ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2010 թվականի N 574-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 574-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային համակարգի գործունեության ծրագիրը
1. Տրանսպորտային համակարգի, որպես Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքի բաղկացուցիչ մասի, արդյունավետ և անխափան գործունեությունը կարևորագույն և անհրաժեշտ պայման է տնտեսության կայունացման, զարգացման և կառուցվածքային բարեփոխման, երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության, ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:
2. Երկրի ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է բարձրացնել տրանսպորտի զորահավաքային պատրաստականության մակարդակը՝ հատուկ պայմաններում դրա հստակ աշխատելու ունակությունը պահպանելու ճանապարհով:
3. Երկրի պաշտպանունակության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտի հստակ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է`
1) մշակել ավտոմոբիլային տրանսպորտի զորահավաքային նախապատրաստության պլանը.
2) մշակել ավտոմոբիլային ճանապարհների զորահավաքային նախապատրաստության պլանը.
3) մշակել կապի բնագավառի զորահավաքային նախապատրաստության պլանը:
4. Երկրի տնտեսական անկախության ապահովման համար տրանսպորտային համակարգը հարկավոր է պահել զարգացման և գործունեության այնպիսի մակարդակի վրա, որը`
1) ցանկացած պայմաններում կբավարարի տնտեսության, զինված ուժերի և բնակչության տրանսպորտային ծառայությունների պահանջները.
2) կպահպանի երկրի տնտեսական միասնությունը, պայմաններ կստեղծի մարզերի միջև տնտեսական տրանսպորտային կապերի զարգացման համար:
5. Տնտեսության արմատական փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը հաշվի առնելով` անհրաժեշտ է իրականացնել այնպիսի պետական տրանսպորտային քաղաքականություն, որը տնտեսության և սոցիալական զարգացման ոլորտում հաշվի կառնի տրանսպորտի առանձնահատկությունները և դերը:
6. Տրանսպորտային համակարգի պետական քաղաքականության ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի այնպիսի տրանսպորտային համակարգի ձևավորմանը, որը կապահովի ուղևորների և բեռների երաշխավորված փոխադրումը, պաշտպանական, բնապահպանական և այլ հատուկ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապրանքների գներում տրանսպորտային բաղադրիչի նվազեցումը, այդ թվում` այլընտրանքային, ավելի էժան ու մաքուր վառելիքների, մասնավորապես, սեղմված բնական գազի, օգտագործման ծավալների ավելացման ճանապարհով:
7. Տրանսպորտի զարգացումը պետք է ուղղված լինի ուղևորների և բեռների փոխադրման պահանջարկի բավարարմանը, արտադրության այլ ճյուղերի գործունեության խթանմանը, արտաքին առևտրի զարգացմանը: Այն պետք է կազմի երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման բաղկացուցիչ մասը, բավարարի կապիտալ ներդրումների տնտեսական պահանջները և կանխատեսի տրանսպորտի բոլոր տեսակների տեխնիկական վիճակի զգալի բարելավում և կատարելագործում` ապահովելով էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծումը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցներից վտանգավոր արտանետումների կրճատումը:
8. Տրանսպորտի տեխնիկական վերազինումը և զարգացման ուղղությունը պետք է համընկնեն ինչպես տրանսպորտային համակարգի արդյունավետ ձևավորման, այնպես էլ կոնկրետ տնտեսական պահանջների հետ և տնտեսության զարգացման ազգային մակարդակի բարձրացմանը զուգընթաց համապատասխանեն ժամանակակից միջազգային չափանիշների պահանջներին` ապահովելով նաև
շրջակա միջավայրի պահպանությունը և բնակչության առողջության պաշտպանությունն ավտոտրանսպորտային միջոցների արտածվող գազերում պարունակվող աղտոտող նյութերի ազդեցությունից:
9. Նշված խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական բարեփոխումներին համապատասխան իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, կատարելագործել տնտեսական և օրենսդրական հիմքը, ինչպես նաև կատարելագործել տրանսպորտային համակարգի պետական կարգավորման մեխանիզմները:
10. Տրանսպորտի համակարգի տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը գործունեության արդյունավետության բարձրացումն է, որի հիմքում սեփականատիրոջ ակտիվությունն է, տրանսպորտային ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկայի զարգացումը, պետություն-մասնավոր սեկտոր հատվածի համագործակցության կանոնակարգումը:
11. Տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորման գործում կարևոր տեղ է տրվում մարքեթինգային կառույցներին, փոխադրողների ընտրությանը, ինչպես նաև լիցենզավորման և սերտիֆիկացման համակարգերին, որոնք պետք է ապահովեն բարձր որակավորում ունեցող ցանկացած փոխադրողի և տեխնիկապես սարքին փոխադրամիջոցի մուտքը նշված շուկան:
12. Բարեփոխումների նոր ժամանակահատվածում անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացին զուգահեռ ապահովել մասնավորեցված ընկերությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
13. Տրանսպորտային համակարգի հետագա զարգացման և բարեփոխման կարևորագույն ուղղություններն են լինելու`
1) պետական տրանսպորտային քաղաքականության իրականացումը.
2) տրանսպորտային կազմակերպությունների գործունեության պետական կարգավորման համակարգի ձևավորումը.
3) նոր տնտեսական պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումը.
4) ընդհանուր օգտագործման տրանսպորտի, այդ թվում` քաղաքային էլեկտրական տրանսպորտի զարգացման առաջնահերթության ապահովումը, ինչպես նաև հաշմանդամների և սակավաշարժուն այլ խմբերի համար հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) տրանսպորտային ծառայությունների լիարժեք շուկայի կայացման արդյունքում սահմանամերձ լեռնային և բարձրլեռնային գոտիներում բնակչության կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության մակարդակի բարձրացումը:
14. Իրավական դաշտը, որպես տրանսպորտային գործունեության պետական կարգավորման հիմք, պետք է նպաստի սեփականության տարբեր ձևերով և կառուցվածքով տրանսպորտային կազմակերպությունների ստեղծմանը, ապահովի տրանսպորտային տարբեր համակարգերի արդյունավետ համագործակցությունը, տրանսպորտային ծառայություններից օգտվողների շահերի պետական պաշտպանվածությունը, տրանսպորտային գործունեության անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:
15. Տրանսպորտի զարգացման հիմնական խնդիրներից են նաև նոր ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը և գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղու տեխնիկական մակարդակի հետագա բարձրացումը:
16. Ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների վիճակի բարելավման և զարգացման նպատակով կարևորվում են հետևյալ աշխատանքների կատարումը`
1) (Մ-3) Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների իրականացումը.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ և ապահովել Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացումը.
3) Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ ֆինանսական աղբյուրների շրջանակներում գյուղական բնակավայրերն սպասարկող ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը` ապահովելով դրանց անցանելիությունը:
17. Ներկայումս հրատապ է մնում հանրապետության լեռնային և սահմանամերձ բնակավայրերի կայուն կապի ապահովումը մարզկենտրոնների հետ և արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության դեպքում դրանց տրանսպորտային սպասարկման հարցը:
18. Երկրի արտաքին առևտրական կապերի ապահովման, միջազգային տրանսպորտային շուկայում հայրենական ուղևորափոխադրողների և բեռնափոխադրողների, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի դիրքերի պաշտպանության, մրցունակության ապահովման և զարգացման, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգն աստիճանաբար համաշխարհային տրանսպորտային համակարգի հետ ինտեգրման համար անհրաժեշտ է`
1) ձևավորել տրանսպորտային համակարգի միջազգային նորմերին համապատասխան օրենսդրական դաշտ.
2) նախաձեռնել միջպետական երկկողմ և բազմակողմ նոր համաձայնագրերի մշակում և ստորագրում, միջազգային կոնվենցիաներին և պայմանագրերին անդամակցում.
3) ընդլայնել և խորացնել համագործակցությունը տրանսպորտային միջազգային կազմակերպությունների հետ.
4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ դարձնել միջազգային երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում երկրի կողմից ստանձնված պարտավորություններին, այդ թվում` մշակել տրանսպորտային միջոցներին և միջազգային տրանսպորտային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող տեխնիկական պահանջները և գործունեության կարգը սահմանող նոր իրավական նորմատիվ ակտեր` ապահովել վերջիններիս ընդունումը և կիրառումը.
5) իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն միջազգային տրանսպորտային գործունեություն իրականացնող հայկական և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա փոխադրողների և ձեռնարկատերերի նկատմամբ:
19. Միջազգային տրանսպորտային փոխադրումների որակական փոփոխությունների համար կարևորագույն նշանակություն ունի «Եվրոպա-Կովկազ-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի», «Հիմնական տրանսեվրոպական տրանսպորտային առանցքները դեպի հարևան պետություններ և տարածաշրջաններ ընդլայնելու հարցերով բարձրաստիճան խմբի», «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին», ՄԱԿ-ի «Տրանսասիական երկաթուղային ցանցի մասին» և «Տրանսեվրոպական մայրուղային ցանցի մասին» համաձայնագրերի շրջանակներում ընդունված հիմնական երթուղիների ակտիվ զարգացումը, ենթակառուցվածքների կատարելագործումը և բեռնահոսքերի ներգրավումը:
20. Եվրամիության, եվրոպական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների հետ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության վարման նպատակով Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակության խնդիրներ են համարվում`
1) տրանսպորտային օրենսդրության համաձայնեցված մշակումն ու միասնականացումը.
2) ընդհանուր տրանսպորտային համակարգերի համաձայնեցված զարգացումը.
3) տրանսպորտային գործընթացների տեղեկատվական միասնական համակարգի (վարչական ռեգիստրի) ստեղծումը.
4) ավտոմոբիլային տրանսպորտի ազատ տեղաշարժի ապահովումը:
21. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ և հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանի պետությունների հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովումն ու շրջափակման վերացումն է:
22. Հայաստանի տրանսպորտային բնագավառի բնականոն գործունեության ապահովման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում Վրաստանը, որը Հայաստանի Հանրապետության համար ներկայումս հանդիսանում է միակ տարանցիկ երկիրը դեպի ԱՊՀ և եվրոպական պետություններ: Վրաստանի հետ հարաբերություններում առաջնահերթ դիտարկվում են վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստները, որոնք միակ գործող մուտք են հանդիսանում դեպի Սև ծով: Նավահանգիստների միջոցով ԱՊՀ և եվրոպական պետությունների հետ Հայաստանի Հանրապետության կապն առավել հուսալի դարձնելու նպատակով անհրաժեշտ է աշխատանքներ տանել նշված նավահանգիստների ենթակառուցվածքներում հայկական կապիտալի ներթափանցման ուղղությամբ: Հատկապես կարևոր է դիտարկել հայկական թե՛ մասնավոր և թե՛ պետական ներդրումների միջոցով սեփական երկաթուղաավտոմոբիլային համապիտանի լաստանավի ձեռքբերումը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է շարունակել աշխատանքները երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման, ինչպես նաև վրաց-ռուսական սահմանի բացման ուղղությամբ:
23. Նշված միջոցառումները կնպաստեն Հայաստանի Հանրապետության` որպես տարանցիկ երկրի ներուժի մեծացմանը, առևտրական կապերի զարգացմանը և հայկական բեռների փոխադրումների ծավալների մեծացմանը և հայկական փոխադրողներին միջազգային շուկայում մրցունակության ապահովմանը:
24. Հայաստանի Հանրապետության համար որպես տարանցիկ պետություն դեպի Մերձավոր Արևելք, Արաբական երկրներ և Միջին Ասիա իր նշանակալից տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Առավել մեծ կարևորություն է հանդիսանում դեպի Պարսից ծոց անխափան տրանսպորտային հաղորդակցության ապահովումը:
25. Անհրաժեշտ է հետևողականորեն լուծումներ գտնել Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղիղ երկաթուղային գծի նախագծման ու կառուցման հարցի վերաբերյալ, որն իր արտացոլումն է գտել Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի ութերորդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագրում, ինչպես նաև Հայաստան-Իրան ուղիղ երկաթուղային կապի կառուցման բարձրաստիճան եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան աշխատանքային խմբի օրակարգում:
26. Առանձին քննարկման առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միակողմանի տրանսպորտային շրջափակումը: Շրջափակման արդյունքում հայկական փոխադրողների կողմից այլընտրանքային երթուղիների օգտագործումը և դրա հետևանքով լրացուցիչ մաքսակետերի հատումը բերել են տրանսպորտային ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը, ինչպես նաև ուղևորների և բեռների փոխադրման ժամանակի զգալի աճին և որոշ դեպքերում նաև նշված փոխադրումների անհնարինությանը:
27. Նշված պարագայում առավել նպատակահարմար է աշխատանքներ տանել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները բացելու ուղղությամբ: Մասնավորապես երկու պետություններից անհրաժեշտ է պահանջել այն բազմակողմ համաձայնագրերի դրույթների կատարումը, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան և Ադրբեջանը:
Մեծ կարևորություն ունի նաև Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Թուրքական սահմանների բացման դեպքում կմեծանա նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տարբեր ապրանքատեսակների ծագման երկրների ընտրության հնարավորությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկաթուղային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում հիմնականում ցորեն, շաքար, հեղուկ նավթային բեռներ, պարարտանյութ և մետաղ: Նշված ապրանքատեսակների մեծ մասն այլընտրանքի բացակայության արդյունքում ներմուծվում է ԱՊՀ երկրներից: Սակայն թուրքական ուղղության բացման հետ կմեծանա նաև ապրանքատեսակների ծագման երկրների ընտրությունը: Հնարավոր է նաև վերջիններիս առավել էժան արժեքով ձեռքբերումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ թուրքական նավահանգիստներն ավելի խոշոր են, քան վրացականները, ունեն սպասարկման և պահեստավորման առավել ցածր սակագներ, այդ ապրաքների ներմուծման ուղղությունը կփոխարինվի թուրքականով` չնայած, որ հեռավորությունները դեպի այդ նավահանգիստներ ավելի մեծ են, քան դեպի վրացական նավահանգիստները:
28. Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու կապակցությամբ առաջնահերթ խնդիր է համարվում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումների նպատակաուղղումը հայկական երկաթուղու ենթակառուցվածքի բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալների ապահովմանն ու որակի բարձրացմանը:
29. Կարևոր նշանակություն ունի նաև կոնցեսիոների կողմից կոնցեսիոն պայմանագրի դրույթների ժամանակին և որակով կատարման նկատմամբ լիազոր մարմնի արդյունավետ վերահսկողության իրականացումը:
II. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման համակարգի գործունեության ծրագիրը
30. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ նշանակություն ունի կապի և տեղեկատվայնացման համակարգում իրականացվող ռազմավարությունը:
31. Կապի ոլորտում իրականացվող ռազմավարությունը նպատակաուղղված է`
1) կապի` փոստի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների զարգացմանը և արդիականացմանը.
2) նորագույն տեխնոլոգիաների հիման վրա գործող կապի միջոցների ներդրմանը, համակարգի թվայնացմանը, կառուցման, պահպանման և շահագործման ծախսերի նվազեցմանը, հուսալիության բարձրացմանը.
3) պահուստային ենթակառուցվածքների ստեղծմանը.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կապի համակարգի ընդլայնմանը՝ կիրառելով գծային, ռադիոռելեային, շարժական և արբանյակային կապի միջոցները:
32. Տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող ռազմավարությունը նպատակաուղղված է`
1) տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցող քաղաքականության մշակմանը և կիրառմանը՝ կառուցելով ցանցեր և ներդնելով նոր համակարգչային-տեղեկատվական համակարգեր Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես պետական մարմինների, այնպես էլ ազգաբնակչության լայն զանգվածներին տեղեկատվական համակարգերին հասանելիության ապահովման համար: Պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվող համակարգչային ցանցերի համար ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական աղբյուրներից: Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը մասնավոր սեկտորում, ապա դրա ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն ծավալող օպերատորների գործարար ծրագրերում նախատեսված ֆինանսական աղբյուրներից.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի զարգացմանը և հասարակության լայն շրջանակներին տարատեսակ ինտերնետ ծառայություններով ապահովմանը.
3) ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան մասնագիտական, տեխնոլոգիական, տեխնիկական, ծրագրային և իրավական խնդիրների լուծմանը` ոլորտի զարգացման քաղաքականությանը համահունչ.
4) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում գործելու նպատակով պետական մարմինների միասնական էլեկտրոնային հաղորդակցության համակարգի ստեղծմանը և դրա շահագործման ապահովմանը.
5) տեղեկատվայնացման ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխմանը.
6) սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված գործառույթների լիարժեք իրականացման վերջնաժամկետն է 2015 թվականը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2008-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 14.02.13 N 124-Ն)
NN ը/կ | Միջոցառումների նպատակը | Միջոցառումների անվանումը | Միջոցառումների իրականացումից ակնկալվող արդյունքը | Միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները | Միջոցառում- ների կատարման ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Տրանսպորտային համակարգ | |||||
1. | Երկրի պաշտպանունակության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտի և կապի հստակ աշխատանքի ապահովումը |
1) մշակել ավտոմոբիլային տրանսպորտի զորահավաքային նախապատրաստության պլանը. 2) մշակել ավտոմոբիլային ճանապարհների զորահավաքային նախապատրաստության պլանը. 3) մշակել կապի բնագավառի զորահավաքային նախապատրաստության պլանը. |
արտակարգ իրավիճակների և ռազմական դրության առկայության դեպքում տրանսպորտի համակարգի հստակ գործունեության ապահովումը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության առկայության դեպքում կապի, տեղեկատվության և կառավարման համակարգերի հստակ գործունեության ապահովումը |
Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում: | 2011 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
2. |
Նոր տնտեսական պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտի ընդլայնումը, տրանսպորտային կազմակերպությունների և ուղևորների իրավական պաշտպանվածության ապահովումը |
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
Հայաստանի Հանրապետության քաղաքներում գործող վերգետնյա և ստորգետնյա էլեկտրական տրանսպորտի գործունեության կանոնակարգում |
Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում | 2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
3. | Ավտոմոբիլային ճանապարհների պահպանում և տեխնիկական մակարդակի հետագա բարձրացում |
1. Միջպետական և հանրապետական նշանակության (բացառությամբ մարզային ենթակայության և համայնքային սեփականության կենսական նշանակություն ունեցող) ճանապարհների պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացում
2. Գյուղական համայնքներն սպասարկող մարզային ենթակայության և համայնքային սեփականություն հանդիսացող կենսական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների բարելավում և պահպանում |
Համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում յուրաքանչյուր նշանակության բավարար և լավ վիճակ ունեցող ճանա-պարհների հարաբերությունը տվյալ նշանակության ճանապարհների ընդհանուր երկարության նկատմամբ տոկոսային արտահայտությամբ հասցնել միջպետական` շուրջ 90 տոկոսի, հանրապետական` շուրջ 70 տոկոսի: Համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում գյուղական բնակավայրերն սպասարկող կենսական նշանակության բավարար և լավ վիճակ ունեցող ճանապարհների հարաբերությունը տվյալ նշանակության ճանապարհ-ների ընդհանուր երկարության նկատմամբ տոկոսային արտահայտությամբ հասցնել շուրջ 45 տոկոսի: |
ՀՀ պետական բյուջե
Ասիական զարգացման բանկ
Համաշխարհային բանկ
ՀՀ պետական բյուջե և այլ ֆինանսական միջոցներ |
2010-2012 թթ. 2010-2012 թթ. |
4. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգն աստիճանաբար համաշխարհային տրանսպորտային համակարգի հետ ինտեգրման ապահովում |
Մինչև 2006 թ. Հայաստանի Հանրապետությունն անդամակցում էր ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական և սոցիալական համագործակցության տրանսպորտի բնագավառի 56 համաձայնագրերից ընդամենը 2-ին: Ներկայում նշված համաձայնագրերի թիվը հասել է 9-ի: Այժմ նպատակահարմար է հանդիսանում միանալ ևս մի շարք միջազգային կոնվենցիաներին, այդ թվում` 1) 1968 թ. «Ճանապարհային նշանների մասին» կոնվենցիա` իր 1971 թ. արձանագրություններով. 2) 1956 թ. «Կոմերցիոն ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիային միացում. 3) 1997 թվականին Վիեննայում ընդունված «Անվային տրանսպոր-տային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար միասնական պայմանների ընդունման և այդպիսի զննությունների փոխադարձ ճանաչման մասին» համա-ձայնագրին Հայաստանի Հանրապետության միացման հետ կապված փաստաթղթերի փաթեթի մշակումը. 4)1957 թ. «Վտանգավոր բեռների ավտոմոբիլային փոխադրումների մասին» կոնվենցիային միացում. 5) 1970 թ. «Արագ փչացող բեռների փոխադրումների մասին» կոնվենցիային միացում. 6) Տրանսպորտային գործընթացների տեղեկատվական միասնական համակարգի (վարչական ռեգիստրի) ստեղծումը. |
Հայաստանի Հանրապետության ճանապարհային նշանները միջազգային չափանիշներին համապատասխանեցում, որը կնպաստի օտարերկրյա վարորդների կողմից ՀՀ տարածքում խախտումների նվազեցմանը, ինչպես նաև հայկական փոխադրողների այլ երկրներում կողմնորոշվելու դյուրացմանը: Ընդհանուր առմամբ կոնվենցիան ուղղված է միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը: Կոմերցիոն ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և ներմուծման միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներն այլ պետություն մուտք գործելիս պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից անցկացված տեխնիկական զննության արդյունքների ճանաչումը տվյալ պետության իրավասու մարմինների կողմից վտանգավոր բեռների ավտոմոբիլային փոխադրումների միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորում
Արագ փչացող բեռների փոխադրումների միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորում: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բեռների ընդհանուր ծավալում արագ փչացող բեռների գերակշիռ մասը` նշված կոնվենցիային միացումը կնպաստի նմանատիպ բեռների փոխադրումների որակի բարձրացմանը, ինչպես նաև կորուստների նվազեցմանը:
Եվրոմիության, եվրոպական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների հետ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության վարումը |
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ
միջազգային ֆինանսական կազմակերպությունների դրամաշնորհներ |
2010-2012 թթ.
2010-2012 թթ.
2010-2012 թթ.
2010-2012 թթ.
2010-2012 թթ.
2010-2011 թթ. |
5. | Հանրապետության տնտեսական և հաղորդակցային մեկուսացման փորձերի չեզոքացում |
1) Հայաստան-Իրան միջազգային ուղիղ երկաթուղային կապի ստեղծման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.
2) Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխե-Շուախևի-Բաթումի ավտոճանապարհի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում և նախագծի իրականացման համար անհրաժեշտ վարկավորումը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում.
3) Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների իրականացում. |
Հայաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապի ստեղծում Երկու երկրների միջև երկաթուղային կապի ստեղծման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը հնարավորություն կստեղծի երկաթուղու կառուցման ֆինանսավորման աղբյուրների ներգրավման համար: Դեպի վրացական նավահանգիստներ նոր, առավել կարճ ճանապարհի կառուցում, բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Բագրատաշենի մաքսային անցակետից այլ մաքսակետ տեղափոխում: Նշված ճանապարհը հնարավորություն կստեղծի մինչև վրացական նավահանգիստները գոյություն ունեցող ճանապարհը 200 կմ նվազեցնելու, ինչպես նաև կնվազեցնի Բագրատաշենի մաքսակետում գոյություն ունեցող տրանսպորտային միջոցների կուտակումները: Արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհային ցանցի բարելավում |
Քննարկման փուլում է. նախնական հետազոտական աշխատանքների համար Ասիական բանկը հատկացրել է մեկ մլն ԱՄՆ-ի դոլար:
Նախագծի ընդհանուր ֆինանսավորումը կազմելու է 962 մլն ԱՄՆ-ի դոլար, որից 500 մլն դոլարը տրամադրվելու է ԱԶԲ-ի, իսկ մնացած գումարը` Համաշխարհային բանկի, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) և այլ միջազգային դոնորների կողմից:
ՀՀ պետական բյուջե
1,0 մլրդ դրամ |
2010-2012 թթ.
2010-2011 թթ.
2010-2011 թթ. |
Կապի և էլեկտրոնային հաղորդակցության համակարգ | |||||
1. | Հայաստանի Հանրապե-տության տարածքում ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի թվայնացման ապահովում | «Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոյի և հեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագիր» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Առավել արդյունավետ օգտագործել սահմանափակ հաճախականությունների ռեսուրսը` միաժամանակ բարձրացնելով ձայնի և պատկերի որակը` հնարավորություն ստեղծելով նույն կապուղիներով մատուցելու տեղեկատվական և ինտերակտիվ լրացուցիչ ծառայություններ: |
7.5 մլրդ դրամ
ՀՀ պետական բյուջե
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ |
2011-2012 թթ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
2. | Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռադիոճառագայթման կառավարման ապահովում |
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռադիոճառագայթման մոնիթորինգի իրականացման ծրագրի իրականացում» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը, այդ թվում` 1) տեխնիկական նախագծի մշակում. 2) աշխատանքների իրականացման նախահաշվի և ժամանակացույցի մշակում. 3) ՀՀ 10 մարզկենտրոններում` Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Իջևան, Աշտարակ, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Հրազդան և Կապան համակարգի տեղակայում և կարգաբերում. 4) ռադիոմոնիթորինգի մարզային համակարգերի համակցում ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, այդ թվում` ա. ռադիոմոնիթորինգի համակարգի համընդհանուր թեստավորում և փորձնական շահագործում, բ. փորձնական շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացում և ռադիոմոնիթորինգի համակարգի արտադրական շահագործման հանձնում, |
ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումը, շարժական բջջային կապի ծառայությունների մատուցումը վնասակար խանգարումներից զերծ պահելու, չթույլատրված ռադիոհաճախականությունների տիրույթներում հեռարձա-կումների հայտնաբերման և բացառման, կապի համակարգի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթո-րինգի համակարգերի կառուցման և կենտրոնացված ղեկավարման իրականացման ապահովումը ՀՀ տարածքում ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրումով ակնկալվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի ռադիոմոնիթորինգ, որը կբացառի ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրների գործունեությունը և ի հայտ կբերի բոլոր շեղումները, ինչպես նաև հատկացված ռադիոհաճախականությունների ոչ նպատակային օգտագործումը: |
Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր գումարը կազմում է 3.8 մլրդ դրամ:
ՀՀ պետական բյուջե
միջազգային ֆինանսական կազմակերպու-թյունների դրա-մաշնորհներ |
2011-2012 թթ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
3. | ՀՀ պետական մարմինների (ներառյալ բոլոր մարզպետարան-ների) ներքին հեռախոսակապի աշխատունակության ապահովում | ՀՀ պետական մարմիններում (ներառյալ բոլոր մարզպետարաններում) տեղադրված Ալկատել 4200 և Ալկատել 4400 հեռախոսակայանների տեխնիկական ու ծրագրային սպասարկում և վթարային նորոգման իրականացում | ՀՀ պետական մարմիններում ներքին հեռախոսակապի ապահովում առկա հեռախոսակայանների միջոցով | Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում: | 2010-2011 թթ. |
4. | Փոստային կապի բնագավառի բարելավում | «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը | «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների մշակում, որոնց նպատակն է կարգավորել սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունները և տարանջատել սուրհանդակային կապի ծառայությունները փոստային կապի ծառայություններից: | Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ չեն պահանջվում: | 2012 թ. |
(հավելվածը փոփ., խմբ. 14.02.13 N 124-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |