«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1860-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
(«ա» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։
(«բ» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1399-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու արտադրության, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) թանկարժեք մետաղների զտարկմանը, բանկային ոսկու արտադրությանը, ստանդարտացված ձուլակտորների արտադրությանը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմանը և հարգադրոշմմանը, մանրածախ առուվաճառքի իրականացմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության ապահովում և դրանց հետ կապված գործարքների իրականացման բնագավառում իրավախախտումների բացահայտման դեպքերում` պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին առաջարկություններ ներկայացնելը.
(«ա» ենթակետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
բ) հսկողության իրականացում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների հաշվառման, պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի և թափոնի հավաքման, հաշվառման և հանձնման նկատմամբ:
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) օրենքով սահմանված դեպքերում վաճառքի համար նախատեսված ինչպես ներքին արտադրության, այնպես էլ օտարերկրյա պետություններից ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգի ու հարգադրոշմի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացում, իրի վրա դրոշմանիշի դրոշմահետքի փորձաքննություն, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և թանկարժեք մետաղների փորձաքննության, թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում և փորձագիտական աշխատանքների փորձաքննության իրականացում.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում կամ հարգադրոշմում իրականացնող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.
գ) թանկարժեք մետաղներ զտարկող, բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ արտադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.
դ) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև օրենքով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների իրականացում.
ե) թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող, թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննության կատարում.
զ) հարգորոշում և հարգադրոշմում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տարբերանիշերի հաշվառում.
է) թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի անվանանիշերի հաշվառում.
ը) նախաքննության, հետաքննության մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություն.
թ) «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և կենցաղային իրերի փորձաքննության կատարում, ինչպես նաև թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում.
ժ) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
ժա) թանկարժեք մետաղներ զտարկող, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների համապատասխանության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանման վերաբերյալ լիցենզավորող մարմին առաջարկություն ներկայացնելը։
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը։ Տեսչության պետի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է։ Նրան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:
Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 499-Ն)
10. Տեսչության պետը պատասխանատու է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու արտադրության, ստանդարտացված ձուլակտորների արտադրության, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի, հարգորոշման, հարգադրոշմման ու դրանցով գործարքների իրականացման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման համար և պատասխանատվություն է կրում թույլ տրված իրավախախտումների արձանագրման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը:
12. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) կազմում է տարեկան հաշվետվություն տեսչության գործունեության (տեսչական ստուգումներ, վերստուգումներ, թույլ տրված խախտումներ և կիրառված վարչական տույժեր) մասին և այն ներկայացնում է լիազորված մարմին.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
զ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
է) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
ը) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժ) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանման նկատմամբ.
ժա) իր իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, պայմանների խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
16. Տեսչության պետի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 499-Ն)
Վերահսկողության և փորձագիտական բաժին
Փաստաթղթերի հաշվառման և վերլուծության բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության Թիվ 36 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 27.01.2007 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2011, N 1773-Ն | 22.12.2011, N 1860-Ն | |
12.05.2011, N 581-Ն | 26.05.2011, N 1860-Ն | |
15.05.2008, N 499-Ն | 05.06.2008, N 1860-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|