Գլխավոր տեղեկություն
Номер
N 758-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.06.2023-21.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.637
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2020
Дата вступления в силу
21.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 758-Ն

ԱՌԳՐԱՎՎԱԾ, ՎԵՐՑՎԱԾ, ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 886-Ն)

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.06.23 N 886-Ն)

1. Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 01.06.23 N 886-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 758-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 886-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումներին, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններին և դրանց ենթակա ստորաբաժանումներին հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը և ռազմամթերքը (այսուհետ՝ զենք) փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ՝ զինապահեստ) ընդունելու և դրանք ոչնչացնելու գործընթացը:

2. Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ՝ փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օրինական հիմքերով իրենց պատկանող ողորկափող զենքը ոստիկանության ստորաբաժանումներ փոխանցած լինելու դեպքում զենքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից տասնօրյա ժամկետում հանձնվում է զինապահեստ, եթե այդ զենքը քրեական վարույթով իրեղեն ապացույց չի հանդիսանում:

3. Պետական մարմինների կողմից առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է հանձնվում առձեռն ուղեկցական գրությամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:

4. Փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված և դրանից հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:

5. Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական վարույթով վերջնական որոշման, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում զենքը (այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվում է զինապահեստ, իսկ համապատասխան հաշվառումներով ստուգված և այլ պետական ռազմականացված կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված զենքը հանձնվում է տվյալ ռազմականացված կազմակերպության զինապահեստ՝ անկախ դրա հետագա օգտագործման պիտանի լինելու (չլինելու) հանգամանքից:

6. Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունված զենքերի բոլոր տեսակները ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

7. Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:

8. Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

9. Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների համապատասխան բնագավառի մասնագետների կողմից գնահատվում է, սպառազինության ապահովման ստորաբաժանման կողմից հանձնվում է կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ենթակա է ոչնչացման:

11. Ոչ պիտանի զենքի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի նախագահությամբ: Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս է գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները:

12. Ոչնչացումից առաջ հանձնաժողովի կողմից ոչնչացման ենթակա զենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչության միջոցով կատարվում է հարցում.

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ոչնչացման ենթակա զենքի քրեական վարույթով (գործով) անցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն՝ հաշվառումներով անցնելու վերաբերյալ:

13. Ոչ պիտանի զենքի պիտանի մասերը առանձնացվում են, առանձնացված պիտանի մասը մուտքագրվում և հաշվառվում է զինապահեստ՝ որպես պահեստամաս` հետագայում մասնակի անսարքություն ունեցող զենքի մասերի փոխարինման և վերանորոգման համար:

14. Ոչ պիտանի զենքը ոչնչացվելուց առաջ լիցքաթափվում է: Զենքի լիցքաթափման անհնարինության դեպքում (անսարքության պատճառով) այն լիցքաթափվում է գործարանային պայմաններում, որից հետո՝ ոչնչացվում: Զենքն առանց լիցքաթափելու արգելվում է ոչնչացնել:

15. Ոչ պիտանի զենքը և դրա մասերը ոչնչացվում են մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման (տարատեսակ մեխանիկական և էլեկտրական գործիքների և սարքերի միջոցով) կամ ձուլարանում ձուլման միջոցով՝ վերածելով այն մետաղի ջարդոնի: Ոչ պիտանի փայտյա և պլաստմասե մասը առանձնացվում և ոչնչացվում է առանձին՝ այրման կամ կտրտման միջոցով:

16. Ոչ պիտանի զենքի ոչնչացման աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բացառվեն ոչնչացման ենթակա զենքի և դրա մասերի անհետացման և կորստի դեպքերը:

17. Ձուլարանում ձուլման ընթացքում պարտադիր է հանձնաժողովի բոլոր անդամների և ձուլարանի ներկայացուցչի ներկայությունը:

18. Ոչ պիտանի զենքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ: Ակտում նշվում են ոչ պիտանի զենքի սերիան, համարը, արտադրման տարեթիվը, քանակը, տեսակը, անվանումը, տրամաչափը և ոչնչացման պատճառը: Զենքի ոչնչացման ակտը հանձնաժողովի մյուս անդամների կողմից ստորագրվելուց հետո հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից:

(հավելվածը խմբ. 01.06.23 N 886-Ն)