ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) սննդամթերքի հիգիենային, ինչպես նաև սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը.»:
Հոդված 2․ Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին մասով․
«8.1. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցները հաստատվում են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի իրավական ակտով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 15-րդ և 16-րդ կետերը «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և տեղեկատվություն կենդանու բուծման երկրի մասին» բառերով.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության կամ կենդանու բուծման երկրի, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը՝ սննդամթերքի արտադրություն իրականացնող և հանրային սննդի ծառայություն մատուցող սննդի շղթայի օպերատորների դեպքում:»:
Հոդված 5. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-98-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
