ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22.3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.16-րդ հոդվածով.
«Հոդված 149.16. | Հաշտեցումը պաշտպանական որոշման վերաբերյալ դիմումներով |
1. Հաշտարարության վերաբերյալ սույն գլխով նախատեսված դրույթները չեն տարածվում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և սույն օրենսգրքի 35.1-ին գլխով սահմանված կարգով արձակված պաշտպանական որոշումների վրա: Նշված դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև հաշտեցումն իրականացվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 35.1
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 201.1. | Դիմում տալը |
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ դիմումը տրվում է ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ դիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Հոդված 201.2. | Դիմումի բովանդակությունը |
1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ դիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսվող պահանջների, նաև ներառում է`
1) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կիրառվելու են Պաշտպանական որոշմամբ նախատեսվող սահմանափակումները.
2) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի դրույթները.
3) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջև ընտանիքում և(կամ) արյունակցական կապերի մասին.
4) ընտանիքում բռնության իրական սպառնալիքի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.
5) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.
6) պատասխանողի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:
2. Առկայության դեպքում դիմումին կցվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված` ընտանիքում բռնության անթույլատրելիության մասին նախազգուշացման մասին և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:
Հոդված 201.3. | Դիմումի քննությունը |
1. Պաշտպանական որոշման դիմումների քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
2. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
3. Դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնում է դիմումն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
4. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին դիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից յոթ օրվա ընթացքում:
Հոդված 201.4. | Դատական ակտը |
1. Գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող հետևյալ դատական ակտերը.
1) դիմումը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին.
3) դիմումը մասնակի բավարարելու և դիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.
4) դիմումը մասնակի բավարարելու և դիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:
2. Դիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:
3. Դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան է ներկայացնում դիմում և աջակցության կենտրոնի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:
5. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:
6. Որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1) ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.
2) ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնարարի կողմից:
7. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե դիմումը ներկայացվել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից, ապա նաև այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում որոշման պատճենները տրամադրվում են ոստիկանությանը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Լիազոր մարմնին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե որոշումն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 30 Երևան |