Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-13.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.398
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 309-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) մասին տրամադրվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 309-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի (այսուհետ` պետական ռեգիստր) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` ՊԵԿ) կազմակերպությունների, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններ տրամադրելու կարգը:

2. Պետական ռեգիստրի կողմից կազմակերպությունների պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ընթացքում ՊԵԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309 -Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես` բացառությամբ 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում և 4-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկությունների: Նշված տեղեկություններն ստացվելուց հետո ՊԵԿ-ը պետական ռեգիստրին տրամադրում է գրանցվող (հաշվառվող) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

3. Պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309 -Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում և 4-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես պետական գրանցման (հաշվառման) պահին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309 -Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք տրամադրվում են փոփոխության գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5. Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վկայականի, դրա հերթական ներդիրի, վերակազմակերպման դեպքում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի, գրանցման հայտի (որում առկա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաստումը), լուծարման հաշվեկշռի, կանոնադրության, ինչպես նաև դրա փոփոխությունների պատճենները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրվում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառման վայրի հարկային մարմնին: Սույն մասում նշված տեղեկությունները տրամադրվում են ՊԵԿ-ի տրամադրած էլեկտրոնային կամ փոստային հասցեներով, էլեկտրոնային եղանակով, պատվիրված նամակով կամ հանձնվում են ստացականով:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա կամ գրառման ենթակա, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) համար ներկայացվող դիմումներում առկա տեղեկությունները, իսկ մյուս տեղեկությունները` առկայության դեպքում:

7. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համատեղ հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 24-ի N 309-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին կազմակերպությունների պետական գրանցման մասին պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անվանումը կամ ֆիրմային անվանումը.

2) կազմակերպական-իրավական ձևը.

3) կազմակերպության պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) պետական գրանցման վկայականի համարը.

5) հիմնադրման եղանակը.

6) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, սոցիալական քարտի տվյալները կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում նաև` ՀՎՀՀ-ն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն` վերջինիս առկայության դեպքում), կատարված ներդրումների ամսաթվի մասին տեղեկատվություն.

7) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը` արտահայտված տոկոսներով կամ մասերով.

8) կազմակերպության գտնվելու վայրը (փոստային հասցեն), առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

9) տեղեկություններ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տրված տեղեկանքի համարը, առկայության դեպքում` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

10) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

11) տեղեկություններ վերակազմակերպման մասին (այդ թվում` վերակազմակերպված և իրավահաջորդ կազմակերպությունների անվանումները, պետական գրանցման համարները, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ները).

12) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի համարը և տալու ամսաթիվը), դատարանի վճռով լուծարման դեպքում` դատարանի վճռի և որոշման վերաբերյալ տեղեկություններ.

13) գործունեության դադարման դեպքում` պետական գրանցման ամսաթիվը:

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, իսկ կուսակցությունների համար 1-ին կետի 6-րդ ենթակետում նշվում են միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, առկայության դեպքում` սոցիալական քարտի կամ դրա բացակայության վերաբերյալ տրված տեղեկանքի համարը):

3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման մասին պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) պետական հաշվառման վկայականի համարը.

3) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, առկայության դեպքում` սոցիալական քարտի, իսկ բացակայության դեպքում` դրա մասին տրված տեղեկանքի համարը.

4) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

5) հաշվառման և բնակության վայրը (եթե տարբերվում է հաշվառման վայրից), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

7) տեղեկություն պետական հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումի ներկայացման մասին (դիմումի ներկայացման ամսաթվի նշմամբ).

8) պետական հաշվառումից հանելու ամսաթիվը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան