040.0368.01.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
1 հունիսի 1999 թվականի N 368
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնադրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) պետական և համայնքների բյուջեներից հետևյալ ուղղություններով կատարվող վճարումները կարող են իրականացվել նաև կանխիկ ձևով` առանց սահմանափակումների`
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
նպաստներ,
գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր (միայն օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի ծախսեր),
կրթաթոշակներ,
կենսաթոշակներ,
այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց, բացառությամբ բյուջետային հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանական, ռազմական, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության կարիքների համար բյուջետային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
գ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված ուղղություններով կատարվող ծախսերը, որպես կանոն, իրականացնել անկանխիկ ձևով.
դ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից կանխիկ ձևով ծախսեր չեն կարող իրականացվել հետևյալ ուղղություններով`
գույքի և սարքավորումների, փափուկ գույքի և հանդերձանքի ձեռքբերման ծախսեր,
ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր,
կապիտալ շինարարության և կապիտալ նորոգումների ծախսեր,
նյութական ռեսուրսների պահուստի ձևավորման ծախսեր,
կապի ծառայությունների, ջրմուղ-կոյուղուց օգտվելու, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսեր:
(1-ին կետը փոփ., լրաց. 04.04.00 N 145)
2. Սահմանել, որ`
ա) բյուջետային հիմնարկների կողմից կանխիկ ձևով ստացված դրամական միջոցները` ստացման օրվանից հաշված յոթերորդ աշխատանքային օրվա դրությամբ, ամբողջությամբ պետք է ծախսվեն: Նշված ժամկետում կանխիկ գումարն ամբողջությամբ չծախսվելու դեպքում մնացորդը պետք է վերադարձվի և մուտքագրվի տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի բյուջետային հաշվին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրականացվող ծախսերի.
բ) բյուջետային հիմնարկները շաբաթական կտրվածքով, տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարան են ներկայացնում հաշվետվություն կանխիկ ձևով կատարված ծախսերի վերաբերյալ, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրականացվող ծախսերի:
Ներկայացվող հաշվետվությանը կցվում են կանխիկ ձևով կատարված ծախսերը հիմնավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք, որպես պարտադիր պայման, պետք է ներառեն կանխիկ ձևով կատարված գործարքի կողմ հանդիսացող անձի հարկային հաշվառման տվյալները.
գ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն չհիմնավորված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ենթակա են վերականգնման և մուտքագրվում են տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի բյուջետային հաշվին:
(2-րդ կետը փոփ. 04.04.00 N 145)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի օգոստոսի 16-ի «Բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգի հաստատման մասին» N 375 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |