Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.06.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
12.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՄԴ/0105/01/16

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Միքայել Հուսիկի Միքայելյանի, պաշտպաններ Ա.Հայրապետյանի և Ա.Քարամյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի մարտի 1-ի դատավճռով Միքայել Հուսիկի Միքայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Միքայելյանը դատապարտվել է ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նշանակված պատիժները լրիվ գումարելով Մ.Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Մ.Միքայելյանի կալանքի տակ գտնվելու 2 (երկու) օր ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 28 (քսանութ) օրը:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Հրանտ Գարեգինի Հովհաննիսյանը:

2. Մեղադրողի, ամբաստանյալներ Մ.Միքայելյանի և Հ.Հովհանիսյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունիսի 1-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի դատավճիռը:

3. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ Մ.Միքայելյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Դատապարտյալ Մ.Միքայելյանի և պաշտպաններ Ա.Հայրապետյանի և Ա.Քարամյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի մայիսի 13-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Միքայել Միքայելյանը Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով 2.468 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու համար` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց Արտակ Աբրահամյանին և Մհեր Մուրադյանին ապօրինի իրացնելու համար` ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով1:

6. ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Մ.Միքայելյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը և նշանակված պատժի ժամկետը կրճատվել է՝ թողնելով կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է դատապարտյալ Մ.Միքայելյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են Մ.Միքայելյանի վերաբերյալ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայել, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքի կիրառմամբ համապատասխանեցնել գործող ՀՀ քրեական օրենսգրքին, Մ.Միքայելյանին արդարացնել կամ ազատել հետագա պատիժը կրելուց, կամ փոփոխել և կրճատել վերջնական պատիժը` արարքի ապաքրեականացման հիմքով։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մ.Միքայելյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 1-ի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:

13. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Միքայելյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի՝ 2.468 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Մ.Միքայելյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Մ.Միքայելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2.468 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի էԱյսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մ.Միքայելյանին պետք է արդարացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Մ.Միքայելյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մ.Միքայելյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 1-ի որոշումը վերանայելու համար։

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 1-ի որոշումն ու դատապարտյալ Միքայել Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Միքայել Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կանոններով նշանակված և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի կիրառմամբ կրճատված 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս 28 (քսանութ) օր ազատազրկման ժամկետից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով` 2018 թվականի հունվարի 20-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Միքայել Հուսիկի Միքայելյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 1-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Միքայել Հուսիկի Միքայելյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 1-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Միքայել Հուսիկի Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Միքայել Հուսիկի Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 69-րդ հոդվածների կանոններով նշանակված և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի կիրառմամբ կրճատված 2 (երկու) տարի 8 (ութ) ամիս 28 (քսանութ) օր ազատազրկման ժամկետից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2018 թվականի հունվարի 20-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 174:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 41:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան