ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 907-Ն
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
2. Սահմանել, որ`
1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետն է.
2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետն է.
3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).
4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:
3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց իրազեկելը:
7. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով uահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժները սահմանող հանձնաժողով: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքները դադարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում (այսուհետ` լիազոր մարմին) հաշվառված այն անձանց ապահովագրական ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.
2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.
3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:
III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
6. Հանձնաժողովն անձի գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) անձն իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն (այսուհետ` միգրացիոն գործակալություն) կամ այն մարզի մարզպետարանի աշխատակազմ, որտեղ ինքը բնակվում է.
2) մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը դիմումները հաշվառում է և առաքում ստաժ սահմանող հանձնաժողովին:
7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:
8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ uահմանվում է Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի:
9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` այդ հանգամանքը ճշտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:
11. Հանձնաժողովն ապահովագրական ստաժը սահմանելուց հետո անձի աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում, որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 օր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է միգրացիոն գործակալությունում, անհրաժեշտության դեպքում` այն մարզերի մարզպետարաններում, որտեղ բռնագաղթվածներից դիմումներ են ստացվել:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու օրվա, ժամի և տեղի մասին.
2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.
7) ստաժը սահմանվելու դեպքում անձի աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:
19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:
21. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների (որոշումների) մեկ օրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:
22. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, անձի ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք:
23. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
24. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:
25. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
26. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
27. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը և մարզպետարանների աշխատակազմերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|