Գլխավոր տեղեկություն
Համար
N 1236-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1236-Ա

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով՝

1. Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ն անցկացնել ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ (այսուհետ` հավաքներ):

2. Սահմանել, որ՝

1) hավաքների նպատակը պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը որոշելն է՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում.

2) hավաքների խնդիրն է պարզել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունն օրենքով սահմանված հետևյալ լիազորությունների կատարման ուղղությամբ՝

ա. զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովմանը,

բ. զորահավաքային խնդիրների լուծման համար զինվորական կոմիսարիատների օժանդակմանը,

գ. մարզերի և համայնքների վարչական տարածքների և հաղորդակցության ուղիների նախապատրաստմանը,

դ. կապի ու տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման հարցերի ճշտմանը:

3. Հանձնարարել՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա. ապահովել հավաքներին ներգրավված պահեստազորայինների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացը,

բ. հավաքների ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության համաձայն, ռազմական դրության իրավական ռեժիմի պայմանական իրավիճակի համաձայն՝ ապահովել երեք թիկունքային հոսպիտալների ծավալումը.

2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ հավաքների ընթացքում համաձայն ներկայացված հայտերի ապահովել զինվորական կառավարման մարմիններին լրացուցիչ կապուղիների տրամադրումը.

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել հավաքներին պահեստազորայիններին ներգրավելու նպատակով համապատասխան ուսումնական հաստատությունների շենքերը և շինությունները որպես անձնակազմի նախնական հավաքման կետեր ծավալելու գործընթացը` համաձայն սահմանված առաջադրանքի.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին)՝ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջների համաձայն ապահովել՝

ա. մարզերի և համայնքների վարչական տարածքների և հաղորդակցության ուղիների նախապատրաստման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ համաձայն սահմանված առաջադրանքի,

բ. համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին զինապարտների ծանուցումը և ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը՝ համաձայն սահմանված առաջադրանքի.

5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ հավաքների անցկացման ընթացքում վերահսկել պետական ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի շրջանառության իրականացման և տեղեկատվության ձայնային և էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով նման տվյալների փոխանակման կարգի պահմանման գործընթացը.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել հավաքների ընթացքում մայրուղիների և հաղորդակցության այլ ճանապարհների օգտագործման կարգը,

բ. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել հավաքների ընթացքում զինվորական անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի տեղափոխման և շարասյուների ուղեկցումը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենին՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կազմակերպել զանգվածային լրատվամիջոցներով հավաքների ընթացքի համակողմանի լուսաբանումը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ հավաքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հավաքների արդյունքների ամփոփման վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան