ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7404/05/21 2022 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/7404/05/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Հ. Բեդևյան | ||
Ք. Մկոյան |
2022 թվականի հոկտեմբերի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Տիգրան Խաչատրյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 13․01․2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները բռնագանձելու մասին» թիվ 1-Ա որոշումը, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 16․04․2021 թվականի թիվ 26/5 որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Խաչատրյանը պահանջել է վերացնել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 13․01․2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները բռնագանձելու մասին» թիվ 1-Ա որոշումը, Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 16․04․2021 թվականի թիվ 26/5 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 14.12.2021 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.02.2022 թվականի որոշմամբ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Խաչատրյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Խուրշուդյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 131-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 127-րդ հոդվածի 11-րդ մասը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչու է եկել այն եզրահանգման, որ Դատարանի 14.12.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում հիմնավորում սահմանված ժամկետի խախտմամբ վերաքննիչ բողոքը ներկայացված լինելու վերաբերյալ:
Ավելին, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի փորձել պարզել, թե երբ է Դատարանի 14.12.2021 թվականի որոշումը մտել օրինական ուժի մեջ, այն դեպքում, երբ առնվազն նշված հանգամանքն էական նշանակություն ունի նշված հարցի լուծման համար:
Դատարանի 14.12.2021 թվականի որոշումը 05․01․2022 թվականին ստանալու պայմաններում բողոքարկման հնգօրյա ժամկետը սկսում է հոսել 07.01.2022 թվականից, քանի որ 06․01․2022 թվականը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, հանդիսացել է ոչ աշխատանքային օր (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Նման պայմաններում Դատարանի 14.12.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 13․01․2022 թվականը ներառյալ։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է 12.01.2022 թվականին, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ և հակասում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասին, 131-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և 127-րդ հոդվածի 11-րդ մասին, այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետում։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25․02.2022 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 127-րդ հոդվածի 11-րդ մասի խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտման, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման՝ օրենքով սահմանված ժամկետի հաշվարկման առանձնահատկություններին։
Վճռաբեկ դատարանը նշված խնդիրը հարկ է համարում դիտարկել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված` մարդու արդարադատական իրավունքների իրացման երաշխիքների ապահովման համար էական նշանակություն ունեցող՝ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) հետևյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո․
ՀՀ սահմանադրական դատարանն իր 12․07․2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ առանձնացրել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող հետևյալ չափանիշները․
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ինչ վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում և դատական ակտերի բողոքարկման ժամկետային սահմանափակումներին, Եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիան մասնակից պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է կիրառվեն նաև այս ատյաններում՝ մասնավորապես, այն առումով, որ նշված հոդվածը հայցվորների համար երաշխավորում է դատարանի մատչելիության արդյունավետ իրավունք (տե՛ս, Zubac v. Croatia, թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 05․04․2018 թվականի վճիռը, կետ 80):
Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև կոնկրետ կառուցակարգ, որի շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իրավասու է գնահատել վերաքննիչ բողոքի ընդունելիությանն առնչվող պարտադիր պահանջների ու պայմանների պահպանվածությունը։ Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, իսկ նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը։
Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացնելու իրավական հնարավորությունն ու հիմքերն ամրագրված են նույն օրենսգրքի 54-րդ հոդվածում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը տարբերակում է գործն ըստ էության լուծող դատական ակտի և միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։ Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց 5 օր հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում է ՀՀ վարչական դատարանի՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը։ Նշված միջանկյալ դատական ակտերը ներառում են նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի, 132-րդ հոդվածի 2-րդ մասի և 131-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից բխում է, որ օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում։ Նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոքը ներկայացնելու դեպքում բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ ՀՀ վարչական դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնգօրյա ժամկետի հաշվարկի ելակետը վերաքննիչ բողոք բերող անձի կողմից բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալու պահն է։
Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է նույն օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների հաշվարկման հատուկ կանոններ։ Այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների (․․․)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչված իրավակարգավորումներին, գտել է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի վերաքննիչ դատարանին հանձնված այդ ժամկետի պահպանմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ դատարանում տվյալ բողոքը փաստացի երբ է ստացվել: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը չի կարող համարվել բաց թողնված՝ դրանից բխող իրավաբանական հետևանքներով (տե՛ս, Աշոտ Աբգարյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՎԴ/4453/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23․01․2017 թվականի որոշումը)։
Դատավարական ժամկետների հաշվարկման վերը նշված կանոններից բխում է, որ օրերով հաշվարկվող ժամկետի ընթացքն սկսվում է այն ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը, և ավարտվում այդ ժամկետի վերջին օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ ժամկետի ավարտման օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է։ Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է։ Ընդ որում՝ օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում հանգստյան օրերը՝ շաբաթն ու կիրակին (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս) և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է տոների և հիշատակի օրերը՝ միաժամանակ ամրագրելով, թե դրանցից որն է ոչ աշխատանքային օր։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ բոլոր տոներն ու հիշատակի օրերն են համարվում ոչ աշխատանքային օրեր, այլ միայն այն տոներն ու հիշատակի օրերը, որոնք օրենսդիրը հիշյալ օրենքով հստակ նախատեսել է որպես ոչ աշխատանքային օր։
Այսպիսով, վերաքննիչ բողոք բերող անձից, ի թիվս այլնի, պահանջվում է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վերաքննիչ բողոքը ներկայացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան կամ հանձնել փոստին բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, որպիսի ժամկետի մեջ չեն ներառվում հանգստյան և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերը․ այդ ժամկետի ընթացքն սկսվում է դատական ակտն ստանալու հաջորդ օրվանից ու ավարտվում այդ ժամկետի վերջին օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ ժամկետի ավարտման օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է։ Նշված դեպքում վերաքննիչ բողոք բերող անձը վերաքննիչ բողոքն իրավասու է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացնել կամ փոստին հանձնել ժամկետի վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը։
Վերը նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
Վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձնելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն, այն է՝ բաց է թողնված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համակցված 127-րդ հոդվածի 11-րդ մասի հետ, սահմանված հնգօրյա ժամկետը, և ներկայացված չէ նշված ժամկետը վերականգնելու միջնորդություն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ստուգելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների ու պայմանների բավարարված լինելու հանգամանքը, ի թիվս այլնի, պետք է պարզի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համակցված 127-րդ հոդվածի 11-րդ մասի հետ, սահմանված ժամկետի պահպանված լինելու հանգամանքը։ Նշված հանգամանքը պարզելու համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից պահանջվում է գործի նյութերի բազմակողմանի, լրիվ ուսումնասիրմամբ պարզել բողոքարկվող միջանկյալ դատական ակտը բողոք բերող անձի կողմից ստանալու օրը, ինչը ելակետ է հանդիսանում խնդրո առարկա հնգօրյա ժամկետի հաշվարկման համար, հաջորդիվ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքով հաշվարկվող ժամկետների հաշվարկման կանոններին համապատասխան որոշել հնգօրյա ժամկետի վերջին օրը՝ այդ ժամկետում չներառելով հանգստյան օրերը և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերը։
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելն այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացված է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, հանդիսանում է անհամաչափ միջամտություն բողոք բերող անձի՝ դատարանի մատչելիության իրավունքին։
Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Խաչատրյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վիճարկման հայց՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված՝ բաց թողնված դատավարական ժամկետը (հավելված 2, գ․թ․ 78-80)։ Դատարանի 14․12․2021 թվականի որոշման համաձայն՝ Տիգրան Խաչատրյանի անունից ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի կողմից 07․12․2021 թվականին ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է (հավելված 2, գ․թ․ 81-87)։ Դատարանի 14․12․2021 թվականի որոշումն ուղարկվել է հայցվոր Տիգրան Խաչատրյանին, սակայն հետ է վերադարձվել (հավելված 2, գ․թ․ 89)։ Այնուհետև նշված որոշումն ուղարկվել է հայցվոր Տիգրան Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանին, վերջինս նշված որոշումն ստացել է 05․01․2022 թվականին (հիմք՝ փոստային հետադարձ ծանուցագիր, հավելված 2-րդ, գ.թ. 94)։ Դատարանի 14․12․2021 թվականի որոշման դեմ Տիգրան Խաչատրյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 12․01․2022 թվականին (հիմք՝ փոստային ծրար, հավելված 2-րդ, գ.թ. 112)։
Վերաքննիչ դատարանի 25.02.2022 թվականի որոշմամբ, ի թիվս այլ հիմքերի, Տիգրան Խաչատրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ՝ «(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում, Բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ և 134-րդ հոդվածների վերը վկայակոչված դրույթների պահանջները, մասնավորապես, բողոքը չի ներկայացվել մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը և չի ներկայացրել համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն (․․․)» (հավելված 2, գ․թ․ 114-116)։
Վերոգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից՝ Վարչական դատարանի բողոքարկվող դատական ակտը 05.01.2022 թվականին ստանալու պայմաններում այդ ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնգօրյա դատավարական ժամկետի սկիզբը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, 06.01.2022 թվականն էր: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ 06.01.2022 թվականը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) եղել է ոչ աշխատանքային օր, իսկ 08․01․2022 թվականը և 09․01․2022 թվականը՝ հանգստյան օրեր։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ բողոքարկման հնգօրյա դատավարական ժամկետի մեջ սույն դեպքում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը՝ 06.01.2022 թվականը, 08.01.2022 թվականը և 09.01.2022 թվականը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու հնգօրյա ժամկետի վերջին օրը 13.01.2022 թվականն էր, և հայցվորը կարող էր բողոքարկման իր իրավունքն իրացնել մինչև 13․01․2022 թվականը ներառյալ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 12.01.2022 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, և ըստ այդմ՝ առկա չէր վերաքննիչ բողոքը վերադարձնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձնելով օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում ներկայացված վերաքննիչ բողոքը, թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական նորմի խախտում, ուստի այդ մասով բողոքարկվող դատական ակտը ենթակա է վերացման։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 25․02.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այլ հիմքով, այն է՝ «բողոքին կից չեն ներկայացվել նաև բողոքի պատճենները դատական ակտ կայացրած վարչական դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները», և քննության առարկա վճռաբեկ բողոքի հիմքերը վերաբերում են միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ Վերաքննիչ դատարանի 25․02.2022 թվականի որոշումը ենթակա է վերացման՝ միայն բողոքարկված մասով։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասով վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացված չլինելու մասով։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25․02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Լ. Հակոբյան Հ. Բեդևյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: