Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.268
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1943/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/1943/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Լև Այվազյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) և հարակից պատասխանող՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Կենտրոն տարածքային ստորաբաժանման՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու, պաշտոնատար անձի գործողությունը և անգործությունը վիճարկելու, օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի պետական գրանցմանը պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լև Այվազյանը պահանջել է Քաղաքապետարանի և Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման գործողությունը և անգործությունը համարել հակասող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետին և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությանը, անվավեր ճանաչել (վերացնել) Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշումը և հարկադրել Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը կատարելու Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ 110 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2006 թվականի վճռով Լև Այվազյանի հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.06.2006 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.06.2009 թվականի վճռով Լև Այվազյանի հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Լև Այվազյանի կողմից Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարել օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը՝ տրամադրված վարձակալության հիմունքներով: Պարտավորեցնել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ կատարել Լև Այվազյանի սեփականության իրավունքի, իսկ 110 քմ հողատարածքի նկատմամբ՝ վարձակալության իրավունքի պետական գրանցումները: Մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը և Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Լև Այվազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի՝

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածները և ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը 30 օրացուցային օրվա ընթացքում դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում չի կայացրել:

Մինչդեռ, Վարչական դատարանը նման հանգամանքը հաստատված համարելիս անտեսել է, որ վիճարկվող ինքնակամ շինությունը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Բացի այդ, Վարչական դատարանը առանց նման լիազորության իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող հողամասը տնօրինելու լիազորություն ունեցող մարմնի գործառույթ:

Վերոգրյալի հիման վրա Քաղաքապետարանը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Լև Այվազյանի հայցը մերժել:

Ըստ Կադաստրի վճռաբեկ բողոքի՝

Վարչական դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը, 8-րդ հոդվածի 3-րդ կետը, 10-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ կառավարության թիվ 912-Ն և թիվ 731 որոշումները:

Վարչական դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ իրավունքների պետական գրանցում կատարելու համար բավարար չէ հիմք ընդունել միայն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, քանի որ նույն օրենքի 3-րդ կետով սահմանվում է, որ պետական գրանցման համար հիմք է հանդիսանում Երևան քաղաքում՝ քաղաքապետի որոշումը, հողամասի վարձակալության դեպքում՝ նաև վարձակալության պայմանագիրն ու հողամասի հատակագիծը, ինչպես նաև սահմանված կարգով համապատասխան բյուջե մուծված վճարների անդորրագրերը:

Բացի այդ, Դատարանը անվավեր չի ճանաչել Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշումը, և չլուծված է մնացել վարձակալության պայմանագրի կնքման հարցը:

 

Վերոգրյալի հիման վրա Կադաստրը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Քաղաքապետարանի կողմից 30 օրացուցային օրվա ընթացքում որևէ որոշում չի կայացվել, ուստի ինքնակամ կառուցված շենքը պետք է համարվի օրինական, իսկ հողամասերը` տրամադրված վարձակալության հիմունքներով:

Բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ վիճելի հողամասը պատկանում է Քաղաքապետարանին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ վիճելի գույքը 2007 թվականից պատկանում է Երևանի Սարյան 24 շենքի համասեփականատերերին, և Լև Այվազյանը այդ սեփականատերերից մեկն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 21.07.2004 թվականին Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը թիվ 1817 գրությամբ Լև Այվազյանի 14.07.2004 թվականի դիմումին ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետին է ներկայացրել Լև Այվազյանի կողմից ինքնակամ կառուցված կցակառույցի և անտրեսոլի հատակագիծը և հաշվառման մատյանից քաղվածքը` խնդրելով սահմանված կարգով ընդունել որոշում ինքնակամ կառույցի օրինականացման կամ մերժման մասին (հատոր 2-րդ գ. թ. 157):

2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշման թիվ 2 հավելվածի համաձայն` չի ճանաչվել Լև Այվազյանի սեփականության իրավունքը Երևանի Սարյան 24 հասցեում գտնվող 14.8 քմ մակերեսով կցակառույցի և 22.0 քմ անտրեսոլի նկատմամբ` կառույցի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն ներկայացված չլինելու պատճառով (հատոր 2-րդ գ. թ. 166):

3. 27.05.2009 թվականին թիվ 18-06/2-5178 գրության համաձայն՝ Երևանի Սարյան 24 հասցեի բնակելի շենքին կից Լև Այվազյանի կողմից իրականացված կցակառույցի զբաղեցրած հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6), իսկ մասամբ նաև Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2804-Ա որոշմամբ ճշտված Երևանի Սարյան 24 հասցեի բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 3697.43 քմ մակերեսով հողամասի սահմաններում (հատոր 2-րդ գ. թ. 163):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի և դրա ծագման ժամանակ գործող «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:

 Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում կայացնում է դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի կիրառման իրավական հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/5557/05/08 որոշումը, Գևորգ Ճղլյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ ՎԴ/7081/05/08 որոշումը):

Սույն գործով Վարչական դատարանը Լև Այվազյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը խախտել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հետևաբար լրացել է ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում կայացնելու համար սահմանված 30-օրյա ժամկետը, ուստի Լև Այվազյանի կողմից Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարել է օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը՝ տրամադրված վարձակալության հիմունքներով:

Մինչդեռ, Դատարանը, Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարելով օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը՝ տրամադրված վարձակալության հիմունքներով, գնահատման առարկա չի դարձրել դրանց իրավաչափության հարցը, հայցվող իրավունքի` օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտելու հանգամանքները:

Մասնավորապես` Դատարանը գնահատման առարկա չի դարձրել 27.05.2009 թվականի Քաղաքապետարանի թիվ 18-06/2-5178 գրությունը, որի համաձայն` Երևանի Սարյան 24 հասցեի բնակելի շենքին կից Լև Այվազյանի կողմից իրականացված կցակառույցի զբաղեցրած հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6), իսկ մասամբ նաև Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2804-Ա որոշմամբ ճշտված Երևանի Սարյան 24 հասցեի բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 3697.43 քմ մակերեսով հողամասի սահմաններում, ինչպես նաև ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշման թիվ 2 հավելվածը, որով կառույցի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն ներկայացված չլինելու պատճառով չի ճանաչվել Լև Այվազյանի սեփականության իրավունքը Երևանի Սարյան 24 հասցեում գտնվող կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության իրավական խնդրին (տե՛ս՝ Հայկ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/4466/05/08 որոշումը), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական խնդրին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Լև Այվազյանի կողմից ներկայացված պահանջը՝ Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը օրինական համարելու, ինչպես նաև զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը՝ վարձակալության հիմունքներով տրամադրված լինելու մասով ենթակա չէ դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

Այսպիսով, վերոհիշյալ երկու հոդվածների համեմատական վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել այն դեպքում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ չի բացառվել Լե Այվազյանի կողմից Քաղաքապետարանին վիճելի կցակառույցը և անտրեսոլը օրինականացնելու, զբաղեցրած հողատարածքը՝ վարձակալության հիմունքներով տրամադրված լինելու վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոնշյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն ենթակա է կարճման՝ այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և այդ մասով այն փոփոխել՝ Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը օրինական, իսկ 110 քմ մակերեսով հողատարածքը՝ վարձակալության իրավունքով տրամադրված համարելու մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան