Գլխավոր տեղեկություն
Համար
N 339-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.08/29(1209) Հոդ.317
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 339-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, ում կարգավիճակը հավասարեցվում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակին:

2. Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում ու այդ ծախսերը կատարվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող ընդհանուր միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 6
Երևան

 

 

 

Հավելված 

 ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 31-ի N 339-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ) գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

2. Ներկայացուցիչն աջակցում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության ու այլ մարմինների հետ նախարարության հարաբերությունների զարգացմանը:

3. Ներկայացուցիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համապատասխան միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կարգով:

4. Ներկայացուցիչը «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ստանում է դիվանագիտական անձնագիր:

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Ներկայացուցչի գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում բազմակողմանի և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը.

2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելը.

3) տարաբնույթ տարերային և տեխնածին աղետների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ոլորտներում գործառույթներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների միջև երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացման և խորացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության հետ կապված խնդիրների լուծումը.

5) պետական ռեզերվների ստեղծման և կառավարման բնագավառում համագործակցության իրականացումը.

6) տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառներում համագործակցության իրականացումը.

7) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման բնագավառում համագործակցության իրականացումը.

8) նախարարության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, այլ մարմինների միջև օպերատիվ փոխգործակցությունն ապահովելը.

9) նախարարի հրամաններով սահմանված այլ հանձնարարականներ և պարտականություններ կատարելը:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

 

6. Ներկայացուցիչն ունի`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանության և իր պաշտոնի անվանմամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիք ու ձևաթուղթ.

2) առանձին բանկային հաշիվ:

7. Ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար):

8. Ներկայացուցչին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում գրավոր համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

9. Ներկայացուցիչ կարող է նշանակվել այն փրկարարական ծառայողը, ով մինչև նշանակվելը վերջին մեկ տարին զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ երեք տարի` փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոն: Ներկայացուցիչ կարող է նշանակվել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

10. Ներկայացուցիչ նշանակվող ծառայողը պետք է ազատորեն տիրապետի ռուսերենին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է նախարարը:

11. Ներկայացուցիչը`

1) նշանակվում է 5 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով.

2) Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Ռուսաստանի Դաշնությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ.

4) հաշվետու է նախարարին ու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կատարված աշխատանքների մասին:

 

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Ներկայացուցչի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան