Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
համոզված լինելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի կարևոր բաղկացուցիչ մաս և ընդունելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի անհրաժեշտությունը,
հաշվի առնելով պատմականորեն ձևավորված գիտատեխնիկական կապերի և գիտության ու տեխնիկայի զարգացման գործում գերակայությունների ընդհանրությունը,
ընդունելով, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների միջև երկկողմ փոխշահավետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների ազգային օրենսդրություններին համապատասխան, կնպաստեն այդ երկրների միջև գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
ՀՈԴՎԱԾ 2
Երկկողմ գիտատեխնիկական համագործակցության ուղղությունները կորոշվեն` ելնելով երկու երկրներում գիտության և տեխնիկայի զարգացման երկարաժամկետ շահերից:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, գերատեսչությունների, գիտությունների ակադեմիաների, գիտահետազոտական հիմնարկների ու կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, առանձին գիտնականների և մասնագետների միջոցով` նրանց իրավասության սահմաններում ազգային օրենսդրություններին համապատասխան, նրանց միջև ուղիղ համաձայնագրերի, դաշնագրերի և պայմանագրերի հիման վրա: Համագործակցության ընդհանուր ղեկավարումը և համակարգումը կիրականացվի ՈՒկրաինայի գիտության և տեխնոլոգիաների գծով նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: ՈՒղիղ համաձայնագրերը, դաշնագրերը և պայմանագրերը պետք է սահմանեն համագործակցության իրականացման տնտեսական և կազմակերպական պայմանները, հատկապես`
համագործակցության նպատակները և բովանդակությունը, ակնկալվող արդյունքները, նախագծերի իրականացման ժամկետները և պայմանները,
աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, ֆինանսական փոխադարձ պարտավորությունները,
գիտական օբյեկտների, համատեղ հետազոտությունների և ստացված մտավոր սեփականության իրավունքների բաշխման և այդ իրավունքների պահպանության և օգտագործման, համագործակցության ընթացքում ստացված արդյունքների համատեղ օգտագործման կարգը,
վիճելի հարցերի լուծման և համագործակցության շրջանակներում պատճառված վնասների հատուցման կարգը,
համագործակցությանը երրորդ պետությունների կազմակերպությունների և անձանց կամ միջազգային կազմակերպությունների մասնակցության, այդպիսի մասնակցության ֆինանսավորման ապահովման և համագործակցության արդյունքների օգտագործման կարգը,
համագործակցության ընթացքում միմյանց փոխանցվող տեղեկության հավաստիության, նյութերի և սարքավորումների որակի նկատմամբ պատասխանատվությունը:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով`
համատեղ գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի իրականացում, դրանց փորձաքննության փոխադարձ անցկացում,
գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրապարակում,
գիտահետազոտական համատեղ կոլեկտիվների ձևավորում, ներառյալ դաշտային համատեղ հետազոտությունների, նորարարական և այլ տիպի կազմակերպությունների համար, որոնք ապահովում են նոր տեխնոլոգիաների իրացում,
գիտական և գիտատեխնիկական տեղեկության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակություն,
գիտնականների և մասնագետների փոխանակություն,
համատեղ սեմինարների, գիտական կոնֆերանսների, աշխատանքային հանդիպումների և ստաժավորումների կազմակերպման միջոցով գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում:
Համագործակցությունը կարող է իրականացվել նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրագործումը:
Համագործակցության ձևերը ընտրելիս ու սահմանելիս Կողմերը ղեկավարվում են գիտության զարգացման և երկու երկրների ու ժողովուրդների տնտեսական և հասարակական առաջընթացի շահերով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերը ստեղծում են գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ հանձնաժողով:
Իր գործունեությունը կազմակերպելու համար հանձնաժողովը մշակում և հաստատում է աշխատանքային կանոնակարգ:
ՀՈԴՎԱԾ 6
Հաշվի առնելով գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական մշակումների` համաշխարհային մակարդակի պահպանման կարևորությունը, Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն երկու երկրների գիտնականների մատչելիության ապահովմանը նորագույն փորձարարական սարքավորումներին, ինչպես նաև կոոպերացիայի հիմունքներով կմասնակցեն դրա մշակման, արտադրության և ձեռքբերման աշխատանքներին:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը պայմանավորվեցին, որ համագործակցության ընթացքում ստացված գիտական և գիտատեխնիկական տեղեկատվությունը, ազգային գործող օրենսդրությանը համապատասխան, բաց է հրապարակման համար և, դրա տարածման ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում, մատչելի կլինի համաշխարհային գիտական հասարակությանը:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում, համատեղ նախագծերում մասնակցություն ցուցաբերած փորձագետների, գիտնականների և այլ մասնագետների փոխանակությունը կատարվում է նախօրոք պայմանավորվածության համաձայն, իսկ ծախսերի վճարումները` հետևյալ կերպ`
գործուղող Կողմը վճարում է Համաձայնագրի մասնակից պետության նախանշված կետերի միջև գործուղվող մասնագետի տեղափոխության ծախսերը,
ընդունող Կողմն ամբողջությամբ իր վրա է վերցնում գործուղված մասնագետի կեցության, սննդի, տեղափոխության և այլ ծախսերը իր պետության տարածքում` ելնելով ծախսերի չափակարգերից, որոնք սահմանված են ընդունող Կողմի համապատասխան կարգի մասնագետների համար, ընդունող Կողմի պետության տարածքում գործուղված մասնագետի բժշկական սպասարկման հարցերը (սուր հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում) լուծվում են ընդունող Կողմի հաշվին` նույն պայմաններով, ինչպիսիք գործում են ընդունող Կողմի աշխատակիցների համար:
Տվյալ կարգը գործում է, եթե համագործակցող կազմակերպությունների փոխադարձ պայմանավորվածությամբ որևէ այլ կարգ չի սահմանվել:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, ապահովում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում:
Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների պահպանության և օգտագործման հարցերը կարգավորվում են ուղիղ համաձայնագրերով, դաշնագրերով և պայմանագրերով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից:
Սույն Համաձայնագրի դրույթներն իրականացվում են Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան և չեն մեկնաբանվում որպես Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությունների մեջ փոփոխություններ կատարելու պահանջ:
ՀՈԴՎԱԾ 11
Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ մտցնել, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում, ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական գործընթացներն ավարտվելու մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից և գործում է հինգ տարի ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից ոչ մեկը, Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր ցանկության մասին:
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնության դեպքում:
Սույն Համաձայնագրի ոչ մի փոփոխություն կամ գործողության դադարեցում չի կարող փոփոխել ստանձնած իրավունքները և պարտավորությունները, որոնք ծագել են սույն Համաձայնագրի շրջանակներում մինչև նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը կամ Համաձայնագրի գործողության ավարտը:
Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 2-ից:
