Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ» ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԻՋԵՎ՝ 2015 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան (Ռուսաստանի Դաշնություն), այսուհետև՝ Կողմեր,
հանդիսանալով 2015թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման և միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) դրույթների կատարման համար պատասխանատու մարմիններ,
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են 1994թ. հունիսի 17-ի՝ Միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի, 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ Միջուկային պատահարների վերաբերյալ վաղ ազդարարման մասին կոնվենցիայի (այսուհետև՝ Ազդարարման մասին կոնվենցիա) և 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ Միջուկային վթարի կամ ռադիացիոն իրադրության դեպքում օգնության մասին կոնվենցիայի կողմեր,
ուշադրության առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի, 2010թ. օգոստոսի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագրի, 2013թ. դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի, 2014թ. դեկտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի կողմեր,
վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետև՝ ԱԷՄԳ) անվտանգության նորմերի շարքի (N GSR Part 7)՝ «Միջուկային կամ ճառագայթային վթարային իրավիճակներում պատրաստվածություն և արձագանք», ԱԷՄԳ-ի՝ «Պատահարների և վթարային իրավիճակների դեպքում կապի վերաբերյալ գործնական ուղեցույցի» EPR-IEComm (2012) և նրա 1-ին հավելվածի՝ «Կոնտակտային տեղեկատվություն, հսկողական ցուցակներ և ձևաչափեր» EPR-IEComm հավելված 1 (2012), հրատարակումների առաջարկությունները,
ձեռնարկելով գործնական միջոցառումներ՝ ուղղված միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օպերատիվ իրազեկման կարգի կատարելագործմանը և տեղեկատվության օպերատիվ փոխանակման ապահովմանը,
ցանկանալով համաձայնեցնել համատեղ գործողությունները` Համաձայնագրի իրականացման նպատակով, և անցկացնել ուսումնական վարժանքներ և կանոնավոր հանդիպումներ, որոնք հիմք կստեղծեն հաստատված ընթացակարգերի և փոխգործակցության մեթոդների արդիականացման և կատարելագործման համար,
Կողմերի պետությունների կողմից Համաձայնագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունների իրականացման նպատակով,
ղեկավարվելով Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Արձանագրության մեջ օգտագործվում են տերմիններ ու սահմանումներ այն նշանակությամբ, որով դրանք նախ և առաջ օգտագործվում են Համաձայնագրում, ինչպես նաև՝ այն նշանակություններով, որոնցով դրանք օգտագործվում են ԱԷՄԳ-ի հետևյալ հրատարակումներում և դրանց հետագա խմբագրություններում, եթե Կողմերը տեղեկացնում են միմյանց այն մասին, որ ընդունում են նման փոփոխությունները.
1) 2007 թ. հրատարակության՝ Անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի մասնագիտական տերմինաբանական բառարան,
2) «Պատահարների և վթարային իրավիճակների դեպքում կապի վերաբերյալ գործնական ուղեցույց» EPR-IEComm (2012),
3) «Միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակներում պատրաստվածություն և արձագանքում» ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերի շարք (N GSR Part 7):
Հոդված 2
1. Միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների մասին օպերատիվ իրազեկման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով այն Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել նման վթար.
համաձայն ԱԷՄԳ-ի՝ N GSR Part 7 հրատարակման անվտանգության ընդհանուր պահանջների՝ կատարում է իրադարձության նույնացում և դասակարգում,
անհապաղ իրազեկում է մյուս Կողմին, եթե իրադարձությունը, համաձայն Համաձայնագրի 2-րդ հոդվածի, կարող է համարվել միջուկային վթար կամ ճառագայթային վթարային իրավիճակ և դասակարգվում է որպես տագնապ կամ վթարային իրավիճակ՝ ԱԷՄԳ-ի՝ N GSR Part 7 հրատարակմանը համապատասխան, և մյուս Կողմին անհապաղ ներկայացնում է առկա տեղեկատվությունը միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի վերաբերյալ՝ Ազդարարման մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Նման իրազեկումը հնարավորության դեպքում պետք է պարունակի նախնական գնահատական` ըստ միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակի (այսուհետև՝ INES սանդղակ): Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի INES սանդղակով տրված գնահատականի բացակայությունը չպետք է հանգեցնի իրազեկման ուշացման,
լրացնում է ներկայացված տեղեկատվությունը համապատասխան անհրաժեշտ պարբերականությամբ միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի զարգացման վերաբերյալ տվյալներով՝ ներառյալ դրա կանխատեսելի կամ իրական դադարեցումը,
իրավունք ունի օգտագործելու այն առաջարկությունները, որոնք շարադրված են ԱԷՄԳ-ի EPR-IEComm (2012) հրատարակությունում և դրա 1-ին հավելվածում՝ «Կոնտակտային տեղեկատվություն, հսկողական ցուցակներ և ձևաչափեր» (EPR-IEComm, հավելված 1), ինչպես նաև հասցեագրքում առկա պաշտոնական կոնտակտային տվյալներ, որոնք հասանելի են ԱԷՄԳ-ի՝ պատահարների և վթարային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական համակարգի (USIE) ինտերնետային ցանցում,
իրավունք ունի ստանալու տեղեկատվության հասանելիություն, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի՝ պատահարների և վթարային իրավիճակների կենտրոնի միջոցով (IEC), ինչպես նաև՝ օգտագործելու պատահարների և վթարային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական համակարգը (USIE) և ԱԷՄԳ-ի՝ վթարային պատրաստվածության և արձագանքման էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (EPRIMS),
իրավունք ունի փոխանակելու ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային արտանետման հետ կապ ունեցող՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքում ստացված օպերատիվ տեղեկատվությունը՝ այդ թվում օգտագործելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում առկա մոնիտորինգի համակարգերը և Ռուսաստանի Դաշնության տարածքում ճառագայթային իրադրության մոնիտորինգի միասնական պետական ավտոմատացված համակարգը (ՃԻՄՄՊԱՀ):
2. Երկու Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապ ունեցող բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղեկացնող Կողմը համարում է կարևոր, եթե անգամ նման տեղեկատվությունը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք դուրս են սույն Արձանագրության կիրառման ոլորտից: Նման իրադարձությունները կարող են ներառել հետևյալ օրինակները.
աննշան արտանետումներ և չնախատեսված իրավիճակներ, որոնց ժամանակ պահանջվում են կամ կարող են պահանջվել պաշտպանական միջոցառումներ,
բացառիկ իրադարձություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հասարակության համար:
3. Այն Կողմը, որի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, տեսակոնֆերանս կապը և էլ. փոստի հասցեները) փոփոխվել են, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է մյուս Կողմին սույն Արձանագրության հավելվածում նշված կապի ազգային կետերի միջոցով՝ պատճենը տրամադրելով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և Վիեննայում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությանը:
Հոդված 3
1. Կողմերի կողմից միջուկային տեղակայանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը իրականացվում է Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն:
2. Հայկական կողմը Ռուսական կողմին է տրամադրում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հետևյալ տեղակայանքների վերաբերյալ.
հայկական ԱԷԿ,
աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան (ԱՄՎՉՊ):
3. Ռուսական կողմը Հայկական կողմին է տրամադրում տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության տարածքում խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հետևյալ տեղակայանքների վերաբերյալ.
Նովովորոնեժի ԱԷԿ,
Ռոստովի ԱԷԿ:
4. Կողմերն ամեն տարի միմյանց փոխանցում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման միջուկային տեղակայանքների շահագործման ռեժիմները բնութագրող անցած տարվա հետևյալ ամփոփ տեխնիկական տեղեկատվությունը.
տվյալներ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ատոմային էլեկտրակայանների անվտանգության համակարգերի ու կառուցվածքների վերաբերյալ,
տվյալներ թարմ և աշխատած վառելիքի, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ռադիոակտիվ թափոնների պահեստարանների մասին, (ռադիոակտիվ նյութերի տեղակայման, արտանետման և շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն),
տեղեկատվություն տեղակայանքների ճառագայթային պաշտպանության միջոցների՝ ներառյալ ռադիոակտիվ նյութերի արտանետման սահմանափակումների վերաբերյալ,
ընդհանուր տեղեկատվություն միջուկային տեղակայանքները շահագործող կազմակերպության վերաբերյալ,
միջուկային տեղակայանքների շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման համար գործնական միջոցառումների մասին տեղեկատվություն՝ ներառյալ միջուկային տեղակայանքների շահագործման անվտանգության ապահովման և միջուկային վթարների արձագանքման վարժանքների և դասընթացների անցկացման մասին:
5. Կողմերն ամեն տարի միմյանց տեղեկացնում են այն միջուկային տեղակայանքների շահագործման փորձի մասին, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը: Տեղեկատվությունը ձևակերպվում է ատոմային էլեկտրակայանների, թարմ և աշխատած վառելիքի պահեստարանների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման վերաբերյալ հաշվետվությունների ձևով: Հաշվետվությունները կներառեն ընդհանուր տեղեկատվություն ռադիոակտիվ նյութերի արտանետման, մասնագիտական ճառագայթման տարեկան դոզաների և շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:
6. Կողմերն ամեն տարի միմյանց տեղեկացնում են ատոմային նոր էլեկտրակայանների շինարարություն սկսելու, այն միջուկային տեղակայանքների շահագործման մեկնարկի և շահագործումից հանելու վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը:
7. Կողմերը, միմյանց խնդրանքով, կարող են խորհրդակցություններ անցկացնել` ճշգրտելու համար ստացվող տեղեկատվությունը:
Հոդված 4
1. Միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների վերաբերյալ իրազեկումը կատարվում է ֆաքսի և էլեկտրոնային փոստի միջոցով: Լրացուցիչ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ճիշտ ժամանակին՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով, տեսակոնֆերանս կապով կամ կապի այլ միջոցներով:
2. Սույն Արձանագրության շրջանակներում չի կատարվում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:
3. Կողմերն ապահովում են տրամադրվող տեղեկատվության հասանելիություն միայն համապատասխան թույլտվություն ունեցող աշխատակազմին և ապահովում են դրա օգտագործումը միայն Կողմերի և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների կողմից Համաձայնագրով նախատեսված նպատակներով:
4. Սույն Արձանագրության շրջանակներում ստացվող տեղեկատվությունը չի հրապարակվում և չի փոխանցվում երրորդ կողմի՝ առանց տեղեկատվությունը փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն փոխանցվող տեղեկատվությունն անհրաժեշտ է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի մասին օպերատիվ իրազեկման համար՝ ճառագայթման հետևանքով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բնակչության կյանքին և առողջությանը իրական, պոտենցիալ կամ կանխատեսվող վնասի կանխարգելման կամ նվազեցման համար:
5. Միջուկային տեղակայանքների մասին տեղեկատվությունը տրամադրվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ և ձևակերպվում է գրավոր հաշվետվության տեսքով:
Հոդված 5
Կողմերը, միմյանց խնդրանքով, կարող են անցկացնել լրացուցիչ երկկողմ հանդիպումներ միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների մասին օպերատիվ իրազեկման գործընթացի կատարելագործման հարցերի և այն միջուկային տեղակայանքների մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը, այլ տեղեկատվության քննարկման համար, որը վերաբերում է միջուկային վթարների վթարային արձագանքմանը, ինչպես նաև Կողմերի միջև համատեղ հակավթարային վերապատրաստումների և վարժանքների կազմակերպմանը:
Հոդված 6
1. Կողմերի միջև սույն Արձանագրության դրույթների կիրառմանը և (կամ) մեկնաբանմանն առնչվող՝ առաջացած ցանկացած տարաձայնություն կարգավորվում է Կողմերի միջև՝ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
2. Սույն Արձանագրությունը չի շոշափում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
3. Սույն Արձանագրության դրույթների կատարման կապի ազգային կետերը, կապի միջոցները և Կողմերի միջև փոխգործակցության ընթացակարգերն ամրագրված են սույն Արձանագրության հավելվածում: Հավելվածն ունի խորհրդատվական բնույթ, չի կազմում սույն Արձանագրության անբաժանելի մասը և Կողմերի համար իրավաբանորեն պարտավորեցնող չի հանդիսանում՝ միջազգային կամ ազգային իրավունքի համաձայն: Հավելվածում կապի միջոցներին վերաբերող տեղեկատվության փոփոխությունները կատարվում են սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Մյուս բոլոր փոփոխությունները կարող են կատարվել Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ՝ գրավոր:
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել գրավոր փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Արձանագրության անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրությունների տեսքով:
5. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում սույն Արձանագրությունը դադարեցնում է իր գործողությունն այդ ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո:
7. Մի Կողմի կողմից սույն Արձանագրության գործողությունը դադարեցնելու մյուս Կողմի մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո Կողմերը անհապաղ անցկացնում են խորհրդատվություններ՝ Կողմերի՝ Համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հնարավորության վերաբերյալ:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2017թ. հունվարի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ» ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ՝ 2015 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
Սույն Հավելվածը սահմանում է Արձանագրության դրույթների իրականացմանն առնչվող կոնտակտային կետերը, կապի միջոցները և Կողմերի միջև փոխգործակցության ընթացակարգերը:
Փոստային հասցե և տվյալներ
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Փոստային հասցե՝ 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն, 3,
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝ +374 11526365
Հեռախոս՝ + 374 11 523447
Էլ. Փոստ՝ minenergy@minenergy.am
artpetrosyan@minenergy.am
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Փոստային հասցե՝ 0010, ք. Երևան, Տիգրան Մեծ, 4
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս՝ +374 10 543997, +374 10 541719
Հեռախոս՝ + 374 10 564997, +374 10 543996, +374 93 250250
Էլ. Փոստ՝ info@anra.am; a.melkumyan@anra.am
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիա
Փոստային հասցե՝ 119017, ք. Մոսկվա, Բոլշայա Օրդինկա փ., 24
Ռուսաստանի Դաշնություն
Ֆաքս՝ +7 495 230 24 20
Հեռախոս՝ + 7 499 949 45 35
Էլ. Փոստ՝ info@rosatom.rս
Կապի ազգային կետեր
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Ֆաքս՝ +374 10 360 287 /24 ժամ/
Հեռախոս՝ +374 10 360 287 /24 ժամ/
+374 99 317112
Էլ. Փոստ՝ cmc@mes.am
chkak@mes.am
Ռուսաստանի Դաշնության համար՝ «Ռոսատոմի ԻՃԿ» ԴՊՈՒՁ (այսուհետև՝ ԻՃԿ)
Ֆաքս՝ +7 495 933 6045 /24 ժամ/
+7 499 949 2435 /24 ժամ/
Հեռախոս՝ + 7 495 933 6044 /24 ժամ/
+7 499 949 2361 /24 ժամ/
+7 499 949 2311 /24 ժամ/
Էլ. Փոստ՝ dispetcher@skc.ru /24 ժամ/
dispatcher@skc.ru /24 ժամ/
skc@skc.ru
Կոնտակտային տվյալների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին միմյանց անհապաղ տեղեկացնում են գրավոր:
Իրազեկում և կապի միջոցներ
1. ԻՃԿ-ն, համաձայն Արձանագրության դրույթների, իրազեկում է Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, հետևյալ դեպքերում.
Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 300 կմ հեռավորության վրա՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռադիացիոն մոնիտորինգի ցանկացած տեղակայանքի արձանագրած արտաքին ռադիացիոն ֆոնի մակարդակի բարձրացման,
ռուսական միջուկային տեղակայանքներում տագնապի կամ վթարային իրավիճակների, որը, Համաձայնագրի համաձայն, պահանջում է կամ կարող է պահանջել հրատապ միջոցառումներ:
Վերոնշյալ դեպքերում՝ տեղեկատվության հաստատման և ճշգրտման դեպքում, ԻՃԿ-ն պարտավոր է իրազեկել Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, սեղմ ժամկետում՝ 60 րոպեից ոչ ավել ժամանակահատվածում:
2. Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, Արձանագրության դրույթների համաձայն, իրազեկում է ԻՃԿ-ին հետևյալ դեպքերում.
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռադիացիոն մոնիտորինգի ցանկացած կետից արտաքին ռադիացիոն ազդեցության սահմանված մակարդակի բարձրացման վերաբերյալ ստացված՝ հաստատված հաղորդագրության,
Հայաստանի Հանրապետության միջուկային տեղակայանքներում տագնապի և վթարային իրավիճակների:
Վերոնշյալ դեպքերում՝ տեղեկատվության հաստատումից և ճշգրտումից հետո Հայաստանի Հանրապետության կապի ազգային կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, պարտավոր է իրազեկել ԻՃԿ-ին սեղմ ժամկետում՝ 60 րոպեից ոչ ավել ժամանակահատվածում:
Իրազեկման ընթացակարգեր
1. Օպերատիվ իրազեկումը կատարվում է հատկացված ֆաքսային գծի միջոցով:
2. Տեղեկատվության փոխանակման ընթացքում օգտագործվում են ԱԷՄԳ-ի EPR-IEComm (2012) փաստաթղթով սահմանված կարգը, միջոցները և ձևերը:
3. Առաջնային իրազեկումը կատարվում է հատկացված ֆաքսային գծի միջոցով: Հետագա տեղեկատվությունը կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով, հեռախոսով և ֆաքսով: Կողմերը կարող են տեղեկատվությունը տեղադրել իրենց պաշտպանված կայքէջում, ինչպես նաև օգտագործել տեսակոնֆերանս կապ:
4. Օպերատիվ իրազեկման ընթացակարգերի իրականացման շրջանակներում հիմնական շփման լեզուն ռուսերենն է:
5. Կողմի պետության տարածքում միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում այդ Կողմի համաձայնությամբ մյուս Կողմը վթարային արձագանքման գործողություններին հետևելու և տեղեկատվության փոխանակմանն աջակցելու նպատակով իր միջոցների հաշվին կարող է ուղարկել իր ներկայացուցիչներին:
Կապի միջոցների ստուգում և ուսուցում
1. Կապի միջոցները, այդ թվում՝ տեսակոնֆերանսի համար նախատեսվածները, պետք է փորձարկվեն տարեկան երկու անգամ: Այդ դեպքում ԻՃԿ-ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն հերթականությամբ հաղորդագրություն են ուղարկում ֆաքսով: Այդպիսի հաղորդագրության ստացման հաստատումը պետք է ուղարկվի դա ստանալու պահից մեկ ժամվա ընթացքում:
2. Կողմերը միմյանց տեղեկացնում են Կողմերից յուրաքանչյուրի ԱԷԿ-ում անցկացվող ուսումնական վարժանքների մասին, ինչպես նաև կարող են միմյանց հրավիրել մասնակցելու ուսումնական վարժանքների կամ հրավիրել Կողմերի դիտորդների:
3. Կողմերը կարող են անցկացնել համատեղ ուսումնական վարժանքներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Ռուսաստանի Մինատոմի վթարատեխնիկական կենտրոնի» (ք. Սանկտ Պետերբուրգ) և ԻՃԿ-ի հետ միջուկային և ռադիացիոն միջադեպերին ժամանակին արձագանքելու վերաբերյալ, ինչպես նաև միջուկային նյութերի փոխադրման և տիրազուրկ ռադիաոակտիվ ճառագայթային աղբյուրների հայտնաբերման վերաբերյալ:
Համագործակցության լրացուցիչ մեխանիզմներ
1. Կողմերը սույն Արձանագրության իրականացման նպատակով պետք է նշանակեն համակարգող անձանց: Կողմերը պետք է միմյանց հաղորդեն համակարգող անձանց անունները, ազգանունները և կոնտակտային տվյալները:
2. Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել օբյեկտներում և դրանց սահմաններից դուրս վթարային իրավիճակների արձագանքման շրջանակներում պլանավորված միջոցառումների՝ ներառյալ պաշտպանիչ գործողությունների չափորոշիչների մասին, եթե այդ տեղեկատվությունը համարում են կարևոր: Կողմերը կարող են միմյանց տեղեկացնել այդ պլանավորված միջոցառումների փոփոխման մասին:
3. Կողմերը կարող են համաձայնեցնել վթարային իրավիճակներում գործողությունների հետ կապված համատեղ նախապատրաստական աշխատանքների այլ ձևեր:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 11-ին
