ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2020 թվականի N 550-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 14-ի N 550-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
2. Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝
1) բնական գազի սպառման գծով՝ 10 001 - 30 000 դրամ ներառյալ.
2) էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 - 10 000 դրամ ներառյալ:
3. Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով:
4. Սույն միջոցառման 3-րդ կետի համաձայն որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |