Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0335/02/09

Քաղաքացիական գործ  թիվ ԵԿԴ/0335/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

            Դատավորներ՝ Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Հարությունյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Մարաշի տարածքային ստորաբաժանման՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Գագիկ Հարությունյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է ճանաչել Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 17.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել միայն Երևանի քաղաքապետի, այլ ոչ թե դատարանի որոշման հիման վրա:

Վերաքննիչ դատարանը հողամասի նկատմամբ ճանաչել է Գագիկ Հարությունյանի սեփականության իրավունքը, առանց պարզելու՝ արդյոք այն համապատասխանում է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Երևանի քաղաքապետարանի մերժումը՝ պատճառաբանելով, որ չնայած Գագիկ Հարությունյանի իրավունքները գրանցվել են 2001 թվականի մայիսի 15-ից հետո, այնուամենայնիվ նրա իրավանախորդ Սերյոժա Հարությունյանի իրավունքները գրանցվել են դեռևս 1989 թվականից, ավելին 17.0 քմ մակերեսով հողամասը դեռևս 1992 թվականից որոշվել է ամրակցել այդ հողատարածքին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 11.02.2005 թվականի թիվ 1292729 սեփականության իրավունքի վկայականով գրանցվել են հայցվորի իրավունքները, որը թույլ է տալիս ենթադրելու, որ իրավունքների պետական գրանցման պահին հողազավթում առկա չի եղել, հակառակ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի համաձայն կմերժվեր գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

1. ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Մյասնիկյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 14.09.1989 թվականի թիվ 21/38 որոշման համաձայն՝ Երևանի Մ. Հերացու 14/2 հասցեի 240 քմ հողամասը ամրակցվել է Սերյոժա Հարությունյանին, իսկ դրա վրա կառուցված տունը ճանաչվել է օրինական (գ.թ. 9):

2. Գագիկ Հարությունյանը Սերյոժա Հարությունյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգն է (գ.թ. 13):

3. Գագիկ Հարությունյանին հասցեագրված Քաղաքապետարանի 19.01.2009 թվականի թիվ 20-ել-251 գրությամբ նշվել է. «Համաձայն 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի կիրառման մասին 30.10.2008թ. պաշտոնական պարզաբանման, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը չի կիրառվում այն բնակելի տների նկատմամբ, որոնց նկատմամբ իրավունքները պետական գրանցում են ստացել 2001 թվականի մայիսի 15-ից հետո որևէ գործարքի, որոշման, դատարանի վճռի կամ այլ իրավական ակտի հիման վրա: Նկատի ունենալով, որ Ձեր տունը պետական գրանցում է ստացել 11.02.2005թ., Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ» (գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա սույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավելի օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Նշված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը, սահմանել է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար միայն մեկ հիմք, այն է` Երևանի քաղաքապետի որոշումը:

 

Հետևաբար, Գագիկ Հարությունյանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հիմքը Երևանի քաղաքապետի որոշումն է:

Մինչդեռ, սույն գործով Գագիկ Հարությունյանը Երևանի Մ. Հերացու 14/2 տան հողամասին կից 30 քմ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով դիմել է Դատարան:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով ենթակա չէ դատարանում քննության, հետևաբար սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Սույն գործի վարույթի կարճման պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2009 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան