ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2012 թվականի N 1295-Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 835-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 2 հավելվածի 60-րդ կետի`
1. Ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
1) երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 835-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանը նպաստելն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ ու այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգմանն աջակցելը.
2) երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության ու ռազմավարական ծրագրերի իրականացման և մշակման ապահովմանն աջակցելը.
3) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելը.
4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.
5) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական, համայնքային և մասնավոր հաստատությունների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
1) քննարկում է երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերը.
2) ապահովում է երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերի իրականացման մոնիթորինգի իրականացումը` հանձնաժողովին կից ստեղծելով մոնիթորինգի աշխատանքային խումբ, քննարկում և հաստատում է մոնիթորինգի աշխատանքային խմբի տարեկան աշխատանքային պլանը և հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում շահագրգիռ մարմիններին.
2.1) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ինչպես նաև պետական, համայնքային, հասարակական կամ բարեգործական կազմակերպության ղեկավարին երեխայի իրավունքների վերաբերյալ ընդունված որևէ որոշման, գործունեության կամ անգործության, մամուլում տարածված լուրերի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված դեպքում քննարկում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված՝ համայնքներում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքները.
3) քննարկում և առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործունեությանն ուղղված քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
3.1) երեխայի լավագույն շահերից չբխող որոշման ընդունման կամ գործելակերպի կամ անգործության դեպքում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով հայտնում է իրավասու մարմիններին.
4) առաջարկություններ է ներկայացնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ.
4.1) հայտնում է դիրքորոշում միջազգային և (կամ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող հանրային հնչեղություն ունեցող հարցերի, ծրագրերի վերաբերյալ, եթե առկա են մտահոգություններ իրականացվող ծրագրի բովանդակության և (կամ) իրականացվող գործողությունների վերաբերյալ.
5) քննարկում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման համար.
6) քննարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տալիս եզրակացություն.
7) ուսումնասիրում և վերլուծում է երեխայի իրավունքների խախտման պատճառներն ու ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
8) քննարկում է Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների տարեկան ծրագրերի հաշվետվությունները և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում առաջարկություններ.
9) առաջարկություններ է ներկայացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ.
10) ըստ անհրաժեշտության, կարող է իրականացնել ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական և մասնավոր հաստատությունների, ինչպես նաև երեխայի պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից իրականցվող ծրագրերը.
11) աջակցում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների վերապատրաստման գործընթացին:
(4-րդ կետը լրաց., փոփ. 25.10.19 N 1552-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող աշխատանքային ծրագրի հիման վրա:
8. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:
9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
10. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
11. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
12. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր կարող են գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
13. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
14. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ երեխաների պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստը կայանալու օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
(14-րդ կետը փոփ. 25.10.19 N 1552-Ն)
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների գրավոր կարծիքները (դրանց առկայության դեպքում) կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
17. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունները.
5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում:
18. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.
3) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է հանձնաժողովի կողմից տրվող առաջարկությունների, եզրակացությունների նախագծերին, հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, հանձնաժողովի որոշումներին և դրանց քվեարկության արդյունքներին, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում գրավոր կարծիք.
5) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.19 N 1552-Ն)
6) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը, ստորագրում է իր կողմից նախագահած նիստի արձանագրությունը.
7) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.19 N 1552-Ն)
(18-րդ կետը փոփ. 25.10.19 N 1552-Ն)
19. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ և կանոնավոր իրականացումը.
2) հանձնաժողովի անդամներին է իրազեկում հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, տեղի և օրակարգի մասին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
4) նախապատրաստում է հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը, սահմանված ժամկետում ուղարկում է հանձնաժողովի նախագահին և անդամներին.
5) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահի ստորագրությանը.
6) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
7) հանձնաժողովի անդամների պահանջով վերջիններիս է տրամադրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի որոշումները` անկախ նիստին նրանց մասնակցելու հանգամանքից.
8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստերին այլ անձանց, իրազեկում հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, տեղի և օրակարգի մասին.
9) կազմում է հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունների նախագծերը.
10) կատարում է հանձնաժողովի նախագահի այլ հանձնարարականներ:
(19-րդ կետը լրաց. 25.10.19 N 1552-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 25.10.19 N 1552-Ն, լրաց. 17.10.22 N 124-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Զ. Բաթոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Լ. Առաքելյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ |
Ն. Դուրյան |
- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ |
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության խորհրդատու |
Ա. Քալանթարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Մ. Անտոնյան |
- «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Աֆանեսյան |
- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Սոցիալական աշխատանք» ենթածրագրի համակարգող (համաձայնությամբ) |
Հ. Սարգսյան |
- «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Լ. Սիմոնյան |
- Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան |
- «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Սեդրակյան |
- «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մուրադյան |
- «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 25.10.19 N 1552-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |