Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0359/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ2/0359/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Աբովյան

Ա. Առաքելյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կոճղասար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել նշված ստուգման ակտով առաջադրված 900.000 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գծով լրացուցիչ հարկային պարտավորության գումարը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 29.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է` առ ոչինչ է ճանաչվել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.04.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29.12.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ, 72-րդ հոդվածները, 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում Տեսչությունը չի փաստարկել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննության առնելով այնպիսի հանգամանք, որն արտացոլված չէ վերաքննիչ բողոքում` դրանով իսկ դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի ներածական մասում Դատարանն արձանագրել է, որ քննում է «ստուգման ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու մասին» գործ, ինչից հետևում է, որ պարզապես առկա է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող գրավրիպակ և անկախ նրանից, թե ներկայացվել է ակտի անվավերության, թե դրա առ ոչինչ լինելու պահանջ, միևնույն է Դատարանը հայցի առարկայից դուրս չի եկել:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 62-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից բոլոր ապացույցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է վիճարկվող ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.12.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 23.07.2010 թվականի թիվ 2321549 հանձնարարագրի համաձայն՝ հանձնարարվել է Ընկերությունում կատարել հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում (գ.թ. 18)։

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 27.07.2010 թվականի թիվ 2321549 ակտում, որի համաձայն՝ Ընկերությանն առաջադրվել է հաստատագրված վճարի գծով 900.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն (գ.թ. 19-20)։

3) Սույն գործով Ընկերությունը ներկայացրել է Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ լինելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, Դատարանը 11.11.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, իսկ 20.12.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ընկերությունը խնդրել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Տեսչության 27.07.2010 թվականի թիվ 2321549 ստուգման ակտը (գ.թ. 1-5, 39, 62, 85):

4) Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Տեսչությունը չի նշել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննելով Ընկերության հայցադիմումի հիման վրա չհարուցված գործ (գ.թ. 110-115):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։

 Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ տվյալ դեպքում հայցադիմումի բովանդակած պահանջը վերաբերում է ստուգման ակտն անվավեր ճանաչելուն, իսկ Դատարանի 11.11.2010 թվականի որոշմամբ հարուցվել և քննվել է մեկ այլ գործ` նույն ստուգման ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, գտել է, որ Դատարանը չի քննել այն գործը, որը ենթակա էր քննության Ընկերության ներկայացրած հայցադիմումի հիման վրա և ի սկզբանե` հայցադիմումը վարույթ ընդունելու փուլից սկսած, դուրս է եկել հայցի շրջանակներից։

Մինչդեռ, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Տեսչությունը չի փաստարկել այն հանգամանքը, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից` քննելով Ընկերության հայցադիմումի հիման վրա չհարուցված գործ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անդրադառնալով վերաքննիչ բողոքում չբարձրացված հարցի քննարկմանը` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից` չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանը վարույթ է ընդունել ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, սակայն Ընկերությունը ներկայացրել է նշված ստուգման ակտն առ ոչինչ լինելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում, իսկ գործի քննության ընթացքում խնդրել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել այդ ստուգման ակտը, հետևաբար Դատարանը, վիճարկվող ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելով, սույն գործով հայցի շրջանակներից դուրս չի եկել:

 

2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ բավարարելով վերաքննիչ բողոքը և գործն ուղարկելով նոր քննության` Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ