ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0327/01/10 |
գործ թիվ ԼԴ/0327/01/10 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան | |
Դատավորներ` Հ. Տեր-Ադամյան |
|
Մ. Պետրոսյան |
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
|
|
2011 թվականի հոկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2010 թվականի մարտի 3-ին հարուցվել է թիվ 53101910 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
2010 թվականի մարտի 19-ի որոշմամբ Ալվարդ Չուբարի Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշումներով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և փոփոխվել է, Ա.Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2010 թվականի դեկտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով Ալվարդ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Դատավճռով որոշվել է նաև Ա.Ստեփանյանից հօգուտ տուժող Գ.Ջիլավյանի բռնագանձել 5.448.052 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Մ.Շահվերդյանի` 2.579.988 ՀՀ դրամ, հօգուտ Լ.Զինչենկոյի` 196.000 ՀՀ դրամ, հօգուտ` Մ.Ալեքսանյանի` 17.200 ՀՀ դրամ, հօգուտ Ս.Խեչումյանի` 14.200 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Տուժող Լ.Անդրիասյանի կողմից ներկայացված 1.211.830 ՀՀ դրամի հայցը մերժվել է:
3. Ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանի, մեղադրող Գ.Սաֆարյանի և տուժող Լ.Անդրիասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճիռը փոփոխել է, կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և ամբաստանյալ Ա.Ստեփանյանին ազատել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով նշանակված պատժից` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը:
2011 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել տուժող Գոհարիկ Ջիլավյանը: Պնդելով, որ բողոքում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված՝ վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար.
«2000 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Ստեփանավան քաղաքում, նույն քաղաքի բնակչուհի Գոհարիկ Գևորգի Ջիլավյանին պարտք տված ընդհանուր 1.215.182 ՀՀ դրամին համարժեք 2300 ԱՄՆ դոլարի համար մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ: Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը` ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված լինելու պայմաններում պահանջել և ստացել է ամսական միջինը 6 տոկոս` 65000-70000 ՀՀ դրամ, կամ տարեկան 72 տոկոս հաշվարկով՝ 39 ամիսների համար ընդհանուր 2.512.267 ՀՀ դրամ: Իսկ հիշյալ օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը ներառյալ, պահանջել և ստացել է այդ տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 17-19 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 6 տոկոս՝ 65000-70000 հազար ՀՀ դրամ, կամ տարեկան 72 տոկոս հաշվարկով ընդհանուր 33 ամիսների համար՝ 2.145.000 ՀՀ դրամ: Այնուհետև, 2006 թվականի գարնան ընթացքում, ստանալով պարտք տված մայր գումարի` 579.728 ՀՀ դրամին համարժեք 1600 ԱՄՆ դոլարը, որից հետո 2007 թվականի դեկտեմբերին նաև մնացած՝ 211.057 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլարը, այն հաշվարկել է որպես 2006 թվականի ապրիլից մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսներին Գ.Ջիլավյանի կողմից չվճարված տոկոսներ:
Շարունակելով հանցավոր գործունեությունը` Ա.Ստեփանյանը 2004 թվականի դեկտեմբերի կեսերին, Ստեփանավան քաղաքում, նույն քաղաքի բնակչուհի Մարինե Շահվերդյանին պարտք տված 1.912.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարի համար մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է այդ տարիներին ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 13-17 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 5 տոկոս` 95.600 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, կամ տարեկան 60 տոկոսի հաշվարկով ընդհանուր 35 ամիսների համար՝ 3.346.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար, ապա 2007 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2008 թվականի դեկտեմբերը ներառյալ, պահանջել և ստացել է այդ ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 11-13 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 4 տոկոս՝ 70.000 ՀՀ դրամ կամ տարեկան 48 տոկոս, ընդհանուր 13 ամիսների համար՝ 930.000 ՀՀ դրամ: Իսկ 2009 թվականի հունիսի 28-ին պահանջել և ստացել է ևս 215.988 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար՝ որպես 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին չվճարված տոկոսադրույքներ։ Ընդհանուր առմամբ, նա 2004 թվականի դեկտեմբերին Մ.Շահվերդյանին պարտք տված 1.912.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարի համար մինչև 2009 թվականի հունիսը որպես տոկոսներ պահանջել և ստացել է 4.491.988 ՀՀ դրամ։
Շարունակելով հանցավոր գործունեությունը` Ա.Ստեփանյանը 2005 թվականի օգոստոսի կեսերին Ստեփանավան քաղաքում Լոռու մարզի Հոբարձի զյուղի բնակչուհի Լիլիթ Անդրիասյանին 10 կտոր ոսկյա զարդերի գրավադրմամբ, պարտքով տված 245.943 ՀՀ դրամին համարժեք 550 ԱՄՆ դոլարի համար մինչև 2007 թվականի հունիս-հուլիս ամիսը պահանջել և ստացել է այդ տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 13-17 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 10 տոկոս՝ 24.594 ՀՀ դրամին համարժեք 55 ԱՄՆ դոլար, կամ տարեկան 120 տոկոս հաշվարկով 22 ամիսների համար՝ ընդհանուր 541.075 ՀՀ դրամին համարժեք 1210 ԱՄՆ դոլար: Այնուհետև 2-3 ամիս անց Լ.Անդրիասյանից ստանալով պարտք տված 550 ԱՄՆ դոլարը` վերջին 2-3 ամիսներին նրա կողմից չվճարված տոկոսների փոխարեն վերջինիս չի վերադարձրել 670.755 ՀՀ դրամ արժողությամբ վերոհիշյալ ոսկյա զարդերը, այսինքն՝ Լ.Անդրիասյանին պարտք տված 550 ԱՄՆ դոլարի համար որպես տոկոս ընդհանուր առմամբ ստացել է 1.457.773 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ոսկյա զարդեր։
Շարունակելով հանցավոր գործունեությունը` Ա.Ստեփանյանը 2005 թվականի սեպտեմբերին Ստեփանավան քաղաքում նույն քաղաքի բնակչուհի Լենա Սերյոժայի Ղարիբյանին պարտք տված 88.842 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլարի համար մինչև 2005 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 17 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 5 տոկոս՝ 10 ԱՄՆ դոլար կամ տարեկան 60 տոկոս հաշվարկով ընդհանուր 3 ամիսների համար 13.326 ՀՀ դրամին համարժեք 30 ԱՄՆ դոլար։
Շարունակելով հանցավոր գործունեությունը` Ա.Ստեփանյանը 2007 թվականի ապրիլին Ստեփանավան քաղաքում նույն քաղաքի բնակչուհի Լյուբով Ռազմիկի Զինչենկոյին պարտք տված 71.394 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլարի համար մինչև 2009 թվականի օգոստոս ամիսը ներառյալ պահանջել և ստացել Է այդ ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 11-13 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով, ամսական 10 տոկոս՝ 7000 ՀՀ դրամ կամ տարեկան 120 տոկոս հաշվարկով ընդհանուր 28 ամիսների համար 196.000 ՀՀ դրամ։
Շարունակելով հանցավոր գործունեությունը` Ալվարդ Ստեփանյանը 2007 թվականի սեպտեմբերին Ստեփանավան քաղաքում, նույն քաղաքի բնակչուհի Մարինե Հմայակի Ալեքսանյանին պարտք տված 134.316 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլարի և 78.000 ՀՀ դրամի համար մինչև 2009 թվականի փետրվար ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 12 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 6,5 տոկոս՝ 13.500 ՀՀ դրամ կամ տարեկան 78 տոկոս հաշվարկով ընդհանուր 17 ամիսների համար 229.500 ՀՀ դրամ։
Բացի այդ, Ա.Ստեփանյանը 2007 թվականի սեպտեմբեր ամսին Ստեփանավան քաղաքում համաքաղաքացի Մ.Ալեքսանյանի միջոցով վերջինիս հարևան Սվետլանա Խալաթի Խեչումյանին պարտք տված 67.158 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլարի համար մինչև 2009 թվականի փետրվար ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 12 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 7 տոկոս՝ 5000 ՀՀ դրամ, կամ տարեկան 84 տոկոս հաշվարկով ընդհանուր 17 ամիսների համար՝ 85000 ՀՀ դրամ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջեր 211-213):
6. Դատաքննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տուժողներ Լ.Անդրիասյանի և Լ.Ղարիբյանի դրվագներով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, չի հաստատվել գործով ձեռք բերված ապացույցներով, ուստի դրանք հանել է Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի ընդհանուր ծավալից` Ա.Ստեփանյանին մեղավոր ճանաչելով մյուս հինգ դրվագներով առաջադրված մեղադրանքում (տե՛ս քրեական գործ, հատոր 4, էջեր 302-315):
7. Տուժող Գ.Ջիլավյանն ամբաստանյալ Ա.Ստեփանյանի դեմ 5.448.052 ՀՀ դրամի քաղաքացիական հայց է ներկայացրել և վարույթն իրականացնող մարմնի 2010 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ճանաչվել է քաղաքացիական հայցվոր (տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջեր 136, 139):
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով տուժող Գ.Ջիլավյանի քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ` վճռվել է Ա.Ստեփանյանից հօգուտ տուժող Գ.Ջիլավյանի բռնագանձել 5.448.052 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում (տե՛ս քրեական գործ, հատոր 4, էջ 315):
8. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում տուժող Լ.Անդրիասյանը վիճարկել է իր նկատմամբ վաշխառություն կատարելու դրվագով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն լինելու և ընդհանուր մեղադրանքի ծավալից հանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 5, էջեր 25-29):
Վերաքննիչ դատարանում գործի քննությունը կատարվել է Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կանոններով լրացուցիչ ապացույցներ չի հետազոտել: Նշված կարգով քննելով տուժող Լ.Անդրիասյանի բողոքի փաստարկները՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Լ.Անդրիասյանի դրվագով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը հանելով մեղադրանքի ընդհանուր ծավալից, հանգել է ճիշտ հետևության: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ այդ դրվագով առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է հանվի մեղադրանքի ընդհանուր ծավալից (տե՛ս քրեական գործ, հատոր 5, էջեր 42-45, 71-74, 102-107):
Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ՝ գործի փաստական հանգամանքների նկարագրության մասում, արձանագրվել է, որ Ա.Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել նախաքննության մարմնի կողմից նրան մեղսագրված բոլոր յոթ, այդ թվում` տուժողներ Լ.Անդրիասյանի և Լ.Ղարիբյանի դրվագներով (տե՛ս քրեական գործ, հատոր 5, էջեր 96-98):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
10. Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 127-րդ, 154-րդ հոդվածների պահանջերը, քանի որ դատավճռի հիմքում դրվել են տուժողների և վկաների հակասական և իրարամերժ ցուցմունքները, որոնք ուղղակի չեն ապացուցում Ա.Ստեփանյանի մեղքը և բխում են մտացածին հիմքերից:
Անդրադառնալով հայցապահանջներին` բողոքաբերը նշել է, որ տուժող Գ.Ջիլավյանի 5.448.052 ՀՀ դրամի հայցապահանջն անհիմն է բավարարվել, քանի որ դրանում ներառվել է նաև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում վճարված 2.512.267 ՀՀ դրամը, մինչդեռ այն չպետք է հաշվարկվեր, որովհետև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը վաշխառությունը քրեորեն պատժելի արարք չի հանդիսացել:
Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը` բողոքաբերը նշել է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը ներառյալ 33 ամիսների համար որպես տոկոս ստացված գումարը` 2.145.000 ՀՀ դրամը, ամբողջությամբ դիտվել է որպես պատճառված վնաս և ներառվել բավարարված քաղաքացիական հայցի մեջ: Մինչդեռ, ըստ բողոք բերած անձի, որպես պատճառված վնաս պետք է հաշվարկվեր դրա կեսը, քանի որ ըստ մեղադրանքի` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը կազմել է տարեկան 17-19 տոկոս, որի կրկնապատիկը կազմում է 34-38 տոկոս, իսկ նշված ժամանակահատվածում ամբաստանյալը տուժողներից պահանջել և ստացել է տարեկան 72 տոկոս: Այսինքն` ամբաստանյալի խախտումը կազմում է բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափը, ինչը ստացված գումարների կեսն է:
11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և փոփոխել: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջներով` ամբաստանյալ Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` բավարար ապացույցեր չլինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
I. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը կատարած արարքը վաշխառություն որակելու իրավաչափությունը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. վաշխառության հանցակազմը 2003 թվականի օգոստոսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված լինելու պայմաններում իրավաչա՞փ է արդյոք Ա.Ստեփանյանի կողմից մինչ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված արարքը վաշխառություն որակելը:
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (…)»:
ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` « (…) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: (…)»
Մեջբերված իրավանորմերը Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ե.Մելքոնյանի վերաբերյալ որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «Անձին հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու միակ հիմքը կատարման պահին նրա արարքի` օրենքով սահմանված կարգով հանցագործություն համարվելն է: Այսինքն` արարքը կարող է որպես հանցագործություն նախատեսվել միայն քրեական օրենքով, և ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան քրեական օրենքով ուղղակիորեն նախատեսված հանցանք կատարելու համար: Այսպիսով` չկա հանցագործություն, չկա պատիժ, եթե արարքն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով (nսllսm crimen, nսlla pօena sine lege):
(…) [նշված] երաշխիքը (nսllսm crimen, nսlla pօena sine lege), հանդիսանալով օրենքի գերակայության անքակտելի տարր, առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում չի թույլատրվում: Nսllսm crimen, nսlla pօena sine lege սկզբունքից հետևում է, որ ցանկացած հանցագործություն և պատիժ պետք է հստակ ամրագրված լինի օրենքով: Այդ օրենքը չի կարող տարածական մեկնաբանվել, և այն չի կարող կիրառվել անալոգիայով» (տե՛ս Երվանդ Մելքոնյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշման 14-րդ և 16-րդ կետերը):
14. ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «(…) 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: (…)»:
Վերոգրյալ նորմերի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են հանցանքի կատարման ժամանակ գործող օրենքով: Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:
(…)
3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են (…), մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: (…) »:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն՝
«1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները (…):
3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը»:
(…) »:
Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից համակարգային վերլուծության են ենթարկվել Ա.Պապյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է նաև «մեղադրանքի ձևակերպում» եզրույթը: Նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝
«(…) «մեղադրանքի ձևակերպում» եզրույթ[ի] կառուցվածքն իրենից ներկայացնում է.
ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,
բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:
Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն:
Վճռաբեկ դատարանի կողմից մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը» (տե՛ս Արկադի Պապյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-19-րդ կետերը):
16. Սույն որոշման 14-րդ կետում շարադրված հիմնավորումները, ինչպես նաև Ա.Պապյանի վերաբերյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը կարող է որպես հանցագործություն նախատեսվել միայն քրեական օրենքով, և անձը ենթակա է պատասխանատվության ու պատժի միայն քրեական օրենքով ուղղակիորեն նախատեսված հանցանքի կատարման համար: Հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը:
Քրեական օրենքով նախատեսված՝ անձին մեղսագրվող արարքը պետք է արտացոլվի անձին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ: Վերջինս պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, ինչպես նաև դրանում պետք է նշվի քրեական այն օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն` վաշխառություն կատարելու համար: Համաձայն առաջադրված մեղադրանքի` «Ա.Ստեփանյանը 2000 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Գ.Ջիլավյանին պարտք տված ընդհանուր 1.215.182 ՀՀ դրամին համարժեք 2300 ԱՄՆ դոլարի համար մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ պահանջել և ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ: Ընդ որում, մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը` ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված լինելու պայմաններում պահանջել և ստացել է ամսական միջինը 6 տոկոս` 65000-70000 դրամ, կամ տարեկան 72 տոկոս հաշվարկով՝ 39 ամիսների համար ընդհանուր 2.512.267 ՀՀ դրամ: Իսկ հիշյալ օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը ներառյալ, պահանջել և ստացել է այդ տարիներին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ տարեկան 17-19 տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափով ամսական 6 տոկոս՝ 65000-70000 հազար ՀՀ դրամ, կամ տարեկան 72 տոկոս հաշվարկով ընդհանուր 33 ամիսների համար՝ 2.145.000 ՀՀ դրամ» (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Մեղադրանքի մեջբերված ձևակերպումից հետևում է, որ Ա.Ստեփանյանին, ի թիվս այլ արարքների, մեղսագրվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված լինելու պայմաններում, մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ամսական միջինը 6 տոկոս` 65000-70000 դրամ, կամ տարեկան 72 տոկոս հաշվարկով՝ 39 ամիսների համար ընդհանուր 2.512.267 ՀՀ դրամ պահանջել և ստանալը:
18. Սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկարագրված դրվագով Ա.Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է այն քրեական օրենքը, որն արարքի կատարման պահին գոյություն չի ունեցել: Այսինքն՝ հետադարձ ուժ է տրվել արարքը քրեականացնող օրենքին, ինչի հետևանքով էականորեն վատթարացել է ամբաստանյալի վիճակը: Ստորադաս դատարաններն էլ, իրենց հերթին, անտեսել են այս հանգամանքը և ճիշտ իրավական գնահատական չեն տվել Ա.Ստեփանյանի կողմից մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը կատարված արարքին: Դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վաշխառությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսվել է 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով, իսկ քրեական օրենքի հետադարձ ուժի և nսllսm crimen, nսlla pօena sine lege սկզբունքների համաձայն` անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով այն արարքների համար, որոնք կատարել է մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաշխառության հանցակազմը 2003 թվականի օգոստոսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված լինելու պայմաններում իրավաչափ չէ վաշխառություն որակել Ա.Ստեփանյանի կողմից մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված արարքը, այն է՝ տուժող Գ.Ջիլավյանից նրան տրված գումարի դիմաց ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը:
II. Քաղաքացիական հայցի լուծման իրավաչափությունը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ճիշտ է լուծվել տուժող Գ.Ջիլավյանի ներկայացրած քաղաքացիական հայցը:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը կարող է հարուցվել ցանկացած պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայցը հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն մեղադրյալի գործողությունների համար: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` (….)
10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:
21. Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարությունում մեղադրյալի կամ մեղադրյալի գործողությունների համար պատասխանատվություն կրող անձի դեմ քաղաքացիական հայց կարող է ներկայացվել և, համապատասխանաբար, դատարանում քննության առարկա լինել բացառապես հանցագործությամբ պատճառված և քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի առկայության պարագայում: Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության հիմքում ընկած է միասնական իրավաբանական փաստը` հանցագործությունը, որի կատարման համար անձը ենթարկվում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիաիրավական պատասխանատվության այն դեպքերում, երբ առկա է հանցագործությամբ պատճառված գույքային վնաս: Միևնույն ժամանակ, եթե չկա հանցագործություն, ապա չի կարող լինել նաև քրեական դատավարությունում քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, ապացուցված համարելով հանցագործության մեջ մեղադրվող անձի մեղքը, ինչպես նաև հանցավոր արարքի և հասցված վնասի միջև պատճառական կապը, լուծում է նաև քաղաքացիական հայցը` գնահատելով ներկայացված հայցադիմումի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքը:
22. Սույն գործի նյութերից երևում է, որ Գ.Ջիլավյանը Ա.Ստեփանյանի դեմ 5.448.052 ՀՀ դրամի քաղաքացիական հայց է ներկայացրել, որն Առաջին ատյանի դատարանի դատավճռով բավարարվել է ամբողջությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Այսինքն` Առաջին ատյանի դատարանը, ամբողջովին բավարարելով տուժող Գ.Ջիլավյանի ներկայացրած քաղաքացիական հայցը, այդ գումարի մեջ ներառել է նաև Ա.Ստեփանյանի կողմից մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը որպես տոկոսներ ստացած 2.512.267 ՀՀ դրամը:
23. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված եզրակացության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 22-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի շրջանակներում Ա.Ստեփանյանի վրա գույքային վնասի հատուցման պարտականություն է դրել այնպիսի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել: Մինչդեռ, ինչպես բխում է սույն որոշման 21-րդ կետում շարադրված վերլուծությունից, քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասն է, հետևաբար հանցագործություն չհամարվող արարքի համար չէր կարող առաջանալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
24. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժող Գ.Ջիլավյանի ներկայացրած քաղաքացիական հայցը ճիշտ չի լուծվել: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ որպես պատճառված վնաս պետք է հաշվարկվեր 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը ներառյալ 33 ամիսների համար որպես տոկոս ստացված գումարի կեսը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան հնարավոր կլինի անդրադառնալ միայն վերոնշյալ նյութական և դատավարական իրավունքի էական խախտումները վերացնելուց հետո:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ կլինի նաև անդրադառնալ այն հարցին, թե վերոնշյալ քաղաքացիական հայցը պետք է լուծվի և, համապատասխանաբար, պատճառված վնասի չափի հաշվարկը պետք է կատարվի քրեական վարույթում հարուցված քաղաքացիական հայցի շրջանակներում, թե ինքնուրույն քաղաքացիական վարույթի կարգով:
III. Սույն գործի փաստական հանգամանքների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների իրավաչափությունը.
25. Որպես վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի հետ անմիջականորեն փոխկապակցված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական հարցին. Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Ստեփանյանի մեղադրանքի ծավալից երկու դրվագ հանելու պարագայում իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունը նշված դրվագներով ևս Ա.Ստեփանյանին դատապարտելու վերաբերյալ:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»:
27. Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահել նոր փաստական հանգամանք հաստատված համարել հետևյալ երկու դեպքում`
1) երբ դա հնարավոր է առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա,
2) երբ հետազոտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ վերաքննիչ դատարան ներկայացված լրացուցիչ ապացույցներ:
Ընդ որում, վերոնշյալ դեպքերից առաջինի վրա հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի՝
1) վերաքննիչ բողոքում վիճարկվի որևէ փաստական հանգամանք, և
2) վերաքննիչ դատարանը հանգի եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել:
28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ տուժողներ Լ.Անդրիասյանի և Լ.Ղարիբյանի դրվագներով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, չի հաստատվել գործով ձեռք բերված ապացույցներով, դրանք հանել է Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի ընդհանուր ծավալից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Սույն գործի նյութերից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժող Լ.Անդրիասյանը, ով վիճարկել է իր նկատմամբ վաշխառություն կատարելու դրվագով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն լինելու և ընդհանուր մեղադրանքի ծավալից հանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը: Տուժող Լ.Ղարիբյանը վերաքննիչ բողոք չի բերել (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, քննելով տուժող Լ.Անդրիասյանի բողոքի փաստարկները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Լ.Անդրիասյանի դրվագով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը հանելով մեղադրանքի ընդհանուր ծավալից, հանգել է ճիշտ հետևության: Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ այդ դրվագով առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է հանվի մեղադրանքի ընդհանուր ծավալից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը կատարվել է Վճռաբեկ դատարում գործերի քննության համար սահմանված կանոններով, Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կանոններով լրացուցիչ ապացույցներ չի հետազոտել, տուժող Լ.Անդրիասյանի դրվագով Ա.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ նոր փաստական հանգամանք չի հաստատել և եզրահանգել է, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը ճիշտ է: Ինչ վերաբերում է տուժող Լ.Ղարիբյանին, ապա վերջինս ընդհանրապես վերաքննիչ բողոք չի բերել և իր նկատմամբ վաշխառություն կատարելու դրվագով Ա.Ստեփանյանի մեղադրանքը մեղադրանքի ընդհանուր ծավալից հանելու փաստը չի վիճարկել:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ՝ գործի փաստական հանգամանքների նկարագրության մասում, արձանագրվել է, որ Ա.Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել նախաքննության մարմնի կողմից նրան մեղսագրված բոլոր յոթ, այդ թվում` տուժողներ Լ.Անդրիասյանի և Լ.Ղարիբյանի դրվագներով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
29. Հիմք ընդունելով 27-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշված երկու դրվագներով Առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հիմք չընդունելու որևէ հիմնավորում չի ունեցել: Ուստի, Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Ստեփանյանի մեղադրանքի ծավալից երկու դրվագ հանելու պարագայում իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունը նշված դրվագներով ևս Ա.Ստեփանյանին դատապարտելու վերաբերյալ: Այս առումով Վերաքննիչ դատարանի դատական ակտն անհիմն է և անօրինական:
30. Սույն որոշման 12-29-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Ա.Ստեփանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
|
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |