Գլխավոր տեղեկություն
Համար
N 288-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 288-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների, Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամիս ժամկետով, իսկ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վրա, որոնք գրանցվել են քաղաքացիական ծառայության ռեզերվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով, գրանցման օրվանից հետո՝ վեց ամիս ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 288-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի (այսուհետ՝ հարցազրույց) կազմակերպման, անցկացման և ամփոփման ընթացակարգի հետ կապված իրավահարաբերությունները։

2. Հարցազրույցի անցկացման նպատակն է պարզելու թեկնածուի համապատասխանությունը տվյալ պաշտոնին։

3. Հարցազրույցն անցկացնում է այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ գլխավոր քարտուղար) հրամանով ձևավորված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով)։

4. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման փորձագիտական խումբը (այսուհետ՝ փորձագիտական խումբ)։

5. Հարցազրույցին մասնակցելու ժամանակահատվածը հանրային ծառայողի համար համարվում է հարգելի բացակայություն:

6. Սույն կարգի իմաստով թեկնածու են հանդիսանում ոստիկանության ծառայողը, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողը, փրկարար ծառայողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը, ովքեր գրանցվել են քաղաքացիական ծառայության ռեզերվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով:

 

2. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը փորձագիտական խմբին ներկայացնում է համապատասխան պաշտոնը, որի վերաբերյալ փորձագիտական խումբն այդ պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում՝ նշելով պաշտոնի անվանումը, ծածկագիրը, հարցազրույցի անցկացման օրը, վայրը, ժամը և պահանջվող փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն։ Փորձագիտական խումբը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում հայտարարություն է հրապարակում նաև հանձնաժողովի աշխատանքներին hասարակական կազմակերպություններ ընդգրկելու վերաբերյալ: Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները:

8. Հայտարարությունը հրապարակվում է հարցազրույց անցկացնելուց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ։ Հանրային ծառայողները հայտարարության հրապարակման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փորձագիտական խմբին անձամբ կամ համապատասխան էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են համապատասխան փաստաթղթերը՝ ինքնակենսագրականը, դիպլոմի լուսապատճենը, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, ինչպես նաև տրամադրում են էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում նաև սոցիալական ցանցերում (Facebook, Instagram և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:

(8-րդ կետը փոփ. 21.06.23 N 422-Ա)

9. Հայտարարությունը հրապարակվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փորձագիտական խումբն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու պարզում դրանց համապատասխանությունը «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի դրույթներին: Փաստաթղթերի՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում փորձագիտական խումբը դրանք, մինչև փաստաթղթերի ուսումնասիրման վերջնաժամկետը, վերադարձնում է թեկնածուին՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու համար: Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերի ուսումնասիրման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, փորձագիտական խումբը տալիս է եզրակացություն փաստաթղթերի ամբողջականության ու դրանց՝ «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության մասին, որի մեջ նշում է կատարվում սույն կետով սահմանված իրավական ակտերի պահանջներին բավարարելու կամ չբավարարելու մասին:

(9-րդ կետը փոփ. 21.06.23 N 422-Ա)

10. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված եզրակացության հիման վրա գլխավոր քարտուղարը եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում, որը փորձագիտական խումբը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցի նախորդ օրը տրամադրում է թեկնածուին՝ վերջինիս ներկայացրած էլեկտրոնային փոստի միջոցով։

11. Թեկնածուն հարցազրույցի օրը հանձնաժողովին կարող է ներկայացնել իր աշխատանքային գործունեությանն առնչվող այլ փաստաթղթեր։

12. Փորձագիտական խումբը յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կազմում է տեղեկանք՝ առկայության դեպքում ներառելով հասարակական և այլ գործունեության մասին տվյալները, իսկ դրանց բացակայության դեպքում կատարվում է համապատասխան նշում։

 

3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

13. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը։

14. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), գլխավոր քարտուղարը, բարեվարքության հարցերով մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, փորձագիտական խմբի փորձագետ, որը համարվում է հանձնաժողովի քարտուղար, երկու հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։ Եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար դիմել է մեկ հասարակական կազմակերպություն, ապա հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչ, իսկ եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար չի դիմել որևէ հասարակական կազմակերպություն, ապա հարցազրույցն անցկացվում է առանց հասարակական կազմակերպության ներկայացուցիչների:

15. Հասարակական կազմակերպությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դիմում է ներկայացնում գլխավոր քարտուղարին՝ միաժամանակ նշելով հասարակական կազմակերպության այն երկու անդամների տվյալները, ովքեր մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։

16. Գլխավոր քարտուղարի հրամանով հաստատվում է այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը, որոնք մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։

17. Եթե հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմել են երկուսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա յուրաքանչյուր պաշտոնի համալրման դեպքում ընտրվում են նոր հասարակական կազմակերպություններ՝ ապահովելու բոլորի հավասար մասնակցությունը։

18. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է առնվազն հինգ անդամ։

19. Հանձնաժողովը`

1) փորձագիտական խմբից ստանում է թեկնածուների ցուցակը, հանձնաժողով ձևավորելու մասին իրավական ակտի օրինակը, թեկնածուների ինքնակենսագրականները, փորձագիտական խմբի կողմից կազմված տեղեկանքը, ինչպես նաև թեկնածուի՝ տվյալ պաշտոնի պահանջներին բավարարելու մասին գլխավոր քարտուղարի որոշումը.

2) հանձնաժողովը ծանոթանում է փորձագիտական խմբի, ինչպես նաև թեկնածուի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերին․

3) թեկնածուի հետ անցկացնում է հարցազրույց.

4) ամփոփում է հարցազրույցի արդյունքները.

5) կազմում և պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացնում թեկնածուի վերաբերյալ կարծիք․

6) փորձագիտական խմբին հանձնում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը, իր գործունեության ընթացքում ստեղծված փաստաթղթերը, ինչպես նաև հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

20. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով և այլ իրավական ակտերով։

21. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ, ապա հարցազրույցի անցկացման սահմանված օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարի կողմից նշանակվում է նոր հարցազրույց։

 

4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

22. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով թեկնածուին տալիս է հարցեր, պարզում վերջինիս՝ տվյալ պաշտոնին համապատասխանությանը վերաբերող իրեն հետաքրքրող հանգամանքները։ Հանձնաժողովի աշխատանքները վարում և համակարգում է հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է արձանագրությունների կազմումը։

23. Հանձնաժողովը կարող է առաջադրել կոնկրետ խնդիրներ՝ պարզելու թեկնածուի տեսակետը, վերլուծական միտքը և հաղորդակցության հմտությունները, տվյալ խնդրի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակների մասին թեկնածուի պատկերացումները և մոտեցումը նման խնդիրների լուծմանը։

24. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի անդամները թեկնածուին հնարավորություն են տալիս՝ ներկայանալու, ազատ և անկաշկանդ ներկայացնելու իր դիրքորոշումը բարձրացված հարցերի և առաջադրված խնդիրների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները թեկնածուի տված պատասխանների վերաբերյալ կարող են տալ հարցեր:

25. Հարցազրույցի ընթացքում թեկնածուն չի կարող օգտվել գրավոր (տպագիր, ձեռագիր) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Որոշ խնդիրների լուծման համար հանձնաժողովն իրավասու է թեկնածուին տրամադրել տեխնիկական սարքեր և առաջադրված խնդիրներին պատասխանելու համար գրավոր (տպագիր, ձեռագիր) նյութեր։

26. Հանձնաժողովի նախագահը պարզում է, եթե հանձնաժողովի անդամները չունեն հարցեր, ապա հայտնում է, որ հարցազրույցը համարվում է ավարտված, և թեկնածուին դուրս է հրավիրում սենյակից՝ հարցազրույցի արդյունքներն ամփոփելու համար։

27. Վերջին թեկնածուի դուրս գալուց հետո հանձնաժողովը քննարկում է հարցազրույցի ընթացքում արված հետևությունները, ձևավորված կարծիքները, քննարկում թեկնածուի կամ թեկնածուների կողմից տրված պատասխանները, ամբողջացնում և կազմում է կարծիք։

28. Հանձնաժողովը ընդունում է «Համապատասխանում է պաշտոնին» կամ «Չի համապատասխանում պաշտոնին» կարծիքը։ Կարծիքը համարվում է ընդունված, եթե «Համապատասխանում է պաշտոնին» առաջարկությանը կողմ են քվեարկել հանձնաժողովի ներկա անդամներից կեսից ավելին։ Կեսից ավելի կողմ ձայներ չհավաքելու դեպքում ընդունված է համարվում «Չի համապատասխանում պաշտոնին» կարծիքը։

29. Հանձնաժողովը «Համապատասխանում է պաշտոնին» կարծիք կարող է ընդունել միայն մեկ թեկնածուի վերաբերյալ, որը ներկայացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին։ Եթե հանձնաժողովը ոչ մի թեկնածուի վերաբերյալ չի ընդունում «Համապատասխանում է պաշտոնին» կարծիք, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին ներկայացվում է «Չի համապատասխանում պաշտոնին» կարծիքը՝ նշելով բոլոր թեկնածուների տվյալները։

30. Հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը։

31. Արդյունքների ամփոփումից հետո թեկնածուն հրավիրվում է սենյակ, և հանձնաժողովի նախագահը ներկայացնում է ընդունված կարծիքը։

32. Հանձնաժողովը թեկնածուին կամ թեկնածուներին արդյունքների մասին տեղեկացնելուց և հանձնաժողովի կարծիքը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ուղարկելուց հետո դադարեցնում է իր աշխատանքը՝ փորձագիտական խմբին հանձնելով համապատասխան փաստաթղթերը։

33. Հանձնաժողովի կողմից տրված կարծիքը պարտադիր է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի համար։

34. Կարծիքն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը թեկնածուին նշանակում է համապատասխան պաշտոնում:

(հավելվածը փոփ. 21.06.23 N 422-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ