ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2010 թվականի |
թիվ 319 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
Մաքսային միությունում տեխնիկական կանոնակարգման մասին
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել`
- «Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)՝ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառման, ինչպես նաև դրա ձևավորման ու վարման կարգի մասին» հիմնադրույթը (հավելված թիվ 1),
- (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.12.18 թիվ 100)
- Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը (հավելված թիվ 3),
- «Մաքսային միության մաքսային տարածք համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին» հիմնադրույթը (հավելված թիվ 4),
- «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման գծով համակարգող կոմիտեի մասին» հիմնադրույթը (հավելված թիվ 5),
- Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկը (այսուհետ՝ Արտադրանքի միասնական ցանկ) (հավելված թիվ 6)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 05.12.18 թիվ 100)
2. Հանձնարարել Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնին Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմինների հետ համատեղ նախապատրաստել հրապարակման Արտադրանքի միասնական ցանկը, որը ներառում է Մաքսային միության անդամ պետությունների միջպետական և ազգային (պետական) ստանդարտների շարքից վերոնշյալ արտադրանքի նկատմամբ միասնական պարտադիր պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթղթերի ցանկը։
3. Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությանը, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմիններին՝ մինչև 2010 թվականի հունիսի 30-ն ընկած ժամկետում հրապարակել Արտադրանքի միասնական ցանկը՝ հաշվի առնելով սույն Որոշման 2-րդ կետը։
4. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից կիրառել համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի ցանկերը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն (այսուհետ՝ ազգային ցանկեր), և Արտադրանքի միասնական ցանկը՝ սույն Որոշմանը կից թիվ 6 հավելվածին համապատասխան։
5. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից ապահովել Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումը՝ սույն Որոշմանը կից թիվ 1 հավելվածին համապատասխան.
Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև դրանց օպերատիվ տեղադրումն իրենց պաշտոնական կայքերում դրանց հասանելիության ապահովմամբ՝ սույն Որոշմանը կից թիվ 2 հավելվածին համապատասխան.
Միասնական ձևով պատրաստված համապատասխանության սերտիֆիկատների տրամադրումը՝ սույն Որոշմանը կից թիվ 3 հավելվածին համապատասխան.
Արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի սերտիֆիկացման և գրանցման գծով աշխատանքների կազմակերպումը՝ սույն Որոշմանը կից թիվ 3 հավելվածին համապատասխան։
6. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային վարչարարության ոլորտում լիազորված մարմիններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից Արտադրանքի միասնական ցանկում և ազգային ցանկերում ներառված արտադրանքի (ապրանքների) մաքսային հսկողություն իրականացնելիս առաջնորդվել սույն Որոշմանը կից թիվ 4 հավելվածով։
7. Կողմերին՝ մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամկետում նախապատրաստել 2011 թվականի հունվարի 1-ից ազգային ցանկերի արտադրանքի անվանացանկերի միասնականացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով՝
- պարտադիր սերտիֆիկացման կիրառումը միայն այն արտադրանքի նկատմամբ, որի շրջանառությունը կապված է քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս հասցնելու բարձր ռիսկի հետ.
- պատրաստի արտադրանքի և դրա բաղկացուցիչ մասերի (նյութերի, կոմպլեկտավորող տարրերի և հանգույցների) համապատասխանության միաժամանակյա պարտադիր գնահատումը (հավաստումը) չթույլատրելը։
8. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամկետում նախապատրաստել 2011 թվականի հունվարի 1-ից Արտադրանքի միասնական ցանկում օծանելիքակոսմետիկական և սննդային արտադրանք ներառելու մասին առաջարկությունները։
9. Սահմանել, որ՝
- մինչև 2012 թվականի հունվարի 1-ն ընկած ժամկետում Արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի համար հայտատուի ընտրությամբ տրվում են համապատասխանության սերտիֆիկատներ և ձևակերպվում են համապատասխանության հայտարարագրեր՝ միասնական ձևերով, և (կամ) համապատասխանության սերտիֆիկատներ և համապատասխանության հայտարարագրեր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների համաձայն.
- Մաքսային միության անդամ պետությունների տարածքում չգտնվող արտասահմանյան արտադրողների արտադրանքի համար ձևակերպվում են համապատասխանության սերտիֆիկատներ կամ համապատասխանության հայտարարագրեր՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն, կամ համապատասխանության սերտիֆիկատներ՝ միասնական ձևով։
10. Հաստատել, որ Արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մակնշումն իրականացվում է նշանակման երկրի օրենսդրությանը համապատասխան։
11. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնին՝ մինչև 2010 թվականի հունիսի 25-ն ընկած ժամկետում Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմիններին ներկայացնել սույն Որոշմանը կից 3-րդ հավելվածին համապատասխան միասնական ձևով տրվող՝ Մաքսային միության անդամ պետությունների կողմից համաձայնեցված սերտիֆիկատի ձևաթղթի մակետը՝ Մաքսային միության անդամ պետություններում դրա հետագա պատրաստման համար։
12. Կողմերին՝
12.1. Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության հետ համատեղ մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամկետում մշակել և ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հիմնական սկզբունքները պատասխանատվության այն միջոցների մասով, որոնք կիրառվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջների և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Մաքսային միության օրենսդրության խախտման, այդ թվում նաև ոչ հավաստի (չհիմնավորված) հայտարարագրման համար.
նախապատրաստել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրություններում մինչև 2011 թվականի հունվարի 1-ը փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած նշված սկզբունքներին համապատասխան.
12.2. մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամկետում նախապատրաստել հետևյալ առաջարկությունները՝
- 2011 թվականի հունվարի 1-ից համապատասխանության հայտարարագրի ներկայացման ծանուցողական (իրազեկման) կարգին անցնելու վերաբերյալ, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված մարմիններ դրա՝ էլեկտրոնային ձևով ներկայացման հնարավորության ապահովմամբ.
- համապատասխանության հավաստման ոլորտում Մաքսային միության օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ՝ հաշվի առնելով Եվրոպական միության պրակտիկան պարտադիր սերտիֆիկացումից համապատասխանության հայտարարագրմանն անցնելու մասով։
13. Կողմերին՝ մինչև 2010 թվականի հունիսի 25-ն ընկած ժամկետում Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ցանկը՝ սույն Որոշմանը կից թիվ 1 հավելվածին համապատասխան՝ մյուս երկու Կողմերին ընդունված որոշման մասին ծանուցմամբ։
14. Խնդրել Կողմերին քննարկել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և վերացման կարգի նախագիծը և մինչև 2010 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամկետում ներկայացնել Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարություն (հավելված թիվ 7)։
15. Սույն Որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Ա. Կոբյակով |
Ու. Շուկեև |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)՝ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառման, ինչպես նաև դրա ձևավորման ու վարման կարգի մասին
1. «Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)՝ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառման, ինչպես նաև դրա ձևավորման ու վարման կարգի մասին» հիմնադրույթը մշակվել է ԵվրԱզԷսի Միջպետական խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 27 որոշման հիման վրա՝ «Մաքսային միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի շրջանառության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրի դրույթները կատարելու նպատակով:
Սույն Հիմնադրույթով սահմանվում է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում (այսուհետ՝ Միասնական ռեեստր)՝ սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմիններ և լաբորատորիաներ) ներառման չափանիշները, ինչպես նաև Միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կանոնները՝ Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) ազգային համակարգերում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունների ներառմամբ։
2. Միասնական ռեեստրը կազմված է ազգային մասերից, որոնց ձևավորումն ու վարումն ապահովում են Մաքսային միության անդամ պետությունների լիազորված մարմինները (այսուհետ՝ Կողմերի լիազորված մարմիններ)։
Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են բաժիններից, որոնք ներառում են տեղեկություններ՝
1) սերտիֆիկացման մարմինների վերաբերյալ,
2) լաբորատորիաների վերաբերյալ։
Կողմերի լիազորված մարմիններն ապահովում են Միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող տեղեկությունների պահպանումը, համակարգումը, արդիականացումը և փոփոխությունը, ինչպես նաև չարտոնված մուտքից այդ տեղեկատվության պաշտպանությունը։
3. Միասնական ռեեստրը ձևավորվում է էլեկտրոնային ձևով, լիազորված մարմինների ծրագրաապարատային միջոցների բազայի վրա՝ ապահովելով ինտերնետ ցանցում Մաքսային միության պաշտոնական կայքից և Կողմերի լիազորված մարմինների պաշտոնական կայքերից ազգային մասեր մուտք գործելու հասանելիություն։
Միասնական ռեեստրը վարելու համար օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ապահովել տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը, համակարգումը, արդիականացումը, փոփոխությունը և պաշտպանությունը, ինչպես նաև դրա մուտքի հասանելիությունը ինտերնետ ցանցում Մաքսային միության պաշտոնական կայքից և լիազորված մարմինների պաշտոնական կայքերից։
4. Միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի ներառումն իրականացվում է Կողմի լիազորված մարմնի կողմից՝ հետևյալ չափանիշներին համապատասխան՝
4.1. սերտիֆիկացման մարմնի դեպքում՝
4.1.1. սերտիֆիկացման մարմնի գրանցումը որպես իրավաբանական անձ՝ Մաքսային միության անդամ պետության (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությանը համապատասխան.
4.1.2. միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված (նույնական) ազգային չափանիշների պահանջներին համապատասխան տրված՝ գործող հավատարմագրման վկայագրի առկայությունը Կողմի հավատարմագրման ազգային համակարգում.
4.1.3. հավատարմագրման ոլորտում հետևյալ պահանջներից մեկին կամ մի քանիսին բավարարող հետևյալ արտադրանքի առկայությունը՝
ա) Կողմերի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանք,
բ) Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանք,
գ) արտադրանքի այդ տեսակի նկատմամբ Կողմերի համար միասնական տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանք.
4.1.4. հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում այն խախտումների բացակայությունը, որոնք հանգեցրել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.
4.1.5. ըստ հավատարմագրման ոլորտին համապատասխանող գործունեության ուղղությունների՝ փորձագետ-աուդիտորների (փորձագետների) առկայությունը հաստիքացուցակում, որոնք աշխատում են մեկ սերտիֆիկացման մարմնի կազմում.
4.1.6. միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված (նույնական) ազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության մասով հավատարմագրված սեփական փորձարկման բազայի առկայությունը նախընտրելի է.
4.2. լաբորատորիաների դեպքում՝
4.2.1. որպես իրավաբանական անձ լաբորատորիաների գրանցումը՝ Կողմի օրենսդրությանը համապատասխան.
4.2.2. Կողմի հավատարմագրման ազգային համակարգում գործող հավատարմագրման վկայագրի առկայությունը, որը տրվել է միջազգային ստանդարտների կամ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված (նույնական) ազգային չափանիշների պահանջներին համապատասխան.
4.2.3. հավատարմագրման բնագավառում հետևյալ պահանջներից մեկը կամ մի քանիսը բավարարող արտադրանքի առկայությունը՝
ա) Կողմերի օրենսդրությանը և Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան՝ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանք,
բ) Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանք,
գ) Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանք,
դ) Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանք.
4.2.4. հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում այն խախտումների բացակայությունը, որոնք հանգեցրել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.
4.2.5. միջլաբորատոր համեմատական փորձարկումների դրական արդյունքների առկայությունը։
5. Միասնական ռեեստրից սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի դուրսբերումն իրականացվում է Կողմի լիազորված մարմնի կողմից՝
1) սույն Հիմնադրույթի 4-րդ կետում սահմանված չափանիշներից առնվազն մեկին չհամապատասխանելու դեպքում,
2) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրման ընթացակարգերի փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման բացասական արդյունքների դեպքում,
3) Միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմնի և լաբորատորիայի գործունեության մեջ խախտումների փաստերի առկայության դեպքում,
4) սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների կողմից՝ լիազորված մարմնի ծրագրային ապահովման համար՝ սույն Հիմնադրույթի 6-րդ կետում նշված էլեկտրոնային գրառման տեսքով տեղեկություններ չտրամադրելու կամ ոչ ժամանակին տրամադրելու դեպքում,
5) միջլաբորատոր համեմատական փորձարկումներում մասնակցության բացասական արդյունքների դեպքում։
6. Սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների մասին տեղեկությունները Միասնական ռեեստրի ազգային մասերում մուտքագրվում են Կողմերի լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային գրառման տեսքով, որը պարունակում է՝
1) սերտիֆիկացման մարմնի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, լաբորատորիայի անվանումը, իրավաբանական և փաստացի հասցեն, կոնտակտային հեռախոսները, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը,
2) հավատարմագրման ոլորտի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են՝
սերտիֆիկացման մարմինների դեպքում՝ արտադրանքի խմբերի անվանումն ու Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերը (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ),
լաբորատորիաների դեպքում՝ արտադրանքի խմբերի անվանումն ու ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ փաստաթղթավորված հավատարմագրման ոլորտի հիման վրա, փորձարկումների տեսակները կամ մեթոդները, հսկվող ցուցանիշները, նորմատիվ իրավական ակտերը և (կամ) տեխնիկական նորմատիվ իրավական ակտերը, հսկվող ցուցանիշներն ու հսկման մեթոդները կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերը,
3) հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը,
4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,
5) հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, հավատարմագրման ոլորտի փոփոխության մասով նկարագրությունը,
6) տեղեկություններ հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ։
7. Սույն Հիմնադրույթի 2-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ Կողմերի լիազորված մարմինները սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում Մաքսային միության հանձնաժողով՝ հաստատելու համար (Մաքսային միության հանձնաժողովին համապատասխան լիազորություններով օժտելու օրվանից)։
8. Սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի՝ Միասնական ռեեստրում ներառելու կամ միասնական ռեեստրից հանելու անհրաժեշտության դեպքում Կողմի լիազորված մարմինը տեղեկություններ է ներկայացնում Մաքսային միության հանձնաժողով՝ սույն Հիմնադրույթի 7-րդ կետին համապատասխան։
9. Կողմերի լիազորված մարմինները՝ «Միասնական ռեեստրի հաստատման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքերում տեղադրում են սերտիֆիկացման մարմինների ու լաբորատորիաների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) սերտիֆիկացման մարմնի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, լաբորատորիայի անվանումը, իրավաբանական կամ փաստացի հասցեն, կոնտակտային հեռախոսները, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը,
2) հավատարմագրման ոլորտի նկարագրությունը,
3) հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը,
4) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,
5) հավատարմագրման ոլորտի ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, հավատարմագրման ոլորտի փոփոխությունների մասով նկարագրությունը։
10. Սույն Հիմնադրույթի 6-րդ կետում նշված Միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկություններն արդիականացնելու անհրաժեշտության դեպքում Կողմի լիազորված մարմինը՝ գրավոր ծանուցմամբ, Մաքսային միության հանձնաժողով է ուղարկում սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ցանկը։
Կողմի սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ արդիականացված տեղեկությունները տեղադրվում են Մաքսային միության և Կողմի լիազորված մարմնի պաշտոնական կայքերում՝ ծանուցումը Մաքսային միության հանձնաժողով ներկայացնելու օրվանից երեք օր լրանալուց հետո։
11. Շահագրգիռ անձանց հարցման հիման վրա միասնական ռեեստրի ազգային մասերում ներառված Կողմերի սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացվում է լիազորված մարմինների կողմից՝ Կողմերի օրենսդրությանը համապատասխան։
12. Կողմի սերտիֆիկացման մարմնի կամ լաբորատորիայի գործունեության նկատմամբ դժգոհությունների առաջացման դեպքում բողոքները գրավոր ուղարկվում են սերտիֆիկացման մարմինը կամ լաբորատորիան միասնական ռեեստրում ներառած լիազորված մարմին։
13. Բողոքները քննարկվում են Կողմերի լիազորված մարմինների կողմից՝ Կողմերի օրենսդրությանը համապատասխան։
14. Կողմի լիազորված մարմնի որոշման բողոքարկումն իրականացվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Միասնական ձևի համաձայն ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 05.12.18 թիվ 100)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ |
Համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձև*
(1) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
(2) Համապատասխանության նշան |
(4) Սերիա ___ № ХХХХХХХ
(5) ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
(6) ՀԱՅՏԱՏՈՒ
(7) ԱՐՏԱԴՐՈՂ
(8) ԱՐՏԱԴՐԱՆՔ
(9) ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր
(10) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
(11) ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է ________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ
(14)(13)(12) ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ՍԿՍԱԾ ՄԻՆՉԵՎ
(15) Կ. Տ.Սերտիֆիկացման մարմնի
ղեկավար (լիազորված անձ)՝
ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը
Փորձագետ-աուդիտոր (փորձագետ)՝
ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը
* Համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթերին ներկայացվող պահանջները և դրան կից հավելվածները, դրանց լրացման կանոնները սահմանված են 1-ին հավելվածում։
Համապատասխանության հայտարարագրի միասնական ձև**
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
(1) Հայտարարատու
(2) Ի դեմս
(3) Հայտարարում է, որ
(4) Համապատասխանում է ________________ պահանջներին
(5) Համապատասխանության հայտարարագիրն ընդունված է _________ հիման վրա
(6) Լրացուցիչ տեղեկություններ
(7) Համապատասխանության հայտարարագիրը վավեր է գրանցման ամսաթվից մինչև _________
(8) _________ ստորագրություն |
________________________________________________________ կազմակերպության ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) կամ անհատ ձեռնարկատիրոջ անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը) |
Կ.Տ.
(9) Համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին տվյալներ
(10) Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը ՄՄ №
(11) Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը
(12) _________ ստորագրություն |
________________________________________________________ անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) |
Կ.Տ.
* Համապատասխանության հայտարարագրի ձևակերպմանը ներկայացվող պահանջները և դրա լրացման կանոնները սահմանված են 2-րդ հավելվածում։
Հավելված թիվ 1 Համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի |
1. Մաքսային միության անդամ պետությունների սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինները (այսուհետ՝ Կողմերի սերտիֆիկացման մարմիններ)1, որոնք իրականացնում են Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի սերտիֆիկացումը (այսուհետ՝ Միասնական ցանկ), միասնական ձևով ձևակերպում են համապատասխանության սերտիֆիկատները (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատներ) և դրանց մասին տվյալները փոխանցում են Կողմի լիազոր մարմնին՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված «Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան։
2. Համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթերին ներկայացվող պահանջները և դրանց լրացման կանոնները․
2.1. Համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատների հավելվածների ձևաթղթերը (այսուհետ՝ ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվետվության փաստաթղթեր, ունեն առնվազն չորս աստիճանի պաշտպանություն, այդ թվում՝
դրական արտացոլման գիլյոշի պատկերի շրջանակ,
գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ,
կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր,
ձևաթղթի տպագրական համար (սերիայի վերաբերյալ նշում՝ սույն հավելվածի 2.2 կետին համապատասխան) և հերթական համար (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ)։
2.2. Ձևաթղթերը պատրաստվում են Մաքսային միության անդամ պետություններում տպագրական եղանակով։ Ընդ որում, ձևաթղթի տպագրական համարը, որը պատրաստվում է Բելառուսի Հանրապետությունում, պարունակում է «Սերիա BY» նշումը, Ղազախստանի Հանրապետությունում՝ «Սերիա KZ» նշումը, Ռուսաստանի Հանրապետությունում՝ «Սերիա RU» նշումը։
2.3. Ձևաթղթերը լրացվում են բացառապես էլեկտրոնային տպագրական սարքերի օգտագործմամբ։ Ձևաթղթի դիմերեսը լրացվում է ռուսերենով, հակառակ կողմը կարող է լրացվել այն Կողմի պետական լեզվով, որտեղ տրվել է համապատասխանության սերտիֆիկատը՝ Միասնական ձևում սահմանված վավերապայմաններին (դաշտերին) համապատասխան։
2.4. Վավերապայմանների (դաշտերի) նկարագրությունը․
1-ին դաշտում՝ հետևյալ հերթականությամբ ուղղահայաց կատարված մակագրությունները՝ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ»
2-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Կողմերի ազգային կանոնների համաձայն՝ պարտադիր կերպով ներառելով «ՄՄ»՝ Մաքսային միության հապավումը, և նշելով պետության ծածկագիրը՝ BY - Բելառուս, KZ - Ղազախստան, RU - Ռուսաստան։
3-րդ դաշտում՝ Կողմի սերտիֆիկացման համակարգի համապատասխանության (համապատասխանության հավաստման) նշանը։
4-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթի հաշվառման (անհատական) համարը, որը կատարվում է ձևաթուղթը պատրաստելիս։
5-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, իրավաբանական և փաստացի հասցեն (ներառյալ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հավատարմագրման վկայագրի գրանցման ամսաթիվը, հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը։
6-րդ դաշտում՝ կախված նրանից, թե ում է տրվել համապատասխանության սերտիֆիկատը՝ նշվում է արտադրողը և (կամ) մատակարարը։ Այնուհետև նշվում է հայտատուի լրիվ անվանումը, որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցման մասին տեղեկությունները, իրավաբանական և փաստացի հասցեն (ներառյալ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն։
7-րդ դաշտում՝ սերտիֆիկացված արտադրանքի արտադրող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն (ներառյալ պետության անվանումը), այդ թվում՝ դրա այն մասնաճյուղերի հասցեները, որոնց արտադրանքի վրա տարածվում է համապատասխանության սերտիֆիկատը։
8-րդ դաշտում՝ այն արտադրանքի մասին տեղեկությունները, որոնց համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատը՝
- արտադրանքի լրիվ անվանումը,
- արտադրանքի մասին այն տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն),
- այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) նորմատիվ տեխնիկական իրավական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի (այսուհետ՝ ՆԻԱ) վերաբերյալ նշումը, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը,
- սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը)։ Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը, երկու դեպքում էլ լրացուցիչ ներկայացվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները:
9-րդ դաշտում՝ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ)։
10-րդ դաշտում՝ ՆԻԱ-ի վերաբերյալ նշումը՝ այն բաժինների (կետերի, ենթակետերի) մատնանշմամբ, որոնց պահանջներին համապատասխանության համար իրականացվել է սերտիֆիկացումը, և որոնք նախատեսված են Միասնական ցանկով։
11-րդ դաշտում՝ այն փաստաթղթերի վերաբերյալ նշումը (անվանումը), որոնց հիման վրա տրվում է համապատասխանության սերտիֆիկատը։
Որպես նման փաստաթղթեր և սերտիֆիկացման սխեմայից կախված՝ կարող են օգտագործվել՝
- Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված՝ արտադրանքի սերտիֆիկացված փորձարկումների արձանագրությունները,
- կառավարման համակարգի սերտիֆիկատը,
- արտադրության վիճակի վերլուծության մասին ակտը,
- Կողմերի օրենսդրությամբ տվյալ արտադրանքի համար նախատեսված և լիազոր մարմինների ու հաստատությունների կողմից տրված փաստաթղթերը (պետական գրանցման վկայական, անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական սերտիֆիկատ, հրդեհային անվտանգության սերտիֆիկատ և այլն)՝ մատնանշելով համարը, տրման ամսաթիվը և այլն,
- պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող այլ փաստաթղթերը։
ՆԻԱ-ի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է հաստատվեն հայտատուի ստորագրությամբ և կնիքով (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ կնիքի առկայության դեպքում)։
12-րդ դաշտում՝ արտադրանքի պահպանության պայմաններն ու ժամկետները, պիտանիության ժամկետը, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկությունները (տվյալները ներկայացվում են ըստ անհրաժեշտության)։
13-րդ դաշտում՝ Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության սերտիֆիկատի գրանցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
14-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
15-րդ դաշտում՝ սերտիֆիկացման մարմնի կնիքը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի), փորձագետ-աուդիտորի (փորձագետների) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:
Վերոնշյալ դաշտերում ընդգրկվող տեղեկությունների զգալի ծավալի դեպքում այդպիսի տեղեկությունները կարող են ներկայացվել համապատասխանության սերտիֆիկատի հավելվածում (հավելվածներում)։ Հավելվածները ձևակերպվում են համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և համապատասխանության սերտիֆիկատի անբաժանելի մասն են կազմում: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է պարունակի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, համապատասխանության մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) և փորձագետ-աուդիտորի (փորձագետի) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը, տվյալ մարմնի կնիքը: Համապատասխանության սերտիֆիկատի 8-րդ դաշտում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին (հավելվածներին)՝ մատնանշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածների ձևաթղթերի հաշվառման համարները:
3. Ձևաթղթի վավերապայմաններում համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևով չնախատեսված հավելյալ գրառումներ, ինչպես նաև բառերի կրճատում, տեքստի որևէ ուղղում չի թույլատրվում։
4. Համապատասխանության սերտիֆիկատների, այդ թվում՝ դրանց կից հավելվածների պատճենները հաստատվում են այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում տրվել է միասնական ձևով ձևակերպված համապատասխանության սերտիֆիկատը։
5. Համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը էլեկտրոնային տեսքով տեղադրվում է Մաքսային միության ինտերնետ ցանցի պաշտոնական կայքում, Կողմերի լիազորված մարմինների և սերտիֆիկացման մարմինների ինտերնետ ցանցի պաշտոնական կայքերում։
Հավելված թիվ 2 Համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի |
1. Այն արտադրանքի արտադրողը (մատակարարը), որը ենթակա է համապատասխանության հայտարարագրման Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկին (այսուհետ՝ Միասնական ցանկ) համապատասխան, համապատասխանության հայտարարագիրը ձևակերպում է միասնական ձևով (այսուհետ՝ համապատասխանության հայտարարագիր)։
2. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։
Կողմերի սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինները (այսուհետ՝ Կողմերի սերտիֆիկացման մարմիններ)2, գրանցում են համապատասխանության հայտարարագրերը և դրանց մասին տեղեկությունները փոխանցում Կողմի լիազոր մարմնին՝ «Միասնական ձևով ձևակերպված՝ համապատասխանության տրված սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան։
3. Համապատասխանության հայտարարագրի ձևակերպմանը ներկայացվող պահանջները և դրա լրացման կանոնները․
3.1. Համապատասխանության հայտարարագիրը ձևակերպվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթերի վրա։
3.2. Համապատասխանության հայտարարագրի ձևում նախատեսված բոլոր վավերապայմանները պետք է լրացված լինեն։
Համապատասխանության հայտարարագրերը լրացվում են ռուսերենով՝ բացառապես էլեկտրոնային տպագրական սարքերի օգտագործմամբ։ Համապատասխանության հայտարարագրի հակառակ կողմը կարող է լրացվել Կողմերից մեկի լեզվով։
Համապատասխանության հայտարարագրի վավերապայմաններում համապատասխանության հայտարարագրի միասնական ձևով չնախատեսված հավելյալ գրառումներ, ինչպես նաև բառերի կրճատում, տեքստի որևէ ուղղում չի թույլատրվում։
3.3. Վավերապայմանների (դաշտերի) նկարագրությունը․
1-ին դաշտում՝ արտադրողի, մատակարարի լրիվ անվանումը կամ համապատասխանության հայտարարագիրն ընդունած անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, իրավաբանական և փաստացի հասցեն (ներառյալ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, նշված սուբյեկտների՝ որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները։
2-րդ դաշտում՝ այն արտադրող, մատակարար կազմակերպության ղեկավարի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, որի անունից ընդունվում է համապատասխանության հայտարարագիրը։3
3-րդ դաշտում՝ տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր՝
- արտադրանքի լրիվ անվանումը,
- արտադրանքի մասին այն տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն),
- արտադրողի լրիվ անվանումը՝ հասցեի մատնանշմամբ (ներառյալ պետության անվանումը),
- այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) նորմատիվ տեխնիկական իրավական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի (այսուհետ՝ ՆԻԱ) վերաբերյալ նշումը, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը,
- Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ),
- հայտարարագրման օբյեկտի տեսակի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը)։ Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը, երկու դեպքում էլ լրացուցիչ ներկայացվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները:
4-րդ դաշտում՝ այն ՆԻԱ-ի վերաբերյալ նշումը, որոնց պահանջներին համապատասխանությունը հավաստված է համապատասխանության տվյալ հայտարարագրով (ՆԻԱ-ի բաժինների (կետերի, ենթակետերի) մատնանշմամբ), և որոնք նախատեսված են Միասնական ցանկով։
5-րդ դաշտում՝ այն փաստաթղթերի վերաբերյալ նշումը (անվանումը), որոնց հիման վրա ընդունվում է համապատասխանության հայտարարագիրը։
Որպես նման փաստաթղթեր կարող են օգտագործվել՝
- Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված՝ արտադրանքի փորձարկումների արձանագրությունները, որոնք հավաստում են համապատասխանությունը պարտադիր պահանջներին,
- Կողմերի օրենսդրությամբ տվյալ արտադրանքի համար նախատեսված և դրա համար լիազորված մարմինների, հաստատությունների և կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերը (պետական գրանցման վկայական, անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական սերտիֆիկատ, հրդեհային անվտանգության սերտիֆիկատ և այլն)՝ մատնանշելով համարը, տրման ամսաթիվը և այլն,
- պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող այլ փաստաթղթերը։
ՆԻԱ-ի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար տրամադրվող փաստաթղթերի պատճենները պետք է հաստատվեն արտադրանքի արտադրողի կամ մատակարարի ստորագրությամբ և կնիքով (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ կնիքի առկայության դեպքում)։
6-րդ դաշտում՝ արտադրանքի պահպանության պայմաններն ու ժամկետները, պիտանիության ժամկետը, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկությունները (տվյալները ներկայացվում են ըստ անհրաժեշտության)։
7-րդ դաշտում՝ համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
8-րդ դաշտում՝ արտադրող, մատակարար կազմակերպության կնիքը, այն դեպքում, երբ արտադրողը կամ մատակարարը անհատ ձեռնարկատեր է՝ անհատ ձեռնարկատիրոջ կնիքը (առկայության դեպքում), արտադրող կամ մատակարար կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը, այն դեպքում, երբ արտադրողը կամ մատակարարը անհատ ձեռնարկատեր է՝ անհատ ձեռնարկատիրոջ անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը։
Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:
9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դաշտերում՝ համապատասխանության հայտարարագրի գրանցման վերաբերյալ տեղեկություններ, որոնք լրացվում են սերտիֆիկացման մարմնի կողմից։
9-րդ դաշտում՝ համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը և իրավաբանական հասցեն (ներառյալ պետության անվանումը), հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, հավատարմագրման վկայագրի գրանցման ամսաթիվը, հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը։
10-րդ, 11-րդ դաշտերում՝ համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Կողմերի օրենսդրության համաձայն՝ պարտադիր կերպով ներառելով «ՄՄ»՝ Մաքսային միություն հապավումը, և նշելով պետության ծածկագիրը՝ BY - Բելառուս, KZ - Ղազախստան, RU - Ռուսաստան, և դրա գրանցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։
12-րդ դաշտում՝ սերտիֆիկացման մարմնի կնիքը, դրա ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:
Վերոնշյալ դաշտերում ընդգրկվող տեղեկությունների զգալի ծավալի դեպքում այդպիսի տեղեկությունները կարող են ներկայացվել համապատասխանության հայտարարագրի հավելվածում (հավելվածներում)։ Հավելվածը (հավելվածները) համապատասխանության հայտարարագրի անբաժանելի մասն են կազմում, հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է պարունակի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը, տվյալ մարմնի կնիքը: Համապատասխանության հայտարարագրում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին (հավելվածներին)` մատնանշելով այն թերթերի թիվը, որոնց վրա ձևակերպված է տվյալ հավելվածը։
4. Համապատասխանության հայտարարագրերի, այդ թվում՝ դրանց կից հավելվածների պատճենները հաստատվում են այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում գրանցվել է միասնական ձևով ձևակերպված համապատասխանության հայտարարագիրը։
5. Համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը էլեկտրոնային տեսքով տեղադրվում է Մաքսային միության ինտերնետ ցանցի պաշտոնական կայքում, Կողմերի լիազոր մարմինների և սերտիֆիկացման մարմինների ինտերնետ ցանցի պաշտոնական կայքերում։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի (ապրանքների) Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կարգի մասին
1. «Մաքսային միության մաքսային տարածք համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին» հիմնադրույթը մշակվել է ի կատարումն «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միության ձևավորման մասին» 2007 թվականի հունիսի 6-ի պայմանագրի, «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի, «Մաքսային միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի շրջանառության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրի:
2. Արտադրանքի (ապրանքների) մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի մաքսային մարմնին՝ սահմանված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերից մեկի ներկայացմամբ (այսուհետ՝ համապատասխանության մասին փաստաթղթեր)։
Համապատասխանության մասին այդպիսի փաստաթղթերին են վերաբերում՝
համապատասխանության սերտիֆիկատը և այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված են Մաքսային միության այն անդամ պետության (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքը ձևակերպվում է մաքսային ընթացակարգերով,
համապատասխանության հայտարարագիրը, որը նախատեսված է այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքը ձևակերպվում է մաքսային ընթացակարգերով,
Մաքսային միության համապատասխանության սերտիֆիկատը, որը ձևակերպված է միասնական ձևով այն ապրանքների համար, որոնք ներառված են Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում՝ (այսուհետ՝ Միասնական ցանկ)։
3. Մաքսային մարմիններին համապատասխանության մասին փաստաթղթերի և (կամ) նման փաստաթղթերի մասին տեղեկությունների տրամադրումն իրականացվում է հետևյալ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար՝
ա) «ներքին սպառման համար բացթողում»՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք ներմուծվում են՝
որպես հետազոտություններ և փորձարկումներ իրականացնելու համար փորձանմուշներ և նմուշներ՝ պայմանով, որ մաքսային մարմին ներկայացվի այն հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի պատճենները, որը գտնվում է այն Կողմի տարածքում, որտեղ իրականացվելու է ապրանքների մաքսային հայտարարագրումը, կամ նման հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) նամակները, որոնցով հաստատվում են նման նպատակների համար անհրաժեշտ ներմուծվող ապրանքների քանակը (քաշ և ծավալ).
որպես Մաքսային միության մաքսային տարածք նախկինում ներմուծված պատրաստի արտադրանքի սպասարկման և վերանորոգման համար պահեստամասեր, որոնց նկատմամբ հավաստված է պարտադիր պայմաններին համապատասխանությունը՝ նշված պատրաստի արտադրանքի համապատասխանության մասին փաստաթղթերի պատճենները մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով,
որպես կոմպլեկտավորող ապրանքներ կամ արտադրանքի համար հումք, որը բաց է թողնվում այն Կողմի տարածքում, որտեղ իրականացվում է դրանց մաքսային հայտարարագրումը.
օտարերկրյա պետությունների և միջազգային միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունների հասցեով՝ բացառապես դրանք ներմուծող անձանց կողմից դրանց սպառման (օգտագործման) մասին պատճառաբանված դիմումը մաքսային մարմին ներկայացնելու պայմանով.
որպես մարդասիրական օգնություն կամ տեխնիկական օգնություն.
որպես ապրանքներ, որոնք նախատեսված են տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար.
բ) «ժամանակավոր ներմուծում»՝ բացառությամբ հետևյալի ժամանակավոր ներմուծման ՝
կոնտեյներներ, փաթեթվածքներ, ընդկալներ.
ապրանքներ, որոնք նախատեսված են ցուցահանդեսներում, տոնավաճառներում և միջազգային հանդիպումներում ցուցադրելու համար, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ և նյութեր, որոնք նախատեսված են ապրանքների նման ցուցադրման ժամանակ օգտագործվելու կամ ցուցահանդեսներում, տոնավաճառներում և միջազգային հանդիպումներում օգտագործվելու համար.
ապրանքների նմուշներ, որոնք նախատեսված են բացառապես նման տիպի ապրանքի պատվեր ստանալու նպատակով և պիտանի չեն այլ նպատակներով օգտագործվելու համար, ինչն ապահովվում է դրանց վրա չջնջվող դրոշմավորում, պատռվածքներ կատարելու, անցքեր բացելու կամ որևէ այլ ձևով վնաս հասցնելու միջոցով.
ապրանքներ, որոնք նախատեսված են փորձարկումներ, ստուգումներ, փորձեր և հատկությունների ու բնութագրերի ցուցադրում անցկացնելու նպատակով.
գովազդային տպագիր արտադրանք.
սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են արտիստներին, թատերական խմբերին և նվագախմբերին (ներկայացումների ընթացքում օգտագործվող առարկաներ, երաժշտական գործիքներ, դեկորացիաներ և կոստյումներ), եթե նման ապրանքները ներմուծվում են օտարերկրյա անձի կողմից և օգտագործվում նրա կողմից Մաքսային միության մաքսային տարածքում.
մասնագիտական կինեմատոգրաֆիական սարքավորումներ, մամլո, ռադիոյի կամ հեռուստատեսության սարքավորումներ, օժանդակ սարքեր և այդ սարքավորումների համար պարագաներ, եթե նման մասնագիտական սարքավորումները, սարքերը և պարագաները ներմուծվում են օտարերկրյա անձի կողմից և օգտագործվում նրա կողմից Մաքսային միության մաքսային տարածքում.
մարզական մրցույթների, ցուցադրական մարզական միջոցառումների կամ մարզումների համար նախատեսված ապրանքներ, եթե նման ապրանքները ներմուծվում են օտարերկրյա անձի կողմից և օգտագործվում նրա կողմից Մաքսային միության մաքսային տարածքում.
գ) «ազատ մաքսային գոտի»,
դ) «ազատ պահեստ»,
ե) «վերաներմուծում»՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ձևակերպվում են տվյալ մաքսային ընթացակարգով «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով։
4. Մաքսային մարմիններին համապատասխանության մասին փաստաթղթերի և (կամ) նման փաստաթղթերի մասին տեղեկությունների տրամադրում չի իրականացվում հետևյալ ապրանքների նկատմամբ՝
գործածության (շահագործման) մեջ եղած ապրանքներ՝ անկախ մաքսային ընթացակարգերից,
եզակի օրինակով (քանակությամբ) ներմուծվող ապրանքներ, որոնք նախատեսված են մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ բացառապես հայտարարատուի կողմից սեփական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակներով՝ որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր),
վերամշակման, պահպանման նպատակներով ներմուծվող կամ ոչնչացման ենթակա ապրանքներ,
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավոր տեղակայման դեպքում՝ բացառությամբ ֆինանսական լիզինգի պայմանագրերով ներմուծվող ապրանքների,
անմաքս առևտրի խանութների համար նախատեսված ապրանքներ,
որպես պաշարներ ներմուծվող ապրանքներ։
5. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Կողմերի լիազորված մարմինները շահագրգիռ անձի դիմումի հիման վրա տրամադրում են գրավոր բացատրություններ (եզրակացություններ)՝ արտադրանքը (ապրանքները) Մաքսային միության անդամ պետությունների տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներին դասելու վերաբերյալ։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 431 և 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 625 որոշումներով հաստատված փոփոխությունների հաշվառմամբ) |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման գծով համակարգող կոմիտեի մասին
1. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման գծով համակարգող կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Մաքսային միության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) առընթեր և տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում Մաքսային միության անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմինների (այսուհետ՝ Կողմերի լիազորված մարմիններ) համաձայնեցված որոշումների ընդունումն ապահովող համակարգող մարմին է։
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով, Մաքսային միության բարձրագույն մարմնի, Հանձնաժողովի որոշումներով և սույն Հիմնադրույթով։
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
1) Կողմերի լիազորված մարմինների համաձայնեցված գործողությունների ապահովումը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում քաղաքականության իրականացման ժամանակ առաջացող հարցերի քննարկումը.
2) Մաքսային միության շրջանակներում իրավիճակի գնահատման և տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման կատարելագործման ուղիների հետ կապված հարցերի քննարկումը.
3) Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պարտադիր պայմանների խախտման հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հանգեցրել են քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների ու բույսերի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելուն կամ որևէ կերպ կապված են դրա հետ.
4) Մաքսային միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում վերլուծական նյութերի ու առաջարկների պատրաստման կազմակերպումը.
5) Մաքսային միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման այն միջոցների սահմանման, կիրառման, փոփոխման կամ գործողության դադարեցման հետ կապված հարցերին առնչվող համապատասխան առաջարկությունների ու որոշումների նախագծերի պատրաստումը, որոնց մասով Հանձնաժողովն իր շրջանակներում ընդունում է պարտադիր բնույթ ունեցող որոշումներ.
6) Մաքսային միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտին առնչվող այլ ակտերի նախագծերի վերաբերյալ Կողմերի լիազորված մարմինների միջև առկա չկարգավորված տարաձայնությունների քննարկումը.
4. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
Կոմիտեի կազմի մեջ են մտնում Կողմերից երեք ներկայացուցիչ, որոնց իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հետ կապված հարցերը։
Կոմիտեի կազմի մեջ են մտնում նախագահը՝ Կողմերի տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում համապատասխան լիազորված մարմինների ղեկավարների կամ ղեկավարների տեղակալների թվից, պատասխանատու քարտուղարը (Հանձնաժողովի քարտուղարության աշխատակիցների թվից) և Կոմիտեի անդամները։ Կոմիտեի նախագահն ու պատասխանատու քարտուղարը նշանակվում են Հանձնաժողովի կողմից։
Կոմիտեի նախագահը՝
1) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքը.
2) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի նիստերին և Մաքսային միության այլ մարմինների ու կառույցների հետ փոխհարաբերություններում.
3) համաձայնեցնում է Կոմիտեի նիստի ամսաթիվը, անցկացման ժամը և օրակարգի նախագիծը.
4) տեղեկացնում է Հանձնաժողովին Կոմիտեի կողմից ընդունված առաջարկությունների ու որոշումների նախագծերի մասին։
Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում իր պարտականությունները կատարում է Կոմիտեի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվող՝ Կոմիտեի անդամը։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
1) կազմում է Կոմիտեի աշխատանքի պլանների նախագծերը և Կոմիտեի նիստերի օրակարգերը.
2) հայտնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի աշխատանքի պլանների ու նիստերի օրակարգերի մասին.
3) իրականացնում է հսկողություն Կոմիտեի նիստերի համար աշխատանքային նյութեր պատրաստելու ու ներկայացնելու նկատմամբ.
4) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի հերթական նիստի անցկացման ժամի ու վայրի մասին.
5) ուղարկում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստերին առնչվող նյութեր.
6) իրականացնում է հսկողություն Կոմիտեի որոշումների կատարման նկատմամբ։
Նախագահի, պատասխանատու քարտուղարի, Կոմիտեի անդամների աշխատանքը կատարվում է անհատույց հիմունքներով։
5. Նախագահությունը Կոմիտեում իրականացվում է Կողմերի կողմից՝ ի դեմս իրենց ներկայացուցչի, ըստ հերթականության՝ ռոտացիայի սկզբունքի հիման վրա՝ մեկ տարուց ոչ ավելի ժամկետով։
6. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է՝ յուրաքանչյուր տարի Հանձնաժողովի կողմից հաստատվող աշխատանքի պլանին համապատասխան։ Կոմիտեի աշխատանքի պլանների նախագծերն ու նիստերի օրակարգերը կազմվում են պատասխանատու քարտուղարի կողմից՝ Կոմիտեի անդամների կողմից ստացված առաջարկների հիման վրա։
Կոմիտեի աշխատանքի պլանների ձևավորման վերաբերյալ առաջարկները ներկայացվում են ոչ ուշ, քան նիստերի հերթական պլանավորված ժամանակաշրջանից մեկ ամիս առաջ, և պարունակում են՝
1) հարցի անվանումը և Կոմիտեի նիստին այն քննարկելու անհրաժեշտության կրճատ հիմնավորումը.
2) հարցի ընդհանուր բնութագիրը.
3) առաջարկվող որոշման նախագիծը.
4) համակատարողների ցանկը.
5) Կոմիտեի նիստին հարցի քննարկման մոտավոր ամսաթիվը։
Կոմիտեի աշխատանքի հաստատված պլանի՝ հարցի բովանդակության և դրա քննարկման ժամկետի մասով փոփոխությունների վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի պատասխանատու քարտուղարի՝ հարցի պատրաստման համար պատասխանատու Կողմի լիազորված մարմնի հետ համաձայնեցված պատճառաբանված առաջարկով։
Կոմիտեի նիստերին լրացուցիչ (արտապլանային) հարցերի քննարկումն իրականացվում է Կոմիտեի նախագահի որոշմամբ։
Կոմիտեի՝ առանձին հարցերի շուրջ աշխատանքի կարգը սահմանվում է դրա նախագահի կողմից։
7. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ամիսն առնվազն մեկ անգամ։
8. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակը, ուղարկվում է Կոմիտեի անդամներին՝ Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվից տասնհինգ օր առաջ։
Կողմերի լիազորված մարմինները և Հանձնաժողովի քարտուղարությունն ապահովում են Կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերին առնչվող նյութեր պատրաստելը։ Նյութեր պատրաստելու և Կոմիտեի նիստերին դրանք քննարկման ներկայացնելու նկատմամբ հսկողությունն իրականացվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից։ Կոմիտեի պատասխանատու քարտուղարը պատրաստում է նյութեր Կոմիտեի կողմից դրանց քննարկման համար կամ վերադարձնում է այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են սահմանված պահանջներից շեղումներով։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը կազմում է Կոմիտեի հերթական նիստի օրակարգի նախագիծը և ոչ ուշ, քան հարցի քննարկման ամսաթվից յոթ օր առաջ, Կոմիտեի նախագահին ներկայացնում է հերթական նիստի օրակարգի նախագիծը և քննարկման համար նախատեսվող հարցերին առնչվող նյութերը։ Օրակարգը հաստատվում է անմիջականորեն Կոմիտեի նիստին։
Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստի անցկացման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո Կոմիտեի պատասխանատու քարտուղարը ոչ ուշ, քան նիստի անցկացման ամսաթվից հինգ օր առաջ, Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին, ինչպես նաև Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նախագահի կողմից առաջարկվող հերթական նիստի օրակարգի նախագիծն ու համապատասխան նյութերը։
9. Նիստերը կարող են անցկացվել Կողմերի ցանկացած քաղաքում՝ Կոմիտեի՝ Կողմերի լիազորված մարմինների առաջարկների հիման վրա ընդունվող որոշմամբ։ Ընդունող Կողմի լիազորված մարմինն ապահովում է Կոմիտեի նիստերի կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նիստերի անցկացումը պայմանավորված է Հանձնաժողովի քարտուղարության գտնվելու վայրով։
Կոմիտեի որոշմամբ նիստերը կարող են անցկացվել տեսա- և (կամ) Ինտերնետ-համաժողովի ռեժիմով։
10. Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների այն ղեկավարները (ղեկավարների տեղակալները), որոնց իրավասության շրջանակներում են գտնվում քննարկվող հարցերը, ինչպես նաև Կողմերի այլ մարմինների ներկայացուցիչները։
Կոմիտեի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հրավիրելու նիստին քննարկման համար նախատեսվող հարցերով փորձագետների՝ նիստին մասնակցելու համար։
Կոմիտեի նիստին հրավիրվող անձանց կազմը ձևավորվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից՝ նիստին քննարկվող հարցերը պատրաստելու գործընթացի համար պատասխանատու Կոմիտեի անդամների ներկայացմամբ, և հաստատվում Կոմիտեի նախագահի կողմից։
Նիստին հրավիրված անձինք կարող են մասնակցել վիճաբանություններին, ներկայացնել առաջարկներ, անել դիտողություններ, տրամադրել տեղեկատվություն՝ ըստ քննարկվող հարցերի էության։
Նիստին հրավիրված անձինք քվեարկությանը չեն մասնակցում։
11. Կոմիտեի աշխատանքի պլանում ներառված հարցերին առնչվող նյութերը, դրանց պատրաստման համար պատասխանատու Կոմիտեի անդամների կողմից ներկայացվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարին՝ ոչ ուշ, քան պլանով սահմանված ամսաթվից երկու շաբաթ առաջ։
Կոմիտեի՝ հարցի պատրաստման համար պատասխանատու անդամը պատասխանատվություն է կրում նյութերի որակի և դրանք ժամանակին տրամադրելու համար։
Կոմիտեի նիստին քննարկման համար ներկայացվող նյութերը պետք է պարունակեն՝
1) հարցի ընդհանուր բնութագիրը.
2) արձանագրային որոշման նախագիծը.
3) Հանձնաժողովի որոշման նախագիծը.
4) անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերն ու կանխատեսումները։
12. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են դրա անդամների կեսից ավելին։
Կոմիտեի՝ Կողմերից որևէ մեկի անդամի՝ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում իր լիազորությունները կարող են փոխանցվել նույն Կողմի լիազորված անձին՝ իր լիազորությունների՝ այդ Կողմի կառավարության կամ համապատասխան մարմնի ղեկավարության կողմից գրավոր հաստատումը ներկայացնելու դեպքում։
13. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել հարցը հանել Կոմիտեի քննարկումից, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պետք է լրացուցիչ մշակվի Կողմերի լիազորված մարմինների կողմից, ինչպես նաև կարող են ձևավորել Կողմերի լիազոր մարմինների ներկայացուցիչներից բաղկացած ժամանակավոր աշխատանքային խումբ՝ համաձայնեցված դիրքորոշում մշակելու համար։
Համակարգող կոմիտեի նիստին հավանության արժանացած՝ Հանձնաժողովի որոշումների նախագծերը նշագրվում են տվյալ նիստին մասնակցող բոլոր անդամների (լիազորված անձանց) կողմից և Հանձնաժողովի հերթական նիստին ներկայացվում են քննարկման։
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Կոմիտեի անդամների նիստին ներկա ձայների մեծամասնությամբ և ձևակերպվում են նիստի արձանագրությամբ, որը ստորագրում են Կոմիտեի՝ նիստին ներկա բոլոր անդամները։
Կոմիտեի անդամների հատուկ կարծիքը (առկայության դեպքում) կցվում է արձանագրությանը գրավոր տեսքով։ Արձանագրությանը կարող են կցվել նաև Հանձնաժողովի որոշումների նախագծերը, տեղեկատվական նյութերն ու համապատասխան հիմնավորումները։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը յոթ օրվա ընթացքում նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին։ Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց, Կոմիտեի նախագահի որոշմամբ, կարող է ուղարկվել արձանագրությունը կամ դրանից քաղվածքը։
15. Կոմիտեն կարող է առաջարկել հարցը հանել Հանձնաժողովի քննարկումից, եթե Կոմիտեի կարծիքով տվյալ հարցը պետք է լրացուցիչ մշակվի լիազորված մարմինների կողմից, ինչպես նաև կարող է ձևավորել լիազորված մարմինների ներկայացուցիչներից բաղկացած ժամանակավոր աշխատանքային խումբ՝ համաձայնեցված դիրքորոշում մշակելու նպատակով։
16. Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտին առնչվող որոշումների ու նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (բացառությամբ արտակարգ իրավիճակներում կիրառվող միջոցներին առնչվող փաստաթղթերի), որոնք հավանության են արժանացել Հանձնաժողովի նիստին, տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, որպեսզի ապահովվի շահագրգիռ անձանց, այդ թվում՝ օտարերկրյա կառավարությունների, հնարավորությունը՝ Հանձնաժողովի քարտուղարության հասցեին ներկայացնել այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ առաջարկներ ու դիտողություններ 60 օրից ոչ պակաս ժամանակահատվածում։
17. Հանձնաժողովի քարտուղարությունը սույն Հիմնադրույթի 16-րդ կետում նշված առաջարկների ու դիտողությունների ստացման ամսաթվից հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Կողմերի քննարկմանը։
18. Հանձնաժողովի քարտուղարության հասցեին ստացված դիտողությունները քննարկվում են համապատասխան ուղղություններով՝ աշխատանքային խմբերի նիստերին։
Եթե համապատասխան ուղղությամբ աշխատանքային խմբի նիստին ընդունվում է որոշում փաստաթղթի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունը (առաջարկը) հաշվի առնելու անհրաժեշտության մասին, ապա այդպիսի փաստաթուղթը լրամշակվում է աշխատանքային խմբի կողմից՝ սահմանված կարգով։
Աշխատանքային խմբի կողմից լրամշակված փաստաթղթերը կրկին ներկայացվում են քննարկման Կոմիտեի նիստին։
19. Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի քարտուղարությունում։
20. Կոմիտեի անդամի՝ նիստերին մասնակցելու հետ կապված ծախսերը կրում է իրեն ուղարկած Կողմի լիազորված մարմինը։
21. Կոմիտեի գործունեության տեղեկատվական ու իրավական ապահովումն իրականացնում են լիազորված մարմիններն ու Հանձնաժողովի քարտուղարությունը։
Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարությունը։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ |
Մաքսային միության շրջանակներում` միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿ
(ցանկն ուժը կորցրել է ՄՄՀ 07.04.11 թիվ 620)
Հավելված թիվ 7 Համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի |
Նախագիծ
ԿԱՐԳ
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և վերացման
1. Սույն կարգով նախատեսված ընթացակարգերի մասնակիցներ են համարվում լիազորություններով օժտված Մաքսային միության անդամ պետությունների ազգային մարմինները, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման հարցերով հանձնաժողովին առընթեր համակարգող կոմիտեն (այսուհետ` Համակարգող կոմիտե), Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ՝ Քարտուղարություն) և այլ շահագրգիռ անձինք։
2. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգի մշակման համար պատասխանատու Կողմի այն ազգային մարմնի կողմից, որը նրա կողմից սահմանվել է որպես համապատասխան Տեխնիկական կանոնակարգի մշակման պատասխանատու (այսուհետ՝ մշակող Կողմի մարմին)։
Կողմը նշանակում է Տեխնիկական կանոնակարգի մշակմանը մասնակցող Կողմի ազգային մարմին (այսուհետ՝ Կողմի մարմին)։
Կողմերը Քարտուղարությանն են տրամադրում տեղեկություններ՝ Կողմերի մարմինների և մշակող Կողմի մարմնի մասին։
3. Մշակող Կողմի մարմինն իրականացնում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով Կողմերի մարմինների առաջարկությունները և գործող ազգային տեխնիկական կանոնակարգերը, ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգերի նախագծերը։ Անհրաժեշտության դեպքում մշակող Կողմի մարմինը կարող է ստեղծել Տեխնիկական կանոնակարգի մշակման աշխատանքային խումբ, այդ թվում՝ Կողմերի մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։
Տեխնիկական կանոնակարգի հիմք կարող է ընդունվել հանրային քննարկման ընթացակարգն անցած ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգի նախագիծը։ Այդ դեպքում Տեխնիկական կանոնակարգը կարող է ընդունվել Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ առանց հանրային քննարկման ընթացակարգի անցկացման։
4. Տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության մշակումն ավարտելուց հետո մշակող Կողմի մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում Քարտուղարություն և Կողմերի մարմիններ է ուղարկում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը, Տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրությունը՝ կից բացատրագրով (էլեկտրոնային և թղթային կրիչներով)։
Բացատրագրի մեջ նշվում են՝
- տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակները,
- տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համառոտ բնութագիրը,
- Տեխնիկական կանոնակարգի նախագծում միջազգային (տարածաշրջանային և ազգային) ստանդարտների, այլ փաստաթղթերի (ստանդարտացման հարցերով միջազգային, տարածաշրջանային և ազգային կազմակերպությունների կողմից ընդունված կանոնների, հրահանգների և առաջարկությունների և այլ փաստաթղթերի) պահանջների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, կանոնների և այլ փաստաթղթերի) կիրառման մասին տեղեկություններ,
-Կողմերի տարածքում գործող միջազգային ստանդարտների դրույթներից կամ պարտադիր պահանջներից տարբերվող պահանջներ։
5. Քարտուղարությունը, մշակող Կողմի մարմինը և Կողմերի մարմինները մշակող Կողմի մարմնի կողմից Տեխնիկական կանոնակարգը մշակելու մասին ծանուցումն ուղարկելու պահից տասնհինգ օրվա ընթացքում ապահովում են հանրային քննարկման համար դրա առաջին խմբագրության հրապարակումը Կողմերի պաշտոնական կայքում և տեխնիկական կանոնակարգման հարցերով մարմինների պաշտոնական կայքերում։ Կողմերի մարմինները և մշակող Կողմի մարմինը Տեխնիկական կանոնակարգի մշակման մասին հրապարակում են ծանուցում Կողմերի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով մարմնի պաշտոնական տպագիր հրատարակությունում։
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամկետը սահմանվում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցման հրապարակման օրվանից մինչև դրա հանրային քննարկումն ավարտելու մասին ծանուցման հրապարակման օրը, բայց ոչ պակաս, քան երկու ամիս:
Բացառիկ դեպքերում, այնպիսի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են անմիջական սպառնալիք հանդիսանալ մարդու կյանքին և առողջությանը, գույքին, շրջակա միջավայրի պահպանությանը, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, և այն դեպքերում, եթե արտադրանքի անվտանգության կամ արտադրանքի արտադրման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման (օգտագործման), պահպանման, տեղափոխման (փոխադրման), իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պահանջների հետ կապված անհրաժեշտ է անհապաղ ընդունել Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգ, ապա նման Տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամկետը կարող է կրճատվել Հանձնաժողովի որոշմամբ։
6. Կողմի պետության շահագրգիռ անձանց կողմից Տեխնիկական կանոնակարգի նախագծի մասին դիտողությունները և առաջարկությունները (կարծիքները) ուղարկվում են համապատասխան Կողմի մարմին, իսկ երրորդ երկրների շահագրգիռ անձանց կողմից՝ մշակող Կողմի մարմին և Քարտուղարություն։ Քարտուղարությունը, Կողմերի մարմինները փոխանցում են ստացված դիտողությունները և առաջարկությունները մշակող Կողմի մարմին ոչ ուշ, քան հանրային քննարկման ավարտից հետո 15 օրվա ընթացքում (էլեկտրոնային ձևով և թղթային կրիչով):
Տեխնիկական կանոնակարգը մշակող Կողմի մարմինն ուսումնասիրում է շահագրգիռ անձանց կողմից գրավոր ձևով ներկայացված դիտողությունները և առաջարկությունները (կարծիքները), սահմանված ձևով կազմում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի մասով Կողմերի կարծիքների ամփոփագիրը և դրանք ուղարկում է Քարտուղարություն և Կողմերի մարմիններ։
7. Մշակող Կողմի մարմինը կազմում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցում և ուղարկում է այն Քարտուղարություն՝ պաշտոնական կայքում տեղադրելու համար, ինչպես նաև Կողմերի մարմիններ՝ Կողմերի տեխնիկական կանոնակարգման հարցերով մարմնի պաշտոնական կայքերում և պաշտոնական տպագիր հրատարակություններում հրապարակելու համար։
8. Մշակող Կողմի մարմինը որոշում է ընդունում Կողմերի կարծիքների ամփոփագրերում ներկայացված յուրաքանչյուր դիտողության և առաջարկության վերաբերյալ, երկու ամսվա ընթացքում մշակում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի վերջնական խմբագրությունը, կազմում է կարծիքների ընդհանրացված ամփոփագիրը, բացատրագիրը, ինչպես նաև տարաձայնությունների առկայության դեպքում՝ տարաձայնությունների աղյուսակը։
9. Մշակող Կողմի մարմինը տարաձայնությունների առկայության դեպքում Կողմերի մարմինների հետ կազմակերպում է այդ հարցերը հանելու շուրջ քննարկում։
Կողմերի մարմինները և մշակող Կողմի մարմինը որոշում են ընդունում բանակցությունների միջոցով տարաձայնությունները կարգավորելու մասին։
10. Մշակող Կողմի մարմինը Կողմերի տեխնիկական կանոնակարգման հարցերով մարմինների հետ համատեղ ապահովում են «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» ________________ թ. համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումը (այսուհետ՝ Ստանդարտների ցանկեր) ոչ ուշ, քան Տեխնիկական կանոնակարգի հանրային քննարկման ավարտի օրվանից 3 ամիս ժամկետում։
11. Մշակող Կողմի մարմինը ստացված դիտողությունների և առաջարկությունների, Կողմերի մարմինների հետ բանակցությունների հիման վրա մշակում է Տեխնիկական կանոնակարգի նախագծի տեքստի, Ստանդարտների ցանկերի նախագծերի վերջնական խմբագրությունը և ուղարկում է դրանք Կողմերի մարմիններ։
12. Մշակող Կողմի մարմինը Քարտուղարություն է ներկայացնում Տեխնիկական կանոնակարգի նախագիծը, դրան կից բացատրագիրը, կարծիքների ամփոփագիրը, տարաձայնությունների աղյուսակը (առկայության դեպքում) և Ստանդարտների ցանկերի լրամշակված նախագիծը բացատրագրի հետ միասին։
13. Քարտուղարությունը Տեխնիկական կանոնակարգի նախագծի վերջնական խմբագրությունը, դրան կից բացատրագիրը, կարծիքների ամփոփագիրը, տարաձայնությունների աղյուսակը (առկայության դեպքում) և Ստանդարտների ցանկերի լրամշակված նախագիծը դրան կից բացատրագրի հետ միասին ստանալու ամսաթվից տասը օրվա ընթացքում ապահովում է՝
- նշված փաստաթղթերի հրապարակումը պաշտոնական կայքում,
- նշված փաստաթղթերի ուղարկումը Կողմերին համաձայնեցման համար։
Կողմերի մարմինների կողմից համաձայնեցումն իրականացվում է Քարտուղարությունից նշված փաստաթղթերի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Համաձայնեցման արդյունքները Կողմերի մարմինների կողմից ուղարկվում են Քարտուղարություն։
14. Քարտուղարությունը կազմում է Տեխնիկական կանոնակարգի գործը և ապահովում է դրա պահպանումը։
15. Հրապարակման ամսաթվից 40 օրվանից ոչ շուտ Տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ նյութերը՝ ներառյալ վերջնական խմբագրությամբ Տեխնիկական կանոնակարգի հրապարակումից հետո ստացված դիտողությունները և առաջարկությունները քննարկվում են Համակարգող կոմիտեի նիստում՝ Հանձնաժողովի համար զեկույց նախապատրաստելու նպատակով։
Կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, որոնք սահմանված կարգով չեն վերացվել միջազգային բանակցությունների միջոցով, դրանց կարգավորման մասին որոշումն ընդունում է Հանձնաժողովը։
16. Հանձնաժողովն ուսումնասիրում է Տեխնիկական կանոնակարգի նախագիծը և Համակարգող կոմիտեի զեկույցը և ընդունում է համապատասխան որոշում։
17. Հանձնաժողովի որոշմամբ ընդունված Տեխնիկական կանոնակարգը տեղադրվում է պաշտոնական կայքում։
Կողմերի մարմինները հրապարակում են Տեխնիկական կանոնակարգի տեքստը Կողմերի տեխնիկական կանոնակարգման հարցերով մարմինների պաշտոնական կայքերում և պաշտոնական տպագիր հրատարակությունում։
18. Քարտուղարությունը վարում է Տեխնիկական կանոնակարգերի ռեեստրը։ Յուրաքանչյուր Տեխնիկական կանոնակարգին տրվում է «ՄՄ ՏԿ» հապավումից, հերթական համարից և ընդունման տարեթվից բաղկացած նշան։
19. Տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգի մշակման կարգին համանման կարգով։
20. Տեխնիկական կանոնակարգի վերացումն իրականացվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ։
21. Հանձնաժողովը ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ քննարկում է Տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանների (ծրագրերի) կատարման ընթացքը։
_______________________
1 Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմինները
2 Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմինները
3 Անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխանության հայտարարագիր ընդունելու դեպքում 2-րդ դաշտը չի լրացվում