040.0532.25.08.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 oգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1999 թվականի N 532
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1999/2000 ուսումնական տարվա սկիզբը համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը, ուսումնական ծրագրերի, մեթոդական և այլ փաստաթղթերը, զինղեկների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության հրահանգը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու կարգը:
(2-րդ կետը լրաց. 06.05.04 N 666-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում եվ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետև` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից) նախազորակոչային պատրաստությունը (այսուհետև` ՆԶՊ) կազմակերպվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կարգին համապատասխան երիտասարդությանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը նախապատրաստելու նպատակով:
2. Ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, հաստատում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը, ուսումնական ծրագրերը, մեթոդական և այլ փաստաթղթերը:
4. ՆԶՊ-ի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`
ա) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
բ) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի վերաբերյալ ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է ՆԶՊ-ի անցկացման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները և աշխատողներին.
դ) մասնակցում է զինղեկների որակավորման բարձրացման աշխատանքներին, անցկացնում նրանց` որպես մանկավարժների ատեստավորումը.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է զինղեկների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը.
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ռազմահայրենասիրական խաղերի անցկացումը.
է) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի և զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների հետ դաշտային պարապմունքների (հավաքներ) անցկացմանը.
բ) կայազորների պետերի, զորամասերի հրամանատարների, զինվորական ուսումնական հաստատությունների պետերի, կրթական և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.
գ) ներկայացնում է զինղեկների թեկնածուների ցուցակներ, որոնց թվից ուսումնական հաստատությունների պահանջարկի համաձայն սահմանված կարգով նշանակվում են զինղեկներ.
դ) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս կամ զինվորական ուսումնական հաստատություն, որը`
մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.
կազմակերպում է սովորողների այցելություններ զորամաս, զինվորական ուսումնական հաստատություն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.
սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկական, զինծառայողների կյանքին ու կենցաղին.
պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.
սովորողներ հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների.
օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին` զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելու համար.
օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`
ա) կազմակերպում է և իրականացնում է զինղեկների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը բժշկական գիտելիքների մասով.
բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակը:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին առնչվող հիմնահարցերի ու բժշկական գիտելիքների հիմունքների մասին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի բաժինը, դասագրքեր, ձեռնարկներ.
բ) կազմում է քաղաքացիական պաշտպանության և բուժսանիտարական պատրաստության գույքի ցուցակը, հագեցվածության նորմերը.
գ) հրատարակում է ՆԶՊ-ի քաղաքացիական պաշտպանության բաժնին վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է դիաֆիլմեր, տեսաֆիլմեր, պլակատներ, այլ ուսումնական պարագաներ.
դ) գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով հատկացնում է ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ.
ե) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի գծով:
10. Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) ապահովում են ուսումնական հաստատությունների` ՆԶՊ-ի ծրագրով նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը:
11. Համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ՆԶՊ-ի իրականացմանը: