Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2013-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.504
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-13-րդ մասերով.

 

«Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:»:

 

Հոդված 2. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-32-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան