Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.08/60(1418) Հոդ.780.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0527/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0527/02/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան  

Դատավորներ՝  

 Կ. Հակոբյան
   Ա. Հունանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Բեջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Բեջանյանի ընդդեմ Հենրիկ Գևորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Հենրիկ Գևորգյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռոբերտ Բեջանյանի՝ 16.12.2011 թվականին ստորագրված փոխառության պայմանագիրը չկնքված ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Բեջանյանը պահանջել է Հենրիկ Գևորգյանից բռնագանձել 32.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև կետանցի օրվանից` 16.12.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հենրիկ Գևորգյանը պահանջել է 16.12.2011 թվականին ստորագրված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 15.11.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2017 թվականի որոշմամբ Հենրիկ Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.11.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Բեջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև իրականում տեղի է ունեցել պարտքի նորացում, որպիսի պայմաններում չի պահանջվում, որ որպես ապացույց ներկայացվի «սկզբնապես գոյություն ունեցող պարտավորությունը հաստատող» որևէ ապացույց: Եթե պահպանվի «սկզբնապես գոյություն ունեցող պարտավորությունը հաստատող» փաստաթուղթը, ապա կստացվի, որ պարտքի նորացումից հետո նույն պարտքի վերաբերյալ առկա են երկու տարբեր փաստաթղթեր, այսինքն՝ առկա են երկու տարբեր պարտավորություններ, առավել ևս, որ փոխառության պայմանագիրը չի նախատեսում նախկինում ունեցած պարտքերի մասին հիշատակելու անհրաժեշտություն, այլապես կողմերը պետք է պահպանեին այն փաստաթղթերը, որոնցով դադարել են պարտավորությունները: 

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.11.2016 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործի պարագայում նախկինում որևէ պարտավորություն չի եղել, Հենրիկ Գևորգյանը երբևէ գումար չի ստացել, և պայմանագրի ստորագրումից առաջ գումար ստանալու մասին որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ առկա չէ սկզբնական պարտավորություն, հետևաբար խոսք չի կարող լինել նաև դրա նորացման մասին: Մասնավորապես՝ պահանջվող 32.000.000 ՀՀ դրամից 9.000.000 ՀՀ դրամը Ռոբերտ Բեջանյանը ներկայացնում է որպես իրավաբանական ծառայության դիմաց վճարման ենթակա գումար, որի վերաբերյալ, սակայն,  չի ներկայացվել որևէ թույլատրելի ապացույց: Որևէ թույլատրելի ապացույց չի ներկայացվել նաև մինչ պայմանագրի ստորագրումը տարբեր ժամանակահատվածներում 23.000.000 ՀՀ դրամ հանրագումարով փոխառության տրամադրման վերաբերյալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հենրիկ Գևորգյանի և Ռոբերտ Բեջանյանի միջև 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության մասին պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1-ին կետի համաձայն` Հենրիկ Գևորգյանը 16.12.2011 թվականին առանց տոկոսի, փոխառությամբ քաղաքացի Ռոբերտ Բեջանյանից ստացել է 32.000.000 ՀՀ դրամ` 16.12.2012 թվականին միանվագ վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ղազարյանի` «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 09.07.2015 թվականի որոշման համաձայն` նախաքննության ընթացքում Հենրիկ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված փոխառության պայմանագիրն իրական չէ, քանի որ ինքը Ռոբերտ Բեջանյանից գումար չի վերցրել, սակայն հնարավոր է, որ նշված պայմանագրում առկա ստորագրությունը լինի իրենը, քանի որ Ռոբերտ Բեջանյանը «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կապված քաղաքացիական գործով, հանդիսանալով իր փաստաբանը, հաճախ է իրեն տվել թղթեր, իսկ ինքն առանց կարդալու ստորագրել է: Նախաքննության ընթացքում Ռոբերտ Բեջանյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ նշված պայմանագիրը կնքվել է իր և Հենրիկ Գևորգյանի փոխադարձ համաձայնությամբ, քանի որ Հենրիկ Գևորգյանն իրեն փաստաբանական ծառայության դիմաց պարտք է եղել 9.000.000 ՀՀ դրամ և բացի դրանից` տարբեր ժամանակահատվածներում վերցրել է պարտքով գումարներ, որոնց ընդհանուր չափը կազմել է 23.000.000 ՀՀ դրամ, և իրենք երկուսով պայմանավորվել են, որ պարտքի գումարի չափն ընդհանուր կազմում է 32.000.000 ՀՀ դրամ, և փոխադարձ համաձայնությամբ կնքել են նշված պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 103-104):

3) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժանմունքի ավագ քննիչ Գ. Ղազարյանի կողմից կազմված «Առերեսման մասին» 12.04.2015 թվականի արձանագրության համաձայն՝ Հենրիկ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռոբերտ Բեջանյանի կատարած փաստաբանական ծառայության համար իրենց պայմանավորվածության համաձայն «Հայփոստ» ընկերությունից բռնագանձվելիք գումարը ստանալու դեպքում պետք է վճարեր 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 135-139):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի, այն է՝ փոխառության պարտավորությամբ պարտքի նորացման առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, 

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: 

 Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք այլ հիմքերից ծագած պարտքը փոխառության պարտավորությամբ փոխարինելու արդյունքում ձևավորված փոխառության իրավահարաբերություններում փոխառուն կարող է անփողության հիմքով վիճարկել փոխառության պայմանագիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունների նկատմամբ նորացում չի թույլատրվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով պարտավորության դադարմանը և այլ հիմքերից ծագած պարտքը փոխառության պարտավորությամբ փոխարինման հնարավորությանը, գտել է, որ պարտավորության դադարման ձև է նաև պարտավորության դադարումը նորացմամբ, որը կնքվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով: Նշվածից հետևում է, որ այն դեպքում, երբ կողմերի միջև գոյություն ունեցող պարտավորությունը նորացվում է փոխառության պարտավորությամբ, ապա նորացումը կարգավորվում է ինչպես նորացման, այնպես էլ փոխառությանը վերաբերող նորմերով (տե՛ս, Վալերինա Գևորգյանն ընդդեմ Գեղամ Գևորգյանի թիվ ԵԿԴ/1179/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):    

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նորացումը  պարտավորության դադարման ինքնուրույն հիմք է, որը կնքվում է պարտավորական հարաբերությունների երկու կողմերի համաձայնությամբ և նախատեսում է պարտավորության այլ առարկա կամ դրա կատարման այլ եղանակ: Այսինքն` չնայած այն հանգամանքին, որ պարտավորության նորացման դեպքում գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը դադարում է, այնուամենայնիվ, կողմերի միջև փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները չեն դադարում, քանի որ սկզբնական պարտավորության հիմքով նրանց միջև առաջ է գալիս նոր պարտավորություն: Ընդ որում, պարտավորության նորացումը պետք է ծագի միևնույն կողմերի միջև և պետք է տարբերվի սկզբնական պարտավորությունից այլ առարկայով կամ կատարման այլ եղանակով: Միաժամանակ օրենսդիրը սպառիչ սահմանել է այն պարտավորությունները, որոնց դեպքում նորացում չի թույլատրվում, դրանք են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունները:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ պարտավորության նորացման դեպքում, ի հավաստումն գործարքի կնքման փաստի, չի պահանջվում (կամ չի ենթադրվում) որևէ գույքի կամ դրամական միջոցի փոխանցում, այլ դրա կնքման համար անհրաժեշտ է կողմերի փոխադարձ կամահայտնությունը տվյալ գործարքի բոլոր էական պայմանների շուրջ: Վճռաբեկ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորացմանը նախորդում է կողմերի միջև արդեն իսկ գոյություն ունեցող՝ առուվաճառքի, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտավորությունը, որը նորացման փաստով դադարում է՝ փոխարինվելով պարտավորության այլ առարկայով կամ կատարման այլ եղանակով:  

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համաձայնությունը նորացում կարող է դիտվել ոչ միայն այն դեպքում, երբ այդպիսին սահմանված է ուղղակիորեն, այլ նաև այն դեպքում, երբ այն բխում է կողմերի ընդհանուր կամքից, որն իր հերթին ենթակա է բացահայտման՝ հիմք ընդունելով պայմանագրի մեկնաբանման կանոնները, հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:  

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը  (տե´ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով  ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս և հակընդդեմ հայցը մերժելիս, հաշվի առնելով կողմերի ցուցմունքները, արձանագրել է, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել պարտքի նորացում և «սույն պարագայում պահպանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ և 430-րդ հոդվածների պահանջները, իսկ հակընդդեմ հայցով հայցվոր կողմն այլ ապացույց, քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 09.07.2015 թվականի որոշումից զատ, չի ներկայացրել: Մինչդեռ տվյալ դեպքում հակընդդեմ հայցով հայցվոր կողմը պետք է ապացույցներ ներկայացներ, որ առհասարակ գումար չի վերցրել հայցվորից, որ պարտավորության նորացում տեղի ունենալ չէր կարող, քանի որ վերջինս սկզբնական հայցով հայցվորի հանդեպ չուներ չկատարված որևիցե պարտավորություն»: Միաժամանակ Դատարանը գտել է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Հենրիկ Գևորգյանը Ռոբերտ Բեջանյանին 32.000.000 ՀՀ դրամ վերադարձնելու պարտավորություն ունի, հետևաբար գումարի բռնագանձման պահանջն իրավաչափ է և ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ «գործի նյութերում բացակայում է փոխառության պայմանագրի առկայությունը հավաստող հիմնական նյութաիրավական փաստը ապացուցող և սկզբնապես գոյություն ունեցող պարտավորությունը հաստատող և օրենքի ուժով թույլատրելի համարվող փոխառության պայմանագիրը կամ փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար տալը հավաստող այլ փաստաթուղթը»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել կողմերի միջև պարտավորության նորացման համար անհրաժեշտ հիմնական պայմանի` կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորության առկայության կամ բացակայության հարցը: Մինչդեռ Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի ուժով պարտքի նորացման փաստը հաստատելիս պարտավոր էր անդրադառնալ սկզբնական պարտավորության առկայության հարցի քննարկմանը»:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա ապացույցների, մասնավորապես` Հենրիկ Գևորգյանի և Ռոբերտ Բեջանյանի միջև 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության մասին պայմանագրի,  «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 09.07.2015 թվականի որոշման, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժանմունքի ավագ քննիչ Գ. Ղազարյանի կողմից կազմված «Առերեսման մասին» 12.04.2015 թվականի արձանագրության համադրությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ, ըստ էության, կողմերն ընդունել են, որ Հենրիկ Գևորգյանի մոտ առաջացել է այլ հիմքից ծագած պարտքը Ռոբերտ Բեջանյանին վճարելու պարտավորություն, որը 16.11.2011 թվականին փոխարինվել է փոխառության պարտավորության: Մասնավորապես՝ վերը նշված ապացույցներով Հենրիկ Գևորգյանն ըստ էության ընդունել է, որ Ռոբերտ Բեջանյանը եղել է իր փաստաբանը, և նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հենրիկ Գևորգյանը պետք է Ռոբերտ Բեջանյանին վճարեր 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հենրիկ Գևորգյանը և Ռոբերտ Բեջանյանը, 16.12.2011 թվականին կնքելով փողի փոխառության մասին պայմանագիրը` դրանում ներառելով 32.000.000 ՀՀ դրամից 9.000.000 ՀՀ դրամը, ըստ էության, այլ հիմքից ծագած պարտավորությունը փոխարինել են փոխառության պարտավորությամբ, որը Հենրիկ Գևորգյանի կողմից պատշաճ չի կատարվել:  

Ինչ վերաբերում է Հենրիկ Գևորգյանի այն փաստարկին, որ 9.000.000 ՀՀ դրամն ինքը փոխառությամբ չի ստացել Ռոբերտ Բեջանյանից, որպիսի պայմաններում 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության պայմանագիրն այդ գումարի մասով պետք է ճանաչել չկնքված, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորության նորացման դեպքում չի պահանջվում (կամ չի ենթադրվում) որևէ գույքի, այդ թվում` դրամական միջոցի փոխանցում, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածը վերը նշված գումարի չափի մասով կիրառելի չէ:

Անդրադառնալով 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության պայմանագրի 32.000.000 ՀՀ դրամից 23.000.000 ՀՀ դրամ Ռոբերտ Բեջանյանից չստանալու վերաբերյալ Հենրիկ Գևորգյանի փաստարկին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հենրիկ Գևորգյանը հայցվորից իրականում չի ստացել փոխառության պայմանագրով սահմանված 23.000.000 ՀՀ դրամը, իսկ միայն հայցվորի և պատասխանողի կողմից նախաքննության ընթացքում 23.000.000 ՀՀ դրամի չափի վերաբերյալ տրված հակասական ցուցմունքները հիմք չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի ուժով 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության պայմանագիրը 23.000.000 ՀՀ դրամի մասով չկնքված ճանաչելու համար, առավել ևս, որ Հենրիկ Գևորգյանը 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության մասին պայմանագրում իր ստորագրությամբ հավաստել է 23.000.000 ՀՀ դրամը ստացած լինելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հենրիկ Գևորգյանի կողմից գումարի ստացման փաստի հերքումը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունը չկատարելու համար, քանի որ 16.12.2011 թվականին կնքված փողի փոխառության պայմանագրում նշված և վերադարձման ենթակա 32.000.000 ՀՀ դրամից 9.000.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը փոխարինվել է (նորացվել է) փոխառությամբ, իսկ  23.000.000 ՀՀ դրամի չստացման փաստը Հենրիկ Գևորգյանը չի ապացուցել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Բեջանյանի հայցը ենթակա էր բավարարման, իսկ Հենրիկ Գևորգյանի հակընդդեմ հայցը՝ մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել էր Դատարանը, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի 15.11.2016 թվականի վճռին, այսինքն` Ռոբերտ Բեջանյանի հայցը բավարարվում է, իսկ Հենրիկ Գևորգյանի հակընդդեմ հայցը` մերժվում, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Հենրիկ Գևորգյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 970.000 ՀՀ դրամ: Ընդ որում, 970.000 ՀՀ դրամից 960.000 ՀՀ դրամը (32.000.000 * 3%)` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա գույքային պահանջով պետական տուրքի գումար, իսկ 10.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա ոչ գույքային բնույթի պահանջով պետական տուրքի գումար, ինչպես նաև 17.12.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.000.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 27.01.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Հենրիկ Գևորգյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 980.000 ՀՀ դրամ, որից 960.000 ՀՀ դրամը (32.000.000 * 3%)` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա գույքային պահանջով պետական տուրքի գումար, իսկ 20.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա ոչ գույքային բնույթի պահանջով պետական տուրքի գումար, ինչպես նաև 17.12.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.000.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 20.000 ՀՀ դրամ (1.000.000-980.000)՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2016 թվականի վճռին:

2. Հենրիկ Գևորգյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 970.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 17.12.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.000.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 Հենրիկ Գևորգյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 980.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 17.12.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.000.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով,  բայց ոչ ավելի, քան 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյանի