Գլխավոր տեղեկություն
Համար
N ԱԽ-6-Ո-9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.416
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.03.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N ԱԽ-6-Ո-9

2011 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, 

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,
Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,
Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի մարտի 21-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 10.02.2011 թվականի թիվ N-Կ-2-3/2011 որոշմամբ Դատարանի դատավոր Ս. Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում: Ըստ եզրակացության՝

Արթուր Մուրադյանը (այսուհետ` Դիմումատու) 16.07.2010թ. դիմում է ներկայացրել Դատարան` ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Երևանի Դավիթ Անհաղթի 23 թիվ 53 հասցեում բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինություններն օրինական ճանաչելու և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Դիմումատուն հայտնել է, որ 23.10.2009թ. կնքված և սեղանամատյանում 6833 համարի տակ գրանցված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի հիման վրա ինքը դարձել է Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 հասցեի անշարժ գույքի սեփականատերը: Դիմումատուի իրավունքները ստացել են պետական գրանցում, և 29.10.2009թ. նրա անվամբ տրվել է թիվ 2603311 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Նշված հասցեի անշարժ գույքը բաժանվել է երկու առանձին միավորների: Առանձնացված միավորի` Երևանի Դավիթ Անհաղթի 23 թիվ 53 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում, և 18.11.2009թ. տրվել է թիվ 2580280 սեփականության իրավունքի գրանցման վկայական: Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 հասցեի բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում մյուս մասնակիցների համաձայնությամբ Դիմումատուն իրականացրել է 76,1քմ և 280քմ մակերեսներով կառուցապատում: Այնուհետև Դիմումատուն ներկայացրել է հայցապահանջի փոփոխման մասին դիմում, որով հայտնել է, որ Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարվել է 22.07.2010թ., և տրվել է թիվ 2801400 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, իսկ իրավունքների պետական գրանցում կատարելուց առաջ կատարելով կառուցված շինությունների չափերի ճշգրտում` նշված սեփականության իրավունքի վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնում որպես իր կողմից կառուցված կառույցի մակերեսներ նշվել է 58,4 և 141,0 քմ:

Խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 հասցեում բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա (բաժնային սեփականաության մյուս մասնակիցներն իրենց համաձայնությունը տվել են) կառուցված 199,4քմ. (58,4+141,0քմ) մակերեսով շինությունները ճանաչել օրինական և նշված մակերեսների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Դատարանի 27.08.2010թ. վճռով դիմումը բավարարվել է: Դիմումը բավարարելիս Դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 166-րդ և 172-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, դատավորի բացատրությունը, գտել է, որ Դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպես`

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 8-րդ կետի համաձայն` քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամասեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները: Նույն որոշման 10-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը, դիմումը ստանալուց հետո` սույն կարգի 8-րդ կետում նշված` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանն իր վճռով, Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 հասցեի հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելու պայմանով ճանաչելով օրինական և դրանց նկատմամբ ճանաչելով Դիմումատուի սեփականության իրավունքը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով, խախտել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 8-րդ կետի պահանջը, որի համաձայն` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամասեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ սույն գործով Դիմումատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցներն օրինական կհամարվեին միայն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ սահմանված թույլտվության և Դիմումատուի կողմից համապատասխան վճարումները կատարելու պայմաններում: Հետևաբար, Դատարանի կողմից ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը սույն գործով բացակայել է:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն 10-րդ կետը նույնպես սահմանում է, որ համայնքի ղեկավարը, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը, դիմումը ստանալուց հետո` սույն կարգի 8-րդ կետում նշված` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Հիշյալ որոշման կիրառման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 26.01.2007թ. թիվ 2-106 (ՎԴ) որոշմամբ, որում մասնավորապես նշել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը) համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստված կամ ստեղծված նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը: Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծված գույքի նկատմամբ: Միաժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է ինքնակամ կառույց հասկացությունը, համաձայն որի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Սույն գործի փաստերը հաստատում են այն հանգամանքը, որ հողամասի վրա կառուցված շինությունները օրիանական չեն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված տունն ինքնակամ կառուցված համարելու համար Դատարանը բավարար հիմքեր է ունեցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական: Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով, մասնավորապես` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի համաձայն` ինքնակամ կառույցները ենթակա են քանդման: Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով»:

Հարկ է նշել նաև, որ Դատարանը, իրականացնելով Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություն, վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` առանց վերջինիս որևէ կերպ դատաքննությանը ներգրավելու:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ Դատարանի վճռի պատճառաբանական մասում ինքնակամ կառույցներն օրինական և դրանց նկատմամբ Դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչելու մասով որևէ պատշաճ հիմնավորում ըստ էության առկա չէ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 21.12.2006թ. թիվ 2504 (ՏԴ) որոշմամբ, որում մասնավորապես նշված է. «Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, ՀՀ տնտեսական դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է Դատարանը վեճը լուծելիս: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր»:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճռի եզրափակիչ մասում նշված է. «Վճռից ծագած իրավունքները ենթակա են գրանցման համապատասխան մարմնում»: Տվյալ պարագայում Դատարանն իր վճռով պարտավորեցրել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ին կատարել Դիմումատուի սեփականության իրավունքի գրացում առանց որևէ իրավական հիմքի:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 8-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 132-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի կատարել վերը նշված նյութական և դատավարական օրենքի նորմերից բխող պահանջները, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

 

Դատավոր Ս. Ղազարյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Ես հասկացա, որ իմ փորձառությունը քաղաքացիաիրավական ոլորտում բավարար չէ, որի համար էլ խնդրել եմ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ պարոն Ա. Մկրտումյանին թույլատրելու այսուհետ քննելու քրեական գործեր: Ինչ վերաբերում է խնդրահարույց հարցին, ես այդ կերպ եմ պատկերացրել և ինձ մոտ նաև սեմինար պարապմունքներում քննարկումներից ձևավորվել էր այդ դիրքորոշումը: Պարզվում է` ես սխալվել եմ, որի համար խնդրում եմ Ձեր ներողամտությունը: Նորից եմ կրկնում, փաստորեն օրենքի սխալ ըմբռնման արդյունք է` այդ ոլորտում փորձի պակասի պատճառով»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում հետևյալ փաստերը.

1. Դիմումատուն 16.07.2010թ. դիմում է ներկայացրել Դատարան` ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Երևանի Դավիթ Անհաղթի 23 թիվ 53 հասցեում բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինություններն օրինական ճանաչելու և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Հետագայում Դիմումատուն ներկայացրել է նաև հայցապահանջի փոփոխման մասին դիմում, որով հայտնել է, որ Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 թիվ 53 շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարվել է 22.07.2010թ., և տրվել է թիվ 2801400 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, իսկ իրավունքների պետական գրանցում կատարելուց առաջ կատարելով կառուցված շինությունների չափերի ճշգրտում` նշված սեփականության իրավունքի վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնում որպես իր կողմից կառուցված կառույցի մակերեսներ նշվել է 58,4 և 141,0 քմ, և խնդրել է շինությունները ճանաչել օրինական և նշված մակերեսների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

2. Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 166-րդ և 172-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ, 27.08.2010թ. վճռով դիմումը բավարարել է:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`

1. դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2. գործը կարճելու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ` դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը արձանագրում է հետևյալը.

1. Դատարանի դատավոր Ս. Ղազարյանն Արդարադատության խորհրդին հասցեագրած 23.02.2011 թվականի դիմումով խնդրել է ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին իր լիազորությունների դադարեցման խնդրանքով, քանի որ տառապում է շաքարախտ հիվանդությամբ, որն այժմ դրսևորվում է զանազան բարդություններով:

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, հիմք ընդունելով Արդարադատության խորհրդին հասցեագրված Դատարանի դատավոր Ս. Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 3-րդ մասով` 24.02.2011թ. դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով դիմել ՀՀ առողջապահության նախարարին` Ս. Ղազարյանի առողջական վիճակը պարզելու նպատակով բժշկական զննություն կատարելու համար:

3. Կատարված բժշկական զննության արդյունքում 16.03.2011թ. ներկայացվել է բժշկական եզրակացություն, որում նշված է եղել, որ Ս. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա հիվանդությամբ, որը սահմանված է ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների մասին ցանկում:

4. Արդարադատության խորհուրդը 18.03.2011թ. հրավիրված նիստում որոշել է թիվ Կ-2-2/2011 և թիվ Կ-2-3/2011 կարգապահական վարույթներով Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունների քննարկումը հետաձգել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Խորհուրդը աննպատակահարմար է գտնում իրավական գնահատական տալ և անդրադառնալ Կարգապահական հանձնաժողովի կողմից Ս. Ղազարյանի վերաբերյալ ներկայացված եզրակացության մեջ արտացոլված նյութական և դատավարական օրենքների նորմերի խախտումներին, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը մասնավորապես սահմանում է, որ Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ` դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

Խորհուրդը միաժամանակ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները, և գտնում է, որ Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Կ. Բաղդասարյան
Գ. Բադիրյան
Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան
Մ. Մակյան

Մ. Մարտիրոսյան
Ս. Օհանյան