Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-89-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.20/45(1058) Հոդ.606
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Վարչական դատարան կարող են դիմել նաև դատավորները Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  31.1

 

 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 222.1.

Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը

 

1. Վարչական դատարան կարող են դիմել դատավորները՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:

4. Սույն գլխով նախատեսված գործերի վրա տարածվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն գլխով նախատեսված գործերի քննության վրա:»:

 

Հոդված 4.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

Սույն օրենքը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-89-Ն