ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.
«7.1. Երևանի ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝
1) օրենքով նման իրավունք ունեցող անձինք.
2) Երևանի գլխավոր ճարտարապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները.
3) Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները կամ այլ անձինք:
7.2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որն ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:»:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հաստատում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.»:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «և ապահովում նրա բնականոն գործունեությունը» բառերով.
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
«14.1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-256-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|