ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները.»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «կամ փոստային հասցեով» բառերը փոխարինել «կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6.
Արբիտրաժին աջակցող և վերահսկող դատարանը
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածով, 27-րդ հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնում է արբիտրաժի գտնվելու վայրի դատարանը:
2. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-36.2-րդ հոդվածներով նախատեսված գործառույթներն իրականացնում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բացառությամբ, եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել» բառերը փոխարինել «եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողների կնքած պայմանագրերով նախատեսված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձևով, այնպես էլ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման, չի զրկում սպառողին պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքից, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի դրույթները տարածվում են նաև ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի՝ դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Արբիտր չի կարող լինել դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արբիտրի մահվան (ներառյալ՝ դատարանի վճռով մահացած ճանաչելու) կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում արբիտրի լիազորությունները դադարում են:»։
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մաս է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի առ ոչինչ լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:».
2) 3-րդ մասի «գործն» բառը փոխարինել «վեճն» բառով:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արբիտրաժային տրիբունալը հայցի ապահովման միջոցի կամ նախնական կարգադրության կիրառմամբ կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող, այդ թվում՝ նախնական կարգադրությունների հետ կապված ապահովում կամ հակընդդեմ ապահովում, եթե այդ ապահովումը նպատակ է հետապնդում կանխել կամ հատուցել մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կամ պահպանել ապացույցները:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1.
Հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմանները
1. Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելու դիմում ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հիմնավորում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ համապատասխանաբար վերականգնել վնասները հատուցելու միջոցով, և այդ վնասը զգալիորեն կգերազանցի այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի նկատմամբ կիրառվելու է միջոցը:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ գլուխներով.
«Գ Լ ՈՒ Խ 4.1
ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 17.2. |
Նախնական կարգադրություններ տալու մասին միջնորդությունները և նախնական կարգադրություններ տալու պայմանները |
1. Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն։ Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա նախնական կարգադրություն տալու մասին միջնորդությունով կողմը կարող է պահանջել մյուս կողմից չիրականացնել որևէ գործողություն, որով կարող է անհնարին դառնալ հայցի ապահովման միջոցի կատարումը:
2. Արբիտրաժային տրիբունալը կարող է արձակել նախնական կարգադրություն, եթե գտնի, որ հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումի մասին նախապես այն կողմին տեղեկացնելը, որի դեմ այն ուղղված է, կարող է անհնարին դարձնել հայցի ապահովման միջոցի կատարումը:
3. Սույն օրենքի 17.1-ին հոդվածում նշված պայմանները կիրառվում են ցանկացած նախնական կարգադրության նկատմամբ, իսկ հոդվածում նշված վնասն այն վնասն է, որը կառաջանա կարգադրությունը տալու կամ չտալու հետևանքով:
Հոդված 17.3.
Նախնական կարգադրությունների համար հատուկ ռեժիմը
1. Արբիտրաժային տրիբունալի կողմից նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացվելուց անմիջապես հետո արբիտրաժային տրիբունալը բոլոր կողմերին ծանուցում է հայցի ապահովման միջոց սահմանելու դիմումի, նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության, առկայության դեպքում՝ նախնական կարգադրության և կողմերից յուրաքանչյուրի և արբիտրաժային տրիբունալի միջև դրանց վերաբերյալ մյուս բոլոր հաղորդագրությունների մասին, այդ թվում՝ նշելով ցանկացած բանավոր հաղորդագրության բովանդակությունը:
2. Արբիտրաժային տրիբունալը յուրաքանչյուր կողմի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր դեպքերում ծանուցումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում:
3. Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում նախնական կարգադրության դեմ ներկայացված ցանկացած առարկության վերաբերյալ ոչ ուշ, քան այդ առարկությունները ներկայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, որոշելով բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը կամ մերժելով ներկայացված միջնորդությունը:
4. Նախնական կարգադրության գործողությունը դադարում է արբիտրաժային տրիբունալի կողմից այդ մասին որոշումն ընդունվելու օրվանից քսան օր հետո: Արբիտրաժային տրիբունալը կարող է սահմանել հայցի ապահովման միջոց՝ ընդունելով կամ փոփոխելով նախնական կարգադրությունը նրանից հետո, երբ այն կողմը, որի համար նախատեսված է նախնական կարգադրությունը, ծանուցվել և հնարավորություն է ստացել ներկայացնելու իր դիրքորոշումը:
5. Նախնական կարգադրությունը պարտադիր է կողմերի համար: Այդպիսի նախնական կարգադրությունը վճիռ չի համարվում:
Գ Լ ՈՒ Խ 4.2
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 17.4. |
Հայցի ապահովման միջոցների և նախնական կարգադրությունների փոփոխումը, կասեցումը և դադարեցումը |
1. Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր սահմանած հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ իր նախաձեռնությամբ:
Հոդված 17.5.
Տեղեկությունների տրամադրումը
1. Արբիտրաժային տրիբունալը կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել անհապաղ հայտնել այն հանգամանքների ցանկացած էական փոփոխության մասին, որոնց հիման վրա ներկայացվել է հայցի ապահովման միջոցը սահմանելու դիմում, կամ որոնց հիման վրա սահմանվել է հայցի ապահովման միջոցը:
2. Նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հայտնում է բոլոր այն հանգամանքների մասին, որոնք վերաբերելի են արբիտրաժային տրիբունալի՝ կարգադրություն տալու կամ այն պահպանելու մասին որոշմանը, և այդ պարտավորությունը շարունակում է գործել, քանի դեռ այն կողմին, որի համար նախատեսված է կարգադրությունը, չի տրամադրվել իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն:
Հոդված 17.6.
Ծախսերը
1. Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճն ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաև կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր:
2. Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում:
3. Արբիտրաժային տրիբունալը սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերին անդրադառնում է միջանկյալ դատական ակտի ընդունմամբ իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը:
Հոդված 17.7.
Դատարանի կողմից սահմանվող հայցի ապահովման միջոցները
1. Արբիտրաժային վարույթի շրջանակներում դատարանն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցներ կիրառելու նույն իրավասությունը:»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը սույն օրենքի դրույթների պահպանմամբ արբիտրաժային վարույթն իրականացնում է արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձևով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձև սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով:»:
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժի վայրի ընտրության դեպքում արբիտրաժի վայրի օրենքը շարունակվում է կիրառվել՝ անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով արբիտրաժային տրիբունալի կողմից նիստերն այլ վայրում անցկացվելու հանգամանքից:»:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արբիտրաժային տրիբունալը» բառերից հետո լրացնել «իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից:»:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալի կողմից ընտրված իրավունքն այլ է, քան արբիտրաժի վայրի իրավունքը, ապա արբիտրաժային տրիբունալը պարտավոր է պատճառաբանել այդ ընտրությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից անկախ՝ կողմերի համաձայնության բացակայության դեպքում, եթե արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և արբիտրաժի կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, ապա արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի նորմերը:».
3) 4-րդ մասը «առևտրային սովորույթները» բառերից առաջ լրացնել «իրավունքը և» բառերով:
Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ եթե կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաև արբիտրաժային ծախսերը և դրանց բաշխումը կողմերի միջև, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Արբիտրաժային վճռի կամ դրա որևէ պատճառաբանությանը չհամաձայնվելու դեպքում յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:»:
Հոդված 17. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի կողմից» բառերը փոխարինել «սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի կողմից» բառերով:
Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:»:
Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ գլուխներով.
«Գ Լ ՈՒ Խ 8.1
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 36.1.
Հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը և կատարումը
1. Արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված հայցի ապահովման միջոցը ճանաչվում է որպես պարտադիր միջոց, և եթե արբիտրաժային տրիբունալի կողմից այլ բան նախատեսված չէ, ապա կատարվում է իրավասու դատարան միջնորդություն ներկայացնելու միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 36.2-րդ հոդվածի դրույթները:
2. Այն կողմը, որը հայցում է հայցի ապահովման միջոցի ճանաչում կամ կատարում, կամ որի համապատասխան հայցը բավարարվել է, անհապաղ տեղեկացնում է դատարանին՝ հայցի ապահովման այդ միջոցը դադարեցնելու, կասեցնելու կամ փոփոխելու մասին:
3. Հայցի ապահովման միջոցը ճանաչելու կամ կատարելու հարց քննող դատարանը կարող է հայցող կողմին պարտավորեցնել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կանխելու կամ հատուցելու նպատակով, եթե արբիտրաժային տրիբունալն արդեն իսկ չի կայացրել որոշում ապահովման առնչությամբ, կամ եթե այդպիսի որոշումն անհրաժեշտ է երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու համար:
Հոդված 36.2.
Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը մերժելու հիմքերը
1. Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը կարող է մերժվել միայն՝
1) այն կողմի խնդրանքով, որին դա վերաբերում է, եթե դատարանը պարզում է, որ՝
ա) այդպիսի մերժումն արդարացված է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետերից որևէ մեկով սահմանված հիմքերով, կամ
բ) արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված հայցի ապահովման միջոցի հետ կապված ապահովում տրամադրելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը չի կատարվել, կամ
գ) հայցի ապահովման միջոցը դադարեցվել կամ կասեցվել է արբիտրաժային տրիբունալի կողմից կամ համապատասխան իրավասություն ունենալու դեպքում՝ այն պետության դատարանի կողմից, որտեղ տեղի է ունենում արբիտրաժը, կամ որի օրենքի համաձայն՝ հայցի ապահովման այդ միջոցը սահմանվել է, կամ
2) եթե դատարանը գտնում է, որ՝
ա) հայցի ապահովման միջոցն անհամատեղելի է դատարանին վերապահված իրավասության հետ, եթե դատարանը չի որոշում վերաձևակերպել հայցի ապահովման միջոցն այն չափով, որն անհրաժեշտ է այն իր իրավասությանը և ընթացակարգերին համապատասխանեցնելու համար՝ հայցի ապահովման այդ միջոցը կատարելու նպատակով և առանց դրա բովանդակությունը փոփոխելու, կամ
բ) առկա է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված հիմքերից որևէ մեկը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքով դատարանի կողմից ընդունված ցանկացած որոշում գործում է միայն հայցի ապահովման միջոցը ճանաչելու և կատարելու մասին միջնորդության նպատակներով: Այն դատարանը, որին ներկայացվել է ճանաչման կամ կատարման մասին պահանջ, այդ որոշումն ընդունելիս չի վերանայում հայցի ապահովման միջոցի բովանդակությունը:
Գ Լ ՈՒ Խ 8.2
ԱՐԲԻՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 36.3.
Արբիտրի գործունեության սկզբունքները
1. Արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պարտավոր է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.
2) ապահովել արբիտրաժի արդարությունը և անկողմնակալությունը.
3) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա արբիտրաժային տրիբունալի անկողմնակալության վրա.
4) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք արբիտրաժի բոլոր կողմերի և մասնակիցների նկատմամբ.
5) արբիտրաժի բոլոր կողմերին և մասնակիցներին բացատրել արբիտրաժի լիազորություններն ու արբիտրաժի կանոնները.
6) պահպանել արբիտրաժի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը.
7) զերծ մնալ ոչ պատշաճ վարքագծից.
8) ղեկավարվել արդարության, օրինականության և ազնվության սկզբունքներով:
Հոդված 36.4.
Արբիտրի վարքագծի կանոնները
1. Մշտապես գործող յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն կարող է սահմանել վարքագծի կանոններ՝ սույն օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին և կանոններին համապատասխան:
2. Արբիտրի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր արբիտրների համար:
Հոդված 36.5.
Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը
1. Արբիտրը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել սույն օրենքի 36.3-րդ հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
2. Արբիտրը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչներն արմատավորելուն՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանք պահպանելուն:
3. Մշտապես գործող արբիտրաժային հաստատություններն արբիտրների վարքագծի կանոններն ընդունելիս պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 7 Երևան ՀՕ-76-Ն
ՆախագահՍ. Սարգսյան