Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԱԴԴ/0066/01/15

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ' դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Բաբկեն Սուրենի Այվազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2016 թվականի հունիսի 7-ի դատավճռով Բաբկեն Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 3 ամիս ժամկետով և 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, Բ.Այվազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով:

2. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 7-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. Նշված որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ մերժվել է:

4. Դատապարտյալ Բ.Այվազյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և դատապարտյալ Բ.Այվազյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Դատապարտյալ Բ.Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա (…) Արմեն Վաչագանի Գևորգյանի կողմից խոշոր չափ հանդիսացող մարիխուանա տեսակի թմրամիջոցը առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու նպատակով, (…) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափ հանդիսացող 5.3 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նույն օրը (…) փոխանցել է Արմեն Գևորգյանին:

Բացի այդ, (…) առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման նպատակով (…) ապօրինի ձեռք է բերել 1.183 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ (…):

Բացի այդ, (…) իր ծանոթ Արմեն Վաչագանի Գևորգյանին հյուրասիրելու նպատակով ապօրինի իրացրել է (…) զգալի չափ համարվող ընդհանուրը` 0.71 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի  14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Բաբկեն Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 27որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության  72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Բաբկեն Այվազյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 0.71 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի, զգալի չափի` 1.183 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 5.3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար5:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Բ.Այվազյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Բ.Այվազյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 5.3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Բ.Այվազյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասին։

17. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Բ.Այվազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.183 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Բ.Այվազյանին պետք է արդարացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Բ.Այվազյանի կողմից կատարված արարքների վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Բ.Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 27որոշումը վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Բաբկեն Այվազյանի վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 7-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը, Բ.Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Բ.Այվազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով` hաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Բ.Այվազյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Բ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Բաբկեն Սուրենի Այվազյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 27-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Բաբկեն Սուրենի Այվազյանի վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 7-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Բաբկեն Սուրենի Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Բաբկեն Սուրենի Այվազյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Բ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 125-198

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան