ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 հունվարի 2020 թ. |
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցության կազմակերպման նպատակով:
2. Համաձայնագիրն ունի անբաժան երկու հավելված: Առաջինում սահմանվում է Համաձայնագրի իրականացման սկզբնական փուլում փոխանակման ենթակա տեղեկատվության կազմը: Այն ներառում է, ի թիվս այլնի, ապրանքների հայտարարագրի համարը, ապրանքային խմբաքանակում ապրանքների անվանումների քանակը (թվային արժեքը), ուղարկողի երկրի (տարածաշրջանի) ծածկագիրը, տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը մաքսային փաստաթղթերում նշված է որպես ապրանքներն ուղարկող, ստացողի երկրի (տարածաշրջանի) ծածկագիրը, տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը մաքսային փաստաթղթերում նշված է որպես ապրանքներն ստացող:
Երկրորդ հավելվածում սահմանվում է այն տեղեկատվության կազմը, որի փոխանակմանը Կողմերը ձգտելու են Համաձայնագրի փուլ առ փուլ իրականացմանը զուգընթաց և տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո: Այն ներառում է տեղեկատվություն հետևյալ չորս ոլորտների վերաբերյալ.
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ՉԺՀ արտահանում և ՉԺՀ կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանում,
բ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ՉԺՀ մաքսային տարածքով տարանցման կարգով երրորդ երկրներ արտահանում և ՉԺՀ կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային տարածքով տարանցման կարգով երրորդ երկրներ արտահանում,
գ) Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային տարածքներով երրորդ պետություններից տարանցման կարգով երրորդ պետություններ փոխադրվող ապրանքներ և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ,
դ) երրորդ պետություններից ՉԺՀ մաքսային տարածքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ և երրորդ պետություններից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ՉԺՀ տարանցման կարգով փոխադրվող ապրանքներ և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- իրականացնել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային (ծովային և գետային) տրանսպորտի տեսակներով Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (Հոդված 3, կետ 1),
- ձգտել ընդլայնել փոխանակման ենթակա տեղեկությունների ծավալն ու կազմը՝ հաշվի առնելով Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-7-րդ կետերը և Համաձայնագրի 2-րդ հավելվածը (Հոդված 3, կետ 4),
- ՉԺՀ-ին տեղեկատվություն տրամադրել այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են ՉԺՀ և երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ ՉԺՀ մաքսային տարածքով տարանցմամբ (Հոդված 3, կետ 5),
- տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո ՉԺՀ-ին տեղեկատվություն տրամադրել այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք երրորդ երկրներից (տարածաշրջաններից) տարանցիկ կարգով տեղափոխվում են ԵԱՏՄ անդամ պետություններ ՉԺՀ մաքսային տարածքով, ՉԺՀ՝ ԵԱՏՄ մաքսային տարածքով և երրորդ երկրներ (տարածաշրջաններ)՝ ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածքներով (Հոդված 3, կետ 7),
- չիրականացնել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխվող, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (Հոդված 3, կետ 8),
- չիրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների շարքին դասվող տեղեկատվության փոխանակում ( Հոդված 3, կետ 9),
- հաշվի առնելով, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, սահմանափակել այդպիսի տեղեկատվության հասանելիությունը երրորդ անձանց համար, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ՝ դրա անկառավարելի տարածումը թույլ չտալու համար (Հոդված 6, կետ 1),
- երաշխավորել, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը դրա փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինների կողմից կօգտագործվի բացառապես մաքսային նպատակներով, և այն առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության որպես ապացույց չի օգտագործվի վարչական և քրեական վարույթների, ինչպես նաև դատաքննությունների ընթացքում (Հոդված 6, կետ 2),
- երաշխավորել, որ ՉԺՀ լիազորված մարմնից տեղեկատվություն ստացած՝ ՀՀ լիազորված մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ ուղղված ստացված տեղեկատվության պահպանմանը, և դրա համար կօգտագործեն չթույլատրված մուտքից պաշտպանելու այնպիսի եղանակներ, որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան նույնական են` նույնանման տեղեկատվության մասով կիրառվող միջոցների ու եղանակների համեմատ (Հոդված 6, կետ 3),
- Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն կարգավորել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով (Հոդված 8):
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` |
Հ. Թովմասյան |
14 հունվարի 2020 թվականի ՍԴՈ-1499 |