Գլխավոր տեղեկություն
Համար
N 1440-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1521
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1440-Ն

 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 19-ի N 1440-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորելու կենտրոնում (այսուհետ` կենտրոն) տեղավորելու և կենսաապահովման պայմաններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորելու կենտրոնը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշմամբ ստեղծված «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:

3. Ապաստան հայցողները կենտրոնում տեղավորվում են միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

4. Կենտրոնում ապաստան հայցողների տեղավորումը և կենսաապահովման պայմանների տրամադրումն իրականացվում է նրա պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսված միջոցների հաշվին:

5. Ապաստան հայցողները և նրանց ընտանիքի անդամները տեղավորվում են կենտրոնում, եթե դրա մասին նրանք նշել են իրենց ապաստան ստանալու մասին դիմումի մեջ կամ ներկայացրել են առանձին դիմում: Ապաստան հայցողները կարող են բնակվել նաև այլ վայրում` իրենց սեփական միջոցներով:

6. Կենտրոնում տեղավորվելու մասին ապաստան հայցողների դիմումի հիման վրա լիազոր մարմնի կողմից նրանց տրվում է ուղեգիր: Ուղեգրի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

7. Ուղեգիրը տրվում է կենտրոնում ազատ սենյակների առկայության դեպքում: Ուղեգիր ստացած ապաստան հայցողներն անհապաղ տեղավորվում են կենտրոնում:

8. Կենտրոնում ապաստան հայցողների հետ միասին տեղավորվում են նաև ապաստան հայցողի ընտանիքի անդամները:

9. Ապաստան հայցողները կենտրոնում բնակվում են մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելը (ներառյալ մերժման որոշման բողոքարկման գործընթացի ավարտը):

10. Կենտրոնում տեղավորվելիս հաշվի են առնվում ապաստան հայցողների ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ:

10.1. Եթե ապաստան հայցողն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա է, ապա նա կենտրոնում տեղավորվում է առաջնահերթության կարգով: Կենտրոնում տեղավորելիս՝ կենտրոնի տնօրինությունը հաշվի է առնում երեխայի լավագույն շահերը, ինչպես նաև խորհրդակցում է նրա ներկայացուցչի հետ:

(10.1-ին կետը լրաց. 15.12.16 N 1268-Ն)

10.2. Եթե ապաստան հայցող՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի տարիքն անհայտ է, և նա չունի անձը հաստատող փաստաթղթեր, սակայն կան հիմնավոր կասկածներ, որ նրա 18 տարին դեռ չի լրացել, ապա երեխայի տարիքը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(10.2-րդ կետը լրաց. 15.12.16 N 1268-Ն)

11. Միևնույն ընտանիքին չպատկանող տարբեր սեռի անձինք չեն կարող տեղավորվել միևնույն սենյակում:

12. Կենտրոնում հատկացված սենյակը ապաստան հայցողի կողմից 7 օր անընդմեջ անհարգելի պատճառով չզբաղեցվելու դեպքում կենտրոնի տնօրինությունը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որը նրան տրված ուղեգիրն ուժը կորցրած է ճանաչում: Անհարգելի է համարվում, երբ ապաստան հայցողը կենտրոնի տնօրինությանը չի տեղեկացնում սենյակը չզբաղեցնելու հիմնավոր պատճառների մասին:

12.1. Կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները խախտած ապաստան հայցողը կենտրոնի տնօրենի կողմից գրավոր նախազգուշացվում է խախտման հետևանքների վերաբերյալ: Բնակության ներքին կարգապահական կանոնների երկու և ավելի անգամ խախտման դեպքում՝ ապաստան հայցողին տրված ուղեգիրը, կենտրոնի տնօրենի առաջարկության հիման վրա, ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի կողմից:

(12.1-ին կետը լրաց. 15.12.16 N 1268-Ն)

12.2. Ապաստան հայցողին տրված ուղեգիրն ուժը կորցրած ճանաչվելու մասին ապաստան հայցողը գրավոր ծանուցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ուղեգիրն ուժը կորցրած ճանաչվելու մասին տեղեկանալու օրվանից սկսած եռօրյա ժամկետում ապաստան հայցողն ազատում է զբաղեցրած սենյակը:

(12.2-րդ կետը լրաց. 15.12.16 N 1268-Ն)

13. Եթե ապաստան հայցողը ճանաչվում է փախստական, ապա նա դրա մասին որոշումն ստանալուց հետո ազատում է կենտրոնում զբաղեցրած սենյակը:

14. Եթե ապաստան հայցողի դիմումը մերժվում է և նա վարչական կամ դատական կարգով չի բողոքարկում մերժման որոշումը, ապա նա որոշումն ստանալուց հետո կարող է շարունակել իր բնակությունը կենտրոնում` մինչև 30 օր ժամկետով:

15. Եթե ապաստան հայցողի դիմումը մերժվում է և նա բողոքարկում է մերժման որոշումը վարչական կարգով, ապա նա և նրա ընտանիքի անդամները կարող են շարունակել իրենց բնակությունը կենտրոնում` մինչև վարչական բողոքի քննարկման վերաբերյալ որոշում ընդունվելը:

16. Եթե ապաստան հայցողի դիմումը մերժվում է և նա բողոքարկում է մերժման որոշումը դատական կարգով, ապա նա և նրա ընտանիքի անդամները կարող են շարունակել իրենց բնակությունը կենտրոնում` մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

17. Ապաստանի մերժում ստացած փախստականները լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ կարող են շարունակել բնակությունը կենտրոնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը:

18. Կենտրոնի տնօրինության կողմից վարվում են կենտրոնում տեղավորված ապաստան հայցողների վերաբերյալ գրանցամատյաններ, որոնցում նշվում են ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, ազգանունը հայրանունը, ծննդյան թիվը, քաղաքացիության պատկանելության երկիրը, կենտրոնում տեղավորելու ուղեգրի թիվը, տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, կենտրոնում տեղավորելու օրը, ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և որոշման համարը, զբաղեցրած տարածքի ազատման օրը, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ: Գրանցամատյանի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Լիազոր մարմինն ապաստանի դիմումի վերաբերյալ ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացնում է կենտրոնի տնօրինությանը:

19. Կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին կենտրոնի տնօրինության կողմից տրամադրվում են կենսաապահովման պայմաններ` սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:

20. Ապաստան հայցողներին կենտրոնում կենսաապահովման պայմաններ տրամադրվում են մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելը (ներառյալ մերժման որոշման բողոքարկման գործընթացի ավարտը):

21. Կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին օրական հատկացվող սննդամթերքի չափաքանակները և նրանց անկողնային պարագաներով ապահովումը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման համապատասխանաբար NN 2 և 4 հավելվածներով սահմանված նվազագույն չափորոշիչներով:

22. Կենտրոնում տեղավորված յուրաքանչյուր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին ամսական տրամադրվում է անձնական հիգիենայի պարագաներ` հետևյալ չափաքանակներով`

1) ձեռքի օճառ` 100 գրամ.

2) լվացքի փոշի` 250 գրամ.

3) տնտեսական օճառ` 200 գրամ.

4) ատամի մածուկ` 60 գրամ.

5) ատամի խոզանակ` 1 հատ (միանվագ).

6) անձեռոցիկ` 1 տուփ.

7) զուգարանի թուղթ` 1 փաթեթ։

23. Կարիքավոր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին այդ անձանց դիմումի հիման վրա` կենտրոնի տնօրինության կողմից լիազոր մարմնին ներկայացված առաջարկությամբ և լիազոր մարմնի համաձայնությամբ միանվագ տրամադրվում է հագուստ և կոշիկ: Յուրաքանչյուր ապաստան հայցողի հաշվով այդ նպատակի համար ծախսերը չպետք է գերազանցեն 25 հազ. դրամը:

24. Կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին կենսաապահովման պայմաններ կարող են տրամադրվել նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

(հավելվածը լրաց. 15.12.16 N 1268-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2016, N 1268-Ն 29.12.2016, N 1440-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան