գույքի) և տրանսպորտային միջոցների վաճառքն առաջին հերթին պետք է կազմակերպել էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Ընդ որում, վաճառքը տվյալ դեպքում անհրաժեշտ է կազմակերպել «միասնական հարթակի» միջոցով։ «Միասնական հարթակում» պետական գույքից բացի կարելի է կազմակերպել ոչ միայն համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքը, այլ նաև ոչ պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը, իհարկե վերջինիս առաջարկությամբ, համապատասխան վճարի իրականացման դեպքում,
գ. անհրաժեշտ է առանձնացնել դժվար իրացվելի գույքը. գույք, որը մի քանի անգամ, գնահատված արժեքի աստիճանաբար իջեցմամբ դրվել է հրապարակային սակարկության (աճուրդ, մրցույթ) վաճառքի, սակայն չի վաճառվել գնորդ չլինելու պատճառով։ Վերոնշյալի արդյունքում անհրաժեշտ է կազմել դժվար իրացվելի անշարժ գույքի անվանացանկ և հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել տվյալ գույքի վաճառքը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի։ Տվյալ դեպքում խոսքն առանց նախապես հաստատված մեկնարկային գնի գնորդների կողմից առաջարկվող գների հիման վրա գույքի վաճառքի մասին է,
դ. ընդհանրապես պետական գույքի և՛ օտարման, և՛ մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև գույքի գնահատման հետ կապված խնդիրներին, մասնավորապես` գույքի գնահատված արժեքի վավերության ժամկետին: Նշենք, որ ներկայումս գույքի գնահատված արժեքն ուժի մեջ է մեկ տարի, որից հետո տվյալ գույքի վաճառքի համար պետք է իրականացնել նոր գնահատում, ինչը աշխատատար և ժամանակատար գործընթաց է։ Նշված խնդիրները բացառելու համար անհրաժեշտ է գնահատման արդյունքների վավերականության հետ կապված ժամկետային սահմանափակումները վերացնել կամ վերանայել: Ժամկետային սահմանափակումների վերացմամբ ոչ միայն կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, այլ նաև կխնայվեն պետական բյուջեի միջոցները, քանի որ տվյալ պահին պետական գույքի գնահատումներն իրականացվում են նաև դրամաշնորհների շրջանակներում հատկացված միջոցների հաշվին.
3) Պետական գույքի մասնավորեցման ավարտական փուլի մեկնարկ. անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում մեկնարկել մասնավորեցման գործընթացի ավարտական փուլը։ Այդ նպատակով, ելնելով նախապես մշակված պահանջներից և չափորոշիչներից, անհրաժեշտ է կազմել պետական գույքի ավարտն ազդարարող մասնավորեցման ծրագիր։ Ընդ որում, արժեթղթերի շուկայի զարգացման հրամայականից ելնելով, անհրաժեշտ է արդյունավետ գործունեություն իրականացնող և զարգացման լավ հեռանկար ունեցող առևտրային կազմակերպությունները, ինչպիսիք են մասնավորապես՝ «Հայաստանի ՋԷԿ», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ները, և բարձր արժեք ու իրացվելի գույքի ներդրմամբ ստեղծված բաժնետիրական ընկերություններն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և դրանք մասնավորեցնել, այդ թվում՝ ֆոնդային բորսայի միջոցով.
4) Պետական գույքի օգտագործման տրամադրման գործընթացների բարեփոխում. պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակից ելնելով` անհրաժեշտ է առաջին հերթին առանձնացնել և սահմանել անհատույց կամ վարձակալությամբ օգտագործման տրամադրման ենթակա պետական գույքի անվանացանկը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ կառավարման կոնկրետ խնդիրներից ելնելով, տվյալ անվանացանկը ենթակա է պարբերական վերանայումների։ Օգտագործման տրամադրվող պետական գույքի անվանացանկում ընդգրկված անշարժ գույքը պետք է դասակարգել ըստ վարձակալության և ըստ անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի։ Բացի դրանից և՛ վարձակալությամբ, և՛ անհատույց օգտագործման տրամադրվող տարածքներն իրենց հերթին պետք է դասակարգել բարելավման նպատակով և առանց բարելավման տրամադրվող տարածքների։ Ընդ որում, բարելավման նպատակով օգտագործման տրամադրվող տարածքները հետագայում պետք է օգտագործվեն անշարժ գույքի նկատմամբ պետական կարիքների բավարարման համար և օտարման ենթակա չլինեն։ Երկրորդ հերթին անհրաժեշտ է ամբողջությամբ բարելավել պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման կարգերը։ Ընդ որում, տարածքների վարձակալության տրամադրման գործընթացն առանց տարածքի բարելավման պահանջի անհրաժեշտ է իրականացնել էլեկտրոնային աճուրդի միջոցով, իսկ տարածքի բարելավման անհրաժեշտության դեպքում՝ մրցութային կամ ուղղակի ձևով՝ հստակ սահմանելով ընտրության չափորոշիչները և ներդրումային ծրագրի արդյունքային ցուցանիշները։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել նաև անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը կանոնակարգելիս։ Պետական գույքի անհատույց օգտագործման գործընթացում արդար մրցակցային դաշտի և թափանցիկության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է հստակ սահմանել անհատույց օգտագործման իրավունք ստանալու հնարավորություն ունեցող սուբյեկտների շրջանակը, նման իրավունք ստանալու առավելագույն ժամկետները, տրամադրման համար պահանջվող պայմանները, չափորոշիչները, ինչպես նաև ծրագրային պարտավորությունների կատարմանը ներկայացվող պահանջները։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ անհատույց օգտագործման տրամադրումից աստիճանաբար պետք է անցում կատարել վարձակալական հիմունքներով տարածքների տրամադրմանը՝ տարածքների անհատույց օգտագործման տրամադրման ծավալները հասցնելով նվազագույնի։ Վարձակալության բնագավառում պետք է բացառել վարձակալների վճարների նկատմամբ զեղչերի կիրառումը.
5) Պետական գույքի պարբերական գույքագրման, հաշվառման բազայի տվյալների հավաստիության ապահովման և համատարած մշտադիտարկման իրականացման մեկ միասնական կառավարման համակարգի ստեղծում. պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման հրամայականը պահանջում է ստեղծել գույքագրման, հաշվառման և մշտադիտարկման մեկ միասնական համակարգ։ Այդ նպատակով Կոմիտեի կառուցվածքում անհրաժեշտ է ստեղծել նոր ստորաբաժանում վերը նշված աշխատանքները համակարգված իրականացնելու համար։ Վերոնշյալ աշխատանքները պետք է իրականացվեն նախապես հաստատված գույքագրման և մշտադիտարկման տարեկան ծրագրերի հիման վրա, որի արդյունքում պետք է բացահայտվեն անշարժ գույքի օգտագործման բնագավառում խախտումները և բացթողումները, ձեռնարկվեն միջոցներ դրանց հետևանքով պատճառված վնասի վերականգնման համար, ինչպես նաև առանձնացվեն չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող տարածքները և ներկայացվեն առաջարկություններ դրանց հետագա արդյունավետ կառավարման վերաբերյալ.
6) Պետական գույքի ծրագրային կառավարման բարեփոխում. պետական գույքի կառավարման ինչպես նախկինում գործող եռամյա ծրագրերը, այնպես էլ ներկայումս գործող 2021-2023 թվականների ծրագիրը չեն նպաստում պետական գույքի արդյունավետ կառավարմանը։ Մասնավորապես՝ ծրագրում սահմանված առաջադրանքներն ըստ էության ունեն տեղեկատվական բնույթ, քանի որ ծրագրային առաջադրանքների չկատարման համար պատասխանատու պաշտոնատար անձինք չեն ենթարկվում պատասխանատվության։ Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայիս գործող ծրագրի ժամկետներից՝ պետական գույքի կառավարման ծրագիրը ժամկետային կտրվածքով պետք է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին՝ փոփոխելով ծրագրի բովանդակային կառուցվածքը և վերջինիս ներկայացվող պահանջները։ Ընդ որում, պետական գույքի կառավարման ծրագիրն իր մեջ պետք է ընդգրկի կառավարման ենթակա բոլոր ոլորտները՝ հստակ սահմանված իրատեսական առաջադրանքներով, կատարման ժամկետներով, սպասվելիք արդյունքներով, ծախսերով և պատասխանատու մարմիններով։ Ըստ էության պետական գույքի նոր մշակվող հնգամյա ծրագիրը պետք է իրենից ներկայացնի պետական գույքի կառավարման երկարաժամկետ գործարար ծրագիր։ Վերջինիս բաղկացուցիչ մաս պետք է կազմեն նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հեռանկարային զարգացման հնգամյա ծրագրերը հստակ սահմանված առաջադրանքներով ու միջոցառումներով (նշելով վերոնշյալ ծրագրերի իրականացման պատասխանատուներին), սպասվելիք քանակապես չափելի արդյունքներով, ծախսերով, բաշխված ըստ տարիների։
Բացի վերոնշյալից՝ առաջարկվում է յուրաքանչյուր տարվա սկզբում կազմել տարեկան ծրագիր, որն իր մեջ կներառի տվյալ տարվա կտրվածքով օտարման և մասնավորեցման ենթակա գույքի ամբողջական ցանկ, և ներկայացնել կառավարության հաստատմանը։ Ընդ որում, կառավարության կողմից ծրագրի հաստատումը ինքնին կենթադրի վերոնշյալ ցանկում առկա գույքի օտարման և մասնավորեցման վերաբերյալ որոշման կայացում.
7) Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետ կառավարման իրականացում. կազմակերպությունների կառավարման համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է՝
ա. նախևառաջ հստակեցնել կազմակերպությունների կազմը և կառուցվածքը, ինչպես նաև օպտիմալացնել դրանց քանակը` հիմք ընդունելով պետության կողմից հստակ սահմանված գործառույթների իրականացման անհրաժեշտությունը,
բ. պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից կենտրոնացված ձևով համակարգել կազմակերպությունների կառավարման գործընթացը,
գ. սահմանել կազմակերպությունների գործունեությունը գնահատող (հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները) արժեքային և ոչ արժեքային ցուցանիշներն ու այդ ցուցանիշների համաձայն կազմել կազմակերպությունների հեռանկարային զարգացման ծրագրերը։ Ընդ որում, ծրագրերը պետք է հաստատվեն վերադաս կառավարման մարմնի կողմից՝ համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ,
դ. յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի կողմից սահմանել հսկողություն իր համակարգում գործող կազմակերպությունների գործարար ծրագրերի կատարման ընթացքի նկատմամբ, իսկ լիազոր մարմինը՝ մոնիթորինգի արդյունքների հիման վրա պետք է ներկայացնի առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն և վերադաս մարմնին կազմակերպությունների կառավարումը բարելավելու ուղղությամբ,
ե. բարեփոխել պետական մասնակցությամբ կազմակերպությունների հիմնական միջոցների օգտագործման արդյունավետության մակարդակը գնահատող ցուցանիշների համակարգը՝ այն դարձնելով չափելի և համեմատելի,
զ. իրականացնել կազմակերպությունների կողմից հիմնական միջոցների օգտագործման վիճակի պարբերական ուսումնասիրություններ, առանձնացնել չօգտագործվող միջոցները և հանձնել լիազոր մարմնի տնօրինությանը,
է. կազմակերպությունների գործունեության վերջնական արդյունքները բարելավելու նպատակով մշակել և ներդնել աշխատանքի խթանման կիրառելի գործիքակազմ։
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
19. Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է պետական գույքի կառավարման ոլորտում երեք հնարավոր մոդելների կիրառման մասին՝
1) ապակենտրոնացված (կամ ոլորտային).
2) երկաստիճան.
3) կենտրոնացված։
20. Ապակենտրոնացված մոդելը նախատեսում է, որ պետական մասնակցությամբ ընկերությունները կառավարվում են ոլորտային նախարարությունների կամ ոլորտային իշխանության մարմինների կողմից։ Այս մոդելի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ոլորտային կառավարման մարմինը, օժտված լինելով փորձագիտական, մասնագիտական հմտություններով և ունենալով կառավարման բոլոր լիազորությունները, կարողանում է իրականացնել ակտիվ և արդյունավետ ոլորտային քաղաքականություն։ Սակայն ներկայումս քաղաքականության նախապատվությունները փոփոխվել են՝ որոշակի ոլորտային քաղաքականությունից անցում է կատարվում համակարգային տնտեսական քաղաքականության։ Այս պայմաններում պետական գույքի կառավարման ապակենտրոնացված մոդելի առավելությունները չեզոքացվում են։
21. Պետական գույքի կառավարման երկաստիճան մոդելը նախատեսում է լիազորությունների տարանջատում ոլորտային նախարարության (կամ ոլորտային պետական մարմնի) և «լիազոր» մարմնի միջև, որի օրինակներ կարող են ծառայել Ավստրալիայում՝ ֆինանսների և կառավարման նախարարությունը, Իտալիայում՝ էկոնոմիկային և ֆինանսների նախարարությունը։ Նման երկաստիճան մոդելի դեպքում երկու պետական մարմինները (ոլորտային և լիազոր) միասին են պատասխանատու սեփականատիրոջ իրավունքների իրականացման համար։ Այս մոդելի դեպքում «լիազոր» պետական մարմինը հանդես է գալիս որպես առանցքային, որն ապահովում է պետական ընկերությունների կառավարման ընդհանուր քաղաքականությունը և համակարգում այդ գործառույթները։
22. Պետական գույքի կառավարման կենտրոնացված մոդելը նախատեսում է, որ սեփականատիրոջ գործառույթներն իրականացնում է միայն մեկ գլխադասային նախարարությունը կամ պետական մարմինը։ Այս մոդելն ամենատարածվածն է դառնում աշխարհում։ Երկրների մեծ մասում պետական գույքի կառավարման գործառույթներն իրականացնող մարմին է հանդիսանում ֆինանսների նախարարությունը (Դանիա, Նիդերլանդներ, Իսպանիա, Չեխիա) կամ արդյունաբերության նախարարությունը (Նորվեգիա, Շվեդիա)։ Բելգիայում այդ նպատակի համար ստեղծված է առանձին նախարարություն՝ պետական և կորպորատիվ իրավունքների նախարարությունը։ Մի շարք երկրներում այդ նպատակների համար ստեղծվում են առանձին գործակալություններ, որոնք գործում են ինքնուրույն, ունեն առևտրային ուղղվածություն և, որպես կանոն, հաշվետու են ֆինանսների նախարարությանը։ Ռուսաստանի Դաշնությունում պետական գույքի կառավարման, պետական գույքի մասնավորեցման, դատական և այլ մարմինների կողմից բռնագրաված գույքի իրացման, տիրազուրկ պետական շարժական գույքի, ինչպես նաև այլ ձևերով պետական սեփականություն դարձված գույքի կառավարման գործառույթներն իրականացնում է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը։ Ղազախստանի Հանրապետությունում պետական գույքի կառավարման բնագավառում լիազոր մարմին համարվում է ֆինանսների նախարարության պետական ունեցվածքի և մասնավորեցման կոմիտեն, որն օժտված է կառավարության անունից պետական սեփականության սուբյեկտի իրավունքների իրացման իրավասություններով, վարում է պետական գույքի հաշվառման և մոնիթորինգի տեղեկատվական բազաները, իրականացնում է պետական գույքը մասնավոր հատվածին փոխանցելու նախապատրաստման, գործարքների իրականացման, հաշվառման գործառույթները, պետության անունից հանդես է գալիս որպես պայմանագրի կողմ, ինչպես նաև իրականացնում է այլ գործառույթներ։ Նույնանման կառույց գործում է նաև Ղրղզստանի Հանրապետությունում։ Չեխիայի Հանրապետությունում պետության ֆինանսների նախարարության կառավարման վարչությունը մշակում է պետական գույքի կառավարման ոլորտում պետական քաղաքականությունը, նախապատրաստում է երկրում գործող իրավական կարգավորման նորմերը, սահմանում է սեփականության իրավունքի մեթոդաբանությունը և համակարգում պետական գույքի օգտագործումը։ Այդ մարմինն իրականացնում է պետական գույքի մասնավորեցման կենտրոնական կառավարման մարմնի գործառույթները, ապահովում է ընդունված մասնավորեցման որոշումների կատարումը, կառավարում է լուծարված պետական կազմակերպությունների գույքը, պետության անունից ձեռք է բերում առևտրային կազմակերպությունների բաժնետոմսեր և իրականացնում է պետության՝ որպես բաժնետիրոջ իրավունքները։ Այսպիսի պետական գույքի կառավարման մարմին ստեղծված է նաև Ֆրանսիայում։ Ֆրանսիայում գործում է Ֆրանս Դոմեյն կառավարման գործակալությունը, որը կենտրոնական դերակատարում ունի պետությանը պատկանող անշարժ գույքի ոլորտում։ Ֆրանս Դոմեյնը ստեղծվել է 2005 թ.-ին և հանդես է գալիս պետության անունից, որպես պետական անշարժ գույքի սեփականատեր և խորհրդատվություն է տրամադրում պետական կառավարման մարմիններին անշարժ գույքի հետ կապված նրանց գործունեության վերաբերյալ, մասնավորապես, համեմատելով տարբեր նախարարությունների անշարժ գույքի ռազմավարության իրականացումը, Ֆրանս Դոմեյնը գործում է Ֆրանսիայի բյուջեի և պետական բարեփոխումների նախարարության ենթակայության ներքո։ Ֆրանս Դոմեյնի իրավասության մեջ է նաև այն պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որն այլևս չի օգտագործվում պետության կողմից, կամ որի պահպանումը կապված է չափից ավելի մեծ ծախսերի հետ, կամ գույքի տարիքը մեծ է։ Ընդհանուր առմամբ անշարժ գույքի հետ կապված գործառույթները ներառում են գնելը, վաճառելը, վարձակալությամբ տրամադրելը, այն բարելավելը և գույքի «զարգացումը»։
6. ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23. Առաջիկա հինգ տարիների ընթացքում ակնկալվում են միջինում տարեկան մոտավորապես 15 մլրդ ՀՀ դրամի մուտքեր.
1) մասնավորեցումից մուտքեր. կարելի է արձանագրել, որ բարեփոխման արդյունքում պետական գույքի միայն մասնավորեցումից 2022 թվականին ակնկալվում են 4,8 մլրդ դրամի մուտքեր։ Սույն ռազմավարությունով նախատեսված գույքի ներդրմամբ բաժնետիրական ընկերության ստեղծման և հետագայում բաժնետոմսերի մասնավորեցման դեպքում պետական գույքի մասնավորեցումից մուտքերն էականորեն կավելանան:
Ներկայումս «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականնների ծրագրի մասին» օրենքի ցանկերում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի ռիսկերը կայանում են հետևյալում՝
ա. այս կամ այն ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման մշակված նախագիծը սահմանված կարգի համաձայն դրվում է շրջանառության մեջ, սակայն հաճախ տարբեր պատճառներով ընթացք չի տրվում, և որոշում չի ընդունվում մասնավորեցման վերաբերյալ,
բ. պետական մարմինների առաջարկությամբ բավարար հիմնավորման դեպքում մասնավորեցման ծրագրից կարող են հանվել մասնավորեցման ենթակա ընկերությունները, գ. մասնավորեցման գործընթացում գնային ոչ ճկուն քաղաքականության իրականացման արդյունքում շատ հաճախ պետական գույքը չի մասնավորեցվում, և մասնավորեցման գործընթացը երկարաձգվում է։
Գործնականում մասնավորեցված ընկերությունների գործունեության հետագա ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մասնավորեցումից հետո էականորեն բարձրանում է մասնավորեցված կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը.
2) օտարումից մուտքեր. ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ակնկալվող մուտքերն ըստ կանխատեսման 2022 թվականի ընթացքում կկազմեն 10,001,276.0 հազ. դրամ, ընդ որում նշված կանխատեսումներն էականորեն կարող են աճել, քանի որ պետական անշարժ և շարժական գույքի օտարումից ակնկալվող արդյունքի մեծությունը հստակ հաշվարկելու համար անհրաժեշտ է ունենալ օտարման ենթակա անշարժ և շարժական գույքի անվանացանկը, անվանացանկում ընդգրկված յուրաքանչյուր գույքի գնահատված շուկայական արժեքը և գնահատված արժեքի նկատմամբ վաճառքի հնարավոր լավագույն և վատագույն տարբերակները, իսկ իրականացվելիք բարեփոխումների և ծրագրային կառավարման արդյունքում նշված խնդիրները գրեթե ամբողջությամբ կլուծվեն։
Պետական գույքի օտարման գործընթացի արդյունքում ակնկալվող մուտքերի ապահովման հետ կապված առկա են հետևյալ ռիսկերը՝
ա. անշարժ գույքի կառուցապատման հետ կապված սահմանափակումների, խնդիրների լուծման ճանապարհին առկա խոչընդոտները (օրինակ՝ քաղաքաշինական, անվտանգության, ջրամատակարարման ու ջրահեռացման, էներգամատակարարման և այլն) երկարաձգում են օտարման գործընթացը,
բ. որոշ դեպքերում օտարման ենթակա գույքը հնարավոր չէ վաճառել պետության համար ձեռնտու պայմաններով, և տվյալ դեպքում օտարման գործընթացը մտնում է փակուղի,
գ. բարձր արժեք ունեցող գույքի օտարման դեպքում գնի վճարման տարաժամկետման իրավունքի բացառումը հաճախ կարող է հանդիսանալ խոչընդոտ և սահմանափակել մասնակիցների թվաքանակը.
3) պետական անշարժ գույքի օգտագործման օպտիմալացումից ֆինանսական արդյունք կարելի է ակնկալել հետևյալ դեպքերում՝ ոչ պետական սեփականություն հանդիսացող վարձակալված տարածքներում տեղակայված պետական մարմինների ստորաբաժանումները պետական սեփականություն հանդիսացող շենքեր տեղափոխելիս, պետական սեփականություն հանդիսացող տարածքների օպտիմալացման արդյունքում ազատված տարածքները վարձակալության տրամադրելիս, ինչպես նաև պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրումից վարձակալության տրամադրման անցնելիս։ Վերոնշյալ միջոցառումների իրականացման արդյունքում կունենանք պետական եկամուտների էական աճ և ծախսերի էական կրճատում։
Թիվ 1
ԳԾԱՊԱՏԿԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
Թիվ 2
Գծապատկեր
Բարձր իրացվելի գույքի վաճառքի կազմակերպման
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառումները |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխա- նատու մարմինը |
Համակատարող մարմինը |
Ժամկետը |
Ֆինանսավոր- ման աղբյուրը և կանխատեսվող չափը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Պետական կառավար- ման համակարգի մարմինների և պետա- կան ոչ առևտրային կազմակերպություն- ների գործառույթների իրականացման համար ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին ոչ պետական սեփականու- թյուն համարվող տարածքների վարձա- կալության գործընթացի կանոնակարգում, ինչպես նաև ոչ պետա- կան տարածքների պետական տարածք- ներով փոխարինելու ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակում և իրականացում |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. Կոմիտեի կողմից պետական մարմին- ների և կազմակեր- պությունների կողմից վարձակալված ոչ պետական տարածք- ների հաշվառում, այդ տարածքների նկատ- մամբ պահանջի բացահայտում և պետական տարածքների հաշվին պահանջի բավարար- ման համար տարբե- րակների մշակում և առաջարկում։ Տվյալ գործընթացի կանո- նակարգման շնորհիվ (իրավական ակտի մշակում) ՀՀ պետա- կան բյուջեի և ոչ այլ միջոցների հնարա- վորինս արդյունավետ և նպատակային օգտագործում, ինչպես նաև այդ բնագավառում կամայական մոտեցումների բացառում։ Ակնկալվող վերջնական արդյունքը. ոչ պետական տարածքները պետական սեփա- կանություն համարվող տարածքներով փոխարինելու միջոցով ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների խնայում ու աստիճանաբար այդ նպատակով ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների (ներկա դրությամբ 472 մլն դրամ) օգտագործման բացառում |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Կադաստրի կոմիտե, Քաղաքաշինու- թյան կոմիտե |
2022 թվականի 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
Պետական գույքի գնա- հատման գործիքա- կազմի բարեփոխման ուղղությամբ իրավական նոր մոտեցումների մշակում և ընդունում՝ նպատակ ունենալով հնարա- վորինս կրճատել գնա- հատման գործընթացի ընդհանուր տևողու- թյունը, բացառել կրկնակի գնահատում- ները և հնարավորինս տնտեսել գնահատմանը տրամադրվող միջոցները |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. պետական գույքի գնահատման դաշտը կանոնակարգող իրավական ակտի բարեփոխման շնորհիվ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտա- գործման տրա- մադրման գործընթացների ընդհանուր տևո- ղության կրճատում, կրկնակի գնահա- տումների բացառում, կառավարման գործընթացում օպերատիվության մակարդակի բարձրացում, վարչա- րարության պարզե- ցում. Ակնկալվող վերջնական արդյունքը. գնահատմանը տրա- մադրվող միջոցների 30 տոկոսի չափով տնտեսում |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Կադաստրի կոմիտե, Քաղաքաշինու- թյան կոմիտե |
2022 թվականի 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
Պետական գույքի օտարման բնագա- վառում նոր գործիքա- կազմի ներդրման ուղղությամբ գործողու- թյունների ծրագրի կազ- մում և իրականացում, մասնավորապես. պետական գույքի վաճառքի գրավչության բարձրացման և քաղա- քաշինական ու այլ սահմանափակումների, ինչպես նաև ենթակա- ռուցվածքների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների իրա- կանացում և այդ նպա- տակով բարձր արժեք ու իրացվելի գույքի նկատ- մամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպության (կազմակերպություն- ների) ստեղծում և դրա (դրանց) բաժնետոմսերի վաճառքի կազմակեր- պում |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. վաճառքի ենթակա պետական գույքի գրավչության և իրացվելիության մակարդակի էական բարձրացում, խոշոր ներդրումային ծրագրերի իրա- կանացումը խթանելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում և ներդրու- մային միջավայրի բարելավում Ակնկալվող վերջնական արդյունքը. ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերի ավելացում մինչև 20 տոկոսի չափով, ինչպես նաև ներդրումների ծավալի էական ավելացում |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն |
2023 թվականի 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
Մասնավորեցման գործընթացն արդյու- նավետ իրականացնելու, պետական մասնակ- ցությամբ առևտրային կազմակերպությունների թվաքանակն օպտիմա- լացնելու և մասնավո- րեցման գործընթացն ավարտելու, ինչպես նաև արժեթղթերի շուկայի զարգացմանը նպաստելու համար պետական գույքի մասնավորեցման նոր ծրագրի մշակում և ընդունում |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. մասնավորեցման ծրագրում ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցման ենթակա նոր ընկերությունների ընդգրկում, մասնավորեցման ոչ ենթակա պետական մասնակցությամբ ընկերությունների թվաքանակի սահմանում, նպաս- տավոր ներդրումային միջավայրի ստեղծում Ակնկալվող վերջնական արդյունքը. ՀՀ պետական և համայնքային բյուջե- ների մուտքերի ավե- լացում միջին հաշվով մինչև 25 տոկոսի չափով |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբե- րության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնու- թյամբ) |
2024 թվականի 3-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
Պետական գույքի կառավարման գործըն- թացը կանոնակարգող օրենսդրության բարե- փոխման ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակում և իրականացում, մասնա- վորապես, պետական գույքի մասնավորեցման և կառավարման գործընթացը կանոնա- կարգող երեք ներկա- յումս գործող ՀՀ օրենք- ների հիման վրա նոր մեկ ընդհանուր «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի մշակում՝ սահմանելով պետական գույքի արդիական նպատակներ, խնդիրներ և սկզբունքներ, կապ- ված կառավարման առաջնահերթություն- ների փոփոխության հետ։ |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. պետական գույքի կառավարման ոլոր- տում կառավարման առաջնահերթ թիրախների սահմանում, մեկ օրենքի միջոցով պետական գույքի կառավարման գործընթացի կանոնակարգում, կանոնակարգման պարզեցում, հստակեցում, վարչական քաշքշուկ- ների վերացում, որո- շումների ընդունման ժամկետների կրճա- տում, կառավարման օպերատիվության բարձրացում Ակնկալվող վերջնական արդյունքը. պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահու- թյան նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերու- թյան նախարարություն |
2024 թվականի 1-ին եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի ընդու- նումից հետո պետական գույքի կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման ուղղությամբ միջոցառումների իրա- կանացում |
Ակնկալվող միջանկյալ արդյունքը. պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ներկայիս վեց տասնյակից ավելի իրավական ակտերի կիսով չափ կրճատում՝ ապահո- վելով կառավարման գործընթացի կանոնակարգման գործընթացի կանոնակարգման միասնականությունը, պարզությունը, հստակությունը, ընկալման տեսանկյունից մատչելիության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև որոշումների ընդունման ժամկետ- ների կրճատումը, կառավարման օպերատիվության բարձրացումը, նույնանման գործընթացների կանոնակարգման և հաշվետվությունների ներկայացման բնա- գավառում անհարկի կրկնությունների բացառումը Ակնկալվող վերջնական արդյունքը. արդյունքում պետա- կան գույքի կառավարման արդյունավետու- թյան բարձրացում |
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե |
Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն |
2024 թվականի 4-րդ եռամսյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |