Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.11
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/2804/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2804/05/09
2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան
Դատավորներ՝                    Ք. Մկոյան
                       
                   Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.05.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մոսես Բալամուտյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Մոսես Բալամուտյանից 991.900 ՀՀ դրամ` որպես հաստատագրված և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար, որից ապառք` 668.900 ՀՀ դրամ, տույժ` 323.000 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մոսես Բալամուտյանից 356.100 ՀՀ դրամ` հօգուտ ՀՀ պետական բյուջեի և 7.122 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի մասնակի փոխհատուցում բռնագանձվելու մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.05.2010 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածը, չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, ղեկավարվելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 22-24-րդ հոդվածներով, պատճառաբանել է, որ Մոսես Բալամուտյանի 25.08.1998 թվականի հայտարարության մեջ պարունակող տվյալները բավարար չեն հաստատագրված վճարը հաշվարկելու համար, քանի որ հիշյալ հայտարարության մեջ նշված է միայն տաղավարի քառակուսի մետրը, իսկ ամսվա ընթացքում խանութների, կրպակների միջոցով առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը նշված չեն։ Մինչդեռ Դատարանը վճիռ կայացնելիս դուրս է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշմամբ սահմանված ծավալներից և վերլուծության է ենթարկել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնք որևէ առնչություն չունեն հայցի առարկայի և ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ սահմանված ծավալների հետ։ Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 05.02.2010 թվականի որոշմամբ հիմնավորել է, որ համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի` Մոսես Բալամուտյանը պարտավոր էր վճարել Տեսչության կողմից հաշվարկված հաստատագրված վճարը։ Ավելին, Դատարանը նշել է նոր փաստեր, պահանջել է նոր ապացույցներ, որոնց անհրաժեշտությունը չի եղել։

Բացի այդ, անհիմն է Դատարանի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի բռնագանձման պահանջը մերժելն այն պատճառով, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը Մոսես Բալամուտյանի վրա չի տարածվում, քանի որ այդ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` վերջինս Տեսչություն չի ներկայացրել գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում և չի հանձնել անհատ ձեռնարկատիրոջ վկայականը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Տեսչության հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 27.12.1996 թվականի թիվ 028653 վկայականի համաձայն` Մոսես Բալամուտյանը գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, հանդիսացել է հաստատագրված վճար վճարող (գ.թ. 7, 14)։

2) Տեսչության 25.05.2009 թվականի «Բռնագանձման ենթակա վիճարկվող գումարի հաշվարկ»-ի համաձայն` Մոսես Բալամուտյանը 2003 թվականից առ 25.05.2009 թվականը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ունի 540.900 ՀՀ դրամի, իսկ 2002 թվականից առ 25.05.2009 թվականը հաստատագրված վճարի գծով` 288.900 ՀՀ դրամի պարտավորություն (գ.թ. 5-6)։

3) Դատարանը հաստատագրված և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Մոսես Բալամուտյանի պարտքը հաշվարկել է 2006 թվականի մայիսի 25-ից մինչև 2009 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածի համար։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։

Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս (տե´ս Արծրուն Հովհաննիսյանն ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Մարգարիտ Հակոբյանն ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` հողամասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0443/02/08 գործով 28.11.2008 թվականի որոշումը

Ավելին, սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլ հարցը վերաբերում է նույն գործին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, այն է` կիրառել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը (իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ) և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-ին հոդվածը և գտել է, որ Մոսես Բալամուտյանը պարտավոր էր հաստատագրված վճարը վճարել 2002 թվականից, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարը` 2003 թվականից սկսած։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա` վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործի նոր քննության ժամանակ Դատարանը գործի քննության ծավալները պետք է սահմանի վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, ինչպես նաև գործի նոր քննությունը պետք է իրականացվի` հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի որոշումը։

Դատարանը, նոր կազմով կրկին քննելով սույն գործը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից և այս անգամ արդեն գործը քննել է այլ ծավալով` քննարկման առարկա դարձնելով հաստատագրված վճարների հաշվարկման իրավաչափության հարցը։ Դատարանը կիրառել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և արդյունքում գտել է` «Հայցվորի կողմից դատարանում չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողի տիրապետության ներքո առկա է եղել 30 քմ մակերեսից ոչ ավելի առևտրական մակերես ունեցող խանութ, կրպակ /տաղավար/, և որ պատասխանողն այդ տաղավարում իրականացրել է փաստացի գործունեություն։

Նման պարագայում դատարանը հաստատված չի համարում հաստատագրված վճարի գծով պատասխանողի պարտավորությունների ծագման հանգամանքները»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ և´ ՀՀ վարչական դատարանում գործի սկզբնական քննության ժամանակ, և´ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ժամանակ քննարկման առարկան ոչ թե հաստատագրված վճարի հաշվարկման իրավաչափության հարցն էր, այլ արդեն իսկ հաշվարկված պարտավորությունների վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-ին հոդվածի կիրառելիության խնդիրը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը դուրս է եկել գործի նոր քննության` Վճռաբեկ դատարանի կողմից սահմանած ծավալի շրջանակներից։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում` քննարկման առարկա դարձնելով սույն գործով հաստատագրված վճարի գծով Մոսես Բալամուտյանի պարտավորության ծագման հարցը, որն արդեն իսկ հաստատված է համարվել Վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշմամբ, ավելին, որոշվել է դրա ծագման կոնկրետ ժամանակահատվածը։

Բացի այդ, անդրադառնալով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Տեսչությունը, հիմնվելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վրա, հաստատագրված վճարի գծով Մոսես Բալամուտյանի հարկային պարտավորությունը հաշվարկել է 2002 թվականից 25.05.2009 թվականը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը գործել է մինչև 01.02.2009 թվականը և այնուհետև ուժը կորցրել է` համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի։ Հետևաբար այս պարագայում հաստատագրված վճարի գծով Մոսես Բալամուտյանի հարկային պարտավորության հաշվարկի նկատմամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը կիրառելի է 2002 թվականից մինչև 01.02.2009 թվականը։

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռն այս մասով ենթակա է բեկանման և գործը` նոր քննության ուղարկման` հաստատագրված վճարի գծով վերոնշյալ ժամանակահատվածների համար Մոսես Բալամուտյանի ունեցած հարկային պարտավորության վերահաշվարկ կատարելու նպատակով։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը Մոսես Բալամուտյանի վրա չի տարածվում, քանի որ այդ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` վերջինս Տեսչություն չի ներկայացրել գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում և չի հանձնել անհատ ձեռնարակատիրոջ վկայականը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Մոսես Բալամուտյանի պարտավորության մասով կիրառելի է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները։ Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա։

Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի)։ Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում)։ Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականները անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար։

Վերոգրյալ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել։ Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության։

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության օրենսդրությունների տեսանկյունից օրենքով չնախատեսված պարտականություն է համարվում նաև օրենքով նախատեսված որևէ արտոնությունից օգտվող անձին այդպիսի արտոնության անտեսմամբ պարտավորություններով ծանրաբեռնելը։ Մասնավորապես, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվել են արտոնություններ՝ անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից։ Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանվել է 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք, միաժամանակ, նույն նորմով հարկային մարմինները ծանրաբեռնվել են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ՝ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար (տե´ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեղամ Թումանյանի՝ պետական բյուջեի օգտին 542.440 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ3/0088/05/09 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` 2003 թվականից առ 25.05.2009 թվականը Մոսես Բալամուտյանի նկատմամբ հաշվարկվել է նվազագույն սոցիալական վճար։ Հետևաբար Մոսես Բալամուտյանն օգտվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնություններից, իսկ Տեսչությունը չի կատարել օրենքով սահմանված պարտականությունը և Մոսես Բալամուտյանի վերաբերյալ համապատասխան տվյալները սահմանված ժամկետում` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը, չի ներկայացրել պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, վկայականն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար, ինչի արդյունքում Մոսես Բալամուտյանի վրա դրել է սոցիալական ապահովության վճարների գծով առաջադրված 540.900 ՀՀ դրամ վճարելու պարտավորություն՝ սահմանափակելով վերջինիս` օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն այդ մասով իրավացիորեն հայցը մերժել է։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.05.2010 թվականի վճռի` հաստատագրված վճարի բռնագանձման վերաբերյալ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։ Մնացած մասով վճիռը թողնել օրինական ուժի մեջ։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան