Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-530
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 նոյեմբերի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1999 թ. նոյեմբերի 4-ին` Ստրասբուրգում: Կոնվենցիայի նպատակն է կոռուպցիայի հետևանքով վնաս կրած անձանց համար արդարացի փոխհատուցման երաշխավորումը:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2004 թ. փետրվարի 17-ին` Ստրասբուրգում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2003 թ. նոյեմբերի 1-ին:

Կոնվենցիան հիմնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1996 թ. նոյեմբերին ընդունված` Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագրի, 1997 թ. նոյեմբերի 6-ի` Կոռուպցիայի դեմ պայքարի 20 հիմնական սկզբունքների մասին թիվ (97) 24 բանաձևի և 1998 թ. մայիսի 4-ին ընդունված` «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ - «GRECO»-ի մասնակի և ընդլայնված հիմնադիր համաձայնագրի ընդունումը լիազորող թիվ (98) 7 բանաձևի վրա:

Սույն կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը:

2. Քննության առարկա կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիայի հետևանքով վնաս կրած յուրաքանչյուր անձի` վնասի դիմաց լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով հայց հարուցելու իրավունքը: Կոնվենցիան սահմանում է փոխհատուցում տրամադրելու պայմանները, այն է` պատասխանողի կողմից կոռուպցիոն գործողության կատարումը կամ դրա կատարումը թույլ տալը, հայցվորի` վնաս կրելու փաստը և պատճառական կապը կոռուպցիոն գործողության և պատճառված վնասի միջև:

Պայմանավորվող պետությունները փոխհատուցման պահանջի համար չեն կարող սահմանել հայցային վաղեմության ավելի նվազ ժամկետ, քան երեք տարին է:

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան ընթացակարգեր, որոնք պետական պաշտոնյաների` իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց թույլ կտան փոխհատուցում պահանջել պետությունից, կամ եթե կողմը ոչ պետական կազմակերպություն է` վերջինիս համապատասխան մարմիններից:

3. Կոնվենցիան երաշխավորում է այն անձանց պաշտպանությունը, ովքեր կոռուպցիայի վերաբերյալ հիմնավոր կասկածների մասին բարեխղճորեն հայտնել են իրավասու պաշտոնատար անձանց կամ մարմիններին:

4. Հաշվի առնելով, որ հաշվեկշիռների և վերստուգման վերաբերյալ ներպետական օրենսդրությունը կոռուպցիան բացահայտելու և դրա դեմ պայքարի կարևոր միջոց է` կոնվենցիան Պայմանավորվող պետություններին պարտավորեցնում է ներպետական օրենսդրությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընկերությունների տարեկան հաշվետվությունները կազմվեն հստակ, ճշգրիտ և հավաստի տվյալներ պարունակեն ֆինանսական վիճակի վերաբերյալ, վերստուգմամբ հավաստիացվի դրանց ճշգրտությունը և հավաստիությունը:

5. Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO): Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ հանդիսանում է այդ խմբի անդամ:

Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաև կոռուպցիոն գործողության առնչությամբ հարուցված քաղաքացիական վարույթներով միմյանց հետ համագործակցելու պարտավորություն: Կոնվենցիան սահմանում է համագործակցության հիմնական ուղղությունները: Դրանք են` փաստաթղթերի հանձնումը, Պայմանավորվող կողմի տարածքում ապացույցների ձեռքբերումը, իրավասության, օտարերկրյա դատարանների վճիռների և դատական ծախսերի ճանաչումն ու կատարումը:

6. Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածին համապատասխան, գնահատելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. հունիսի 8-ին վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2004 թ. մարտի 30-ին: Նշված փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվել է քրեականացնել դրանցով նախատեսված կոռուպցիոն արարքները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի կատարումն այդ կոնվենցիայով և լրացուցիչ արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների` մշակվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

7. Քննության առարկա կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում հռչակված ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Կոնվենցիան նաև լրացուցիչ իրավական երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված` անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1999 թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


9 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-530

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան