ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1880(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան, Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Համայնքի հայցի ընդդեմ Հասմիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Հասմիկ Բաղդասարյանից բռնագանձել 1.685.553 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել այն հանգմանաքը, որ հայցապահանջի չափը որոշվել է հիմք ընդունելով հայցի հարուցման պահի դրությամբ առկա պարտքն ու տույժերը: Հիմք ընդունելով հայցի հարուցումից հետո 03.04.2006 թվականի և 06.04.2006 թվականի կատարված վճարումները, հայցվորը համապատասխան մասով հայցագինը նվազեցրել է և 2.663.100 ՀՀ դրամի փոխարեն խնդրել է պատասխանողից բռնագանձել 1.685.553 ՀՀ դրամ:
Հայցադիմումում վրիպակի արդյունքում նշվել է, որ գումարը ներառում է 1999-2005 թվականն ընկած ժամանակահատվածը, սակայն հաշվարկը կատարվել է 2003-2005 թվականների համար և հայցադիմումին կից դատարանին ներկայացվել է տեղեկանք` այդ գումարի հաշվարկով, որտեղ երևում է, որ հայցագինը կազմում է 2003-2005 թվականների համար կատարված հաշվարկը:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չպետք է կիրառեր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, քանի որ հայցը հարուցվել է 2006 թվականի մարտի 20-ին, իսկ պահանջը հաշվարկվել է 2003 թվականի երրորդ եռամսյակից, այսինքն` չի անցել նշված հոդվածով սահմանված ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.09.2007 թվականի վճիռը և հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 55 տան սեփականատերը Հասմիկ Բաղդասարյանն է:
2) Համայնքը հայցադիմում է ներկայացրել 1.685.553 ՀՀ դրամ գույքահարկի պահանջի մասին: Հայցադիմումում որպես գույքահարկի պարտավորության հաշվարկման ժամանակահատված նշվել է 1999-2005 թվականները:
3) Հայցապահանջի հիմքում դրվել է Համայնքի 06.03.2006 թվականի տեղեկանքը, որով գույքահարկի գծով Հասմիկ Բաղդասարյանի պարտավորությունը փաստացի հաշվարկվել է 2003-2005 թվականների համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց անմիջապես հետո:
Վերաքննիչ դատարանը՝ կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հասմիկ Բաղդասարյանի գույքահարկի գծով պարտքի հաշվարկը դատարան է ներկայացվել 06.03.2006 թվականին՝ 1999-2005 թվականների համար:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի, ինչպես նաև Համայնքի 06.03.2006 թվականի տեղեկանքից հետևում է, որ հայցադիմումում նշված 1999-2005 թվականների նշումը տեխնիկական վրիպակի արդյունք է, և որ Համայնքի կողմից փաստացի հաշվարկվել և բռնագանձման է առաջադրվել 2003-2005 թվականների համար գույքահարկի գծով Հասմիկ Բաղդասարյանի պարտավորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես, Համայնքի 06.03.2006 թվականի տեղեկանքը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բացի այդ, նույնիսկ Համայնքի կողմից 1999-2005 թվականների գույքահարկի գծով պարտքի գումարը բռնագանձելու պահանջի ներկայացման դեպքում, անհիմն է դառնում Համայնքի կողմից խախտումը հայտնաբերելուն նախորդող՝ 2003-2005 թվականների համար հաշվարկված գումարի բռնագանձման պահանջի մերժումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է և դրա առկայությունը բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Գյուրջյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |