Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 781-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 513-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը գումար հատկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 513-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին)։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝

«6.1. Հաստատել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության նպատակների, կորպորատիվ կառավարման և հաշվետվողականության նկատմամբ կիրառելի պահանջները՝ համաձայն N 8 հավելվածի։

6.2. Լիազոր մարմնին հանձնարարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով սահմանված լիազորությունների սահմաններում մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ն ապահովել ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը, օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը և սույն որոշման N 8 հավելվածի կատարումը, այդ թվում՝ ընկերության գործունեության նպատակները, կորպորատիվ կառավարման և հաշվետվողականության նկատմամբ կիրառելի պահանջները և միջազգային հեղինակություն ունեցող անկախ գործակալության միջոցով տնօրենների խորհրդի անդամների թեկնածուների հավաքագրման կարգն ու ընտրության չափանիշները՝ ընկերության կանոնադրությունում ներառելու միջոցով։».

3) որոշումը լրացնել նոր՝ N 8 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում համալրումներ չեն կարող իրականացվել և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման վերաբերյալ նոր ներդրումային պայմանագիր չի կարող կնքվել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի պահանջներին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների ամբողջական համապատասխանեցումը։ Սույն կետը չի տարածվում «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշմամբ հաստատված դեպքերում ընկերության կանոնադրական կապիտալի անշարժ գույքով համալրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 434-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին Ֆոնդի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 781-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 18-ի N 513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ, ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման նպատակներին հասնելու գործում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նշանակությունը՝ սույն պահանջներով սահմանվում են ընկերության գործունեության նպատակների, կորպորատիվ կառավարման և հաշվետվողականության նկատմամբ կիրառելի պահանջները։

2. Սույն պահանջներով սահմանված սկզբունքները և կարգավորումները ենթակա են ընկերության կանոնադրությունում ներառման։ Ընկերության կանոնադրության՝ սույն պահանջներին հակասող կամ դրանց իրականացմանը խոչընդոտող փոփոխությունները և լրացումները չեն կարող կատարվել։

3. Ընկերությունն ի լրումն սույն որոշմամբ սահմանված դրույթների՝ իրավունք ունի առաջնորդվելու նաև Սուվերեն Ֆոնդերի Միջազգային Ֆորումի (IFSWF) կողմից մշակված Սանտիագոյի սկզբունքներով։

 

II. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

4. Ընկերության գործունեության նպատակն այնպիսի իրատեսական ծրագրերում ներդրումների կատարումն է, որոնց արդյունքում կապահովվի սույն կետի ենթակետերից առնվազն մեկը՝

1) կիրականացվեն ներդրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի ապրանքների արտադրություններում, որոնց տնտեսական բարդության ցուցիչն առնվազն 0.1 է, ապրանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով․

2) ապահովվելու է ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանում այնպիսի շուկաներ, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունից համախառն արտահանումը տվյալ ծրագրի իրականացմանը նախորդող 5 տարիներից որևէ մեկի ընթացքում չի գերազանցել 15 մլն ԱՄՆ դոլարը։ Արտահանման ծավալների հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագրերը։

5. Բացառիկ դեպքերում ընկերությունն իրավասու է իրականացնելու սույն պահանջների 4-րդ կետով չնախատեսված ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

6. Ընկերությունը չի կարող ներդրումներ իրականացնել հետևյալ ոլորտներում՝ մանրածախ առևտուր, հյուրանոցային ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, շինարարություն, ժամանցի կազմակերպում, շահումով խաղերի կազմակերպում, ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում, հանքաարդյունաբերություն, ֆինանսներ։

7. Ընկերությունը չի կարող իրականացնել ներդրումային կամ այլ ծրագրեր, որոնց հետևանքով տնտեսավարող սուբյեկտների համար կստեղծվեն այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում ընկերության միջամտության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտները չէին ունենա։

 

III. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

8. Ընկերությունը պետք է ունենա առնվազն 7 անդամից կազմված տնօրենների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ)։

9. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ժողով) հաստատում է խորհրդի քանակական կազմը, ընտրում դրա անդամներին, սույն պահանջներով սահմանված հիմքերով վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները:

10. Խորհրդի անդամների աշխատանքի վարձատրության քաղաքականությունը, պայմանները և չափը որոշվում են ժողովի կողմից։

11. Խորհրդի կազմում 2 անդամներ պետք է ընտրվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ՝ որպես խորհրդի ի պաշտոնե անդամներ, հասարակական հիմունքներով։

12. Բացառությամբ սույն պահանջների 11-րդ կետով նախատեսված՝ խորհրդի ի պաշտոնե անդամների՝ խորհրդի անդամները պետք է լինեն անկախ, այսինքն՝ անձինք, որոնք՝

1) վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունում գործադիր ղեկավար պաշտոն չեն զբաղեցրել, չեն աշխատել ընկերությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ անձի մոտ․

2) վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունից կամ ընկերության հետ փոխկապակցված անձից (անձանցից) ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն ստացել որևէ վարձատրություն՝ բացառությամբ որպես խորհրդի անդամ ստացած վարձատրության․

3) վերջին 3 տարվա ընթացքում ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն՝ որպես գործընկեր, խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ (ներկայացուցիչ) չեն ունեցել էական որևէ գործարար հարաբերություն ընկերության և (կամ) ընկերության հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ․

4) վերջին 5 տարվա ընթացքում չեն հանդիսացել ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի և (կամ) ընկերության հետ փոխկապակցված անձի (անձանց) բաժնետեր և (կամ) աշխատող.

5) վերջին 10 տարվա ընթացքում 6 տարուց ավելի չեն հանդիսացել խորհրդի անդամ․

6) վերջին 1 տարվա ընթացքում չեն հանդիսացել հանրային ծառայող, իսկ վերջին 3 տարվա ընթացքում անմիջական հսկողություն չեն իրականացրել ընկերության նկատմամբ՝ որպես հանրային ծառայող․

7) չեն հանդիսանում սույն կետի 1-ից 6-րդ ենթակետերով նախատեսված անձանցից որևէ մեկի ընտանիքի անդամ:

13. Խորհրդի անկախ անդամներից երեքը պետք է ընտրվեն հետևյալ սկզբունքով՝

1) բանկի տնօրենների խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու առնվազն 1 տարվա փորձ ունեցող 1 անձ.

2) օտարերկրյա ներդրումային ֆոնդում կամ ներդրումային ընկերությունում ղեկավար պաշտոն (գործադիր մարմնի ղեկավար, կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ խորհրդի անդամ) զբաղեցնելու առնվազն 5 տարվա փորձ ունեցող 1 անձ.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ղեկավար պաշտոն (գործադիր մարմնի ղեկավար, կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ խորհրդի անդամ) զբաղեցնելու առնվազն 5 տարվա փորձ ունեցող 1 անձ։

14. Խորհրդի յուրաքանչյուր անկախ անդամ պետք է միաժամանակ բավարարի առնվազն հետևյալ չափանիշներին`

1) ունենա «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ՏՀԶԿ չափանիշներով դասակարգվող խոշոր կամ միջին կազմակերպություններում ղեկավար պաշտոններ (գործադիր մարմնի ղեկավար, կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ խորհրդի անդամ) զբաղեցնելու առնվազն 5 տարվա փորձ (բացառությամբ սույն պահանջների 11-րդ կետով նախատեսված՝ խորհրդի ի պաշտոնե անդամների).

2) ունենա բարձրագույն կրթություն.

3) ունենա միջազգային նախագծերի իրականացման փորձառություն կամ արտաքին շուկաներում գործունեություն իրականացնող կազմակերպությունում աշխատանքային փորձ.

4) չունենա դատվածություն.

5) դատական կարգով ճանաչված չլինի անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) նախորդ 3 տարվա ընթացքում զբաղեցրած չլինի սնանկ ճանաչված կազմակերպությունում ղեկավար պաշտոն։

15. Խորհրդի անկախ անդամների թեկնածուների՝ սույն պահանջների 12-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ենթակա է նախնական անկախ գնահատման։

16. Խորհրդի անկախ անդամները ստորագրում են շահերի բախման և սույն պահանջների 12-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին հայտարարություն։

17. Խորհրդի նախագահը պետք է լինի խորհրդի անկախ անդամ։

18. Խորհրդի անդամն ընտրվում է 3 տարի ժամանակահատվածով։

19. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում`

1) խորհրդի անդամի դիմումի համաձայն.

2) խորհրդի անդամը մահացել է, ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) հայտնի են դարձել տվյալներ, որ խորհրդի անկախ անդամը չի բավարարել սույն պահանջների 12-րդ կետով նախատեսված չափանիշներին.

4) խորհրդի անկախ անդամն այլևս չի բավարարում սույն պահանջների 12-րդ կետով նախատեսված չափանիշներին.

5) դադարել են խորհրդի ի պաշտոնե անդամի հետ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատանքային հարաբերությունները.

6) խորհրդի անդամը խախտել է ընկերության նկատմամբ իր ֆիդուցիար պարտականությունները։

20. Ի թիվս այլնի՝ խորհրդի իրավասություններն առնվազն ներառում են`

1) ընկերության տնօրենի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների (այսուհետ՝ տնօրեն) նշանակումը, լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի նշանակումը.

2) տնօրենի նշանակման և իրավահաջորդության (Succession) հարցում քաղաքականության հաստատումը.

3) ընկերության հնգամյա ռազմավարության հաստատումը, ինչպես նաև տնօրենի կատարողական ցուցանիշների համակարգի հաստատումը, տնօրենի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

4) տնօրենի աշխատանքի վարձատրության պայմանների և չափի որոշումը.

5) ընկերության ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության աշխատակիցների), ինչպես նաև վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների հաստատումը.

6) ընկերության ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության աշխատակիցների) աշխատանքի կատարողական ցուցանիշների համակարգի հաստատումը, համաձայն դրա՝ ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության աշխատակիցների) աշխատանքի առնվազն տարեկան գնահատման իրականացումը.

7) ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

8) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.

9) ընկերության հաստիքացուցակի հաստատումը.

10) ներքին վերահսկողության, համապատասխանության և բարեվարքության համակարգերի և ծրագրերի հաստատումը։

21. Խորհրդի գործունեությունը ենթակա է տարեկան անկախ գնահատման, որի եզրակացությունը ներկայացվում է ժողովին։

22. Խորհուրդն իր կազմից ձևավորում է մասնագիտացված հետևյալ հանձնախմբերը`

1) աուդիտի հանձնախումբ.

2) առաջադրման և վարձատրության հանձնախումբ.

3) ներդրումային հանձնախումբ։

23. Մասնագիտական յուրաքանչյուր հանձնախումբ պետք է կազմված լինի առնվազն 3 անդամից, որոնցից մեկը՝ խորհրդի անկախ անդամներից, պետք է նշանակվի հանձնախմբի նախագահող։ Աուդիտի և վարձատրության հանձնախմբերը պետք է կազմված լինեն բացառապես խորհրդի անկախ անդամներից։ Խորհրդի անդամը չի կարող լինել մեկից ավելի հանձնախմբի նախագահող։

24. Մասնագիտական հանձնախմբերի իրավասությունները և դրանցից յուրաքանչյուրի աշխատակարգի նկատմամբ պահանջները սահմանվում են խորհրդի կողմից։

 

IV. ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ

 

25. Ընկերությունը պետք է ունենա ներքին աուդիտոր (ներքին աուդիտի ծառայություն), որի իրավասությունները պետք է հնարավորություն տան արդյունավետորեն և ամբողջությամբ վերահսկելու ընկերության գործունեությունը և երաշխավորելու խորհրդին ու գործադիր մարմնին, որ ընկերության ներքին հսկողության և ռիսկերի կառավարման, կորպորատիվ կառավարման համակարգերն ու ընթացակարգերը գործում են արդյունավետ՝ ապահովելով ընկերության երկարաժամկետ կայունությունը:

26. Ներքին աուդիտորը (ներքին աուդիտի ծառայությունը) պետք է անկախ լինի գործադիր մարմնից:

27. Ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության) աշխատանքների պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա:

28. Ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության) իրավասություններն առնվազն ներառում են հետևյալը.

1) դիտարկում և գնահատում է կորպորատիվ քաղաքականությունների, գործընթացների, դրանց փաստաթղթավորման և հսկողական գործառույթների կիրառման համարժեքությունը և արդյունավետությունը՝ ընկերության, ընկերության դուստր կազմակերպությունների համար.

2) պարբերաբար գնահատում է ռիսկերի կառավարման, համապատասխանության ապահովման գործառույթների արդյունավետությունը և ռիսկերին դրանց համարժեքությունը.

3) գնահատում է ընկերության կառավարման տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացները.

4) գնահատում է որոշումների կայացման գործընթացում օգտագործվող տեղեկատվության արժանահավատությունը.

5) ստուգում է ռիսկերի բացահայտմանը և այդ ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը.

6) ստուգում է ֆինանսական հաշվետվություններում և ընկերության կողմից հրապարակվող այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունների արժանահավատությունը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, ակտիվների պատշաճ արտացոլումը, ակտիվների ֆիզիկապես առկայությունը և ակտիվների պահպանման եղանակները, ինչպես նաև պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելը.

7) ստուգում է աշխատակիցների և կազմակերպական միավորների կողմից ընկերության քաղաքականություններին և ներքին կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելը.

8) գնահատում է տեղեկատվական համակարգի անվտանգությունը.

9) խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ խորհրդի աուդիտի և ռիսկերի հանձնախմբին ներկայացնում է հաշվետվություններ.

10) հաշվետվություններ է ներկայացնում գործադիր մարմնին՝ բացահայտված խախտումների ու անհամապատասխանությունների մասին տեղեկացնելու նպատակով.

11) ժամանակին և պատշաճ կարգով խորհրդին տեղեկատվություն է տրամադրում այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կարող են էապես բացասաբար ազդել ընկերության ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի վրա:

29. Ներքին աուդիտորը (ներքին աուդիտի ծառայության ղեկավարը) պետք է ունենա ներքին աուդիտի ոլորտում ընդունելի հետևյալ որակավորումներից առնվազն մեկը՝

1) Աուդիտորական գործունեության մասին օրենքով սահմանված աուդիտորի որակավորում.

2) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորում (Certified Internal Audit - CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորում (Certified Government Auditing Professional – CGAP).

3) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննությունները (F1-F9) հանձնելու արդյունքում տրված վկայական.

4) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորում.

5) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորում (CPA):

 

V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Ընկերությունը տեղեկատվություն է հրապարակում www.anif.am հասցեով գործող հրապարակային պաշտոնական ինտերնետային կայքում։

31. Ընկերության ինտերնետային կայքում պետք է հրապարակվեն՝

1) ընկերության կանոնադրությունը.

2) ընկերության՝ ՖՀՄՍ-ին համապատասխան կազմված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը՝մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը.

3) ընկերության զարգացման ծրագիրը և գործունեության հնգամյա ռազմավարությունը, այդ թվում՝ ֆինանսական և կատարողական նպատակները.

4) սույն պահանջներին համապատասխանող ներդրումային քաղաքականությունը.

5) ընկերության տարեկան հաշվետվությունը, որն առնվազն ներառում է՝

ա. կառավարման վերլուծություն և քննարկում (MD&A)՝ ապահովելով ֆինանսական արդյունքների, զարգացումների, ինչպես նաև ոչ ֆինանսական նպատակների վերաբերյալ ընկերության գործունեության մեկնաբանման համար անհրաժեշտ համատեքստը՝ խորհրդի կողմից սահմանված ձևաչափով,

բ. հնգամյա ռազմավարությամբ սահմանված նպատակների և տարեկան հիմնական կատարողական ցուցանիշների ուղղությամբ արձանագրված արդյունքները,

գ. կորպորատիվ կառավարման վերաբերյալ տեղեկություններ (այդ թվում՝ խորհրդի կազմը, դրանում կատարված փոփոխությունները, ղեկավարների կենսագրությունը, խորհրդի նիստերի քանակը և մասնակցությունը, տնօրենի և խորհրդի անդամների վարձատրության քաղաքականությունը, ընկերության անձնակազմի ծախսերը՝ ըստ պաշտոնակարգության խմբերի՝ ղեկավար, մասնագիտական, աջակցող) և կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշման,

դ. շահագրգռվածության առկայությամբ և փոխկապակցված անձանց հետ գործարքների և դրանցով փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ,

ե. խոշոր և խոշոր գործարք չհանդիսացող այլ էական գործարքների վերաբերյալ տեղեկություններ,

զ. աշխատողներին և շահառուներին վերաբերող խնդիրները,

է. ռիսկերի կառավարման քաղաքականությունը և կանխատեսվող ռիսկային գործոնների բնույթը և ազդեցությունը,

ը. բնապահպանական, սոցիալական և պատշաճ կառավարման զեկույցը (ESG report)։

 

VI. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Հիմք ընդունելով ընկերության գործունեության նպատակները՝ խորհուրդը հաստատում է ընկերության ներդրումային քաղաքականությունը, որը պետք է առնվազն ներառի հետևյալ բաղադրիչները՝

1) ընկերության գործունեության նպատակների վրա ազդեցության պարտադիր պահանջ, որը պետք է 3 տարվա ներդրումային հորիզոնի համար լինի հստակ և չափելի.

2) առավելագույն ներդրումային հորիզոնը.

3) եկամտաբերության պահանջները ներդրումային հորիզոնի տարբեր հատվածներում.

4) յուրաքանչյուր ներդրումային ծրագրի նկատմամբ կիրառելի կարճաժամկետ իրացվելիության պահանջները.

5) ելքի ռազմավարությունը.

6) յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար մասնավոր ներդրողի կողմից համաֆինանսավորման պահանջը, որը պետք է լինի առնվազն ընկերության կողմից կատարվող ներդրման չափով.

7) ընկերության կողմից իրականացվող 1 մլրդ ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի համար համաֆինանսավորողի մասնակցության պահանջ։ Սույն ենթակետի իմաստով համաֆինանսավորող է համարվում անձը, որը հանդիսանում է միջազգային ֆինանսական կամ զարգացման կազմակերպություն կամ անձ, որը համապատասխանում է ներքոհիշյալ չափանիշներից որևէ երկուսին.

ա. պորտֆելային ներդրումներ կատարող կազմակերպություն է,

բ. ֆինանսական կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդ է,

գ. որևէ միջազգային ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպություն է,

դ. ունի Մուդիզ, Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ ռեյտինգային կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված ներդրումային դասի (Investment Grade) վարկանիշ։

33. Ընկերության կողմից իրականացվող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում է տարեկան առնվազն 1 անգամ՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ը։ Գնահատման համար հիմք են ընդունվում հայտնի վերջին ցուցանիշները։

34. Մինչև ընկերության կողմից ներդրման պարտավորության ստանձնումը խորհրդի ներդրումային հանձնախումբը հաստատում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի գնահատման չափանիշները՝ հիմք ընդունելով ընկերության գործունեության նպատակները։ Գնահատման չափանիշները ենթակա չեն փոփոխության ներդրումային ծրագրի հաստատումից հետո։

35. Ընկերությունը չպետք է իրականացնի ներդրումային ծրագրեր, որոնք հակասում են սույն պահանջներով ներկայացված գործունեության նպատակներին կամ դրանցից ուղղակիորեն չեն բխում։

 

VII.ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Ընկերության կողմից այլ իրավաբանական անձի հիմնադրման կամ դրա կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ որոշումը կայացնում է խորհուրդը։ Սույն կետով նախատեսված որոշումը պետք է լինի հիմնավորված ընկերության գործունեության նպատակներով։

37. Ընկերությունը պետք է ապահովի, որ իր կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունը՝

1) գործի սույն պահանջների II գլխով սահմանված գործունեության նպատակների սահմաններում.

2) ունենա սույն պահանջների IV գլխով սահմանված ներքին վերահսկողության և ներքին աուդիտի առնվազն համարժեք համակարգ.

3) բավարարի սույն պահանջների V գլխով սահմանված հաշվետվողականության և թափանցիկության պահանջներին.

4) ունենա սույն պահանջների VI գլխով սահմանված նվազագույն պահանջներին բավարարող ներդրումային քաղաքականություն։

38. Բացառությամբ 37-րդ կետով սահմանված դեպքի՝ ընկերության կողմից հիմնադրված կամ վերջինիս բաժնեմասնակցությամբ այլ իրավաբանական անձանց նկատմամբ սույն պահանջները կիրառվում են այնքանով, որքանով կիրառելի են այդպիսի իրավաբանական անձանց նկատմամբ (Mutatis Mutandis)։»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

             

19.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական: