Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

06 դեկտեմբերի 2022 թ.

N 78-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի պահանջով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թ.

դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 25.12.23 N 165-Ն)

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում գրավոր ավարտական և 12-րդ դասարանում գրավոր պետական ավարտական քննությունների անցկացման օրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) անհատական իրավական ակտով:

3. Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի (այսուհետ՝ նոր չափորոշիչ) ներդրումը 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների՝ քննության հայտում ներկայացված գրավոր ցանկության հիման վրա «Մաթեմատիկա» առարկայի թեստերը թարգմանվում են ռուսերեն,

4) Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են Հաստատության մեթոդական միավորումները` ըստ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետև` ԳԹԿ) կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից,

5) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքների թեստերը, կնքում և ծրարում: Ծրարները բացվում են գիտելիքների ստուգման օրը, քննասենյակում՝ սովորողների ներկայությամբ,

6) Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը,

7) Քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգով,

8) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե` ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ:

4. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:

5. Բոլոր այն Հաստատություններում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

6. 9-րդ դասարանում մինչև նոր չափորոշչի ներդրումն անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Գրականություն» (բանավոր),

3) «Հայոց պատմություն» (բանավոր),

4) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

5) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

6) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

7) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

7. 9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Գրականություն» և «Հայոց պատմություն» - էսսե (գրավոր): Թեմաները հաստատվում են նախարարի հրամանով՝ քննությունից առնվազն երկու ամիս առաջ: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից,

3) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով,

6) «Ֆիզկուլտուրա» (ստուգարք),

7) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

8) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:

 (7-րդ կետը փոփ. 05.03.24 N 13-Ն)

8. 9-րդ դասարանում բանավոր քննությունները կազմակերպելու, անցկացնելու և գնահատելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են հաստատության տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ առարկայի ուսուցիչը (քննող ուսուցիչ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ): Ելնելով աշակերտների թվից՝ բանավոր քննությունը կարող է կազմակերպվել 1-ից ավելի օրերում:

9. Սովորողը քննասենյակ է մտնում անվանացանկում նշված հերթականությանը համապատասխան, ստորագրում իր անվան դիմաց, ընտրում քննատոմսը, ստանում բանավոր հարցման թերթ, որում կարող է գրի առնել իր պատասխանները, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները:

10. Սովորողի պատասխանը գնահատվում է 20-միավորանոց համակարգով:

11. «Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների բանավոր ավարտական քննությունների տոմսերը կազմում են Հաստատության մեթոդական միավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:

12. Բանավոր քննությունները ձայնագրվում կամ արձանագրվում են: Արձանագրության մեջ ներառվում են հարցատոմսի համարը, հարցերը, պատասխանները: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և տվյալ սովորողը: Բանավոր քննությունների ձայնագրությունները և/կամ արձանագրությունները պահպանվում են Հաստատությունում՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը:

13. Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաներից հանձնվում է նախագծային աշխատանք:

 (13-րդ կետը փոփ. 05.03.24 N 13-Ն)

13.1 Քննության կազմակերպման ընթացակարգը և նախագծային աշխատանքների ստուգման գործընթացը սահմանվում է նախարարի հրամանով:

(13.1-ին կետը լրաց. 05.03.24 N 13-Ն)

14. 9-րդ դասարանում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:

15. 12-րդ դասարանում հունվար և հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

2) «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

3) «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ, քննության տևողությունը՝ 120 րոպե,

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր),

5) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

16. 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:

17. Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են Հաստատության տնօրենին՝ հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը` մինչև ժամը 12։00-ն, դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

18. Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են Հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-րդ աշխատանքային օրը ներառյալ դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:

19. Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

20. Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։

21. Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

22. Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին:

23. 9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են Նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և Հաստատությունում գործածվող դասագրքերից և ձեռնարկներից:

24. 9-րդ և 12-րդ դասարաններում «Ֆիզկուլտուրա» առարկայի ամփոփիչ ստուգարքն ընդունվում է Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ:

25. Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:

26. 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

27. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով (ԱՈւՊ) իրականացված գնահատման հիման վրա: Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից:

28. Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր Հաստատություն: Հաստատության տնօրենը կամ նրան փոխարինող անձն ի պաշտոնե տվյալ քննական կենտրոնի ղեկավարն է:

29. Քննական յուրաքանչյուր կենտրոնի կազմակերպիչների թիվը սահմանվում է սույն աշխատակարգի 30-րդ կետի պահանջի համաձայն։ Ստուգող հանձնաժողովների անդամների թիվը պայմանավորված է ստուգվող գրավոր աշխատանքների քանակով։ Նախընտրելի է՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստուգի 25 գրավոր աշխատանքից ոչ ավելի։

30. Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին խմբի աշխատանքները համակարգում է երկու կազմակերպիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ մեկական կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 10 և ավելի սովորող՝ ևս մեկ կազմակերպիչ։

31. Պետական ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է քննական կենտրոնի ղեկավարը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

32. Քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ, որը համակարգում է քննասենյակի կազմակերպիչների աշխատանքը:

33. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ կատարում է կազմակերպիչների գրանցում և վիճակահանությամբ բաշխում կազմակերպիչներին` ըստ քննասենյակների:

34. Սովորողների մուտքը քննասենյակ սկսվում է ժամը 930-ից՝ քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:

35. Սովորողը քննություններին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ)։

36. Սովորողը մոտենում է վիճակահանության սեղանին և վիճակահանության թերթիկի միջոցով ընտրում իր նստարանի համարը: Կազմակերպիչը սովորողների տվյալ խմբի ցուցակում գրում է սովորողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նստարանի համարը: Սովորողը ցուցակում ստորագրում է իր տվյալների տողում:

37. Քննասենյակում չի թույլատրվում տեղափոխություններ կատարել:

38. Քննությունը սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է քննական թեստերի փաթեթները:

39. Քննությունը սկսվելուց առնվազն կես ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է յուրաքանչյուր խմբի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը` բացի առաջադրանքներից:

40. Քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

41. Սովորողների` քննասենյակում տեղավորվելուց հետո, քննական կենտրոնի ղեկավարը քննասենյակ է բերում քննական թեստերի ծրարները: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրարը բացելու համար քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին շարքում նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում` հրավիրվում է սովորողի այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:

42. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքի կանոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են թեստերը: Սովորողը, թեստը ստանալուն պես, շապիկի համապատասխան մասում գրում է խմբի և իր նստարանի համարը: Թեստերի վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը: Քննության մեկնարկից մեկ ժամ հետո քննասենյակի պատասխանատուն սովորողներին տեղեկացնում է գործընթացի ավարտին մնացած ժամանակի մասին:

43. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:

44. Խմբի կազմակերպիչը ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերը հաշվարկում, արձանագրում է, իսկ քննության ավարտից հետո փաթեթավորում և հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:

45. Թեստերի առաջադրանքների բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը թողնվում են անպատասխան:

46. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական թերություններ ունեցող թեստերը փոխարինվում են նորով:

47. Քննության ընթացքում սովորողների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել Նախարարության և ԳԹԿ-ի ներկայացուցիչները:

48. Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին հիշեցնում է առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին:

49. Սովորողի կողմից սույն ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացում ստացած սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից:

50. Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը:

51. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը:

52. Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:

53. Պատասխանատու կազմակերպիչը քննական աշխատանքները և քննության արձանագրությունը հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին: Քննական կենտրոնի ղեկավարը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (առկայության դեպքում):

54. Ավարտական և պետական ավարտական քննական առաջադրանքները ստուգվում են քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ժամը 1400-ից՝ ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե քննական կենտրոնի ղեկավարն է:

55. Քննական գրավոր աշխատանքները քննական կենտրոնի ղեկավարը փոխանցում է դրանք ստուգող հանձնաժողովին: Ստուգված գրավոր աշխատանքները փոխանցվում են քննական կենտրոնի ղեկավարին, ապա՝ սահմանված կարգով արխիվացվում:

56. Ավարտական և պետական ավարտական քննությունների գրավոր աշխատանքները գնահատվում են 20-միավորանոց համակարգով:

57. 9-րդ դասարանում մինչև նոր չափորոշչի ներդրումը «Բնագիտություն» առարկայի գրավոր քննության ստուգող հանձնաժողովների անդամների 50 տոկոսը տվյալ առարկայի մասնագետներ են:

58. 12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:

59. Գրավոր աշխատանքները գնահատելիս, ստուգող հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում, հարցը լուծվում է ստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

60. Քվեարկության արդյունքում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է`

1) 4-րդ դասարանում՝ դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը.

2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ ստուգող հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.

3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամն արձանագրության մեջ կարող է կատարել հատուկ նշում:

61. Ստուգումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից հաստատված և հրապարակված «Ցուցումներ»-ի պահանջներին և գնահատման չափանիշներին համապատասխան: Գրավոր աշխատանքի սևագրությունը չի ստուգվում և չի գնահատվում:

62. Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` մինչև ժամը 1400-ն՝ դպրոցի պաշտոնական կայքում (առկայության պարագայում) ցուցակների էլեկտրոնային տարբերակների տեղադրման և քննական կենտրոնի ղեկավարի կողմից ցուցակների կրկնօրինակները քննական կենտրոնի մուտքի մոտ՝ տեսանելի վայրում փակցնելու միջոցով: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:

63. Քննական կենտրոնում քննական գնահատականների ցուցակներն առանձնացվում են ըստ դասարանների, ցուցակները վավերացվում են ստուգող հանձնաժողովի նախագահի կողմից:

64. Քննությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների գնահատման վերաբերյալ բողոքները կարող են լինել `

1) քննության անցկացման կարգի խախտման մասին.

2) քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին:

65. Սույն աշխատակարգի 64-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում բողոքը քննարկում է հանձնաժողովի անդամների հետ և պատասխանում այն ներկայացնողին:

66. Սույն աշխատակարգի 64-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գրավոր բողոքները ներկայացվում են հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` քննական կենտրոնի ղեկավարին: Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները ոչ ուշ, քան դիմումն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում են դիմողին:

67. Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ Նախարարություն կամ դատարան:

(հավելվածը փոփ. 11.04.23 N 48-Ն, խմբ. 25.12.23 N 165-Ն, փոփ., լրաց. 05.03.24 N 13-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2024, N 13-Ն 08.03.2024, N 78-Ն
25.12.2023, N 165-Ն 28.12.2023, N 78-Ն
11.04.2023, N 48-Ն 15.04.2023, N 78-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան