ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1932-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
4. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման վրա, որոնց համար, համաձայն 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 30 որոշման, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել է արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և, որոնց ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|