ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
18 հունիսի 1998 թ.
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության դատարանների համակարգը և դրանց կազմավորումը որոշվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
Հոդված 2. |
Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից |
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:
Հոդված 3. |
Արդարադատության իրականացումը |
Արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է`
1) մարդու և քաղաքացու ազատությունները, իրավունքներն ու օրինական շահերը, պետության և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող քաղաքացիական, տնտեսական վեճերի վերաբերյալ գործեր դատական նիստերում քննելու և լուծելու միջոցով.
2) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և լուծելու միջոցով.
3) դատական նիստերում հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու և արդարացնելու միջոցով:
Հոդված 4. |
Դատական պաշտպանության իրավունքը |
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:
Հոդված 5. |
Հավասարությունը օրենքի և դատարանի առջև |
Օրենքի և դատարանի առջև բոլորը հավասար են և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:
Քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 6. |
Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան |
Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:
Հոդված 7. |
Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը |
Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Վերաքննիչ դատարանում գործերը քննվում են երեք դատավորի կազմով:
Վճռաբեկ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ` պալատի դատավորների մեծամասնության և նախագահողի կազմով:
Հոդված 8. |
Դատավարության լեզուն |
Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու և դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունք:
Հոդված 9. |
Գործերի քննության հրապարակայնությունը |
Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:
Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:
Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:
Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության դատական համակարգը |
Հայաստանի Հանրապետությունում գործում են`
1) առաջին ատյանի դատարանները.
2) վերաքննիչ դատարանները.
3) վճռաբեկ դատարանը:
Հոդված 11. |
Դատավորների նշանակումը |
Առաջին ատյանի դատարանների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ դատարանների նախագահներին և դատավորներին, վճռաբեկ դատարանի նախագահին, նրա պալատների նախագահներին և դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
Հոդված 12. |
Դատական վիճակագրության արդյունքների և դատական պրակտիկայի ամփոփումը, դատական ակտերի կատարումը |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`
1) ամփոփում է դատական վիճակագրության արդյունքները.
2) կազմակերպում և իրականացնում է դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների հարկադիր կատարումը.
3) ուսումնասիրում և ամփոփում է դատական պրակտիկան:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 13. |
Առաջին ատյանի դատարանների հասկացությունը և դրանց տեղաբաշխումը |
Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, տնտեսական, քրեական, զինվորական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը:
Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի տասնյոթ դատարան:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործում է առաջին ատյանի մեկ դատարան, որի դատական տարածքը տվյալ մարզի վարչական տարածքն է: Երևան քաղաքում գործում է առաջին ատյանի յոթ դատարան, որոնցից յուրաքանչյուրի դատական տարածքը տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքն է:
Առաջին ատյանի դատարանների նստավայրերը գտնվում են համապատասխան մարզի (համայնքի, համայնքների) վարչական տարածքում:
Հոդված 14. |
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանները և դրանց կազմը |
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններն են`
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով.
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 2 դատավորի կազմով.
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով.
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 3 դատավորի կազմով.
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 4 դատավորի կազմով:
Հոդված 15. |
Մարզերի առաջին ատյանի դատարանները և դրանց կազմը |
Մարզերի առաջին ատյանի դատարաններն են`
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 3 դատավորի կազմով.
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 3 դատավորի կազմով.
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 1 դատավորի կազմով.
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով: (15-րդ հոդվածը փոփ. 28.04.99 ՀՕ-300)
Հոդված 16. |
Առաջին ատյանի դատարանի նախագահը |
Առաջին ատյանի դատարանի նախագահը`
1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.
5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 17. |
Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը |
Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում են դատական նիստերի քարտուղարի և օգնականի մեկական հաստիքներ:
Դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և տեղաբաշխումը |
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:
Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող է գործը քննել լրիվ ծավալով:
Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:
Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան`
1) քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
3) քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Վերաքննիչ դատարանների նստավայրը Երևան քաղաքն է: (18-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72)
Հոդված 19. |
Վերաքննիչ դատարանի նախագահը |
Վերաքննիչ դատարանի նախագահը`
1) իրականացնում է վերաքննիչ դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.
5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 20. |
Վերաքննիչ դատարանի աշխատակազմը |
Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:
Վերաքննիչ դատարանին տրամադրվում են նիստերի քարտուղարի հաստիքներ` յուրաքանչյուր երեք դատավորին մեկ հաստիք հաշվարկով:
Վերաքննիչ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 21. |
Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը տեղաբաշխումը |
Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:
Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական և տնտեսական գործերով պալատից.
3) քրեական և զինվորական գործերով պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից:
Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքն է: (21-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72)
Հոդված 22. |
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը |
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են`
1) քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
2) քրեական դատավարությունում դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
3) նոր ի հայտ եկած հանգամանքները:
Հոդված 23. |
Վճռաբեկ դատարանի նախագահը |
Վճռաբեկ դատարանի նախագահը դատավոր է:
Վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատի նիստերը.
3) գրանցում է փաստաբանների միությունները.
4) գրանցում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին.
5) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
6) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.
7) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
8) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը.
9) վարում է դատական վիճակագրությունը.
10) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
11) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 24. |
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը |
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը`
1) վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ վարում է պալատի նիստը.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ ժամանակավորապես իրականացնում է վերջինիս լիազորությունները:
Հոդված 25. |
Վճռաբեկ դատարանի աշխատակազմը |
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատին տրամադրվում են նիստերի քարտուղարի երկու և գործավարի մեկ հաստիքներ: Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 26. |
Դատարանների նախագահների խորհրդի կազմը |
Դատարանների նախագահների խորհուրդը կազմված է վճռաբեկ դատարանի, նրա պալատների, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի դատարանների նախագահներից:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի նախագահն է:
Դատարանների նախագահների խորհրդի գործունեությանն աջակցելու նպատակով վճռաբեկ դատարանի աշխատակազմում ստեղծվում է առանձին կառուցվածքային միավոր, որն իրականացնում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի լիազորությունները:
Հոդված 27. |
Դատարանների նախագահների խորհրդի լիազորությունները |
Դատարանների նախագահների խորհուրդը`
1) քննարկում է վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր.
2) ամփոփում է դատական պրակտիկան և դրա հիման վրա տալիս օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.
4) օրենքով նախատեսված դեպքում դիմում է Հանրապետության նախագահին օրենքների, Ազգային Ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ.
5) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման կարգերը.
6) մշակում և հաստատում է «Դատավորի վարքագծի կանոնագիրքը».
7) կազմում և սահմանված կարգով, ըստ յուրաքանչյուր դատարանի, կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը.
8) հաստատում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը.
9) նշանակում և ազատում է դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավարին.
10) սահմանում է դատարանների նախագահների խորհրդի և դատարանների աշխատակազմերի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը, ինչպես նաև դատարաններում գործավարության կարգի մասին հրահանգը.
11) կազմակերպում է դատավորների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 28. |
Դատարանների նախագահների խորհրդի գործունեության կարգը |
Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգի հիման վրա:
Դատարանների նախագահների խորհրդի նիստերը հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի նախագահը կամ նրա առաջարկով` այլ դատարանի նախագահ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` նիստին մասնակից խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Դատարանների նախագահների խորհրդի նիստին կարող են հրավիրվել դատավորներ, իրավաբան գիտնականներ, ինչպես նաև այլ մասնագետներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. |
Դատարանների ֆինանսավորումը |
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին տողով:
Հոդված 30. |
Դատարանի կնիքը |
Յուրաքանչյուր դատավոր ունի համարակալված, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:
Ֆինանսական գործառույթների իրականացման համար դատարանի նախագահին տրամադրվում է կնիք` այդ դատարանի անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
Հոդված 31. |
Դատական իշխանության խորհրդանիշները |
Դատարանի շենքի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Դատարանի նիստերի դահլիճում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:
Հոդված 32. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
Սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի դրույթը` արդարադատության նախարարության` դատավճիռների կազմակերպման և իրականացման լիազորության մասով, ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 1-ից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել` Հայկական ԽՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայկական ԽՍՀ դատարանակազմության մասին» օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայկական ԽՍՀ պետական արբիտրաժի մասին կանոնադրության հաստատման և պետական արբիտրաժների կողմից տնտեսական վեճերի քննարկման կանոնների մասին» N 535 որոշումը, 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:
Հոդված 33. |
Անցումային դրույթներ |
Սույն օրենքի 26-28 հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից: Ընդ որում`
ա) դատարանների նախագահների խորհուրդը մինչև 1999 թվականի հունվարի 12-ը գործում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների և շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահների կազմով.
բ) սույն հոդվածում նշված կազմով դատարանների նախագահների խորհուրդը չի իրականացնում սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|