Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.23/38(841).1 Հոդ.914.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0090/01/09

ԵԿԴ/0090/01/09

Նախագահող դատավոր՝  Մ. Ռեհանյան

     Դատավորներ՝  Ա. Դանիելյան

                          Մ. Արղամանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

  

մասնակցությամբ պաշտպան

Կ. Գրիգորյանի

 2011 թվականի փետրվարի 24-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 34-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 58201209 քրեական գործը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի` 12.808.000 ՀՀ դրամի գողություն կատարելու, ապա հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարից խոշոր չափի 5.892.000 ՀՀ դրամը օրինականացնելու, ինչպես նաև հափշտակված գումարի տարբերություն կազմող 6.916.000 ՀՀ դրամն օրինականացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

2009 թվականի փետրվարի 10-ին Արսեն Հայկի Սարգսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2009 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ա.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 34-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2009 թվականի մայիսի 7-ին Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2009 թվականի մայիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով` 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 7 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 17.163.000 ՀՀ դրամի բռնագրավմամբ` այն տարածելով նաև «ԷյԹիԷյ մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած հաշվեհամարում առկա գումարների և Ա.Սարգսյանի միջոցով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի կողմից որպես վնասի փոխհատուցում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին վճարված 6.585.294 ՀՀ դրամի վրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով` 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գույքի և հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 17.163.000 ՀՀ դրամի բռնագրավմամբ` այն տարածելով նաև «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում ունեցած հաշվեհամարում առկա գումարների և Ա.Սարգսյանի միջոցով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի կողմից որպես վնասի փոխհատուցում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին վճարված 6.585.294 ՀՀ դրամի վրա:

3. Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

5. Ա.Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ հանդիսանալով «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր և Երևանի Թումանյան 27 հասցեում նշված կազմակերպության կողմից վարձակալած «Գլոբալ մոբայլ» վաճառասրահում իրականացնելով բջջային հեռախոսների մանրածախ առևտուր` միջոցներ է ձեռնարկել բանկային քարտերով ապրանքների վաճառք իրականացնելու համար նախատեսված Pօs-տերմինալ ձեռք բերելու համար, որի արդյունքում նշված սարքը «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջև 2008 թվականի հունիսի 23-ին կնքված պայմանագրի համաձայն տեղադրվել է վաճառասրահում: Այնուհետև Ա.Սարգսյանը քննությամբ չպարզված անձանցից ձեռք է բերել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ և 2008 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում այդ քարտերը գործածելով նշված Pօs-տերմինալում 18 գործարքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բանկերի հաճախորդների հաշվեհամարներից գողացել է ընդհանուր առմամբ 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գումար և այն փոխանցել է «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարին` միաժամանակ այդ գործարքները ձևակերպելով իբրև վաճառասրահից իրացված ապրանքի դիմաց վճարում՝ դրանով իսկ խեղաթյուրելով 17.163.000 ՀՀ դրամի չափով գողոնի իրական բնույթը և ծագման աղբյուրը, այսինքն` օրինականացրել է առանձնապես խոշոր չափի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: Նշված գումարի մի մասը Ա.Սարգսյանը ելքագրել է «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարից և տնօրինել իր հայեցողությամբ:

Մասնավորապես, 2008 թվականի սեպտեմբերի 29-ին Ա.Սարգսյանն իբրև վաճառված ապրանքի դիմաց վճարում «Գլոբալ մոբայլ» վաճառասրահում տեղադրված Pօs-տերմինալի միջոցով 5466264001383577 համարի բանկային քարտի կեղծ կրկնօրինակով կատարված գործարքի արդյունքում «CHASE MANHATTAN BANK USA NA» ամերիկյան կազմակերպության հաճախորդի 4001383577 հաշվեհամարից 427.000 ՀՀ դրամին համարժեք գումարը փոխանցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարին և անձամբ ամբողջությամբ կանխիկացրել է նշված գումարը:

2008 թվականի հոկտեմբերի 3-ին նույն եղանակով 5490998311026349 համարի բանկային քարտի կեղծ կրկնօրինակով կատարված գործարքի արդյունքում «MBNA AMERICA BANK» ամերիկյան կազմակերպության հաճախորդի 8311026349 հաշվեհամարից գողացված 982.000 ՀՀ դրամին համարժեք գումարը փոխանցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարին և անձամբ ամբողջությամբ կանխիկացրել է նշված գումարը:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին նույն եղանակով 5490999370256355 համարի բանկային քարտի կեղծ կրկնօրինակով կատարված 3 գործարքների արդյունքում «MBNA AMERICA BANK» ամերիկյան կազմակերպության հաճախորդի 9370256355 հաշվեհամարից գողացված 2.946.000 ՀՀ դրամին համարժեք գումարը փոխանցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարին և անձամբ ամբողջությամբ կանխիկացրել է նշված գումարը:

2008 թվականի հոկտեմբերի 17-ին նույն եղանակով 5490990213934498 համարի բանկային քարտի կեղծ կրկնօրինակով կատարված 6 գործարքների արդյունքում «MBNA AMERICA BANK» ամերիկյան կազմակերպության հաճախորդի 0213934498 հաշվեհամարից գողացված 5.892.000 ՀՀ դրամին համարժեք գումարը փոխանցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված «Էյ Թի Էյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարին և անձամբ ամբողջությամբ կանխիկացրել է նշված գումարը:

2008 թվականի հոկտեմբերի 25-ին նույն եղանակով 5490990089627168 համարի բանկային քարտի կեղծ կրկնօրինակով կատարված 7 գործարքների արդյունքում «MBNA AMERICA BANK» ամերիկյան կազմակերպության հաճախորդի 0089627168 հաշվեհամարից գողացված 6.916.000 ՀՀ դրամին համարժեք գումարը փոխանցել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, սակայն գողոնը չի հասցրել կանխիկացնել` հանցագործության բացահայտման պատճառով:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Ա.Սարգսյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 190-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 23-րդ, 25-րդ, 107-րդ, 108-րդ, 127-րդ, 216-րդ, 353-րդ, 358-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը շարադրել և վերլուծել է սույն գործի փաստական հանգամանքները, այնուհետև եզրակացություն արել առ այն, որ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն և ապօրինի է: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի դատական ակտում շարադրված՝ ամբաստանյալի մեղավորության մասին հետևությունները հիմնված են միայն ենթադրությունների վրա և հաստատված չեն գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

7. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հանցակազմի հատկանիշների ճիշտ մեկնաբանման կապակցությամբ:

Դրանից ելնելով` նախքան բողոքում բարձրացված հարցին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քրեաիրավական վերլուծության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հանցակազմը` նպատակ ունենալով նշված հանցագործության համար քրեական պատասխանատվության ոլորտում ապահովել օրենքի միատեսակ կիրառություն:

 

I. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հանցակազմի հատկանիշները.

8. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը դասվում է անդրազգային (տրանսնացիոնալ) բնույթ կրող այնպիսի հանցագործությունների շարքին, ինչպիսիք են ահաբեկչությունը, մարդկանց առևտուրը, թմրաբիզնեսը և այլն:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանրային բարձր վտանգավորությամբ է պայմանավորված դրա դեմ պայքարին նվիրված միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերի առկայությունը: Այսպես` միջազգային իրավական համակարգում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում («լվացում») հասկացությունը սահմանվել է «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» Միացյալ ազգերի կազմակերպության 1988 թվականի Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Վիեննայի կոնվենցիա), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով Վիեննայի կոնվենցիան նախատեսում է միջազգային-իրավական համալիր միջոցառումների անցկացում և որպես նշված միջոցառումների բաղկացուցիչ մաս միջազգային մակարդակում առաջին անգամ ճանաչում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարը: Վիեննայի կոնվենցիան մասնակից պետություններին պարտավորեցնում է իրենց օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն սահմանել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարը միջազգային իրավական համակարգում իր զարգացումն է ստացել Եվրախորհրդի 1990 թվականի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» Ստրասբուրգի կոնվենցիայում (այսուհետ` Ստրասբուրգի կոնվենցիա), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2003 թվականին: Ստրասբուրգի կոնվենցիան առաջին միջազգային-իրավական փաստաթուղթն է, որն ամբողջությամբ նվիրված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարին: Ստրասբուրգի կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ներպետական մակարդակում քրեաիրավական միջոցներ ձեռնարկել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:

Վիեննայի և Ստրասբուրգի կոնվենցիաները պետությունների համար անկյունաքար են հանդիսացել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի բնագավառում ներպետական օրենսդրությունները մշակելու համար:

1989 թվականին Փարիզում հիմնադրվել է «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը» (այսուհետ` ՖԱԹՖ), որն ի սկզբանե նպատակ է հետապնդել համակարգելու փողերի լվացման ուղղությամբ միջազգային գործունեությունը: ՖԱԹՖ-ի կողմից տարբեր տարիների ընթացքում մշակված հանձնարարականները Եվրախորհրդի անդամ պետությունների համար նախատեսում են քրեական արդարադատության ոլորտի և իրավական կարգավորման համակարգի միջոցառումներ, որոնցով պետք է հակազդել փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը: Հանձնարարականները ներառում են նաև միջազգային համագործակցության և կանխարգելման միջոցառումներ, որոնք պետք է ձեռնարկվեն ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անձանց կողմից: ՖԱԹՖ-ի հանձնարարականները լայն տարածում են գտել` վերածվելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային չափանիշների:

Միացյալ ազգերի կազմակերպության կողմից 2000 թվականին ընդունվել է «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» Պալերմոյի կոնվենցիան (այսուհետ` Պալերմոյի կոնվենցիա), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2003 թվականին: Պալերմոյի կոնվենցիան, մասնակից պետություններին պարտավորեցնելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը դիտարկել որպես հանցագործություն, միաժամանակ որպես նախորդող հանցակազմ առաջարկում է դիտարկել բոլոր ծանր հանցագործությունները: Պալերմոյի կոնվենցիան անդրադառնում է նաև դատական համագործակցության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների բռնագրավման հարցերին:

Եվրոպայի խորհրդի կողմից 2005 թվականին ընդունվել է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Վարշավայի կոնվենցիան (այսուհետ` Վարշավայի կոնվենցիա), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2008 թվականին: Վարշավայի կոնվենցիան, ըստ էության, Ստրասբուրգի կոնվենցիայի կատարելագործված խմբագրությունն է: Այն Ստրասբուրգի կոնվենցիայի առումով ավելի է զարգացնում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի քրեաիրավական կանխարգելիչ միջոցները: Վարշավայի կոնվենցիան կարգավորում է ահաբեկչության ֆինանսավորման, ներպետական մակարդակում ձեռնարկվող միջոցառումների, միջազգային համագործակցության, մոնիտորինգի մեխանիզմների, վեճերի լուծման հետ կապված հարցեր:

ՀՀ տարածքում փողերի լվացմանը հակազդելու իրավական կառուցակարգերի սահմանման նպատակով 2008 թվականի մայիսի 26-ին ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը:

9. ՀՀ օրենսդրության մեջ փողերի լվացման հասկացությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածում, որի համաձայն`

«1. [Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումն է] հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) (…):

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում»:

Քննարկվող հանցագործությունը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, ուստի նշված քրեաիրավական արգելքի հիմնական նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կամ այլ գույքի չվերահսկվող շրջանառությունից պաշտպանել պետության տնտեսական համակարգը, ինչպես նաև պայքարել ոչ օրինաչափ եղանակով դրամական միջոցների (գույքի) ձեռքբերմանն ու դրանց օրինական (լեգալ) տեսք հաղորդելուն ուղղված հանցագործությունների դեմ:

10. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման տեսակային օբյեկտն է բնականոն տնտեսական գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների համակցությունը: Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտն է օրինական գույքային և դրամավարկային շրջանառության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Քննարկվող հանցագործության լրացուցիչ օբյեկտները բազմատեսակ են: Այդպիսիք կարող են լինել հասարակական անվտանգության շահերը (եթե հանցավոր եկամուտների օրինականացումը կապված է կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեության հետ), բնակչության առողջությունը (եթե հանցագործության առարկա են զենքը, թմրանյութերը և այլն), պետական ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները (եթե առկա է պաշտոնեական դիրքի օգտագործում) և այլն:

11. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում հանցագործության առարկա կարող են լինել դրամական միջոցները, արժեթղթերը, ցանկացած գույք կամ գույքային իրավունք, որը ձեռք է բերվել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է գույքի ստացման եղանակը` հանցավոր ճանապարհով, այսինքն` քրեական օրենքով արգելված արարքի կատարման արդյունքում: Ընդ որում, հոդվածի 5-րդ մասը սպառիչ թվարկում է այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում ձեռք բերված գույքը կամ գույքային իրավունքը կարող է հանդիսանալ փողերի լվացման հանցակազմի առարկա:

Հետևաբար, արարքը կարող է որակվել որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված հանցագործություններից որևէ մեկի առկայության դեպքում: Ընդ որում, վերջինս պետք է ժամանակային առումով նախորդի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը, և դրա արդյունքում ձեռք բերված գույքը պետք է հանդիսանա նշված հանցակազմի առարկա: Նախորդող հանցագործության բացակայությունը բացառում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի գոյությունը, ուստի նմանատիպ գործերով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նախ պետք է հաստատված համարի նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում պարտադիր չէ նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չէ, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը որևէ առնչություն ունենա նախորդող հանցագործության հետ: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը:

12. «Գույքի բռնագրավումը» վերտառությունը կրող ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»:

13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված օրենսդրական կարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսացող գույքը, ինչպես նաև այդ գույքի օգտագործումից ստացված օգուտները ենթակա են բռնագրավման` անկախ այն հանգամանքից, թե ում սեփականությունն են հանդիսանում կամ ում կողմից են տիրապետվում:

14. Քննարկվող հանցակազմն ունի բարդ և այլընտրանքային օբյեկտիվ կողմ: Արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելու հիմքում ընկած է այն նախապայմանը, որ գույքի և գույքային իրավունքների հետ կապված գործողությունները կատարվում են` գիտակցելով դրանց` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը և հետապնդելով հատուկ նպատակ` թաքցնել կամ քողարկել գույքի (գույքային իրավունքի) հանցավոր ծագումը կամ օժանդակել հանցակցին խուսափելու իրավական հետևանքներից:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններով.

ա) հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից,

բ) գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնել կամ խեղաթյուրել (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում),

գ) գույք ձեռք բերել կամ տիրապետել կամ օգտագործել կամ տնօրինել (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում):

Փողերի լվացման հանցակազմը ձևական է, այն ավարտված է համարվում վերը նշված գործողություններից որևէ մեկի կատարման պահից:

15. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար պատասխանատվություն նախատեսող քրեաիրավական նորմը գնահատելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա ոչ հստակ ձևակերպումը որոշ դեպքերում կարող է դժվարություններ առաջացնել հանցակազմի կիրառման, ինչպես նաև հարակից հանցակազմերից սահմանազատման առումով:

Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալ ձևակերպմանը. «(…) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)», որի տառացի մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ եթե անձը հանցագործության արդյունքում ստացված միջոցները ձեռք է բերում և օգտագործում է իր անձնական կարիքները բավարարելու համար, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերոնշյալ պայմանի ուժով մեխանիկորեն դառնում է քննարկվող հանցագործության սուբյեկտ: Նման մոտեցումը չի համապատասխանում գույքի օրինականացման էությանը, քանի որ տվյալ պարագայում բացակայում է այն «լվանալուն» ուղղված դիտավորությունը: Այլ կերպ՝ անձը դիտավորություն չի ունեցել օրինական շրջանառության մեջ դնել հանցավոր ճանապարհով ստացված միջոցները, այլ ընդամենը ցանկացել է օգտվել դրանցից, քանի որ ի վերջո հանցագործությունը կատարվել է հենց այդ միջոցները ձեռք բերելու և դրանցից օգտվելու նպատակով:

Այս դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիան օբյեկտիվ կողմից կարող է համընկնել հանցագործության օժանդակության հետ, եթե գույքի ձեռքբերումը եղել է նախապես խոստացված, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի դիսպոզիցիայի հետ, եթե գույքի ձեռքբերումը նախապես խոստացված չի եղել:

Մինչդեռ տվյալ դեպքում անձը հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքի հետ կապված բոլոր գործողությունները կատարում է մեկ դիտավորությամբ, այն է` համապատասխան միջոցների ծագման իրական աղբյուրը քողարկել կամ խեղաթյուրել և դրանց հաղորդել օրինական տեսք:

16. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում լիարժեք հստակեցված չէ այս հանցագործության սուբյեկտիվ կողմի գլխավոր, էական հատկանիշը` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նկարագրված գործողությունների արդյունքում համապատասխան միջոցների ծագման իրական աղբյուրի քողարկման կամ խեղաթյուրման նպատակը:

Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի գործնական կիրառումը պետք է կառուցվի այն եզրահանգման վրա, որ քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշն իրենում պարունակում է հատուկ նպատակ` հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները քողարկել, թաքցնել և այդ միջոցներն օրինական շրջանառության մեջ ներգրավել: Այդպիսի նպատակի բացակայությունը բացառում է այս հանցագործության հանցակազմի առկայությունը:

17. Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն իր կողմից օրինականացնելու փաստը և ցանկանում է դա:

Փողերի լվացման սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ է կատարում կամ տվյալ նյութական արժեքները օգտագործում է ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեության համար (ընդհանուր սուբյեկտ): Որպես նշված հանցակազմի հատուկ սուբյեկտ կարող է հանդես գալ միայն պաշտոնատար անձը (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ):

 

II. Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և նշված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու մեջ ամբաստանյալ Ա.Սարգսյանի մեղավորության հաստատված լինելը.

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է` ՀՀ քրեական օրենգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարման մեջ ամբաստանյալ Ա.Սարգսյանի մեղավորությունը հաստատվա՞ծ է արդյոք գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

19. Վճռաբեկ դատարանը, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալ Ա.Սարգսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Ա. Սարգսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքներում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկաներ Ա. Պողոսյանի, Ա. Օկիշորի, Հ. Կտիկյանի, Դ. Սերոբյանի ցուցմունքներով, «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» և «Այլ փաստաթղթերն ապացույց ճանաչելու և քրեական գործին կցելու մասին» նախաքննության մարմնի 2009 թվականի մայիսի 7-ի որոշումներով ապացույց ճանաչված և սույն գործով դատական ակտերում շարադրված փաստաթղթերով, դատահաշվապահական փորձաքննությունների թիվ 09-0361 և թիվ 09-0779 եզրակացություններով:

20. Վերը նշված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են հաստատված համարելու, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանը քննությամբ չպարզված անձանցից ձեռք բերված բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների գործածմամբ, իրեն պատկանող` բջջային հեռախոսների մանրածախ առևտրի վաճառասրահում տեղադրված Pօs-տերմինալի միջոցով 2008 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 18 գործարքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բանկերի հաճախորդների հաշվեհամարներից գողացել է ընդհանուր առմամբ 17.163.000 ՀՀ դրամին համարժեք գումար: Այսինքն` կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

Բացի այդ, քրեական գործում առկա ապացույցներով հաստատված է, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանը գողացված գումարը փոխանցել է «ԷյԹիԷյ մոբայլ» ՍՊԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարին` այդ գործարքները ձևակերպելով իբրև վաճառասրահից իրացված ապրանքի դիմաց վճարում` դրանով իսկ խեղաթյուրելով 17.163.000 ՀՀ դրամի գողոնի իրական բնույթը, ծագման աղբյուրը և նշված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդելով օրինական տեսք:

Վերը նշված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 8-17-րդ կետերում առկա իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում նաև այն, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

21. Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու և նշված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու մեջ ամբաստանյալ Ա.Սարգսյանի մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ առումով Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ գործի փաստական հանգամանքների մասին դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար հիմք չեն կարող հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

22. Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արսեն Հայկի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան