Գլխավոր տեղեկություն
Համար
N 140-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.20/48(1406) Հոդ.122
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 մայիսի 2018 թ.

ք. Երևան

N 140-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 13.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.3. Դիմող անձի` սույն կանոնների 13.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո մատակարարը՝

1) դիմումն առձեռն ներկայացված լինելու դեպքում՝ անմիջապես, իսկ փոստային կապի միջոցով ներկայացված լինելու դեպքում դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու դրանց համապատասխանության պարագայում Դիմող անձին ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին.

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման դիմում ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված դիմումը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ՝ բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքեր), սույն կանոնների 13.2 կետով նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`

ա. մշակում է տեխնիկական պայմաններն ու (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և համաձայնեցնում Դիմող անձի հետ.

բ. Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին։».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3.1-13.3.6 կետերով.

«13.3.1. Դիմումում (այդ թվում՝ դրան կից ներկայացված փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում մատակարարը, սույն կանոնների 13.3 կետում նշված ժամկետներում, Դիմող անձին առաջարկում է վերացնել թերությունները: Նման դեպքում համապատասխան թերությունները վերացնելու և մատակարարին կրկին ներկայացնելու պահից դիմումը համարվում է մատակարարին ներկայացված։

13.3.2. Դիմող անձը սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին։ Պայմանագիրն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած պայմանագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելը համարվում է էլեկտրական ցանցին միացման դիմումից Դիմող անձի հրաժարում։

13.3.3. Այն դեպքում, երբ սույն կանոնների 13.3 կետի 1-ին ենթակետի համաձայն պայմանագրի կնքումից հետո մատակարարը պարզում է, որ առկա է նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպք, ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմող անձին է ներկայացնում պայմանագրի փոփոխման վերաբերյալ գրավոր առաջարկ՝ վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված՝ պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)` 2 օրինակից։

13.3.4. Դիմող անձը սույն կանոնների 13.3.3 կետում նշված առաջարկը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված Համաձայնագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին։ Առաջարկն ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, Դիմող անձի ստորագրած Համաձայնագրի օրինակը մատակարարին փաստացի չհանձնելու դեպքում համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված, իսկ Դիմող անձի կողմից վճարված էլեկտրական ցանցին միացման վճարը պայմանագիրը լուծված համարվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:

13.3.5. Սույն կանոնների 13.3.4 կետով սահմանված կարգով պայմանագիրը համարվում է փոփոխված՝ Դիմող անձի կողմից Համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը մատակարարի ստանալու պահից:

13.3.6. Սույն կանոնների 13.3.5 կետի համաձայն պայմանագրի փոփոխման դեպքում էլեկտրական ցանցին միացման ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի կամ դրա տարբերության վճարման, բայց ոչ շուտ, քան պայմանագրի փոփոխմանը հաջորդող աշխատանքային օրվանից:».

3) Կանոնների 13.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.5. Կանոնների 13.3 կետում նշված պայմանագրով, իսկ սույն կանոնների 13.3.5 կետով նախատեսված դեպքում Համաձայնագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ միացման վճարի) վճարման օրվանից մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝

1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը.

2) էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ 15 աշխատանքային օրը, էլեկտրական ցանցին 0.4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում՝ 60 օրը.

3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 90 օրը.

4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում` 300 օրը:».

4) Կանոնների N 2 հավելվածի՝ կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի 4-րդ կետից հանել «՝ մինչև _____________,» բառը.

5) Կանոնների N 3 հավելվածի՝ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի՝

ա. 8-րդ կետի 6-րդ ենթակետում «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր» բառերով.

բ. 10-րդ կետում «կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «կանոններով» բառով.

գ. 11-րդ կետում «սույն կանոնների 13.3 կետով» բառերը փոխարինել «սույն կանոններով», իսկ «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերը՝ «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան