«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 637-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման ընթացակարգը:
2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների հիման վրա։ Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակների օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:
Օգտակար հանածոների տարեկան հաշվետվական հաշվեկշռի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
3. Օգտակար հանածոների պաշարների հաշվառումը կատարվում է պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգմանը (A, B, C1 և C2) համապատասխան:
4. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը հիմք է ծառայում դրանց` պետական հաշվեկշռում գրանցման համար:
Հաշվառման ենթակա են բոլոր տեսակների օգտակար հանածոների հաստատված պաշարները:
5. Օգտակար հանածոների պաշարները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև ըստ օգտակար հանածոների տեսակների, դրանց քանակի և որակական տվյալների:
Ամփոփված տվյալների հիման վրա կազմվում է ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ:
Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքից կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողների ներկայացրած մարկշեյդերական չափագրումների (հիմնավորում) արդյունքում կազմված հաշվետվական հաշվեկշիռների հիման վրա:
6. Ընդերքշահագործող կազմակերպությունները հաշվետվական հաշվեկշիռները հանձնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը:
7. Հաշվետվական հաշվեկշիռը լրացվում է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր հանքավայրի (տեղամասի) համար առանձին: Հաշվետվական հաշվեկշիռն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, գլխավոր երկրաբանը, իսկ պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը:
Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար կազմվում է առանձին հաշվետվական հաշվեկշիռ:
8. Ամփոփ հաշվետվական հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ մարզերի, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգմամբ`
հետախուզվող,
շահագործվող,
պահուստային:
9. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է պետական փորձաքննական եզրակացության հիման վրա` պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |